Երեկ պարզվեց, որ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը որոշել է դիմակայել «տեղեկատվական ակնհայտ գրոհին» և առանձնացրել է վերջին օրերի լրահոսի կարևոր շեշտադրումները: Հրաշալի նախաձեռնություն է ու միանգամայն օբյեկտիվ, որովհետև օրվա լրահոսի մեջ լավն ու վատը խառնվում են իրար ու հաճախ ժամանակ չի լինում առանձնացնելու ու գնահատելու կարևորը: Նախաձեռնությունը իսկապես կարևոր է ու ճիշտ կլինի շարունակելը, ու դա բնավ չի դիտվի ինքնագովազդ և հասարակական կարծիքի ուղղորդում: Եթե իրականությանը համապատասխանի: Ի՞նչն է կարևորել Աժ փոխնախագահը:
«1. Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170 մլն դրամ»` ցնցող խնայողություն է, եթե պարզաբանվեր նաև ինչպե՞ս է լուծվել վարորդների հարցը և 150-170 միլիոն դրամը ու՞ր է ուղղվելու, պետական բյուջեի հատկապես ո՞ր հոդվածին է հավելվելու:
«2. ԱԺ-ում կրճատվել է ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի չափաքանակը, որի արդյունքում կխնայվի շուրջ 35մլն դրամ։ Կկրճատվեն նաև բազմաթիվ ծառայողական մեքենաներ, որոնց արդյունքում գալիք խնայողությունները դեռևս հաշվարկվում են»: Որպես հուշում հաշվարկողներին` հաշվարկեք նաև այն ծախսերը, որ կրճատված մեքենաների փոխարեն ստիպված են լինելու ծախսել Աժ աշխատակազմի վարչությունների աշխատակիցները` իրականացնելու իրենց պաշտոնական պարտականությունները` սպասարկելով պատգամավորներին ու իրենց պարտականությունների շրջանակներում: Ընդամենը մեկ նստաշրջան հետո աստիճանաբար բոլոր մեքենաները վերականգվելու են, որովհետև ծառայողական մեքենան ԱԺ-ում ոչ թե ավելորդություն է, այլ` փոխադրամիջոց: Վարորդների հարցը չկրկնեմ: Աժ նախագահի ուղղակի պարտականությունն է ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ոչ թե բենզին ու դրամ կրճատելը` մեկ նստաշրջան հետո դա էլ փորձով հասկանալի կդառնա: Հուսանք:
«3. Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. Վարչապետ»` սա իսկապես կարևոր հայտարարություն է, բայց` նորություն չէ, պարզապես հստակություն է պետք` ո՞րն է վարչապետի ռազմավարությունն ու մարտավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Հայտարարությունը կարևոր է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը լրատվամիջոցներով շահարկվում է ու նաև ներկայացվում տարածքներ հանձնելու միտում:
«4. Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը, որը վտանգավոր ապատեղեկատվություն էր տարածում»` խոստովանում եմ` երբեք այդ էջը չեմ մտել ու ոչինչ ասել չեմ կարող:
«5. Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով»` վերջապես: Երբի ու ում հաշվինի մասին չհարցնենք, դա ի վերջո Լենա Նազարյանի խնդիրը չէ: Սիլիկոնյան հովիտ ունենալ Հայաստանում, սքանչելի նախաձեռնություն է: Իսկ որքանո՞վ է ռեալ, երբ չկա ուսումնական բազա: Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում կրթության ու գիտության նախարարը:
«6. Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին»` իսկապե՞ս: Նո՞ր միայն: Եվ ի՞նչ է լինելու բացահայտումից հետո` ապասեփականացու՞մ: Ե՞րբ կառավարությունը կունենա հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ծրագիր, վստահաբար դա կապահովի ոչ թե 6000, այլ 60000 ու ավելի աշխատատեղ և կբազմապատկի բյուջեի մուտքերը:
«7. «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացան»` նույնպես հրաշալի նորություն է, շնորհավորենք 140 աշխատակիցներին, հուսալով, որ աշխատավարձի բարձրացումը կրճատումների հաշվին չէ:
«8. Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան»: Սքանչելի նորություն է բոլոր նորանշանակ վարիչների ու աշխատակիցների համար: Կադրերի այնպիսի փոփոխություններ են, որ շատ նմանվում են կուսակցական ուխտագնացությունների:
«9. Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել»` տարօրինակ նորություն է, որ պիտի հայտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Ինչու՞ են խրախուսում ստացել հենց կադաստրի բոլոր աշխատակիցները, ի՞նչ սխրանք են գործել, կամ` ի՞նչ ծառայություններ են մատուցել ու ի՞նչ խնայողություններ են կուտակել:
«10. Եվրամիությունը դրական է վերաբերում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը»` սա ընդհանրապես նորություն չէ, ԵՄ-ն միշտ էլ դրական է վերաբերվել, պարզապես պայմաններ է առաջադրել, որոնք պիտի կատարվեն և դրական է գնահատել այդ պայմաններից որևէ մեկի կատարումը:
«11. Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին»` սա արդեն դիտարկվում է թավշե հեղափոխության ձեռքբերում: Իրավացիորեն, բայց տարբեր տարիների ԵՄ-ն պարբերաբար ֆինանսական օժանդակություն է հատկացրել Հայաստանին ու այդ գումարների ծախսման արդյունավետությունը շատ մեծ հարց է եղել: Հուսանք, այլևս չի լինի:
«12. 2018-ի երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները 50 %-ով աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ»` ուրախանանք ու սպասենք, թե ներդրումները ի՞նչ արդյունքներ են տալու:
«13. Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը. վարչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի»` նորությունը հանճարեղ է: Պայմանով, որ վարչապետի աշխատակազմի համակարգիչները բացարձակապես անհասանելի են հաքերների համար ու հուսալի են պաշտպանված: Հետո էլ` հազիվ թե մեր աչքերը խնայելու տարբերակ է, աչքի համար թղթից, թե էկրանից, մեկ է` լարվելու ու ցավելու է: Գուցե նաև ավելի շատ: Մեջքն էլ հետը:
«14. Կապիտալ ներդրումները Հայաստանում անցած տարվա հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել են»` այս նորությունը թողենք մեկնաբանելու Կենտրոնական բանկին:
«15. Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում»` ենթադրվում է, որ Գեղարքունիքի մարզի դպրոցների աշակերտները ինժենե՞ր են դառնալու: Համատարա՞ծ: Իսկ հետո որտե՞ղ են աշխատելու: Գուցե կրթության ու գիտության նախարարը ունի այս հարցի պատասխանը: Կամ` մարզպե՞տը:
«16. Անգելա Մերկելը փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»` ցանկացած երկրի արարողակարգում սահմանված են պաշտոնական հյուրի դիմավորման ու ճանապարհման ձևերը: Հազիվ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի ամենակարևոր դրվագը զինվորական պատիվներով կանցլերի նստավայրում դիմավորված լինելն է: Նվազագույնը ենթադրելի է, որ այցը նաև այլ արդյունքներ պիտի ունենա:
«17. Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ»` ծնվել եմ ու ապրում եմ Երևանում և խնդրում եմ Լենա Նազարյանին մանրամասնել` ու՞մ դիմել, որ իբրև Երևանի բնակիչ իմ շատ չէ` մեկ գաղափարի իրականացման համար ինձ գումար տրամադրվի: Կանխավ ասեմ` գաղափարը անձնական չէ, խիստ հանրային նշանակություն ունի ու հանրօգուտ է:
Փաստացի մեկ օրվա մեջ Աժ փոխնախագահն առանձնացրել էր ընդամենը 17 նորություն: Սպասենք վաղվա նորություններին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իբրև նախկին լրագրող` Լենա Նազարյանի նախաձեռնությունը հասկանալի է, իբրև ներկա ԱԺ փոխնախագահ` ոչ: Լենա Նազարյանի մակարդակի պաշտոնյայից սպասում են սկզբունքային ու առանձնապես կարևոր հարցերին վերաբերող խոսք, որով նաև այդ հարցերին պատասխաններ են տրվում: Նրա առանձնացրած «կարևորները» բացահայտում են` ի՞նչ արժեհամակարգ ունի, ի՞նչն է գնահատում ու ի՞նչն է շրջանցում նոր իշխանությունը: Դա գուցե հետաքրքիր է, բայց` հիասթափեցնում է գերակայությունների աղքատիկ բովանդակությամբ: Եվ այստեղ մեղավորը օրը չէ, որ գուցե այնքան էլ առատ չէր լավատեսական նորություններով: Համենայն դեպս` շնորհակալություն Աժ փոխնախագահին, որ մեկնաբանություն չի տալիս իր վերարկուի մասին: Իսկ ընդհանրապես նոր Հայաստանի տեղեկատվական «Ավետարանը» գրելիս արժի Աստվածաշունչ կարդալ ու հետևել 10 պատվիրաններին: Քաղաքական սխալներից խուսափելու համար էլ է օգնում: