«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Թրամփն աշխատում է Հին Կտակարանի սցենարով

Թրամփն աշխատում է Հին Կտակարանի սցենարով
23.03.2019 | 15:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից բոլորին շարժման մեջ դրեց իր թվիեթերյան դիվանագիտությամբ: Նա գրեց, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների` սիրիական տարածքի նկատմամբ», որ Իսրայելը գրավել է 1967-ի 6-օրյա պատերազմի ժամանակ, և` «Գոլանի բարձունքներն ունեն վճռորոշ ռազմավարական նշանակություն և կարևոր են Իսրայելի պետության անվտանգության ու տարածաշրջանային կայունության համար»: Սա Թրամփի երկրորդ ուժեղ քայլն է Մերձավոր Արևելքում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: Այդ քայլերը միավորում է ընդհանրությունը` բազմաշերտ պատմական հայեցակարգը, որ տանում է Հին Կտակարանի ժամանակներ:

Գոլանի աստվածաշնչյան անվանումը Բաշանի հող է, որին հրեաները տիրել են Եդրեի հաղթական ճակատամարտից հետո: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի բազում փորձագետներ փաստը համարում են «Թրամփի ընտանիքում հրեաների պատմության խոր գիտելիքների» հետևանք: Ամեն ինչ այդքան պարզ չէ: 1517-1918-ին Գոլանի բարձունքներն Օսմանյան կայսրության կազմում էին: Առաջին աշխարհամարտից հետո, որտեղ Թուրքիան պարտվեց, 1920-ի սկզբին Ֆրանսիայի զորքերը Սիրիայի ափ դուրս եկան, իսկ 1923-ին Ազգերի լիգան պաշտոնապես ճանաչեց Ֆրանսիայի մանդատը Սիրիայի նկատմամբ: Ֆրանսիացի վերջին զինվորը Սիրիայից դուրս եկավ 1946-ի ապրիլի 17-ին: Այդ ժամանակ հայտնվեց Սիրիայի Հանրապետությունը, 1948-ին կազմավորվեց Իսրայելի պետությունը: 1949-ի հուլիսին Սիրիան արաբական վերջին երկիրն էր, որ Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր ստորագրեց: Դա արաբա-իսրայելական կոնֆլիկտի սկիզն էր, որ շարունակվում է մինչև օրս: Դրությունը բարդացնում է, որ 2011-ի արաբական գարունից հետո տարածաշրջանի որոշ պետություններ, որ ստեղծվել էին 1920-ականների սկզբին Լոնդոնի ու Փարիզի համաձայնությամբ, սկսեցին փլուզվել: Լոնդոնում հրապարակվող արաբական Al-Quds Al-Arabi-ին գրում է, որ սիրիական ճգնաժամի սկզբից Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն բազմիցս Մոսկվայում ու Վաշինգտոնում բարձրացրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի հարցը, որ «պետք է քննարկվի սիրիական կարգավորման ապագա բանակցություններում»: Բացի Իսրայելի անվտանգության խնդիրներից` Նետանյահուի դիրքորոշման մեջ կա լուրջ պատմական ուղերձ` «պատմական արդարության» վերականգնումը, նույնիսկ եթե հետևանքը Սիրիայի մասնատումն է: Դամասկոսի վրա վիրաբույժի նշտարն առաջինը Թրամփը գործադրեց: Նա ցուցադրում է Մերձավոր Արևելքի տարածքի վերաֆորմատավորման ձգտումը: Գոլանի բարձունքների նոր կարգավիճակի նրա հայտարարությունն այդ սցենարի սյուժեներից մեկն է: Մյուս սցենարը կապված է ԱՄՆ նախագահի փեսայի` Ջարեդ Քուշների` պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտի կարգավորման «խաղաղության ծրագրի» հետ, որ կբարձրաձայնվի ապրիլի 9-ին Իսրայելում խորհրդարանական ընտրություններից հետո և որը նախատեսում է սահմանների վերաբաժանում «գոյություն ունեցող իրականության» հիմքի վրա: Որտեղ չկա նման «իրականություն», ստեղծվում է: Պատահական չէ ԱՄՆ-ը ակտիվորեն խաղարկում սիրիացի քրդերի խաղաքարտը` բազմաքայլ աշխարհաքաղաքական կոմբինացիաներ անելով 4 պետությունների նկատմամբ` Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի, Իրանի: Այդ ուղղությամբ ակտիվ օգտագործվում են պատմության միֆական գործոնները, որ շատ փորձագետներ իրավիճակի գնահատման ժամանակ անտեսում են:

Իսկ Վաշինգտոնն անկեղծ ու բացահայտ անտեսում է իրավական և այլ կարգավորումները` դիտարկելով միայն իբրև միջանկյալ հետևանք պատմական հին ու չավարտված գործընթացի: Սպիտակ տունը իրավիճակը լուծում է «ուժեղի իրավունքով»: Եվ միայն հետո, եթե ցանկանում է, իր գործողությունները միջազգային հարաբերությունների ասպարեզում բացատրում է ինչ-որ բարոյաիրավական հիմքով: Դրան դիմակայելը դժվար է, եթե ոչ անհնար: Օրինակ` ի՞նչ եղավ, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը իսլամական աշխարհը փոթորկեց ու բացասական արձագանք ունեցավ: Այո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդի դերին, Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ հրավիրեց` համակարգելու մուսուլմանական պետությունների գործողությունները: «Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այդ որոշումը ծանր հարված է ամբողջ մարդկության համար,- ասում էր Էրդողանը:-Մենք այդպես չենք թողնի: Ամերիկան ուրիշ խնդիր չունի, միայն սա՞ է մնացել: Մենք պայքարելու ենք մինչև վերջ»: Նստեցին, խոսեցին, հայտարարություններ արեցին, իսկ հետո` ոչինչ: Պարզվեց` իսլամական աշխարհը մասնատված է, Սաուդյան Արաբիան մտադիր չէ կապերը խզել Իսրայելի հետ` Իրանի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի հողի վրա, ճիշտ նույն կերպ Թուրքիան, որ դեռ հույս ունի պայմանավորվել Վաշինգտոնի հետ քրդերի հարցով: Ճիշտ նույն «խոսարանն է» Եվրամիությունը, որ բողոքական արիա է կատարում Գոլանի բարձունքների առնչությամբ ԱՄՆ-ի գործողություններից հետո: Կողմ չքաշվեցին և Ռուսաստանն ու Չինաստանը, Մերձավոր Արևելքի արաբական պետությունները:
Իսկ Թրամփը ինչպես գործում էր, այնպես էլ շարունակում է` ամեն ինչ անելով, որ ամբողջ աշխարհին ցույց տա, որ ինքն իբր «գնում է առաջ, մյուսներին թողնելով նախկին պատմական պատկերացումների գերության մեջ»: Հիմա Մերձավոր Արևելքում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նախօրեին Պետդեպարտամենտը մարդու իրավունքների մասին իր ամենամյա զեկույցում բաց է թողել «Իսրայելի օկուպացրած» բառերը` նկարագրելով իրավիճակը Գոլանի բարձունքներում, փոխարենն օգտագործելով «Իսրայելի վերահսկած տարածքներ» արտահայտությունը: Պոմպեոն ճշտել է, որ եզրաբանության փոփոխությունը պատահական չէ: Ի՞նչ կլինի հետո, մերձավորարևելյան ո՞ր խաղատախտակի վրա Թրամփը կանի հերթական քայլը:
Ստանիսլավ Տարասով. REGNUM


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է. «52 տարի անց եկել է պահը, երբ ԱՄՆ-ը պետք է ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Ռազմավարական և անվտանգության տեսանկյունից դա խիստ կարևոր նշանակություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության պահպանման համար»: Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարեց. «Նախագահ Թրամփը հենց նոր պատմություն կերտեց: Ես զանգահարել եմ նրան և Իսրայելի ժողովրդի անունից հայտնել իմ երախտագիտությունը: Նա կրկին արեց դա: Նախ նա ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք և որոշեց այդ քաղաքում տեղակայել ԱՄՆ դեսպանությունը: Հետո չեղարկեց Իրանի հետ կնքված աղետալի համաձայնագիրը և նոր պատժամիջոցներ կիրառեց: Այսօրվա նրա քայլը պատմական կարևորության առումով հավասարազոր է նախորդներին: Նա ճանաչեց Իսրայելի ինքնիշխան իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ: Թրամփը դա արեց մի իրավիճակում, երբ Իրանը փորձում է օգտագործել Սիրիայի տարածքը պլացդարմ Իսրայելի դեմ հարձակումների, Իսրայելը ոչնչացնելու համար»: Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունը «անպատասխանատու» է որակեց: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարեց. «Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային»: Նա ընդգծեց, որ Գոլանի բարձունքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն»: «Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արևելքը կբերեն նոր ճգնաժամերի», - ասաց Ղասեմին:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշման մասին խոսեց Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքներին վերաբերող ցավալի մեկնաբանությունների հետևանքով տարածաշրջանը հայտնվում է նոր ճգնաժամի, լարվածության հերթական աճի շեմին: Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծված իրավիճակում չեն կարող անհաղորդ մնալ այս զգայուն խնդրի հանդեպ: Մենք չեն կարող հանդուրժել և երբեք չեն հանդուրժի Գոլանի բարձունքների զավթման լեգիտիմացումը», - հայտարարեց նա: Գոլանի բարձունքների ստատուս քվոն օրինականացնելու Թրամփի առաջարկը առանց ոգևորության են ընկալել նաև Կրեմլում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշումը կարող է ավելի սրել իրադրությունը Մերձավոր Արևելքում: «Նման գաղափարը ինքնին չի նպաստում մերձավորարևելան կարգավորման նպատակներին, հակառակը: Առայժմ, սակայն, դա պարզապես կոչ է: Հուսով ենք, որ այն կոչի մակարդակում էլ կմնա»` ասել է Պեսկովը: ՌԴ ԱԳՆ հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում: Գոլանի բարձունքները, անկասկած, սիրիական տարածք են, որն Իսրայելը գրավել է 1967-ի պատերազմի հետևանքով, իսկ 14 տարի անց անօրինաբար բռնակցել է»: Մոսկվան կողմնորոշվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ 1981-ի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որի համաձայն՝ Սիրիայի այդ տարածքում Իսրայելի կողմից իր օրենքներն ու ղեկավարումը հաստատելն անօրինական է և միջազգային իրավական ուժ չունի:


ԱՄՆ նախագահը ապացուցում է իր real politik-ը` քաղաքականության հիմքում դնելով «իրավիճակը», հետաքրքիր է` այս ընթացքով ինչքա՞ն ժամանակ է պետք, որ Դոնալդ Թրամփը Թվիեթերում գրի. «ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»: Կամ` եթե հասնում ենք Հին Կտակարանին ու պատմական ավելի ուշ ժամանակներին` ԱՄՆ-ը 2021-ին Կարսի պայմանագիրը անվավեր կճանաչի՞` 100 տարին լրանալու պատճառով` Հայաստանին վերադարձնելով իր տարածքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ