Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) չորրորդ սամիթը Լիբանանում, որ կազմակերպվել էր «Արենա» համալիրում Միջերկրական ծովեզերքի արհեստական կղզում, նվիրված էր տնտեսական ու սոցիալական զարգացմանը և ուշադրություն չէր գրավի, եթե նախօրեին չլինեին սկանդալային ու նույնիսկ ինտրիգային հանգամանքներ: Այդ հանդիպումը կարող էր որոշակի հեղափոխություն լինել արաբական աշխարհում, եթե մասնակցեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա ստացել էր Լիբանանի նախագահ Միշել Աունի հրավերը, բայց չեկավ: Դժվար է ասել` որքան համարժեք էր Աունի որոշումը: Իմ կարծիքով` ԱՊԼ-ին մասնակցելու հրավերն Ասադին մտածված ու նպատակային էր: Կարելի էր ակտիվացնել արաբական երկրների գործունեությունը սիրիական ուղղությամբ, դիտարկել ԱՊԼ-ին Դամասկոսի անդամակցության վերսկսման հարցը և մտածել` ինչպե՞ս կարող են արաբական պետությունները աջակցել Սիրիայի վերականգնմանը: Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլն ասում էր` «Սիրիայի վերադարձը ԱՊԼ նրա վերադարձի մասն է արաբական աշխարհ և սա արաբական բոլոր երկրների շահերից է բխում»: Le Figaro-ի գնահատականով` «Սիրիան, որ 2011-ին հեռացվել է ԱՊԼ-ից, սկսում է աստիճանաբար դուրս գալ մեկուսացումից արաբական աշխարհում»: Այն ժամանակ արաբական մի քանի երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին Դամասկոսից: Հետագայում ԱՊԼ-ը չէր մասնակցում Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններին, թեպետ խոսքն արաբական աշխարհի առանցքային երկրի մասին է: Արաբ քաղաքական գործիչներից շատերն ԱՊԼ-ի այդ քաղաքականությունը սխալ են համարում: Իսկ հիմա՞:
«Գերակայում է պրագմատիզմը,-բացատրում է արաբ դիվանագետներից մեկը:- Սիրիային ԱՊԼ-ից հեռացնելը հանգեցրեց նրան, որ Սիրիայում գործող դիվանագիտական բոլոր մեխանիզմներևում բացակայում է արաբական բաղադրիչը»: Բայց հիմա Financial Times-ը արձանագրում է. «Սիրիային հարևան երկրները, որ տարբեր ակտիվությամբ աջակցում էին ընդդիմությանը, «ամոթխած» սկսում են վերականգնել դիվանագիտական շփումները Դամասկոսի հետ, որ ամբողջությամբ խզել էին մինչև 2018-ի վերջը»: Թեպետ Իրաքը, Լիբանանը, Ալժիրն ընդհանրապես չեն խզել կապերը Դամասկոսի հետ: Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջնագծում ԱՄԷ-ն ու Բահրեյնն են, որ վերականգնեցին իրենց դեսպանատների աշխատանքը Դամասկոսում: Անձնական շփումների դափնեպսակը Սուդանի նախագահ Օմար Բաշիրինն է, որ 2018-ի դեկտեմբերին պաշտոնական այցով մեկնեց Դամասկոս: Հորդանանը բացեց հսկիչ անցակետերը Սիրիայի հետ սահմանին: Այդ պատճառով` ԱՊԼ-ի սամիթը կարող էր այդ գործընթացը խթանել: ԱՊԼ-ի 22 երկրներից ոչ մեկն արդեն չէր դիմադրում, որ Սիրիան վերադառնա կազմակերպություն:
Սակայն հայտնվեցին ընդհանուր առմամբ սպասելի գործոններ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է փետրվարի վերջին Վարշավայում հանդիպում կազմակերպել 70 պետությունների մասնակցությամբ, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների (օրինակ` Իսրայելի)` հակաիրանական ալյանս ձևավորելու համար: Վաշինգտոնում կարծում են, որ ԱՊԼ վերադառնալով` նախագահ Բաշար Ասադը առավել անհարմար գործընկեր կդառնա սիրիական բանակցություններում: Այդ պատճառով Դամասկոսի հնարավոր ճեղքումը Լիբանանի սամիթում ԱՄՆ-ի համար ծայրաստիճան անցանկալի է և փչացնում է դիվանագիտական սյուժեն: Պատահական չէ, որ Վաշինգտոնը ուժեղ ճնշում էր գործադրում Լիբանանի ու ՍՊԼ-ի մյուս անդամների վրա` պահանջելով Սիրիային չհրավիրել` սա մեկ: Երկրորդ` Վաշինգտոնը զգուշանում է, որ արաբական աշխարհի ներսում կսկսվի տարածաշրջանի բազմաթիվ սուր խնդիրներով դիրքորոշումների մերձեցման գործընթաց: ԱՄՆ-ի կարծիքով` եթե արաբական երկրները «հասունացել են» այնքան, որ իրոք միմյանց հետ հաշտվեն, պետք է անեն բացառապես հակաիրանական հենքի վրա, ոչ թե սիրիական: ԱՄՆ-ը որոշակի արդյունքի հասավ: Կատարի, Քուվեյթի, Եգիպտոսի ղեկավարները հաժարվեցին Բեյրութ մեկնել: Սաուդյան Արաբիան դեռ մտադիր չէ դեսպանատուն բացել Դամասկոսում: ԱՊԼ-ի մնացած երկրներից Լիբանան էին մեկնել միայն Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ ուլդ Աբդել Ազիզը: Մնացած 17 պատվիրակությունները ղեկավարում էին կամ վարչապետերը, կամ նախարարները: Լիբիայի պատվիրակությունը հրաժարվեց սամիթին մասնակցել, երբ լիբանանյան շիաները խոստացան բողոքի զանգվածային ակցիաներ սկսել նրանց ժամանման դեպքում: Արդյունքում Սիրիայի թեման երկրորդ, թե երրորդ պլան մղվեց: իսկ ԱՊԼ-ի սամիթի ամփոփիչ հռչակագիրը համեմվեց ընդհանուր բառակապակցություններով նույնիսկ երբ խոսքը ԱՊԼ-ի Մաքսային միության և ազատ առևտրի արաբական գոտու ստեղծման մասին էր: Բարդ է մնում պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտի կարգավորման թեման: ԱՊԼ-ի հաջորդ` հինգերորդ սամիթը կանցկացվի Մավրիտանիայում, 4 տարի հետո: Հիմա մնում է սպասել Վարշավայի միջազգային համաժողովի արդյունքներին, որ շատ փորձագետների գնահատականով` «հրավիրվում է ինչ-որ դիվանագիտական կամ ռազմական ակցիայի նախօրեին, կամ էլ` հակաիրանական շարժման դինամիկան պահելու համար»: Բայց հազիվ թե Վաշինգտոնին հաջողվի հակաիրանական արդյունավետ արաբական կոալիցիա ստեղծել մի իրավիճակում, երբ արաբները չեն կարողանում իրար հետ պայմանավորվել: Մեծ խաղը շարունակվում է Մերձավոր Արևելքում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Իսկ նույն գիշերը Իսրայելը հարվածեց Սիրիային:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ