Երեկ վարչապետը Աժ-ին ներկայացրեց կառավարության ծրագիրը` երկար-երկար, բայց ոչ այնքան համոզիչ, որովհետև 53 պատգամավոր նրան հարցեր տալու անհրաժեշտություն զգաց: Դա բացարձակ ռեկորդ է Հայաստանի խորհրդարանների պատմության մեջ: Ճիշտ է` որոշ հերթագրվածներ նաև հերթագրվել էին, որ հայտարարեն` եթե մի նախադասություն էլ լիներ ծրագիրը, ես կողմ կքվեարկեի, որովհետև Դուք եք ներկայացնում, բայց նրանք շատ փոքրամասնություն էին: Հիմնականում հարցերը …ՔՊ-ն էր տալիս: Գուցե իրենց ցույց տալու խնդիր ունեն, գուցե չափազանց շատ քննադատված ծրագիրը տեղ հասցնելու մարտավարություն է: Այսօր հարց ու պատասխանը շարունակվելու է:
Որևէ կասկած չկա, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է: Բացի պատմական փաստից, որ տնտեսությունը չի զարգանում, որովհետև միջին վիճակագրական հայերը ՀԴՄ կտրոն չեն պահանջում և աղքատությունը պատմափիլիսոփայական հասկացություն է, հետո նոր նյութական վիճակ` մեզ վիճակվեց տեղեկանալ, որ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը: Լավ, դեռ մի կողմ դնենք փաստական իրավացիությունը հայտարարությունների, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում` այս հայտարարությունները ականջ են շոյում ամբիոններից հնչելիս ու պաշտոնական հանդիպումներում, բայց իրականության մեջ եթե ճիշտ լինեին օրվա լրահոսի պատկառելի մասը չէին լինի այս ու այն պաշտոնյայի կաշառատվության կամ պետությանը հասցված վնասի տեղեկությունները: Անհասկանալի է, թե ինչպե՞ս «Տնտեսական հեղափոխությունը պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչով անցավ քաղաքական հեղափոխությունը: Տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը, և, հետևաբար, կառավարությունն իր անելիքը տեսնում է Հայաստանի քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ: Այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ «տնտեսական ակտիվիստ»:
Տնտեսական ակտիվիստի կարգավիճակ` քաղաքացիների համար, քաղաքական ակտիվիստի կարգավիճակ` իշխանության համար, ի՞նչ է այս «ակտիվիստության» հետևանքը լինելու: Քաղաքական ու տնտեսական հեղափոխությունները զուգահեռելը ու նույնացնելը, մեղմ ասած, չի ընկալվում: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո գործնականում չեն եղել փոփոխություններ ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մեջ, փոխվել են անձերը, համակարգը մնացել է նույնը: Փաստացի` ամբողջ հեղափոխությունը հենվում է մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի անձի վրա, նրանից բացի ոչ ոք ՔՊ-ում չունի համաժողովրդական վստահություն ու հեղինակություն: Այսինքն` սուպերվարչապետական նույն իրողություններն են մնում, որ կային 2018-ի ապրիլ-մայիսից առաջ նախագահի տեսքով: Տնտեսական հեղափոխությունը չի կարող առանց տնտեսության կառուցվածք փոխելու իրականացվել: ՏՏ ոլորտը անգամ չի կարող այս տնտեսության մեջ զարգանալ, առավելևս` տնտեսություն զարգացնել: Միջպետական ճանապարհ փակելով` տնտեսական հեղափոխություն չես անի, քաղաքացուն տնտեսական ակտիվիստի կարգավիճակ տալով` տնտեսական հեղափոխություն չես անի:
Ստացվում է` տնտեսական հեղափոխությունը ևս անծրագիր է լինելու, ՝սա իսկապես նոր խոսք է տնտեսագիտության պատմության մեջ: Իսկ ամենազարմանալին` վարչապետն ինքը մնում է ակտիվիստի կարգավիճակում ու այն, ինչ ինքը պիտի անի` իբրև վարչապետ, գցում է քաղաքացու վրա: Լավ: Եթե այսօրվանից ՀՀ բոլոր շարքային քաղաքացիները միահամուռ ՀԴՄ կտրոն պահանջեն, կարո՞ղ ենք ասել, որ վաղը տնտեսական հեղափոխությունը արդեն հաղթել է: Աբսուրդ է, չէ՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ԱԺ-ում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և նա ասաց հերթական սակրալ նախադասությունը, որի մասին արժե, որ բոլորը մտածեն` կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, կարդացել են, տեսել են, լսել են. «Եղել է հեղափոխական հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, մենք կողմ քվեարկել չենք կարող»: Գագիկ Ծառուկյանը գերհանրամատչելի բացատրեց այն, ինչ ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը բացատրում, համոզում ու քարոզում էր, բայց ինքն էր չէր ընդունում, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է նշել գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը: «Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք ավելի լավ լինի»` ասել է Գագիկ Ծառուկյանը և պարզապես զգետնել վարչապետին. եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող։ Իսկ փող չկա:
ԼՀԿ-ն էլ դեռ չի կողմնորոշվել` կո՞ղմ, թե՞ դեմ է կառավարության ծրագրին: Էդմոն Մարուքյանը տխուր-տխուր էր` ասում էր. «Գոնե 7 տարվա մեջ, ինչ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների։ Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ»: Ասում էր` խնդիր է, որ առանց կառավարության կառուցվածք ունենալու` կառավարությունը ծրագիր է բերել` քանի դեռ կառուցվածքը պարզ չէ, հայտնի չէ, թե ովքեր են լինելու ծրագիրը կյանքի կոչողները։ Միով բանիվ` «Այն քննադատությունները, որոնք մինչ օրս կային, որ ծրագիրը կոնկրետ չէ ու չի պատասխանում «ինչպես» հարցին, այդ հարցերի պատասխանները այդպես էլ չստացանք։ Փոխարենը ստացանք պատասխան, որ «ինչպես» հարցի պատասխանը պիտի մարդիկ տան»:
Ինչո՞վ հեղափոխություն չէ` մտածողության մեջ, բայց մի «բայց» կա` դատարկ ստամոքսով լավ չի մտածվում: