ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակումից հետո 5 օրում նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Երեկ` փոխվարչապետերի նշանակումից հետո, ստացանք նոր կառավարություն: Օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, կառավարությունը համարվում է ձևավորված։ Փաստացի` 12 նախարարներն արդեն նշանակված են`
1.Արտակ Զեյնալյանը` արդարադատության նախարար
2.Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարար
3.Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարար
4.Դավիթ Տոնոյան՝ պաշտպանության նախարար
5.Զարուհի Բաթոյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
6.Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար
7.Ատոմ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար
8.Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար
9.Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
10.Տիգրան Խաչատրյան՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
11.Արայիկ Հարությունյանը՝ կրթության, գիտության նախարար
12.Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Եթե նկատի առնենք, որ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը նշանակվել էին փոխվարչապետ, Հայաստանի նոր` հին, կառավարությունն այլևս նշանակված է։
Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով կարող է մեկնել Դավոս, երկուշաբթի օրվանից գործում է 7-րդ գումարման Ազգային ժողովը, շաբաթ օրվանից` կառավարությունը: 1\3-ը ոչ թե կնշանակվի, այլ` կօպտիմալացվի: Հունվարի 17-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքում փոփոխությունները, կնշանակվի կառավարության անդամների 2\3-ը, որպեսզի գործադիր մարմինը ըստ օրենքի ձևավորված համարվի: Կառավարության կառուցվածքի փոփոխության օրինագծով նախատեսվում է 17 նախարարությունից թողնել 12-ը։ Ֆեյսբուքում ուղիղ եթերում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախարարությունների մեծ թիվը նշանակում է ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր։ Նա նաև պարզաբանեց, թե ինչու՞ Կրթության և Մշակույթի նախարարությունները պետք է միանան` մշակույթը ունի գործնական նշանակություն ու նաև կրթական նպատակ: Այս դեպքում կկրճատվի ղեկավար կազմը․«Այո, կկրճատվեն ղեկավար աշխատողները: Օրինակ, այս կոմբինացիաների արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, կլինեն ավելի քիչ փոխնախարարական ծառայողական ավտոմեքենաներ և սրանից բխող այլ ծախսեր»:
Սփյուռքի նախարարության փոխարեն` նախատեսում են Սփյուռքի նախարարության առանցքային աշխատակիցներին տեղափոխել վարչապետի աշխատակազմ, և վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը կզբաղվի նրանց աշխատանքների համակարգմամբ։ «Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի կրթության հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Կրթության նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի մշակութային հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Մշակույթի նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի տնտեսական հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքին միջազգային հարցերում ներգրավելու հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Արտաքին գործերի նախարարությունը»: Եվ այնուամենայնիվ` կլինի նաև 13-րդ նախարարություն. «Եվ այդ նախարարությունը կլինի Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կամ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը»: «Որովհետև մենք հայտարարել ենք, որ մեր պատկերացումը Հայաստանի տնտեսության մասին հետևյալն է, որ մեր երկրի տնտեսական լոկոմոտիվը պետք է դառնա բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, և դա պետք է իր արտահայտությունը գտնի կառավարության կառուցվածքում»: Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք վարչապետի փաստարկներին, նա ունի կառավարության կառուցվածք փոխելու իրավունք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ սուպերվարչապետական համակարգից հրաժարվե՞լը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հավատացնում է. «Դա լինելու է ժամանակի ընթացքում, որպեսզի կտրուկ որևէ քայլ չանենք»: Իսկ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն խորհրդարանական վերահսկողության հանձնե՞լը: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին, տասնամյակներում երկու, երեք, մեր ունեցած քաղաքական, ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը»:
Նրա կարծիքով` Աժ վերահսկողության «մեխանիզմները կարող են լինել բազմաթիվ, այդ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումները կազմակերպելու։ Գիտեք, գործիքներ կան, որ մինչև հիմա էլ եղել են՝ հարցապնդումներ, գրավոր հարցումներ և այլն»։
Համարե՞նք, որ Աժ նախագահը, փոխնախագահը ու վարչապետը համակարծիք են:
Կառավարության նոր կառուցվածքը ԱԺ-ն դեռ պետք է հաստատի: Նաև` կառավարության ծրագիրը: Բայց դա ձևականություն է: Նվազագույնը կես տարի պետք կլինի, որ իր նոր կառուցվածքով կառավարությունը սկսի նորմալ գործել: Ի՞նչ կանեն օպտիմալացվածները, եթե ոչ բոլորն աշխատանքի անցնեն ԱԺ-ում ու կառավարությունում: Կրճատվող աշխատակիցների ճակատագիրը մնում է հարցականի տակ: Իշխանությունը պատասխանատու է նաև նրանց համար: Եվ սահուն ու անցնցում անցում չի ստացվելու: Ու սա թավշե հեղափոխության աստառն է, որ երբեք թավշե չի լինում: