«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ադրբեջանի նախագահը` գթասիրտ ու համաներող

Ադրբեջանի նախագահը` գթասիրտ ու համաներող
19.03.2019 | 08:13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 16-ին ներում շնորհեց 431 դատապարտյալի, նրանց թվում են նաև ընդդիմադիրներ ու քաղբանտարկյալներ: Haqqin.az-ը նշում է, որ համաներման են ենթարկվել 50 ընդդիմադիրներ: «Кавказский узел»-ը գրում է, որ նրանցից 10-ը քաղբանտարկյալ են: Ազատության մեջ են երիտասարդական «Նիդա» շարժման ակտիվիստներ Իլկին Ռուստամզադեն, Էլգիզ Ղահրամանովը, Բայրամ Մամեդովը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, երգիծաբան Թոֆիկ Հասանովը, լրագրող Ֆիկրետ Փարամազօղլուն, Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամներ: Համաներմամբ երեք բանտարկյալի ցմահ ազատազրկումը փոխարինվել է 20 և 25 տարվա բանտարկությամբ: Նախագահի կայքում նշվում է, որ Իլհամ Ալիևը ներման հրամանագրերը ստորագրել է` դատապարտյալների, նրանց ընտանիքիների խնդրագրերի, մարդու իրավունքների հանձնակատարի և իրավապաշտպան կազմակերպությունների դիմումների հիման վրա: Մարտի 2-ին Ադրբեջանում ազատ արձակվեց նաև հայտնի բլոգեր ու իրավապաշտպան Մեհման Հուսեյնովը: Նրա ազատ արձակումը պահանջում էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: «Кавказский узел»-ը հիշեցնում է, որ մարտի 6-ին սոցիալական ցանցերում ակտիվիստները սկսել էին «Բոլորին ազատիր» արշավ` պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին նովրուզի տոնին, որ նշվում է մարտի 21-ին: 2018-ի մայիսին Իլհամ Ալիևը ներում էր շնորհել 12 քաղբանտարկյալի: Մարտի 4-ին «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների միությունը» հրապարակել էր 113 քաղբանտարկյալների ցուցակ: Իրավապաշտպանները նշել են, որ իշխանությունները սկսել են ակտիվիստներին ավելի հաճախ դատապարտել ոչ թե քրեական, այլ վարչական հոդվածներով:
RFI


Հ.Գ. ԵՄ-ն արդեն գնահատել է Իլհամ Ալիևի գթասրտությունը: Ինչ հրաշալի է լինել բռնապետ` խելքից-մտքից դուրս կալանավորում-ձերբակալում-ազատազրկում ես, հետո ազատ ես արձակում ու դառնում ես բարեգործ, գթասիրտ ու բարերար: Երկրից երկիր խոսում են քո ժողովրդավարության մասին ու բարության` գովում են ու նույնիսկ շնորհակալություն հայտնում: Իրականում` Իլհամ Ալիևին այս «ժողովրդավարական» պոռթկումին ոչ նովրուզն է դրդել, ոչ սոցցանցերի ակտիվիստները, ոչ էլ միջազգային իրավապաշտպան կառույցների պահանջները, այդ պահանջները միշտ են եղել: Նրան բարեփոխիչի իմիջը խիստ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում` հավասարակշռելու իր բռնապետի համբավը ու ՀՀ իշխանության լեգիտիմությունը: Նա ևս փորձում է փոխել խաղը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ