«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կարթագենը պետք է կործանվի

Կարթագենը պետք է կործանվի
18.01.2019 | 01:03

«Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»` Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի գրառմամբ համարեք Հայաստանի նոր պատմությունը սկսված։ Նրանք, որ չեն ընդունում հնի ու նորի բաժանումը, կարող են համարել, որ Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց վարչապետ ու սկսվում է այլևս հիմնական, այլ ոչ անցումային կառավարության ձևավորման ու գործունեության շրջանը: Վերջ: Ավելի ճիշտ` սկիզբ:


Իբրև սկիզբ` 7-րդ գումարման ԱԺ-ն հունվարի 14-ի նիստում ընտրեց միայն նախագահ` Արարատ Միրզոյանին: 131 ձայնով, 1 պատգամավոր և կողմ էր, և դեմ, քվեաթերթիկը համարվեց անվավեր: 131 ձայնը բացարձակ ռեկորդ է: Ոմանք այդ քվեարկությունը համարեցին ապացույց, որ խորհրդարանում ընդդիմություն չկա: Առաջին օրով ու մեկ քվեարկությամբ եզրակացությունը վաղաժամ է: Հունվարի 15-ին ԱԺ-ն ընտրեց 3 փոխնախագահներ` Ալեն Սիմոնյանին, Լենա Նազարյանին, Վահե Էնֆիաջյանին: Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը միակ թեկնածուներն էին: Վահե Էնֆիաջյանը մրցակից ուներ Մանե Թանդիլյանին: Մրցակցությունն այնքան բուռն էր, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում առաջին անգամ ամբիոն բարձրացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` խոսելու… ամեն ինչի մասին: Դա նրա հերթական ռեկորդն էր` ամբողջ մեկ օր նիստին ու քվեարկություններին մասնակցելուց հետո: Գագիկ Ծառուկյանը հերիքեց 2 օր` հունվարի 16-ին նա այլևս ԱԺ-ում չէր: Բայց առանց նրա էլ խմբակցությունը բարեհաջող կռվում ու կռիվ սարքում էր: ԲՀԿ-ում ոչինչ չի փոխվել: Ինչպես` ԼՀԿ-ում: ԼՀԿ-ն առայժմ պարտություն պարտության հետևից է կրում. առաջին օրը մերժվեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում ընդդիմությանը երկուական տեղ հատկացնելու առաջարկը, որ հակասում է հանձնաժողովների կազմման սկզբունքին, երկրորդ օրը մերժվեց Մանե Թանդիլյանին ԱԺ փոխնախագահ տեսնելու ցանկությունը: ՔՊ-ն հայտարարեց, որ սկզբունքային որոշում է կայացրել` ըստ ժողովրդի ընտրության: Նա ստացավ 19 ձայն և անհայտ մնաց, թե ՔՊ-ից ո՞վ էր անտեսել խմբակցության որոշումը և 1 ձայն հավելել ԼՀԿ-ի 18 ձայնին: Ոմանք նույնիսկ 1 «անհնազանդի» ի հայտ գալն արդեն երկրորդ օրը տագնապի ազդանշան որակեցին Նիկոլ Փաշինյանի համար` հեռագնա եզրակացություններով: Երրորդ օրը ակամա աչքի ընկավ ԼՀԿ-ական Արման Բաբաջանյանը` դեսպանների նշանակման իր տեսակետով, որ ԲՀԿ-ն անձնական վիրավորանք ընդունեց` ազգակցական ու ընկերական հողի վրա: 7-րդ գումարման Աժ-ում այս երկու կուսակցություններն «իսկապես կոգնիտիվ» դիսոնանս են (թող ինձ ների Մանե Թանդիլյանը` իր «գյուտն» օգտագործելու համար): Աժ-ի առաջին օրերի աշխատանքները հակասական տպավորություն են թողնում: Բայց անգամ այդ հակասականության միջից ակնհայտ է.


1. 7-րդ գումարման ԱԺ-ն տարբերվում է նախորդ խորհրդարաններից: Դժվար է ասել` դա լավ է, թե վատ: Միանշանակ խորհրդարան է մտել մտածողության նոր որակ, որ դեռ հախուռն է ու անմշակ, տեղ է թողնում վրիպումների (Հայկ Կոնջորյանը Իրանն անվանեց ավտորիտար ռեժիմ, հետո լրագրողներին հայտարարեց, որ վրիպում էր և ազդեցություն չի թողնի հայ-իրանական հարաբերությունների վրա, որովհետև կուսակցության կարծիքը չէր ու ինքն էլ ուղղում է սխալը), անկապ բռնկումների (Արման Բաբաջանյան- Արման Աբովյան բախումը), երկիրն անվերջ հին ու նոր Հայաստանի բաժանելու («Խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, լույսն էլ առանց բարգավաճման անիմաստ է»` Գևորգ Պետրոսյանի ձևակերպումով):


2. Փաստացի 7-րդ գումարման ԱԺ-ում կա իշխանություն և ընդդիմություն ընդդիմությանը, թեպետ դեռ չի հասկացվում` ո՞վ է ընդդիմությունը: ԲՀԿ-ԼՀԿ զույգի մարտերից տպավորություն է ստեղծվում, որ երկու կուսակցությունները ամեն առիթով ու չառիթով միջկուսակցական հարաբերություններ են պարզում:

Ֆեյսբուքում դա բնորոշվել էր շատ դիպուկ` «Իմ քայլի» մսուր-մանկապարտեզը նայում է ԲՀԿ-ԼՀԿ դեբոշին ու մտածում. «Մամաաա ջան, մեծանանք, մենք էլ ենք սրանցից դառնալու»:


3. Եթե 7-րդ գումարման ԱԺ հնաբնակներին` ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին, բնորոշ է ավանդական պոպուլիզմն ու զգացվում է հին լիցքի իներցիան, ՔՊ-ի դեպքում փորձի պակասն է իրեն զգացնում` նույնիսկ «հին» պատգամավորների դեպքում: Նրանց ելույթների ցուցադրական ինքնավստահությունը ու աշխարհում ամեն ինչից տեղյակ (ու` քաջատեղյակ) երևալու ցանկությունը աչք է ծակում, մինչդեռ թե միջազգային կառույցներում աշխատանքին, թե խորհրդարանական դիվանագիտությանը տեղյակ որևէ մեկն անմիջապես կնկատի նրանց… անտեղյակությունը:


4. Փաստացի` 7-րդ գումարման ԱԺ-ն մեծամասնության մեջ պատրաստ է օրենսդիր աշխատանքի` ԱԺ մշտական հանձնաժողովների կազմավորման անշտապ ու, կարծես, անվերջ գործընթացի մեջ հնչած ելույթներն ու հարցադրումները մեծ խոստում են, որ խորհրդարանը պատասխանատու ու պատրաստակամ է լավագույնս կատարելու օրինաստեղծ գործունեությունը ու նույնիսկ կառավարությունից առաջ անցնելու օրինագծերի ստեղծման մեջ` շեշտը դնելով փորձագետների աջակցության վրա: Բայց դա դեռ շատ մեծ խոստում է, որի կատարումը նույնքան հաջող կարող է չստացվել: ԱԺ մեծամասնությունը խոստանում է նաև խստագույնս վերահսկել կառավարության գործունեությունը, որը նույնպես կարող է մնալ շատ մեծ խոստում, որ գործնականում հնարավոր չի լինելու իրագործել: Շահերի բախման պատճառով` նույն կուսակցության շրջանակներում:


5. 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստերից, ցավոք, բացակայում էր… քաղաքականությունը: Բովանդակային քննարկումներ կարևորագույն հարցերի շուրջ ուղղակի չկան: Եվ սա բացատրել փորձի պակասով դժվար է, պատճառը թեմային չտիրապետելն է: Երբ ԱԺ-ն ընտրում է նախագահ ու փոխնախագահներ ու նրանց չունի քաղաքական հարցեր, նվազագույնը տարօրինակ է: Որքան էլ հասկանալի է, որ ՔՊ-ի որոշումից հետո Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ինքնաբերաբար, ընտրվելու են, գոնե իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները պիտի փորձեին պարզել` արտաքին ու ներքին քաղաքականության, խորհրդարանի աշխատանքների կազմակերպման, խորհրդարանական դիվանագիտության դերի, միջազգային կառույցներում աշխատանքի (տասնյակ հարցեր կան) մասին նրանք ի՞նչ պատկերացումներ ունեն ու ինչպե՞ս են պատրաստվում կառավարել: Գուցե պատճառը մեկն է` հիմնական հարցերում խորհրդարանական ուժերը… միատարր են ու միակամ, միմյանց հետ համագործակցած ուժեր են: Իբրև ընդդիմություն դիրքավորման փորձերը եթե ձևական չեն, պիտի լինեն ծրագրային ու գաղափարական: Բայց ծրագրային ու գաղափարական տարբերություններով ուժերը խորհրդարանում չեն:


6. Որքան էլ տարօրինակ է` 7-րդ գումարման ԱԺ-ն ամեն օր խախտում է օրենքը` ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը` թե նիստերը ուշացումով սկսելով, թե նիստի աշխատանքը կամայական ընդհատելով ու 15 րոպե շուտ ընդմիջում հայտարարելով: Սա արդեն Կանոնակարգի չիմացություն չէ, սա կամայական վերաբերմունք է օրենքին, որ ոչնչով չի բացատրվում ու անթույլատրելի է:


7. Ամենից շատ այս օրերին խոսվել է «հին մշակույթի» ու «նոր մշակույթի» մասին: Հնի անվան տակ հասկացվում է տեղից միմյանց ընդհատելն ու միմյանց վրա բղավելը, նորի անվան տակ` միմյանց լսելը: Իրականում դա մանկամտություն է, հին ու նոր չկա, կա կամ չկա նորմալ աշխատանքային մթնոլորտ: Փորձի պակասը ընդհանրապես թերություն չէ, եթե կա գործիմացություն:


Փաստացի` այս խորհրդարանը 70 տոկոսով մեկ անձի ստեղծած խորհրդարան է, որ անցնում է ինքնուրույն կյանքի, իսկ այդ կյանքը` ելնելով գործունեության տրամաբանությունից ու բնույթից, իր հաջողությունն ու անհաջողությունը պայմանավորելու է ինքնուրույնության ունակությամբ ու անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանությանը (ուրեմն` վարչապետին) հակադրվելու կարողությամբ: Օրենսդրական հաջողությունների դեպքում անգամ 7-րդ գումարման ԱԺ-ն միշտ կախում է ունենալու Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաջողությունից ու անհաջողությունից: Կաշխատի՞ Աժ-ն մինչև իր գործունեության ժամկետի ավարտը, թե՞ նոր արտահերթ ընտրություններ կլինեն, նույնպես կախված է Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարության գործունեությունից: Կառավարություն, որ կազմավորվելու է 15 օրում և արդեն ունի ոչ միայն վարչապետ, այլև 2 փոխվարչապետեր` Տիգրան Ավինյան ու Մհեր Գրիգորյան: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով` նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից ու 12 նախարարներից: Նիկոլ Փաշինյանի կառավարությանը այլևս հազիվ թե 100 օր տրվի` 100 օրվա ռեսուրսը սպառվել է մայիսից` դեկտեմբեր: Եվ հիմա նրանից սպասում են միայն արդյունքներ: «Հին» ու «նոր» մշակույթների հարցը կառավարությանն է վերաբերում` շարունակվելու՞ է կառավարության նույն արտաքին քաղաքականությունը, տնտեսության կառուցվածքը փոխվելու՞ է, թե՞ մնալու ենք առանց մեծ արդյունաբերության վերագործարկման ու աշխատատեղերի: Իշխանության սուպերլեգիտիմությունը այս հարցերին պատասխանելիս կորցնում է հրատապությունը: Այլևս տնտեսական հեղափոխության փուլն է, որտեղ հաջողություն չեն կարող բերել քաղաքական փուլի մեթոդները: Այլևս անիմաստ է թշնամիներ փնտրել: Կամ` մեղավորներ: Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը բողոքում էր իշխանությունների դեմ մեդիա արշավից։ Նա այն կարծիքին է, որ լրատվական դաշտն ուզում է ապացուցել, որ «փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխվել երկրում»: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ժողովրդին ու պետությանը չի թալանում։ Սա այն փոփոխությունն է, որի մասին մենք երազել ենք շատ երկար տարիներ, սա փոփոխությունների փոփոխությունն է, մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է և ժամանակի հարց։ Երկրորդը՝ Հայաստանում իշխանությունը ձևավորված է ժողովրդի կողմից, Հայաստանի քաղաքացիներն են ձևավորել իշխանություն, Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը։ Մենք եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու, եթե ժողովրդին պետք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում, մենք կլինենք, եթե ոչ՝ չենք լինի»։


Իրականում` Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընկալում, որ իր նշած փոփոխություններն ու «փոփոխությունների փոփոխությունները» քաղաքակիրթ աշխարհի համար նորմա են, եվրասիական տարածքում` նոնսենս, ու ինքը իր վարած քաղաքականությամբ հայտնվել է չեզոք գոտում, երբ քաղաքակիրթ աշխարհը զարմանում է, թե ինչու՞ պիտի այդպես չլինի, իսկ եվրասիական աշխարհը զայրանում է, թե ինչու՞ պիտի այդպես լինի: Իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիները արդեն սովորել են «փոփոխությունների փոփոխություններին» ու նոր փոփոխություններ են ուզում` արդեն իրենց կենսամակարդակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կարթագենը պետք է կործանվեր ու իրոք կործանվեց` Սցիպիոն Աֆրիկացին հաղթեց Հանիբալին ու ավերեց Կարթագենը: Հետո Հռոմը նոր Կարթագեն կառուցեց: Ամբողջ խնդիրը հիմա որոշարկելն է, թե ո՞րն է մեր «Կարթագենը»` «նախորդ հանցավոր ռեժի՞մը», «քրեաօլիգարխիկ համակա՞րգը», ԶԼՄ-նե՞րը, համակա՞րգը, անձի՞նք, թե՞ մտածողության իներցիան ու կարծրատիպերը: Ո՞ր Կարթագենը պիտի ավերվի ու նորը կառուցվի: Այստեղ «դուխով» կարգախոսն անվավեր է, անվավեր է նույնիսկ թավշե հեղափոխությունը, եթե չի կարողանում կառուցել նոր Կարթագեն:

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ