Դա պատահական օրացուցային համընկնում չէր՝ հուլիսի 12-ին, Թուրքիայում 2016-ի պետական հեղաշրջման փորձի տարելիցից 3 օր առաջ, Ռուսաստանը սկսեց իր С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը՝ գրում է Le Figaro-ն: ՆԱՏՕ-ն, որի անդամ ու հենարան է Թուրքիան 1950-ականներից, կարող է առաջին դասը արձանագրել՝ Թուրքիայի նախագահը բլեֆ չէր անում: Եվ Վաշինգտոնում, և Բրյուսելում երկար ժամանակ կարծում էին, որ Էրդողանը կզիջի՝ ճնշման և պատամիջոցների սպառնալիքի տակ: Բայց, ստանձնելով ռուսական ռազմական զինանոցի մատակարարման պատասխանատվությունը, որ անհամատեղելի է համարվում ՆԱՏՕ-ի համակարգերի հետ ու սպառնալիքի տակ դնելով ալյանսի գոյության իմաստը՝ Էրդողանը հընթացս իր համար հնարեց «ազատ նետաձիգի» իմիջ: Նա ապացուցում է և թուրքերի մեծամասնությունը, համաձայն են նրա հետ, թե ոչ, աջակցում են նրան՝ համարելով, որ նա ի վիճակի է հաղթահարել ալյանսի կանոններն ու տրամաբանությունը, երբ գործը հասնում է երկրի անկախության մասին կարգախոսներ ճոճելուն: Նա անցում է կատարում դեպի Մոսկվա, ինչպես ոչ մի նախագահ չի արել:
2016-ի հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջումը, որի ընթացքում ապստամբած զինվորականները ռմբակոծում էին մայրաքաղաքը, իսկ բանակը հավատարիմ մնաց ու ցամաքից նրանց դիմադրում էր, Էրդողանի համար ապացույց էր, որ պետք է ՀՕՊ համակարգ ունենալ: Դիվանագիտական ասպարեզում, որտեղ Արևմուտքի երկրները հապաղում էին կամ Էրդողանն էր այդպես ընկալում, ՌԴ նախագահը առաջինը վերցրեց հեռախոսը, որ աջակցություն հայտնի Էրդողանին: Եվ Էրդողանը դա չի մոռանում: Նա ավելի ու ավելի էր համոզվում, որ հեղաշրջման մեջ ԱՄՆ-ը որոշակի դեր է խաղացել: Վերջիվերջո՝ քարոզիչ Ֆետուլա Գյուլենը, որ համարվեց հեղաշրջման սադրիչ, 1999-ից հանգիստ ապրում է ԱՄՆ-ում:
Ինչու՞ է Վաշինգտոնը հրաժարվում նրան հանձնել: Ինչու՞ Կոնգրեսը մի քանի տարի հնարավորն անում էր, որ արգելի Patriot զենիթահրթիռային համակարգերի վաճառքը Թուրքիային: Ուլուս Օզլյուկերը՝ Թուրքիայի նախկին դեսպանը ԵՄ-ում ու Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունում, մեղադրում է ԱՄՆ-ին. «Ես հարկադրված եմ պաշտպանվել, ես գալիս եմ, որ բախեմ ձեր դուռը, իսկ դուք չեք բացում: Բայց երբ ես պատրաստվում եմ ինձ ապահովել այլ վայրում, ես դառնում եմ խորթ զավակ, ում պետք է պատժել: Ակնհայտ է, որ ռուսներն անհամբեր էին մեզ С-400-ներ վաճառել, որովհետև որքան վատ են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, այնքան շահում է Ռուսաստանը»:
Քաղաքագետ Սինան Յուլգենի կարծիքով՝ թեպետ Անկարան առաջին հերթին ձգտում է հավասարակշռել իր հարաբերությունները, ոչ թե խզել արևմտյան ճամբարի հետ, այդ դրվագն «անպայման ազդեցություն կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի համախմբվածության ու գործառնության վրա: Սակայն պնդումները, որ անվտանգության այդ ալյանսում Թուրքիայի դերը կասկածի տակ կդրվի, իմ կարծիքով՝ արմատական մեկնաբանություն է»:
Աննա Անդլաուեր, Le Figaro
Հ.Գ. ԱՄՆ-ը հրաժարվեց Թուրքիային կործանիչներ վաճառել, Ռուսաստանն արդեն առաջարկել է իր կործանիչները: Հիմա Էրդողանի հերթն է առաջինը վերցնել հեռախոսն ու զանգահարել Պուտինին՝ կամ շնորհակալություն հայտնելու ու մերժելու, կամ՝ շնորհակալություն հայտնելու ու գնման բանակցությունները սկսելու:
Առաջին տարբերակում նա կպահպանի ՆԱՏՕ-ում մնալու շանսերը, երկրորդ տարբերակով հեռանալու դիմում կգրի: Կա նաև երրորդ տարբերակը՝ Էրդողանը կսպասի, որ իրեն զանգահարեն՝ համոզելու, թե որն է Թուրքիային ավելի ձեռնտու՝ ՆԱՏՕ-ն, թե Մոսկվան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ