«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Սինգապուր Լա Մանշում

Սինգապուր Լա Մանշում
24.03.2019 | 16:37

Բրեկզիտի ծրագրված ժամկետից` մարտի 29-ից, մեկ շաբաթ առաջ` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի կառավարումը Մեծ Բրիտանիայում միաժամանակ նման է շեքսպիրյան ողբերգության ու արդյունաբերական աղետի` գրում է Ֆիլիպ Բեռնարը Le Monde-ում: ԵՄ-ից դուրս գալուց մեկ շաբաթ առաջ ձևեր թափելը կարող է աղետ դառնալ Մեծ Բրիտանիայի համար, եթե երկիրը հանկարծ հայտնվի իրավական վակուումում և պատվի մաքսային արգելքներով` մայրցամաքում իր 27 հարևանների հետ համաձայնություն չունենալու պատճառով: Սակայն տիկնիկային թատրոնի ներկայացումը քողարկում է տագնապալի սցենարը` բրիտանական խորհրդարանական միապետության` ամենահին ու խորապես արմատավորված եվրոպական բոլոր ժողովրդավարական երկրներում, կազմաքանդման: Դրաման, որից ուրախանում էին Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, սկսվեց այն պահից, երբ վարչապետ Դևիդ Քեմերոնը որոշեց ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել: Մինչ այդ Մեծ Բրիտանիայում միայն երկու հանրաքվե էր եղել` մեկը 1975-ին Եվրոպական տնտեսական հանրություն մտնելու, մյուսը` 2011-ին ընտրական համակարգի բարեփոխումների: Երկու դեպքերում էլ ժողովրդի վճիռը համապատասխանում էր պատգամավորների մեծամասնության տեսակետին: 2016-ին բրեկզիտի հանրաքվեն ճեղքում էր` 51,9% բրիտանացիներ ընտրեցին բրեկզիտը, մինչդեռ պատգամավորների 3\4- դեմ էր: Այդ պահից խոհրդարանական հարգարժան ժողովրդավարութունը կոնֆլիկտի մեջ մտավ ժողովրդի ձայնի հետ: Ճգնաժամը խորացնում են երկու գործոններ` մի կողմից պատգամավորները չեն կարողանում մեծամասնություն հավաքել, որ Մեյի ձախողման հետևանքն է 2017-ին անպատեհ արտահերթ ընտրություններում, մյուս կողմից` կոշտ, բարդույթավորված վարչապետի շարունակական բացթողումները, նա իրեն դրսևորում է իբրև միջակ հռետոր, որ պիտանի չէ հաղորդակցության համար: Մեյը մարտավարական սխալների տպավորիչ շղթա կառուցեց` նա սկսեց բրեկզիտի գործընթացը նախքան դույզն ինչ պատկերացում ունենալը ապագա համակեցության մասին, դրեց վտանգավոր սահմաններ ԵՄ-ի համար, որ հակասում էին իր երկրի շահերին, նախաձեռնեց ընտրություններ, որոնց հետևանքով կորցրեց մեծամասնությունը ու դարձավ հյուսիսիռլանդական էքստրեմիստական թևի պատանդը:

Ամենակարևորը` Մեյը բարդացրեց անելանելի դրությունը, որի մեջ է այսօր Միացյալ Թագավորությունը` թաքցնելով իր քաղաքացիներից բրեկզիտի իրական պատկերը: ԵՄ-ից դուրս գալը ենթադրում է արմատական ընտրություն` միջոց գտնել երկիրը մայրցամաքին ամուր կապելու` տնտեսությունը պահպանելու համար, կամ ամեն ինչ ջարդուփշուր անել հրեշավոր մեթոդներով` ստեղծելու հարկային օազիս` ազատ ԵՄ-ի սոցիալական ու բնապահպանական կանոններից, յուրօրինակ Սինգապուր Լա Մանշում: Այդ այլընտրանքը երբեք հստակ չեն շարադրել ոչ Թերեզա Մեյը, ոչ Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը, ում ՙձախ՚ երկիմաստությունը ԵՄ-ի նկատմամբ բավականին դրամատիկ է: Այսօր ոչ ոք չի կարող հստակ բացատրել բրիտանացիներին` ու՞ր կտանի նրանց բրեկզիտը: Մայրցամաքի բնակիչներին հազիվ թե ուրախացնեն Թերեզա Մեյի ձախողումները: Բրիտանական ժողովրդավարության թուլացումը սպառնալիք է բոլոր եվրոպացիների համար և մեղքը ուրիշի վրա բարդելը, երբ օբյեկտը վարչապետն է, երկար իրեն սպասեցնել չի տա` թիրախ ընտրելով Գերմանիան կամ Ֆրանսիան: Նույնիսկ եթե ԵՄ 27 երկրների հետ գործարքը ի վերջո կնքվի, համարյա ոչինչ չի վճռի` կպահանջվեն անորոշության տարիներ` խաղաղեցնելու ատելությունն ու չարացածությունը, հաղթահարելու նյարդայնությունը պայմանավորվելու ապագա առևտրական հարաբերությունների մասին ու ստեղծելու խելամիտ փոխզիջում, որ կարող է ամրապնդել կապերը, որ իրականում անխախտ են:
Ֆիլիպ Բեռնար | Le Monde


Հ.Գ. ԵՄ-ից երկրների ելքը կարգավորող 50-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու, նաև ԵՄ-ում Մեծ Բրիտանայի անդամակցությունը պահապանելու պահանջով միջնորդագիրը ստորագրել էր 2.6 միլիոն բրիտանացի: Էլեկտրոնային դիմումը տեղակայվել է Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում:
Խորհրդարանում միջնորդագրերի հարցով հանձնաժողովը Twitter- ում նշել է, որ ստորագրման արագությունը վերջին ժամանակների համար դարձել է «ամենաարագ գործընթացը, որի հետ կայքը երբևէ ստիպված էր գործ ունենալ»:


Կհասցե՞ն բրիտանացիները կասեցնել իրենց դոգմատիկ վարչապետին, որ իր բոլոր գործողություններում հիմք է ընդունում ՙժողովրդի կամքը՚ կատարելու սրբազան պարտքը, թե՞ բրիտանացիներն իրենք էլ չգիտեն` ի՞նչ են ուզում: Բոլոր դեպքերում` միանշանակ է, որ բրեկզիտով Մեծ Բրիտանիան կորցնում է տնտեսական զարգացման հեռանկարները ճիշտ այնքան տարով, որքան կպահանջվի նոր կանոնների մշակման ու ԵՄ-ի և մյուս երկրների հետ համագործակցության ստեղծման համար, իսկ ԵՄ-ն կորցնում է ազդեցիկ անդամի, բայց նաև դառնում է ավելի ինքնուրույն, որովհետև ավանդաբար ԵՄ-ում Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի ջատագովն էր:


ВВС-ն երեկ հաղորդեց, որ հազարավոր լոնդոնցիներ փողոց են դուրս եկել` պահանջելով հանրաքվեի դնել բրեկզիտի համաձայնագիրը: Նրանք հայտարարում են, որ բրեկզիտի վերջին խոսքը պետք է ասի ժողովուրդը: Խորհրդարանի կայքի պահանջագիրը առավոտյան հավաքել էր արդեն 4 միլիոն ստորագրություն:
Ասում են` կարելի է անվերջ նայել երեք երևույթի` ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և ինչպես է Մեծ Բրիտանիան դուրս գալիս Եվրամիությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ