«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ղազախստանը եռում է նախագահական ընտրություններից առաջ

Ղազախստանը եռում է նախագահական ընտրություններից առաջ
09.06.2019 | 13:05

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրությունները առանց քաղաքական տոհմապետ Նուրսուլթան Նազարբաևի են անցնելու: Դա ավելի շատ ցնցումներ է հարուցում, քան հաճո էր պետական իշխանությանը՝ գրում է Մարկուս Ակերետը Neue Zürcher Zeitung-ում: Ամենասկզբից պարզ էր, որ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ դիվանագետ, նախկին վարչապետ, ԱԳ նախարար ու Սենատի նախագահ, կարող է նախագահ դառնալ միայն Նազարբաևի կամքով:

Թվում էր՝ շնորհիվ իր փորձի, դիվանագիտական վարպետության ու բացարձակ նվիրվածության ընդհուպ ՙանգունության՚, նա լավագույնս կամրացնի Նազարբաևի կլանի ազդեցությունը: Նազարբաևը կարող էր նախագահ առաջադրել և իր քաղաքականապես ակտիվ դստերը՝ Դարիգային, բայց բավականաչափ խելամիտ է, որ հասկանա դինաստիական առաջադրումը քննադատություն ու դժգոհություն էր հարուցելու երկրում ու երկրից դուրս: Թույլ տալով Դարիգային դառնալ Տոկաևի ժառանգորդը Սենատի նախագահի պաշտոնում, որ համարվում է պետության կարևորությամբ երկրորդը, նա իր համար սողանցք թողեց։ Շատերը կարծում են, որ ոչ հեռու ապագայում Դարիգան կամ կդառնա նախագահ, կամ շատ ուժեղ վարչապետ: Մեկ մարդու վրա կառուցված քաղաքական համակարգի տրանսֆորմացիան առանց ցնցումների ու անակնկալների չի անցնումԼ Թվում է՝ Նազարբաևը թերագնահատել է՝ ինչքան բողոք է կուտակվել հասարակության մեջ: Իշխանության փոխանցման սկզբից երևան եկավ երիտասարդ ղազախների դժգոհությունը դեսպոտիկ քաղաքականությունից ու հասարակական պրոբլեմներից: Ապրիլի 21-ին մարաթոնի ժամանակ ակտիվիստները ճանապարհի եզրով պարզեցին ՙՃշմարտությունից չես փախչի՚ գրությամբ պաստառ՝ ակնարկելով ընտրությունների ազատության պահանջը: Նրանք 15 օրով կալանավորվեցին: Մայիսի առաջին օրերին ևս եղան բողոքներ ու ձերբակալություններ, որոնց պատճառը սպիտակ թուղթ պարզելն էր: Պատասխանը դարձավ ինտերնետի արգելափակումը մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը:

Երկու տասնամյակ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը անհնար էր: Ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու նրանք, որ խզել էին կապերը վարչակարգի հետ, ենթարկվում էին քրեական հետապնդումների՝ հաճախ անհիմն պատրվակներով, նրանց մեկուսացնում էին, ստիպում հեռանալ երկրից, կամ ինչպես Նազարբաևին զայրացրած փեսան, զոհվում էին խորհրդավոր հանգամանքներում: Թեպետ Տոկաևին սկզբից էլ չէին ընդունում իբրև ինքնուրույն խաղացող, պետության ղեկավարի փոփոխությունը քաղաքական դաշտին թթվածին տվեց: Ճիշտ է՝ թեկնածուների ընտրության մեջ դա աննշան դրսևորվեց: Ի դեմս Ամիրջան Կոսանովի՝ առաջին անգամ ընտրություններին մասնակցում է ընդդիմադիր գործիչ, բայց ընդդիմության մեծամասնության համար նա չափազանց հնազանդ է: Իրական կազմակերպված ընդդիմություն երկրում չկա, նախագահի թեկնածուները տարբեր կուսակցություններ են ներկայացնում, բայց հիմնականում տպավորություն թողնելու համար են՝ երբեմն լիակատար անհեթեթ հասարակական-քաղաքական պատկերացումներով, ձևացնելու գոյություն չունեցող բազմակարծություն:

Մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելով, որոշակի ինքնուրույնություն դրսևորելու անկարողությամբ՝ Տոկաևը իրեն զրկեց այն համակրանքից, որ կարող էր ունենալ իբրև նոր մարդ: Այնուամենայնիվ, նրան կընտրեն հավանաբար ձայների պատկառելի մեծամասնությամբ: Եթե ընտրությունների ելքը պետական իշխանության համար անցանկալի լինի, կվկայի դժգոհությունը երկրում: Սակայն այդ դեպքում Տոկաևը ավելի քիչ հնարավորություններ կունենա ազատվել Նազարբաևի կլանից:

Մարկուս Ակերետ, Neue Zürcher Zeitung

Հ.Գ. Զուտ եվրոպական, այս դեպքում՝ շվեյցարական, մտածողություն: Եվրասիական տարածքում համակարգի մարդիկ համակարգի դեմ չեն գնում՝ Տոկաևը երբեք Նուրսուլթան Նազարբաևի կլանի դեմ չի գնա: Առավելևս, որ Նուրսուլթան Աբիշևիչն իր համար ապահովել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը՝ չափազանց մեծ լիազորություններով ու փաստացի՝ առանց նրա որևէ որոշում նախագահը չի ընդունելու: Վստահաբար ղազախներն այսօր Կասիմ Ժոմարտ Տոկաևին կընտրեն նախագահ՝ ավելի քիչ ձայներով, քան ստանում էր Նուրսուլթան Նազարբաևը, բայց տպավորիչ տոկոսներով: Ինչպե՞ս կարձագանքեն ընտրողները: Ոչ մի կերպ՝ նրանք ընտրություն չունեն: Բոլոր թեկնածուները կընդունեն իրենց պարտությունը, առաջինը նորընտիր նախագահին կշնորհավորի Նուրսուլթան Նազարբաևը, ժամերի տարբերությամբ Պուտինն ու Լուկաշենկոն, հետո՝ մնացածը: Մինչև ե՞րբ: Ինչքան ալլահը Նուրսուլթան Աբիշևիչին կյանք տա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ