Մեր երկրի հասարակությունը գործնականում միշտ, հատկապես 1988-ից հետո, իմացել է, որ հանրապետությունում կա մարդկանց մի խավ, որն ամբողջովին նվիրված է ԱՄՆ-ին։ Բայց որ այդ մարդիկ իրենց նախ զգում են «ԱՄՆ-ի քաղաքացի», ոչ թե հայ, մենք ավելորդ անգամ համոզվեցինք հիմա, երբ փետրվարի 8-ից հետո, քաղաքականությունից և աշխարհի ռազմավարական իրադրությունից քիչ բան հասկացող անձանց որոշ խմբակներ վայնասուն բարձրացրին։ Սա վերաբերում է նաև վերջերս հապճեպ ստեղծված «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Բացատրեմ խնդիրը։ Ինչպես հայտնի է, փետրվարի 8-ին մարդասիրական ականազերծման գծով հայ մասնագետների մի խումբ, բժշկական անձնակազմ և հենց մասնագետների անվտանգության ապահովման մի խումբ, ընդհանուր թվով 83 մարդ, ժամանել էին Սիրիայի Հալեպ քաղաք` մարդասիրական մասնագիտական օգնության նպատակով։ Կարող ենք մեկս մյուսից չթաքցնել, որ խոսքը Հալեպի հայերին օգնելու մասին է։ Հարց եմ տալիս ամերիկամետ քաղաքացիներին. եթե դուք իսկապես հայ եք, ապա ի՞նչ վատ է, որ հայ մասնագետներն ինչ-որ բանով կարող են օգնել սիրիացի հայերին։
Վայ, բա երևանցի ամերիկամետները ո՞նց են «հաշիվ տալու» անդրօվկիանոսյան տերերին։ Ամենաիսկական վայնասուն բարձրացավ. օրինակ` «դա օրենքներին չի համապատասխանում», կամ` «Սիրիայում Ռուսաստանի հետ միավորվելը սպառնալիք է Հայաստանի անկախությանը և հակասում է հանրապետության ազգային շահերին»։ Երկրորդ ձևակերպումը պատկանում է «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Այսինքն, Հայաստանի ցուցաբերած օգնությունը, ընդ որում` հայերին, իբր «անօրինական» է, նույնիսկ «հակասում է ազգային շահերին»։ Որևէ իսկական հայ, անցյալում կամ այսօր, կարո՞ղ էր պատկերացնել, որ այդպիսի գնահատականներ կհնչեցնեն կարծես թե հայկական անուններով ու ազգանուններով անձինք։ Այդ մարդկանց ի՞նչ անվանելը թողնում եմ ընթերցողների խղճին։ Բայց ասել պետք է և ամբողջ ձայնով։ Դրանք հայ ազգի դավաճաններ են։ Դրանց համար «Ամերիկային դուր գալու» նպատակը մեր ազգային շահերից թանկ է։ Եվ նրանց հաճոյամտությունը նկատել են ԱՄՆ-ում։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, ի պատասխան Սիրիա հայկական մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին Aysor.am-ի հարցման, ներկայացրել է պետդեպարտամենտի պատասխանը. «Մեզ հասկանալի է Սիրիայում մարդասիրական իրադրությանն արձագանքելու այլ երկրների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցով մտահոգությունը։
Այնուամենայնիվ, մենք որևէ կերպ չենք գործակցում Սիրիայի զինված ուժերի հետ, անկախ նրանից, խոսքը քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու՞, թե՞ զինվորական բնույթի օգնության մասին է։ Մենք չենք պաշտպանում այդ առաքելությամբ Հայաստանի և Ռուսաստանի որևէ համագործակցություն։ Ռուսաստանը գործակցել է խաղաղ բնակիչներին սպանող վարչակազմի հետ և դարձել մարդասիրական աղետի պատճառ։ Համաշխարհային ասպարեզում Ռուսաստանը շարունակում է հանդես գալ Ասադի վարչակազմի և նրա չարագործությունների պաշտպանությամբ»։
Ասադի վարչակազմի «չարագործություններն» այն են, որ Սիրիայի հայ համայնքին Ասադը նախարարական երկու պորտֆել է տվել, թույլ է տվել Սիրիայի զինված ուժերի կազմում բացառապես հայերից բաղկացած զորամաս ստեղծել, թույլ է տվել ժողովրդական աշխարհազոր ստեղծել հայերին, Սիրիայի այլ քրիստոնյաներին, դրուզներին, ալավիներին, շիաներին, քրդերին և այլն։ Եվ բոլորը մի մարդու նման ելել են պաշտպանելու իրենց տները, հողամասերը, երեխաներին, կանանց, համագործակցության մեջ են մտել սիրիական բանակի, իրանցի ռազմական խորհրդականների և ռուսական ռազմատիեզերական ուժերի հետ, ինչի շնորհիվ Սիրիան պաշտպանել են ահաբեկչական ագրեսիայից և օկուպացիայից։ Այդպիսի համագործակցության շնորհիվ ազատագրվել է հայկական Քեսաբը, ազատագրվել է արևելյան Հալեպը, ապաշրջափակվել են Կամըշլին, Դեյր Էզ Զորը և այլն։ Եվ գլխավորը. ԱՄՆ-ի խամաճիկներին այդպես էլ չհաջողվեց տապալել օրինական իշխանությունը և հաշիվ տեսնել ալավիների և քրիստոնյաների համայնքների հետ։
Ահա թե ինչն եմ ուզում ընդգծել։ Այդ հակահայկական ողջ վայնասունն ընթանում է նույնիսկ այն բանից հետո, երբ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով մի շարք հասարակական գործիչների «անհանգստությանը», իրավական բացատրություններ ներկայացրեց մասնագետների խմբեր Սիրիա ուղարկելու առնչությամբ։ Բացատրությունները, ինչպես նշեց Հովհաննիսյանը, հասցեագրված են նաև որոշ միջազգային գործընկերների։ Հասկանալի է` հենց Արևմուտքին, որովհետև Սիրիայի հայաբնակ շրջաններում մարդասիրական առաքելությունը համաձայնեցված է ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ։ Հայաստանը պարտավոր է հիշելու, որ այն ամենը, ինչ կապված է Սիրիայի հետ, համաձայնեցվում է ոչ միայն սիրիական իշխանությունների և Ռուսաստանի, այլև Իրանի հետ։ Այսպես, ուրեմն, ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման, մարդասիրական ականազերծման հակաականային տեղեկացման, Հալեպում բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված մարդասիրական գործունեությունը հայ մասնագետներն իրականացնելու են բացառապես մարտական գործողությունների գոտուց դուրս։ ՀՀ ՊՆ ներկայացուցչի հրապարակած տեղեկանքի համաձայն, Հայաստանի կառավարության և Սիրիայի միջև 2001-ի օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը սահմանված կարգով վավերացվել է 2002-ի փետրվարի 4-ին և ուժի մեջ մտել 2002-ի փետրվարի 14-ին։ Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսված է, փոխադարձ պայմանավորվածության դեպքում, կողմերի համագործակցություն նաև այլ ոլորտներում։ Հստակորեն ամրագրված են փոխադարձ ընդունելի եղանակով համաձայնագրի դրույթների մեկնաբանման գծով կողմերի լիազորությունները, այդ թվում այն մասին, որ կողմերը պարտավոր են պահպանելու փոխանակվող տեղեկույթի լիակատար գաղտնիությունը։ Որպես ամփոփում ընդգծվում է, որ Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական մասնագետներ և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու կարգը համապատասխանում է հայկական օրենսդրության տառին։ Նա նաև նշեց, որ իրավական ակտերի մի մասը, համաձայն պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի օրենքների, հրապարակման ենթակա չէ, ավելին, դրանց չթույլատրված հրապարակումը ենթադրում է քրեական պատասխանատվություն։
Բայց Հայաստանի ամերիկամետ շրջանակներին ՊՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն էլ բավարար չթվաց. նրանք նորանոր «հարցեր» են առաջադրում։ Փետրվարի 11-ին այդ «հարցերին» լրագրողների հետ զրույցում պատասխանում էր արդեն խորհրդարանի արտաքին հարցերի գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` սրբագրելով վերջերս հնչած ձևակերպումները։ «Հայաստանը Սիրիա է ուղարկել ոչ թե զինվորական անձնակազմ, այլ միայն մասնագետների,- ասաց Ռուբինյանը։- Դա մարդասիրական առաքելություն է, ինչն արմատապես փոխում է հարցի էությունը»։ Հույս եմ տածում, որ մեր երկրի հակազգային ուժերը կբավարարվեն նրանով, որ նման պատասխան է հնչեցրել հենց «հեղափոխականների» ներկայացուցիչը, և ոչ թե մեր հասարակության հայրենասիրաբար տրամադրված մասից ինչ-որ մեկը։ Իսկ փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի համաձայն։ «Մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ գրավոր դիմում է ստացվել Սիրիայի փաստացի իշխանություններից։ Եվ Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է համաձայն օրենքի,- ասաց նա, միաժամանակ նշելով, որ եթե լինեն նման հանգամանքներ, և ռազմական գործողությունների մասնակցելու անհրաժեշտություն ծագի, ապա Հայաստանը դա կանի նույնպես համաձայն օրենքի։- Իհարկե, նման որոշում ընդունելու համար գործելու ենք նաև արտախորհրդարանական ուժերի հետ»։
Անձամբ ես բավարարված չեմ։ Առաքելությունը Սիրիա է գնացել զգալի ուշացմամբ։ Չէ՞ որ Արևելյան Հալեպի թաղամասերն ամերիկամետ ահաբեկիչներից ազատագրվել էին դեռևս 2016-ի նոյեմբերի վերջին, ոչ թե երեկ կամ նախորդ օրը։ Ինչի՞ էին սպասում Հայաստանի իշխանությունները. կարևոր չէ, թե ով էր նրանց ղեկավարում կամ հիմա է ղեկավարում։ Վաշինգտոնի «հավանությանը», հավանաբար։ Եվ ինչ, ստացա՞ն։ Ես կասկածում եմ։ Հենց որ Երևանում տեսան ու համոզվեցին, որ սիրիահայ փախստականների կեսից ավելին այնուամենայնիվ որոշել է վերադառնալ իր տուն (ավելի ճիշտ` տան ավերակը), արդեն պետք էր մտածել օգնելու մասին։ Ավելին, ինչու՞ էր Հայաստանը լռում, երբ ահաբեկիչները փորձում էին գրավել Քեսաբը, պաշարման մեջ էին պահում Դեյր Էզ Զորը և Կամըշլին, փորձում էին ներխուժել Հալեպի հայկական թաղամաս և այլն։ Չէ՞ որ ԱՄՆ-ը Սիրիայի դեմ պատերազմը, ահաբեկիչների ձեռքերով, սանձազերծել էր առնվազն 2012 թ.։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը դեռ 2014-ի ապրիլի 6-ին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` սիրիահայերին օգնելու համար, և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին խնդրել անձամբ ժամանել Սիրիա, փրկել սիրիացի քրիստոնյաներին, «որպեսզի Ռուսական ուղղափառ եկեղեցու ձայնը համաշխարհային ու եկեղեցական բոլոր ասպարեզներում լինի հնչեղ և լսելի, և այդպիսով ճշմարտությունը հայտնի Սիրիայի իրադարձությունների մասին, բացատրելով բոլորին, որ մենք բռնության ենք ենթարկվում ահաբեկիչների կողմից»։ Սիրիացի մեր հայրենակցին այն հանգամանքն է դրդել ուղղակիորեն դիմելու ռուսներին, որ 2014-ի փետրվարին ԱՄՆ այցի ժամանակ (Սիրիայի քրիստոնյաների ընդհանուր պատվիրակության կազմում) նա ամերիկացիներից մերժում էր ստացել քրիստոնյաներին օգնելու հարցում։
2014 թ. եպիսկոպոս Արմաշն ահա թե ինչ է հայտարարել «Իզվեստիա» թերթին. «Նրանք, ովքեր կանգնած են, այսպես կոչված ընդդիմության թիկունքում` Թուրքիան, Եվրոպան, արաբական նավթային երկրները, ԱՄՆ-ը, մոռանում են, որ զենք տալով ծնում են միայն մահ և ավերածություն։ Ինչպես և այն ժամանակ (1915-23 թթ. ցեղասպանության) քաղաքում (Քեսաբի բնակչության մեծամասնությունը Եղեռնից փախած հայերի սերունդներն են) հայերի կոտորածին ակտիվորեն օգնել է Թուրքիան։ Իմ տեղեկությամբ, զինյալները քաղաքի վրա հարձակվել են ոչ միայն թուրքական տարածքից, այլև եղել են Թուրքիայի բանակի պաշտպանության տակ»։ Այսինքն, սիրիահայերի նկատմամբ 2012-19 թթ. պատերազմը Թուրքիայի հետ պայքարի շարունակությունն է, այնպես որ, ավելորդ չէր լինի անհրաժեշտ պահին այնտեղ զորակազմ ուղարկելը։ Ե՛վ սիրիահայերին կփրկեին, և՛ Թուրքիայի հետ պատերազմի անգնահատելի փորձ ձեռք կբերեին։ Այդ փորձը մեզ կարող է շատ պետք գալ։ Տարածաշրջանում իրադրությունն անբարենպաստ և պայթյունավտանգ է։ Վերջին իրադարձությունները, երբ իրաքցիները գրավեցին ու հրկիզեցին Շիլադիզե գյուղի թուրքական ռազմաբազան ի պատասխան թուրքերի կողմից կրակ բացելու և անչափահաս երեխային սպանելու, համոզում են, որ Հայաստանը, ողջ հայությունը չպետք է նայեն Արևմուտքին և իրենց նույնացնեն Արևմուտքին։ Մենք Արևելքում ենք, իսկ այստեղ շատ հարցեր լուծում են Արևելքի, ոչ թե Արևմուտքի տերությունները։ Եվ ԱՄՆ-ը իրավունք չունի Հայաստանին ու հայերին թելադրելու, թե ում հետ լինեն, ում հետ համագործակցեն, երբ խոսքն ընդամենը Սիրիայի հայերին, նաև այլ քրիստոնյաներին ու քրդերին մարդասիրական օգնություն հասցնելու մասին է։ Այս տարածաշրջանում թշնամին Թուրքիան է և թուրքերը, ինչպես նաև նրանք, ովքեր զինում ու Սիրիայի և Իրաքի դեմ ագրեսիվ գործողությունների են մղում Թուրքիային։ Մեր ազգի դավաճանները, այդ թվում ամերիկամետները, պետք է լեզուներն իրենց քաշեն, իսկ եթե այդքան համարձակ են, ապա խնդրեմ, վայնասուն սկսեք նաև Իրանի դեմ։ Թե՞ դեռ այդպիսի հրաման չեն տվել, կամ ձեր համարձակությունը պակասեց։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ