Բրիտանիայի թագուհին իշխում է, բայց չի կառավարում: Դա բրիտանական քաղաքական համակարգի հիմքերից է: Բայց այնքան խորն է ճգնաժամը, որի մեջ հայտնվել է համակարգը ԵՄ-ից դուրս գալու որոշման պատճառով, որ իշխող Պահպանողական կուսակցության մի մասը լրջորեն մտածում է խարխլել այդ հիմքերը և խնդրել թագուհի Ելիզավետա երկրորդին առժամանակ կառավարել պետությունը, եթե վարչապետ դառնա Բորիս Ջոնսոնը:
ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու հակառակորդները, խորհրդարանի պատգամավորները և կառավարության անդամները Պահպանողական կուսակցությունից ցանկանում են խնդրել թագուհուն իբրև պետության ղեկավար՝ ԵՄ-ից դուրս գալու նոր հետաձգում ստանալ: Բորիս Ջոնսոնի հակառակորդ տորիները հույս ունեն խանգարել նրան իրականացնել իր կտրուկ խզումը ԵՄ-ից՝ BBC-ին պատմել է «դավադիրների» խմբից մեկը: Հուլիսի 24-ին Բրիտանիան նոր վարչապետ կունենա: Վստահաբար՝ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով, Բորիս Ջոնսոնը: Նա խոստանում է բոլոր դեպքերում երկիրը ԵՄ-ից դուրս բերել հոկտեմբերի 31-ին՝ ներկա հետաձգման ժամկետի ավարտին: Դա նրա ծրագրի գլխավոր կետն է և, դատելով հարցումներից, հենց դրա համար է նրան մեծամասնությունն աջակցում Պահպանողական կուսակցությունում: Եթե վարչապետը իրականում էլ փորձի Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս բերել հոկտեմբերի 31-ին, դա լինելու է հախուռն հեռացում՝ առանց Բրյուսելի հետ հարաբեությունների կարգավորման: Թերեզա Մեյի կառավարության և Բրյուսելի կազմած բրեկզիտի համաձայնագիրը հուղարկավորեց Համայնքների պալատը և մերժում է Բորիդ Ջոնսոնը, համաձայնագրի նոր տարբերակի բանակցությունները Բրյուսելը վճռականապես մերժում է: Պատգամավորների բավականին մեծ խումբ և կառավարության անդամներ Պահպանողական կուսակցությունից, Համայնքների պալատի 5 ընդդիմադիր կուսակցությունները վստահ են, որ կտրուկ խզումը ԵՄ-ի հետ չափազանց ցավոտ հարված է Բրիտանիայի տնտեսությանը: Նրանք զգուշանում են, որ Բորիս Ջոնսոնը իր խոստումը կատարելու համար կարող է անտեսել խորհրդարանի կամքը: Նա որոշակի ընթացակարգային հնարավորություններ ունի: Եթե վարչապետ Ջոնսոնը փորձի Համայնքների պալատի մեծամասնության կամքը անտեսել, ինքնին չտեսնված, չլսված ու նորմալ իրավիճակում անպատկերացնելի քայլ, միջուկային հարված է բրիտանական ժողովրդավարության վաղեմի ավանդույթներին: Այդ պատճառով Բորիս Ջոնսոնի կուսակիցները, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, լրջորեն պատրաստվում են պատասխան «միջուկային հարվածի»: Նրանք քննարկում են Համայնքների պալատում humble address ընդունելու հնարավորությունը Ելիզավետա երկրորդին՝ խնդրելով իբրև պետության ղեկավար աշնանը գնալ Բրյուսել սամիթի և ԵՄ-ից բրեկզիտի նոր հետաձգում խնդրել:
Պաշտոնապես թագուհին սուվերեն է, պետության գլուխ և լիակատար իրավունք ունի քաղաքական որոշումներ ընդունել, բայց գահակալության 67 տարիներին ոչ մի անգամ չի օգտագործել իր իրավունքը: Նրանից առաջ էլ 20-րդ դարում թագավորը միայն մեկ անգամ է միջամտել քաղաքականությանը՝ 1931-ին՝ հանգամանքների ճնշման տակ: Ելիզավետայի պապիկը՝ Գեորգ 5-րդը ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում ստիպված էր առաջատար կուսակցություններին դրդել ազգային միասնության կառավարության ստեղծմանը: Բուկինգհեմյան պալատը առայժմ չի մեկնաբանել պահպանողականների ծրագրերը: «Դժվար է պատկերացնել, որ թագուհուն այդքան անմիջականորեն կներքաշեն քաղաքականության մեջ, նույնիսկ եթե նման փորձ ձեռնարկվի,-գտնում է BBC-ի քաղաքական խմբագիր Նիկոլաս Ուոտը:-Հավանաբար, այդ ունիկալ ծրագիրը պետք է դիտարկել իբրև ապագա վարչապետի վրա ճնշում գործադրելու միջոց, ոչ թե թագուհուն Բրյուսել տանող «Եվրասթար» գնացք նստեցնելու ռեալ մտադրություն»:
Համայնքների պալատում, հաշվի առնելով Ջոնսոնի ընդդիմախոսների և ԵՄ կողմնակիցների թիվը իշխող կուսակցությունում, վստահ մեծամասնություն կա, որ դեմ է ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալուն: Այդ մեծամասնությունն արդեն ձեռնարկում է ընթացակարգային ու օրենսդրական քայլեր, որ աշնանային նստաշրջանում արգելի վարչապետին նման խզումը: Հինգշաբթի Համայնքների պալատը խորամանկ մանևր արեց՝ բրեկզիտին ընդհանրապես չվերաբերող օրինագծում փոփոխություն արեց, որ պարտավորեցնում է կառավարությանը երկու շաբաթը մեկ խորհրդարանին հաշվետու լինել այդ օրենքի կատարման մասին: Այդ պահանջը, պատգամավորների մտահղացմամբ, կզրկի վարչապետին աշնանը պարզապես խորհրդարանի նստաշրջան չգումարել, որ իրեն չխանգարեն ԵՄ-ից երկիրը վճռականորեն դուրս բերել: Բայց պահպանողական եվրաֆիլները վախենում են, որ Ջոնսոնը կամ բրիտանական քաղաքական համակարգի խճճված կանոնների ու ավանդույթների մեջ ինչ-որ միջոց կգտնի Համայնքների պալատը շրջանցելու, կամ կսադրի ԵՄ ղեկավարներին, նախևառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ ծայրահեղ նյարդայնացած՝ իրենք հրաժարվեն բրեկզիտի հետաձգումից: Այդ դեպքում, «դավադիրների» կարծիքով՝ հենց պետք կլինի humble address-ով դիմել թագուհուն:
BBC
Հ.Գ. Եվ ի՞նչ պիտի անի Ելիզավետա Երկրորդը, որ չխախտի բրիտանացիների ավանդական համերաշխությունը, որ Տորիները հավեսով մասնատեցին՝ հուրախություն Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի և ընդդեմ Բրյուսելի: Հրաժարվել թագուհին չի կարող՝ վայել չէ Նորին մեծությանը, «Եվրասթարով» Բրյուսել մեկնելու դեպքում մերժում չի ստանա, բայց Ջոնսոնի վարչապետության պարագայում դա լուծում չէ: Մնում են կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կամ՝ երկրորդ հանրաքվեն: Բայց դրա համար պետք չէ թագուհուն դիմել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ