«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ուժը ծնում է իրավունք, ի՞նչ է ծնում իրավունքը

Ուժը ծնում է իրավունք, ի՞նչ է ծնում իրավունքը
14.02.2019 | 12:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերադառնում է հին հռետորաբանությանը: «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» նրա մոտեցումը իրապես ինքնատիպ է: Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ մոտեցումը Բաքվի համար անընդունելի է: Ըստ «Թրենդի»` Ալիևը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի «գրավման» հետ»:-ասել էր Ալիևը ր հավաստել` Ղարաբաղի հարցն ուժի միջոցով լուծելու տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար: «Հայաստանի նոր իշխանությունները սկզբնական փուլում հանդես էին գալիս այնպիսի հակասական հայտարարություններով, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ: Մենք, իհարկե, միանգամից մերժեցինք այդ հակասական ու անհասկանալի հայտարարությունները: Միջնորդ երկրները, իհարկե, նույնպես չէին կարող համաձայնվել նման դիրքորոշման հետ», - ասել է Ալիևը: Թեպետ միջնորդ երկրներից որևէ մեկի նախագահը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը` Ստեփանակերտի բանակցություններին մասնակցելուն դեմ չեն արտահայտվել: Ալիևը շարունակել է Հայաստանի իշխանությունների նկատմամբ կասկածներ սերմանելու մարտավարությունը ու նորից դրական է գնահատել ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները՝ հույս հայտնելով, որ կլինեն արդյունավետ: Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է պնդել սուբստանտիվ բանակցությունները` սուբստանտիվի տակ հասկանալով` ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելը, Հայաստանը հայտարարում է, որ չի քննարկի «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Իլհամ Ալիևը նաև արդի քաղաքականության լիկբեզ է արել յուրայինների համար.


«Ես միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում առաջին պլանում է ուժի գործոնը: Տեսեք, աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Եթե նախկինում դա փորձում էին որոշակի ձևով թաքցնել, ապա այսօր դրա կարիքն էլ չեն տեսնում: Այսօր աշխարհում թագավորում է «Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»: Դա է նոր իրականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությանը»,- ասել է նա և հավաստել, որ «բարեբախտաբար, մենք արդեն երկար տարիներ ամրապնդում ենք մեր տնտեսական ու ռազմական հզորությունը»: «Մենք, կարծես, պատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակի համար, ու հիմա պատրաստ ենք դրան: Այդ իսկ պատճառով ուժային գործոնը միշտ եղել է ու օրակարգային կմնա»` պնդել է Ադրբեջանի նախագահը:


Ստեփանակերտը երեկ պատասխանել է Ադրբեջանի նախագահին: «Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը»` Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը: «Ադրբեջանի բուն նպատակը չի փոխվել, դա հայոց պետականության` և Արցախի, և Հայաստանի Հանրապետության կործանումն է: Սրա մասին Ադրբեջանը միշտ խոսում է, ավելին` մեղադրում է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ: Սակայն իր այդ հայտարարություններով հենց ինքն է խոչընդոտում բանակցային գործընթացին: Բայց Ադրբեջանն այսպիսին է, մենք միշտ պետք է հասկանանք ու չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Չպետք է ակնկալել Ադրբեջանից դիրքորոշման փոփոխություն կամ ակնկալել, որ նա ինչ-որ կառուցողական քայլեր է կատարելու, հնարավոր չէ»` պնդել է Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` Ադրբեջանի վարքագիծն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմք ունի. «Ադրբեջանը բազմազգ երկիր է և անելու է ամեն ինչ, որպեսզի չճանաչի Արցախը: Ուշ թե շուտ ճանաչելու է, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դա հետաձգվի, որովհետև բազմազգ է: Եթե Արցախը ճանաչի, այլ ազգեր նույնպես կարող են անկախության ձգտման իրենց քայլերը գործնական դարձնել: Ադրբեջանի համար նույնիսկ շատ ավելի վտանգավոր է Արցախի ինքնավարությունը ճանաչել, քան անկախությունը: Իհարկե, մեզ համար անընդունելի է ինքնավարության ճանաչումը, բայց այդ ինքնավարությունն ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև այլ ժողովուրդներ նույնպես ինքնավարություն կուզեն, ինչը կնշանակի, որ Ադրբեջանն իրոք արհեստական է, իսկ փոքրամասնություններին ներկայացնում են որպես ադրբեջանցի»: Դավիթ Բաբայանը գտնում է, որ Ադրբեջանի համար կա երկու տարբերակ` «փորձել ոչնչացնել մեր պետականությունը կամ պարզապես սսկվել», թեպետ իրականում կա մեկ տարբերակ, որովհետև Բաքուն չի կարող հենց այնպես «սսկվել»:

«Որպեսզի Ադրբեջանը չկարողանա կործանել մեր պետականությունը, դրա բանաձևը պարզ է` միշտ պետք է ունենանք ուժեղ բանակ, ներհայկական միասնականության բարձր մակարդակ և միշտ պետք է վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն` խորացնելով, ամրապնդելով մեր ավանդական բարեկամների ընկերների դաշնակիցների հետ կապերը, ինչպես նաև զարգացնելով մեր հարաբերություններն այլ երկրների հետ: Սա է բանաձևը՝ ինչպես անել, որպեսզի Ադրբեջանի երազանքներն այդպես էլ մնան երազանքներ»` ճանապարհային քարտեզ է տվել Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված անկախ իշխանափոխությունից նույն կարևորագույն գաղափարները պահպանվել են: «Կառավարության, Ազգային ժողովի և այլ փոփոխությունները ժողովրդավարական գործընթացներ են, որոնք կան ու պիտի լինեն թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում, բայց կան գաղափարներ, որոնք անփոփոխ են, և որոնց փոփոխությունը և ոչ ճիշտ ձևով փոփոխությունը կարող է լինել ճակատագրական: Այդ խնդիրների շարքին է դասվում նաև Արցախի հիմնախնդիրը: Այս առումով մենք չենք տեսնում որևէ վտանգավոր փոփոխություն: Երևանը շարունակում է համարել Արցախը, Արցախյան հիմնախնդիրը հայոց պետականության համար կարևորագույն հարց, կողմնակից է խաղաղ կարգավորման և անպայման Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին լիիրավ ձևով: Հետևաբար, կան գաղափարներ, որոնք պետք է լինեն անփոփոխ, բարեբախտաբար, Արցախի հիմնախնդրի հարցով որևէ լուրջ նեգատիվ բացասական զարգացում չկա, լինի դա Արցախում, թե ՀՀ-ում»` եզրափակել է նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Փաստը» գրում է, որ փետրվարի 16-18 Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Գերմանիայում տեղի կունենա նաև Փաշինյան-Ալիև հերթական՝ արդեն չորրորդ ոչ պաշտոնական հանդիպումը` այս անգամ կողմերն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «դաբրոն»: Փաստացի` Իլհամ Ալիևի այս հայտարարությունները տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հետ ապագա ոչ պաշտոնական հանդիպման հնարավորության տրամաբանության մեջ` Ալիևը կանխավ հայտարարում է իր օրակարգը:


Փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արցախի հարցի կարգավորմանը և հիշեցրեց կառավարության ծրագրում գրվածը` «Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Եվ, ըստ էության, մեր կառավարությունը հավատարիմ է մնացել, վարչապետ ընտրվելուց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում հայտարարել եմ, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ, պատրաստ եմ և պետք է բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև չունեմ Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ, որովհետև ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Արցախի վարչապետը չեմ՝ իհարկե, այն ընդգծումով, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ, ըստ էության, մեր կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում»: Գուցե կլինեն նաև այլ հայտարարություններ: Բոլոր դեպքերում` եթե հանդիպում լինելու է, լինելու է նաև օրակարգ: Կարևոր է հասկանալ` եթե Ալիևի համար ուժը ծնում է իրավունք, Փաշինյանի համար` ի՞նչ է ծնում իրավունքը:

Դիտվել է՝ 2827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ