Երեկ անմիջապես զգացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նրա ելույթը և բակում լրագրողներին հարցերի պատասխանները ստեղծում են նոր իրավիճակ, որտեղ, թվում է՝ ամեն ինչ հասկանալի է, բայց մնում է տտիպ դառնություն, որ այդպես չպիտի լինի: Խոսքը, իհարկե, Արցախին վերաբերող հատվածի մասին է:
Նախ՝ ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ ձերբակալվել է 2008-ի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Նա կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար: Հարգելով հանդերձ՝ Գեղամ Պետրոսյանի անմեղության կանխավարկածը՝ փաստացի, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը սկսում է կոնկրետ սպանությունների բացահայտումը: Եթե մեղադրանքը ապացուցվի, այս դատավարությունը կարող է իրավիճակ փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մեջ: Ու դա կոնկրետ մեղադրանք կլինի, որի դեմ հազիվ թե փաստաբանները գտնեն իրավաբանական զիգզագների հիմքեր: Երեկ՝ անդրադառնալով Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լուրն իմանալուց հետո հուզական պահեր է ապրել։ «Ես կարծում եմ, որ սա նախ ցույց է տալիս ՀՔԾ հետևողական աշխատանքը։ Բոլորս ենք հասկանում, չէ՞, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի հնարավոր բոլոր փաստերը կոծկվեն, և այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է, որ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը և այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո բնականաբար շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Նա պնդել է՝ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։ «Քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք, մեղադրանք կառաջադրվի, թե՞՝ չի առաջադրվի, ո՞նց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և ակնհայտ է, որ քննությունը 2008-ի Մարտի 1- 2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ կարծում եմ՝ դա ակնհայտ է»: Հազիվ թե բանական որևէ մեկը վարչապետի հետ չհամաձայնի:
Բայց կա նաև այն հատվածը, որ հուզական ապրումներից դուրս է ու նաև բանականությունից դուրս է, որ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը սկսել են միմյանց հարաբերվել ... մամուլով: Ու ոչ միայն բանականությունից դուրս է, այլև վատ է: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ովքե՞ր են դավադիր ուժերը, որ, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերն, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել», - ասաց Նիկոլ Փաշինյանը ու շեշտեց՝ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, մինչդեռ Բակո Սահակյանի «պարի ընկերը»՝ իմա՝ Սերժ Սարգսյանը, անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։ «Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանք տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ «դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ է բանակցվել, պայմանավորվել», իրենք տեղյակ չեն եղել, և իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի... նույնիսկ անձամբ գրում են՝ «էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը», հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում»՝ սա հարց է, որ երբեք չպիտի հնչեր եթերում: Առավելևս՝ ֆեյսբուքի գրառումների հիման վրա:
Եվ նույնիսկ ոչ այն պատճառով, որ Բաքվում արդեն թարգմանել ու տիրաժավորում են՝ ներքուստ ու արտաքուստ անթաքույց հրճվանքով, այլ այն, որ Հայաստանի ու Արցախի միջև նման հարց՝ հակազգային իշխանության, հող հանձնել-չհանձնելու, դավադրության, դավաճանության, սպառնալիքի չի կարող ու չպիտի լինի: Դա իսկապես պիտի լինի «աշխատանքային հարց», որ դուրս չի գալիս աշխատասենյակից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երևանում հնչած հայտարարություններից ժամեր անց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխան հարցազրույց տվեց «Արցախպրես» գործակալությանը եւ «Ազատ Արցախ» թերթին: «Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, եւ հիմա, եւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ»՝ սա էր Բակո Սահակյանի պատասխանը: Դավադրության մասին՝ «Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, եւ եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դավադրության ապացուցված փաստեր, թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք:
Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»: Չգիտեմ՝ ով ոնց կգնահատի հեռակա երկխոսությունը, ես ուզում եմ հավատալ, որ փոխադարձ չհասկացվածության վերջին հրապարակային պոռթկումն է: Պետք չէ սպասել, որ 2020-ին ԱԺ ու նախագահի ընտրությունները Արցախում վերջ կդնեն այս պատմությանը, վերջը հիմա է պետք՝ նաև այդ ընտրությունների համար: Հայաստանի ու Արցախի ներքաղաքական կայունության համար ու արտաքին քաղաքական ասպարեզում խոցելի չդառնալու նպատակով: