Փաստը, որ տասնյակ հազարավոր հրճվալից սերբեր դուրս էին եկել փողոցները` ողջունելու նախագահ Պուտինին Բելգրադում, տագնապի ազդանշան պիտի լինի ամբողջ Եվրոպայի համար: Կարող է թվալ, որ Բալկանները հեռու են մեր ճգնաժամով պատված ափերից: Բայց այդ անհանգիստ տարածաշրջանը չլուծված հակասությունների վառոդի տակառ է մնում: Եվ Պուտինի այցը հիշեցում է, որ այդ տարածաշրջանը նորից վերածվում է ռազմավարական թեժ կետի, որտեղ բոլոր մեծ տերությունները մրցում են իրենց ազդեցության համար:
Դա ռիսկ է ամբողջ մայրցամաքի, այդ թվում` Մեծ Բրիտանիայի համար, բռնության հնարավոր բռնկման ռիսկ, կազմակերպված հանցագործության և չվերահսկվող միգրացիայի ռիսկ` գրում է The Times-ը: Պուտինին ցույց տրված ջերմ ընդունելությունը մասամբ արտացոլումն է Ռուսաստանի ու Սերբիայի խոր մշակութային և կրոնական կապերի: Նաև արտացոլում է երախտագիտությունը, որ Պուտինը չընդունեց Կոսովոյի անկախությունը: Պուտինի այցը բարդ պահի է: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովայի նախագահ Հաշիմ Տաչին մեծացնում են հավանականությունը, որ տարածքների փոխանակումը կարող է կոնֆլիկտին վերջ դնել: Նման համաձայնությունը ձեռնտու է և Պուտինին, որ Կոսովոյի հետ ցանկացած տարածքային փոխանակություն կհամարի օգտակար նախադեպ Ուկրաինայի հետ կոնֆլիկտին վերջ դնելու համար:
Եվրոպայի պրոբլեմն է, որ ազդեցության լծակները սահմանափակ են: ԵՄ-ն ներքին բարդությունների մեջ է, որ խարխլել է հետագա ընդլայնման հասարակական որևէ ախորժակ: Միևնույն ժամանակ` ԵՄ-ի ուժեղացված կենտրոնացածությունը իրավունքի նորմերի պահպանման վրա ի պատասխան նրանց ատկատների, որ ԵՄ են մտել, բարձրացրին հնարավոր նոր անդամների նշաձողը: Ավտորիտար ղեկավարների համար, ներառյալ Վուչիչը, որ վերջին շաբաթներին բախվել է զանգվածային բողոքների, Պուտինը ավելի հուսալի գործընկեր կարող է թվալ:
The Times
Հ.Գ. Ու ի՞նչ: Սերբիան նոր շրջադա՞րձ է անելու: Մոռանալով, որ Ելցինի Ռուսաստանը անգլիական հեռացավ` մենակ թողնելով ռազմի դաշտում: Իսկ տարածքների փոխանակումով Սերբիայի ու Կոսովոյի խնդիրը նախ չի կարող լուծվել, հետո էլ` Պուտինի համար նախադեպ չէ` Ղրիմի փոխարեն ի՞նչ է հանձնելու Ուկրաինային: Պարզապես Վուչիչն էլ, Պուտինն էլ իրենց մեկուսացումը հաղթահարելու խնդիր ունեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ