«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մտքի վակուում

Մտքի վակուում
22.02.2019 | 02:47

Չգիտեմ` ով ինչպես, փետրվարի 19-ին սարսափով մտածում էի` ի՞նչ է լինելու մարտի 13-ին` Եղիշե Չարենցի ծննդյան օրը, ու խիստ անձնական ուրախությամբ ուրախանում էի, որ 122-ամյակն է` հոբելյան չէ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարի Մակու գնալ ու բանաստեղծի ծննդավայրում միտինգ անել: Դսեղի միտինգը 100 տարի Հովհաննես Թումանյանին հերիք է, հազիվ թե ամեն տասնամյակը մեկ ինչ-որ վարչապետ գնա Ամենայն հայոց բանաստեղծի տուն ու ամենայն լրջությամբ Հիսուս Քրիստոս խաղա: Համենայն դեպս` Հովհաննես Թումանյանը 1907-ին կանխատեսել ու պատասխանել է հոդվածով` «Վիրավորական հարգանք», որ արժի կարդալ ու կարդալ` մինչև հասկանալը: Փաստորեն ոմանք կասկածի տակ են առնում վարչապետի հավատն ու հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքը, և նա ոչ միայն ԱԺ-ում էր հավաստում, որ ինքը հավատացյալ է, այլև Դսեղում էր հաստատում` իբրև Փրկիչ: Իսկ Հովհաննես Թումանյանն ի՞նչ կապ ուներ: Ոչ մի: Բայց դե հյուրընկալ հայի տուն է, հո եկողի բերանը չեն փակի:


Բերանը փակելու մասին: Փաստացի հայոց խորհրդարանում նոր կանոնակարգ է գործում` խիստ արտոնյալ պայմաններ ստեղծելով ընդդիմության համար: Օրինակ` թույլ են տալիս հարցեր տալ, ելույթ ունենալ ու նույնիսկ քվեարկել, այն էլ` դեմ: Քիչ էլ չէ` կառավարության ծրագրին: Պատմության մեջ առաջին անգամ: Հետո էլ երեսով են տալիս` այսքան ճոխ պայմաններում ապրում եք, ինչու՞ եք մուննաթից խոսում` ես չեմ հասկանում:
Չհասկանալու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ` ինչու՞ ՀԱԿ-ը ու ինչու՞ հիմա ասպարեզ նետեց Սահմանադրություն փոխելու առաջարկը: Մեծ, շատ մեծ քաղաքականությունից հեռու են նրանք, որ կարծում են` ՀԱԿ-ի ինքնագովազդի գենն էր ճայթել ու ուզում էր հիշեցնել` մենք դեռ կանք ու մենք դեռ կգանք: Առավել ևս, որ մաս-մաս արդեն եկել են: ՀԱԿ-ի ազնիվ պոռթկումը հետհեղափոխական առաջին կառավարության առաջին ծրագրից հետո առաջացած առաջին զարմանքը զայրույթի վերածվելու գործընթացը կանխելն էր` «Սեպը սեպով են հանում» սկզբունքով: Իմա` կառավարություն-վարչապետ հանգիստ թողեք, զբաղվեք Սահմանադրության տուն-տունիկով: Խորհրդարանական կառավարումից կիսանախագահականին անցեք մեկ տարում: Ով-ով, Լևոն Տեր-Պետրոսյանը փառահեղ գիտի, որ նման անցումները մեկ տարում չեն անում ու եթե նույնիսկ անում են` հետևանքը կառավարման համակարգի ցնցումներն են դառնում: Նույնքան փառահեղ գիտի, որ ժողովրդի համար անցած տարվա ձյան կարևորությունն ունի Սահմանադրությունը, առավել ևս` կառավարման համակարգը: Վատ է, շատ վատ է, բայց փաստ է: 1995-ից իշխանությունն ու օրվա ընդդիմությունները ամեն ինչ արել են վարկաբեկելու ոչ միայն հանրաքվեի գաղափարը, այլև Սահմանադրությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը, որ զմայլված էր Շառլ դը Գոլով, նախընտրեց Ֆրանսիայի Սահմանադրությունը` մի թեթև տեղայնացնելով (ի տարբերություն Ֆրանսիայի` Հայաստանի խորհրդարանը միապալատ է. մենք ունենք Ազգային ժողով, ինչպես Ֆրանսիան, չունենք ու չենք ունեցել Սենատ): Ռոբերտ Քոչարյանը զմայլված էր ինքն իրենով ու 2005-ին Սահմանադրությունը փոփոխեց` մեծացնելով վարչապետի լիազորությունները (ԲՀԿ-ն պիտի հաղթեր ԱԺ ընտրություններում, ու վարչապետ պիտի դառնար Ռոբերտ Քոչարյանը, խաղը չստացվեց): Սերժ Սարգսյանը զմայլված չէր ոչ մեկով, առավել ևս չէր ուզում որևէ մեկի վերադարձը իշխանություն (ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի) ու վերացրեց … նախագահի իբրև պետության թիվ 1 պաշտոնյայի հաստիքը: 2015-ին Սահմանադրությունը փոխվեց ու Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման: Նախագահին ընտրում է խորհրդարանը, ու նա ունի սահմանափակ իրավասություններ: Վերջ: Նախագահին ընտրում է խորհրդարանը, և ընտրություններն այլևս չեն ունենա հետընտրական զարգացումներ: Բայց նա, ինչպես ինքն էլ անձամբ հաստատեց, սխալվեց: Ցնցումներ եղան: Հետհետընտրական, հարթ տեղում: 6-րդ գումարման ԱԺ-ն հանգեաւ ի Տեր` խիստ մանուկ հասակում: 7-րդ գումարման ԱԺ-ն ոչ մի ցանկություն չունի իր գործունեության սկզբում խրվել դարակազմիկ ու լուրջ խնդիրների մեջ` Սահմանադրություն-մահմանադրություն, Ընտրական-մընտրական օրենսգիրք: Թողեք հանգիստ ապրեն, էլի: Ի՞նչ եք վրա տալիս: Այո, խոստացել են: Անձամբ են խոստացել` Նիկոլ Փաշինյանի մակարդակով:

Բայց չեն ասում` չենք անելու: Ասում են` անելու ենք, բայց մենք կասենք` ե՞րբ: Հերթական ընտրությունները 2023-ին են: Մեղմ ասած, բայղուշություն են անում նրանք, որ հայտարարում են` Ընտրական օրենսգիրքը հիմա կարևոր է, որովհետև չեն բացառվում արտահերթ ընտրություններ (հենց էլ բացառվում են` հույսներդ կտրեք) ու չի կարելի գործող օրենսգրքով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: 100 տոկոս համամասնական է պետք` առանց ռեյտինգայինի (ձեզ պետք է` դուք էլ անցեք, մեզ այստեղ էլ լավ են կերակրում): Դատելով Սահմանադրություն փոխելու հայկական ժամանակացույցից (1995-2005-2015), հաջորդ փոփոխությունը լինելու է 2025-ին: Այս Սահմանադրությունը շատ էլ հարմար է Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետական համակարգով: Ավելին` նա մեծացնում է սուպերվարչապետության սահմանները: Օրինակ` վերացնելով Սփյուռքի նախարարությունը ու դուրս բերելով ԱԺ-ի վերահսկողությունից (ՔՊ-ի 82 ձայնի պարագայում` ֆիկտիվ) և ուղղակի իրեն ենթարկելով, որ նշանակում է սփյուռքի ֆինանսների ուղղակի կառավարման փորձ (եթե ներդրումներ լինեն): Ոչ ոք չի կարող նրան մեղադրել իշխանատենչության մեջ, որովհետև Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է և միայն կառավարությունն է, որ Նիկոլ Փաշինյանինն է: Եվ հետո` նա չի հրաժարվում հրաժարվել իր գերլիազորություններից, ընդամենը ուզում է երկիրը ցնցումներից հետ պահել ու մաս-մաս, աստիճանաբար, ժամանակի մեջ որոշ անկարևոր իրավասություններ փոխանցել ԱԺ-ին: ՈՒ ճիշտ է անում` իր կադրերին իրենից լավ ոչ ոք չգիտի: Տեղ-տեղ ինքն էլ չգիտի` ինչեր կարող են անել ու ասել: Վերահսկողությու՞ն եք ուզում` ամեն շաբաթ ՔՊ-ն վարչապետի ենթակայությամբ գործող մեկ պաշտոնյայի կհրավիրի ԱԺ նիստերի դահլիճ ու «կքննի» (ճիշտ` ինչպես «Մենք ենք, մեր սարերում»` «Զավեն, հալա դու ինձ քննի»)` առանց հետևանքների: Եվ ամեն ինչ կստացվի շատ ժողովրդավարաբար: ՈՒ չասեք ներքին գործերի նախարարություն ենք ուզում (որ ի՞նչ լինի), չասեք չպիտի ոստիկանությունը վարչապետին ենթարկվի (բա Օսիպյանին ո՞վ է պառկցնելու հրամաններ տալու): Ուզում եք` ասեք: Լսող չկա:


Չկայի մասին: Չկա, աշխարհում արդարություն չկա: Տրամաբանություն էլ չկա: Օրինակ` ՏԻՄ ընտրություններում: Ավելի պարզ` գյուղապետերի: Հայաստանի հպարտ քաղաքացիները (ներեցեք` գյուղացիները) վերցրին ու ընտրեցին այն թեկնածուներին, որ իրենց պահանջով (կամ` անպահանջ) հրաժարական էին տվել: Մեղմ ասած` «նախկին հանցավոր ու կոռումպացված ռեժիմի» կադրերին: Բայց երկրում հեղափոխություն է եղել` ընտրեցին ու սկսեցին բողոքել իրենց ընտրությունից: Որովհետև` արդարություն չկա աշխարհում ընդհանրապես: Եվ ՔՊ-ին մնում էր ասել. «Երբ մենք խոսում ենք, որ կուսակցական ռասիզմով չենք առաջնորդվելու, չենք առաջնորդվելու հայեցողականությամբ ու ասելու՝ այս մեկը մերոնցական է, նա ձերոնցական է։ Իշխանության դերը պահպանելն է բոլորի հավասար իրավունքները, թույլ չտալ, որպեսզի շրջանցվեն օրենքները, կատարվեն չարաշահումներ և այլն, և այլն»: Համենայն դեպս նաև արձանագրել` կան համայնքներ, որտեղ ընտանեկան-կլանային համակարգը պահպանվել է, և դրա շնորհիվ են վերընտրվում որոշ համայնքների երկարամյա ղեկավարներ: Օրինակ, Արմավիրի մարզում վերընտրվել են Վարդանաշեն ու ՈՒրցաձոր համայնքների ղեկավարները, որ հեղափոխությունից հետո ժողովրդի պահանջով հրաժարական տվեցին և առաջադրեցին իրենց թեկնածությունը նոր ընտրություններում:

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանրամատչելի բացատրեց. «Որևէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը այսինչ թեկնածուին օգնեց, վարչական ռեսուրս կիրառեց և այլն: Մենք թողել ենք հավասար հարթություն, բայց այս պայմաններում էլ տեսնում ենք, որ, այո, կան համայնքներ, որտեղ գերիշխել է ընտանեկան կլանային մտածողությունը, և խոշոր ազգերի ներկայացուցիչները, խնամիական կապեր ունեցող այլ ազգերի հետ կարողանում են կոալիցիա կազմել և ապահովել հաղթանակ: Որովհետև չնայած նրան, որ մենք չունենք թեկնածուներ, բայց ես ինքս ուշի ուշով հետևել եմ, թե որ համայնքում ինչպես է ընթանում քարոզարշավը։ Շատ համայնքներում մենք ունեինք ինտելեկտուալ թեկնածուներ, այնուամենայնիվ, եթե թվերին նայենք, սրանով չեմ ուզում նսեմացնել հաղթանակած թեկնածուներին, որովհետև շատ դեպքերով հավասար են նրանք, բայց կրթական ցենզով բարձր շատ մարդիկ հավաքել են տասնապատիկ ավելի քիչ ձայներ, նրանց ծրագրերը ոչ մեկի համար լսելի չեն եղել»: Մնում է նախարարին բացատրել ազգի ու տոհմի տարբերությունը, այլապես ստացվում է, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում միջազգային հարթության մեջ են անցել: Բայց դա փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրությունների միակ անակնկալը չէ: Ի տարբերություն դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների` ՏԻՄ ընտրություններն ունեցան 58,47 տոկոս մասնակցություն։ Տեղ-տեղ (այն գյուղերում, որտեղ նախարարի նշած «ազգերը» մեծ էին)` 70-75, 78,75 տոկոս։ Միով բանիվ` Արարատի մարզի ՈՒրցաձոր համայնքում Ռաֆիկ Անդրեասյանի 917 ձայնը տագնապի ազդանշան է ՔՊ-ի համար: Փաստացի` սա հեղափոխությունից հետո միակ ընտրությունն էր, երբ թեկնածուների քարոզչությամբ չէր զբաղվում անձամբ վարչապետը: ՈՒրցաձորի ընտրությունների ֆենոմենը համատարած է լինելու, եթե ՔՊ-ն շարունակի կեղծ օրակարգեր հրամցնել ու հնարավորինս խուսանավել իրական խնդիրները լուծելուց:


Իրական խնդիրների մասին. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ից դուրս եկող ու ՔՊ-ացող գյուղացիները բնավ էլ հեղափոխության գաղափարակիրներ չեն, ոչ էլ Նոր Հայաստան կառուցողներ, նրանց տանիք է պետք: Հեղափոխության մեկ տարին էլ չի բոլորել, բայց իրենց կյանքում որևէ փոփոխություն չտեսած մարդիկ, որ գուցե հավատում են Նիկոլ Փաշինյանին, մտադիր չեն հավատալ այն մարդկանց, որոնց միակ արժանիքը ՔՊ անդամ լինելն է: ՈՒ դա ժողովրդի խոսքն է: Ժողովրդի ընտրությունը, որ այդպես էլ չի սովորում ընտրել: Չի կողմնորոշվում: Ի տարբերություն քաղաքական ուժերի:
Քաղաքական ուժերի մասին: ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023-ի ծրագիրը, ներկայացրել են իրենց եզրակացությունները: Իբրև սկիզբ նշել են. «2019-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմավորվեց կառավարություն՝ Սահմանադրության և օրենքի կամայական մոտեցմամբ, ինչը պատճառաբանվեց առաջիկայում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների մտադրությամբ, իսկ իրականում առերեսվեցինք մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցմանը: Հատկանշական է, որ նշված, ինչպես նաև քաղաքական համակարգը (մամուլի և խոսքի ազատություն, անմիջական ժողովրդավարություն, ընտրական համակարգ, սուպերվարչապետության ինստիտուտ և այլն) բարեփոխելու մասին ծրագրում անդրադարձ չկա` ի հակադրություն իշխող ուժի բազմիցս հնչեցրած մոտեցումների: Մի կողմից անորոշ է նշված բարեփոխումների հարցը, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել մեկ անձով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները: Սա երկրի ժողովրդավարական զարգացման ընթացքը խաթարող և մեծ ռիսկեր պարունակող իրողություն է»:


Սա` համենայն դեպս: Իբրև մեկ շաբաթում երկրորդ նախազգուշացում: Իսկ ընդհանրապես ամեն ինչ հիանալի է` այցեր, տոներ, կրճատումներ, սելֆիներ, ելույթներ, թանկացումներ ու դատավարություններ, և` մտքի վակուում, որտեղ անգամ լույսի արագությունը կրիայի վազք է` ժամում 1 մետր արագությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ո՞վ կասի` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ինչու՞ նորից եկավ ու չլուսաբանվող հանդիպումներ ունեցավ: Անթիլիասի գերակտիվությունը ի՞նչ կապ ունի Սուրբ Աննայի բակում աղմկող հերձվածողների ու Նոր Հայաստանի հետ:

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ