Ամիսներ առաջ, երբ իմացա, որ Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան Արթուր Մեսչյանը, հրճվեցի, որովհետև վստահ էի, որ նա ամեն բան կանի Երևանի դիմագիծը վերականգնելու ուղղությամբ: Իր պաշտոնական առաջին ասուլիսում Մեսչյանը հայտարարեց, որ, քանի դեռ ինքը քաղաքի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի շենք չի քանդվելու, այն էլ` պատմամշակութային արժեք հանդիսացող: Նույն ասուլիսի ժամանակ նա նշեց նաև, որ կանգուն են մնալու «Հին Երևան» ծրագրում ներառված շենքերը` անկախ վիճակից, ավելին, վերականգնվելու է Աֆրիկյանների տունը: Անդրադառնալով Արամի 23 և Թումանյան 26 հասցեներում գտնվող վթարային շենքերին, նա հայտարարեց, որ երկուսն էլ վերականգնվելու են, մեղավորները պատժվելու են: Մեսչյանը հայտարարեց, և բոլորը հավատացին. մի՞թե Մեսչյանը կարող էր խաբել: Բայց, ինչպես ասում են, խոսքն ու գործը տարբեր բաներ են:
Մի քանի օր առաջ անընդունելի անտարբերության պատճառով փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող հայտնի շենքը: Այն շենքը, որի պահպանման համար ժամանակին պայքարել են իրենք` Արթուր Մեսչյանն ու Հայկ Մարությանը: Այն շենքը, որի անվտանգության երաշխիքները հիշյալ անձինք տվել էին դեռ ամիսներ առաջ, խոստացել էին` տղամարդու խոսք տալով. հավանաբար խոսքը քամուն են տվել, քամին էլ տարել, կորցրել է:
Վերջին շրջանում հաճախ էի անցնում շենքի մոտով ու հասկանում, որ սայլը դժվար թե տեղից շարժվի, հասկանում էի նաև, որ մի օր անպայման տալու եմ ինձ համար այնքան տհաճ հարցը, որը տվեցի փլուզման լուրն իմանալուց մեկ վայրկյան անց` և դու՞, Մեսչյան:
Մեսչյանն ասաց ու չարեց: Ի՞նչը խանգարեց նրան, Մարությանին, Մակունցին ու մյուսներին կազմակերպել պահանջվող աշխատանքը և տուգանել, պատժել կամ անկյուն կանգնեցնել մեղավորներին. դուխ չկա՞ր, թե՞ Արամի փողոցի ասֆալտն այնքան էլ լավը չէր` բարձր ստատուս ունեցող մեղավորներին այնտեղ փռելու համար:
Մեսչյանը կառուցող, արարող, ստեղծագործ մարդ է, բայց նրա առաջին պաշտոնական քայլը, ի զարմանս բոլորի, ոչ թե կառուցելն էր, այլ քանդելը, անխղճորեն քանդելը: Խոսքը Նորքում մի շինություն ապամոնտաժելու հայտնի դեպքի մասին է: Բայց զարմանալին այն է, որ ապամոնտաժող պատժիչ բրիգադը Նորք էր հասել Կենտրոն վարչական շրջանով, այսինքն, անցնելով Օպերայի շենքն ու տարածքի մայթերն օկուպացրած սրճարանների կողքով: Թե ինչու կենտրոնի մի քանի հազար քառակուսի մետր կարևոր տարածքն ազատելու փոխարեն որոշվեց ազատել ու մաքրել ծայրամասային մի քանի մետրը, դժվար է հասկանալ:
Ինքս դժվարանում եմ մեղադրագիր գրել մի մարդու մասին, որն իր մեջ մշակույթի այդքան մեծ չափաբաժին է կրում, բայց չեմ կարող չգրել, որովհետև, եթե երեկվա Մեսչյանն ուղղակի բացառում էր Արամի 23 հասցեում գտնվող շենքի փլուզումը. այսօրվա Մեսչյանը, երբ շենքն արդեն փլվել է, մշակույթով մտահոգ մարդկանց փորձում է հանգստացնել, ասելով` կարևորը` մարդկային կորուստներ չեն եղել, ամեն ինչ տեղի է ունեցել անկազմակերպության պատճառով: Իսկ հետաքրքիր է` ո՞վ է անկազմակերպության մեղավորը, անունն ինչու՞ չի հոլովվում: Ճիշտն ասած, չեմ հավատում, որ այս ամենը հանգիստ տոնով ասում է այն մարդը, ով տարիներ շարունակ պայքարել է Երևանի դիմագծի պահպանման համար, մարդ, որի շուրթերից հնչած բառերով սերունդ է մեծացել: Մեսչյանին շատ եմ հարգել, հիմա էլ հարգում եմ, բայց նա սխալվեց, հանրային միտքն այս ամենը դժվար ների նրան, ես` նմանապես: Գուցե նա ներվեր, եթե այդքան խորությամբ չգիտակցեր` ինչ բան է մշակույթը, պատմությունը, պատմական հիշողությունը: Գուցե ներվեր, եթե չիմանար Զարմայր Անդրեասյանի նախագծած շենքի տարիքն ու նշանակությունը: Գուցե ներվեր, եթե տասնամյակներ առաջ Երևանի ճարտարապետը եղած չլիներ և երկրորդ անգամ նորից չստանձներ այն, ինչը ժամանակին ձախողել է: Այնուամենայնիվ, գուցե ներվեր, եթե, գոնե խղճի հանգստության համար, ներողություն խնդրեր այս ամենի համար:
Անշուշտ, այս ամենի համար պատասխանատու է նաև մշակույթի նախարարությունն իր նախկին նախարար Մակունց Լիլիթով, բայց ես նրան չեմ մեղադրում, քանի որ նա, որպես նախարար, անմեղսունակ է, և նրա համար միևնույն է` ա՞յս շենքը կփլուզվեր, թե՞, ասենք, հարևանությամբ բարձրացող նորակառույցը: Այստեղ անելիքը Մեսչյանինն էր, որ չարվեց, խոսքը Մեսչյանինն էր, որ չլսվեց։
Որպես վերջաբան ուզում եմ ամփոփիչ հարց տալ բոլորին` որևէ մեկը պատժվելու՞ է այս հանցավոր անգործության համար: Ո՞վ է լինելու այդ մեկը, Մեսչյա՞նը, Մարությա՞նը, Մակու՞նցը, թե՞ բոլորը միասին: Միայն ուզում եմ հիշեցնել, որ մինչ բացատրություններ են տրվում, ու շենքի փլուզման մեղքը գցում են մեկը մյուսի վրա, դանդաղորեն դեպի նույն վախճանն է գնում մեկ այլ կարևոր շինություն` հարևանությամբ գտնվող, Արամ Մանուկյանի տունը, ավելին, փլուզման է գնում նաև շենքի մյուս, դեռևս չփլուզված մասը: Գոնե հիմա աշխատել է պետք, մի արատավորեք Ձեր անունը, պարոն Մեսչյան:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ