ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Եվ Նիկոլ Փաշինյանը չասաց

Եվ Նիկոլ Փաշինյանը չասաց
25.02.2019 | 11:00

Երեկ ՔՊ-ն համարյա սուսուփուս համագումար արեց ու անունը դրեց 4-րդ հերթական համաժողով: Աշխատանքային: Այսինքն` մենք ուրիշ ենք, մեր համագումարն էլ ուրիշ է: Իվերջո` ու՞մ ենք զարմացնում, ո՞վ չգիտի մենք ո՞վ ենք ու ի՞նչ ենք արել: Շատ ճիշտ ու համեստ որոշում է: Աշխատանքային համաժողովի մեխը մեկն էր` 2015-ին հիմնադրեցինք ՔՊ-ն ու հայտարարեցինք` ոչ մեկին նման չենք լինելու ու չեղանք: Հեղափոխություն արեցինք` քաղաքական, հիմա էլ անելու ենք տնտեսականը: Մեզ նման ու մեր ուզածով: Բայց կա մի «բայց»: Հայաստանի Հանրապետությունը 2018-ի մայիսի 8-ին չի սկսվել: Ու այնպես չէ, որ Հայաստանում չի եղել ընդդիմություն ու այդ ընդդիմությունը միշտ ու ամեն ինչում պարտվել է:

Այնպես չէ, որ ՔՊ-ն միակ, եզակի ու ամենահաղթական ընդդիմությունն է: Ով-ով` Նիկոլ Փաշինյանը լավ գիտի 2008-ի ու 2018-ի տարբերությունները: Իսկ 2008-ին ինչու՞ Ռադիոպետկոմ չմտավ` բաց ձեռքերով, անզեն, ինչու՞ միջպետական ճանապարհները 2008-ին չէր փակում: Որովհետև նախագահը Ռոբերտ Քոչարյա՞նն էր, որ Ազատության հրապարակում բացարձակապես խաղաղ հանրահավաքները ընդհատեց փետրվարի 29-ին առավոտյան 6-ը չեղած ու հրապարակում չհայտարարված խուզարկություն արեց` «ահազանգով», որ զենք-զինամթերք կա: Հետոն հայտնի է: Իսկ 2018-ին երբ Նիկոլ Փաշինյանը հարձակվում էր ԱԺ-ն շրջափակած փշալարերի վրա, ոչ թե «Չերյոմուխայով» կրակում էին, այլ ոստիկանության մեքենայով «Նաիրի» տարան, որ վնասած ձեռքը վիրակապեն ու ելման դրություն վերադարձնեն: Ու այնպես չի, որ ՔՊ-ից բացի այլ ընդդիմություն չկար ու ոչինչ չէր անում նույն Նիկոլ Փաշինյանի ու մյուս` հետագայում, ձերբակալվածների համար: Եվ արդեն շատ մեծ հարց է` եթե Սերժ Սարգսյանը չլիներ, այլ` Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանի թավշե հեղափոխությունը կհաղթե՞ր: Գուցե Սերժ Սարգսյանը ինչ-որ ժամանակ պատասխանի իր հրաժարականի պատճառների հարցին: Անկեղծ ու ճիշտ` առանց քաղաքական սեթևեթումների: Բայց ամեն ինչ վերագրել ՔՊ-ի գերհզորությանը ու ցանցային հեղափոխության աննախադեպ մարտավարությանը, մեղմ ասած, չափազանցություն է ու պարզ լոպազություն: Սա` ընդհանրապես, իսկ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ոչ մի նորություն յուրայիններին չի հայտնել, համենայն դեպս` հրապարակված ելույթից դատելով:

Պահանջ դնել առաջ գնալու, որովհետև ՔՊ-ի ծրագրերի մեծ մասը կատարվել են և կրկնել նույնը` ինչ 2015-ին, կամ մեծ ինքնատիպություն է, կամ փոքր ահազանգ, որ ՔՊ-ում այլևս չգիտեն` ինչ անել: Ավելի ճիշտ գիտեն` անձի վերափոխումը` սեփական անձից սկսած:
Եվ` ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի, ամեն մարդ ինքն է փոփոխությունների ամենակարևոր դերակատարը:

«Այս գաղափարախոսությունն է, որ 2018-ի ապրիլ- մայիսին բերել է հաղթանակի, և այս գաղափարախոսություն է, որ այսօր ՀՀ-ում դե յուրե և դե ֆակտո պետք է համարվի իշխող գաղափարախոսություն, որովհետև այս գաղափարախոսությունը ստացել է ՀՀ քաղաքացիների վստահության քվեն»` որերորդ անգամ ասել է ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Մնացածը միստիկա է. «Այն քաղաքացին, որն ինքն իրեն չի հավատում, նրա հետ պիտի գործ ունենանք, նրա աչքերի մեջ պիտի նայենք, պիտի ստիպենք, որ ինքն իրեն հավատա»: Միստիկա, որին հետևում է քաղաքական սուբլիմացիան. «Նրանք, ովքեր կփորձեն հեղափոխության այս պրոցեսի առաջնորդությունը քաղաքացուց վերցնել և վերագրել որևէ անձի՝ կլինեմ ես, թե այլ մեկը, նրանք նոր օլիգարխիա, նոր բռնապետություն են կառուցում ՀՀ-ում, նրանք ուզում են քաղաքացուց խլել վստահությունը, հավատը ապագայի նկատմամբ, նրանք ուզում են ասել, որ այս դահլիճում նստած մարդիկ «սուպերմեններ» են: Ո՛չ, նրանք բոլորը միջին վիճակագրական ընտանիքի ներկայացուցիչներ են»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ տնտեսությունը միստիկայի ու սուբլիմացիայի տրվու՞մ է: Չգիտեմ: Տնտեսագետ չեմ: Գուցե` այո: Գուցե` ոչ: Ես միջին վիճակագրական հայ եմ` ՔՊ-ի անդամների պես «շարքային քաղաքացի» և, չգիտեմ ինչու, ինձ հակահեղափոխական չեմ համարում, ոչ էլ ինձ ներշնչում եմ, որ ես ոչինչ եմ, թեպետ ՀՀ վարչապետը ասում է. «Նա, ով չի հասկանում սա, մենք պետք է, այո՛, նրան անվանենք հակահեղափոխական, պետք է մեր գաղափարներով այդ սին գաղափարախոսությունը ջախջախենք: Ամեն մարդ, ով ՀՀ քաղաքացուն ուզում է ներշնչել, որ նա ոչինչ է, այդ ասողն ինքը ոչինչ է, և մենք գաղափարապես պետք է նրան ոչնչացնենք հենց իր օլիգարխական բնում: Նրանք քթերն իրենց բներից չպետք է հանեն: ՀՀ-ում որոշողը ՀՀ քաղաքացին է, Հայաստանում քաղաքական հեղափոխության ճակատագիրը որոշել է ՀՀ քաղաքացին, ՀՀ տնտեսական հեղափոխության ճակատագիրը նորից պետք է որոշի քաղաքացին, բայց այդ վերափոխումները պետք է, այո՛, մենք սկսենք մեզնից»: Ու` ընդհանրապես չեմ հասկանում` ի՞նչ սին գաղափարախոսության մասին է խոսքը, որը պետք է ջախջախել: Չեմ հասկանում նաև` ինչու՞ է շարունակվում այդ ջախջախման թեման, եթե հեղափոխության ճակատագիրը որոշել է քաղաքացին ու քաղաքացին ուզում է նորմալ ապրել: Պարզապես մարդավայել ապրել:

Դիտվել է՝ 2318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ