Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրեց 7 տարի: Ապրիլի 11-ին նրան զրկեցին ապաստանից, հետո նաև քաղաքացիությունից: 2012-ին Էկվադորի դեսպանն աներեր էր իր որոշման մեջ` անտեսելով Բրիտանիայի ու Շվեդիայի կտրուկ հայտարարությունները: Այսօր Էկվադորը մեղադրում է Ասանժին միջազգային կոնվենցիայի նորմերը խախտելու մեջ: Ի՞նչ է փոխվել 7 տարում: Որ Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժը ստացել է Էկվադորի քաղաքացիություն, հայտնի դարձավ անցած տարվա հունվարին: Մեկ տարի անց ԱԳ նախարար Խոսե Վալենսիան հայտարարեց, որ Ասանժին անձնագիր տալու որոշումը կասեցվել է «տարբեր խախտումների պատճառով»: Այդ խախտումների մասին առավել մանրամասն պատմեց Էկվադորի նախագահ Լենին Մորենոն` տեսաուղերձում: Մորենոն Ասանժի վարքագիծն անվանեց «կոպիտ և ագրեսիվ», իսկ նրան բարեկամաբար տրամադրված կազմակերպությունների հայտարարությունները` «թշնամական ու սպառնալից»: Դա միջազգային պայմանագրերը խախտելու հետ համադրելով հանգեցրեց իրավիճակի, երբ Ասանժին ապաստան տրամադրելն այլևս հնարավոր չէ: Ինչո՞վ է Ասանժը զայրացրել Էկվադորի դեսպանատան աշխատակիցներին ու նախագահին: Շարունակել է միջամտել այլ պետությունների ներքին գործերին և տարածել գաղտնի փաստաթղթեր: Վերջին անգամ` հունվարին, երբ WikiLeaks-ը հրապարակեց Վատիկանի գաղտնի փաստաթղթերը: Դեսպանատանը տեղակայել է նոր էլեկտրոնային սարքավորում` չի հաղորդվում` ինչ: Արգելափակել է դեսպանատան տարածքում տեսախցիկները: Վիճել է պահակախմբի հետ ու անքաղաքավարի վերաբերվել նրանց: Օգտագործել է բջջային հեռախոս: Մուտք է գործել դեսպանատան փաստաղթերի մեջ:
Ասանժին Էկվադորի նախագահը ժառանգություն ստացավ` երբ WikiLeaks-ի հիմնադրին քաղաքական ասպաստան տալու հարցը լուծվում էր, Էկվադորի նախագահը Ռաֆայել Կորերան էր: Ասանժին հանձնելու որոշումը նա արդեն հայտարարել է «հանցագործություն, որ մարդկությունը երբեք չի մոռանա», իսկ ներկա նախագահին` «ամենամեծ դավաճան»: 2012-ին ԶԼՄ-ները փորձում էին հասկանալ` ինչու՞ Կորերան ընդհանրապես համաձայնեց Ասանժին ապաստան տալ, ի՞նչ շահ տեսավ իր ու իր երկրի համար: Ասոշեյտեդ պրեսը նշեց, որ ապաստանի Ասանժի խնդրանքը կատարելը Էկվադորի այն ժամանակվա նախագահին օգնեց հայտնվել ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, և որ ավելի կարևոր է` այն երկրների խմբի գլխավորը դառնալ, որ քննադատում է ԱՄՆ-ին, օրինակ` Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Նիկարագուան: «Նրան ապաստան տրամադրելով` Էկվադորի իշխանությունները փորձում էին ապացուցել, որ իրենց իրոք հուզում են խոսքի ու մամուլի ազատության խնդիրները: Բայց և Էկվադորը խիստ քննադատվում էր ազգային ու միջազգային մակարդակով` ինչպես է կառավարությունը հասկանում ժողովրդավարությունը»` ասում է Լատինական Ամերիկայի մասնագետ, պրոֆեսոր Սանտյագո Բասաբեն: Նոր նախագահի օրոք իրավիճակը փոխվել է: Անցած տարվա մարտին անցկացված հարցումը ցույց տվեց, որ Էկվադորի բնակիչների 76% չեն ցանկանում Ասանժին ապաստան տրամադրել: Ներկա նախագահ Լենին Մորենոն ցանկանում է վերականգնել կամուրջները ԱՄՆ-ի հետ, մասնավորապես` առևտրական կապերը: Մեկ տարի առաջ տեղեկատվություն տարածվեց, որ նվազագույնը երկու հանդիպումներում Մորենոն և Թրամփի նախընտրական շտաբի պետ Պոլ Մանաֆորտը քննարկել են Ասանժին հանձնելու հնարավորությունը: Իրավիճակի ևս մեկ բացատրություն է տվել Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն: Նա հայտարարեց, որ Ասանժն իբրև փորձել է խառնվել երկրի ներքին գործերին: Մամլո ասուլիսում Ռոմոն պատմել է, որ Էկվադորում արդեն մի քանի տարի ապրում է WikiLeaks-ի առանցքային ադամներից մեկը, որ նախկին ԱԳ նախարար Ռիկարդո Պատինիոյի հետ գնացել է Պերու, Իսպանիա, Ռուսաստան: Պատինիոն նախարար էր Կորերայի օրոք: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Էկվադորը դառնա հաքերային կենտրոն և մենք չենք կարող թույլ տալ, որ երկրում անօրինական գործունեություն վարեն` ի վնաս քաղաքացիների կամ այլ պետությունների»` հայտարարել է ԱԳ նախարարը և խոստացել առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնել:
Ասանժը նույնպես, ինչպես պարզվել է ձերբակալությունից մեկ օր առաջ, դժգոհ էր իրավիճակից: WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմեց, որ նրան իբր լրտեսել են, որ դեսպանատան աշխատակիցները հետևել են Ասանժի ամեն քայլին տեսախցիկների ու ձայնագրիչների միջոցով: WikiLeaks-ում գտնում են, որ այդ տեղեկությունները կարող են հետագայում փոխանցվել ԱՄՆ նախագահի վարչակազմին: «Մենք գիտենք, որ ԱՄՆ-ից հարցում է եղել` ստանալու դեսպանատան այցելուների մատյանը և անվտանգության տեսախցիկների տեսագրությունները»` ասել է Խրաֆնսոնը: Դոնալդ Թրամփը Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է. «Ոչինչ չգիտեմ WikiLeaks-ի մասին: Դա իմ գործը չէ»: Ասանժի իրավիճակը մեծամասամբ արտացոլեց Կորերայի ու Մորենոյի քաղաքական պայքարը միմյանց հետ: Իրականում Ասանժը նախկին նախագահ Ռաֆայել Կորերայի անհարմար ժառանգություն է` Ասանժի գործը օգնեց նրան առաջադեմ նախագահի միջազգային իմիջի մեջ հաստատվել և հաստատել իր կառավարության անկախությունը: Բայց Լենին Մորենոն չունի նման խնդիրներ և նրա համար Ասանժը դարձել է ավելորդ խնդիր:
Հ.Գ. Այսօր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի թերթերի առաջին էջերում բրեկզիտը տեղը զիջել է այլ թեմայի` Ջուլիան Ասանժին: Guardian-ը գրում է, որ Ասանժը մանրաձուկ է` համեմատած այն գործերի հետ, որ կիբեռտարածքում անում են որոշ պետություններ: Հիմա խոսքը Բրիտանիայի կառավարությանն է: Վաշինգտոնը մեղադրանքներ է ներկայացրել Ասաժին և խնդրել արտահանձնել: Բրիտանացիները սովորաբար կատարում են նման խնդրանքները: Բրիտանացիների տեսակետից` Ասանժի մեղքը լրագրության սահմանների ընդլայնման փորձն է` հավաքելով գաղտնիքներ, որ Վաշինգտոնը չի կարողացել պաշտպանել: 7 տարի նա գտնվել է «վիրտուալ բանտարկության» մեջ: Ամենապարզ լուծումը կլիներ նրա արտաքսումը հայրենիք` Ավստրալիա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ