Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցչ Իբրահիմ Կալինը Անկարայում մամլո ասուլիսում ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նրան հրավիրել է Թուրքիա: Կալինի խոսքով` «Թրամփը պատասխանել է, որ 2019-ին կարող է գալ»: Կալինը պատմական է անվանել դեկտեմբերի 14-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում Էրդողանը Թրամփին ասել է, որ Անկարային ու Վաշինգտոնին «պետք չեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության (YPG) ջոկատները և «Դեմոկրատական միությունը (PYD) ԻՊ-ի դեմ պայքարի համար»: Էրդողանը ճշտել է, որ Անկարան քրդերին չի թողնի դեմ առ դեմ` թուրքերի ահաբեկչական հայտարարած PYD-ի «ճնշումների ու բռնության հետ», ինչպես «ժամանակին պաշտպանել է սիրիացի արաբներին ԻՊ-ի զինյալների ճնշումներից»: Էրդողանն իրեն անվանել է նաև Սիրիայում բնակվող թուրքոմանների պաշտպան: Կալինը պատմել է այս շաբաթ սպասվող ԱՄՆ զինվորականների պատվիրակության այցի մասին, որի ժամանակ «թուրք գործընկերների հետ կքննարկվի Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման գործընթացի համակարգումը»: Պենտագոնի ներկայացուցիչ Խեզեր Բաբը ևս ասել է. «ԱՄՆ-ը և Թուրքիան ակտիվորեն համակարգում են բոլոր հարցերը, որ վերաբերում են Թուրքիայի անվտանգությանը և Սիրիայի հյուսիս-արևելքի իրավիճակին»: Ճիշտ է` բանակցությունների մանրամասները նա չի բացել: Իսկ հունվարի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն` քննարկելու ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից: Այդ առիոթվ Անկարան որոշ ժամանակով հետաձգել է ռազմական գործողությունը Եփրատի արևելքում, թեպետ ակնկալում է Վաշինգտոնի լոգիստիկ աջակցությունը հետագայում:
Թուրքերի ու ամերիկացիների հարաբերությունները փոխվում են: Այնքան, որ Patriot հրթիռային համակարգերը գնելու ԱՄՆ-ի առաջարկությունը այլևս չի կապվում Թուրքիայի ու Ռուսաստանի համաձայնագրին զենիթահրթիռային С-400 համակարգերի գնման վերաբերյալ: Ստեղծվում է տպավորություն, որ Վաշինգտոնը փոխում է գերակայությունները Մերձավոր Արևելքի քաղաքականության մեջ: Անկարան հայտնվում է անսովոր իրավիճակում: Մի կողմից` մնում է ԻՊ-ի դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ, որի եվրոպացի գործընկերները դեմ են Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը: Մյուս կողմից` ԵՄ երկրների հետ հրաժարվում է միանալ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, ալյանսի մեջ է Ռուսաստանի ու Իրանի հետ սիրիական ուղղությամբ: Ունի սերտ առևտրատնտեսական ու նույնիսկ ռազմատեխնիկական համագործակցություն Մոսկվայի հետ և չափավոր «օպորտունիստական» քաղաքականություն է վարում Թեհրանի հետ, որ Էրդողանի համար ստեղծել են բավականաչափ ամուր թիկունք Սպիտակ տան հետ երկխոսության մեջ: Թրամփը բախվել է Թուրքիայի այնպիսի նախագահի, որ ինչպես Yeni Safak-ն է գրել «երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ անհարմար չզգաց իր կենտրոնական դերն ուրվագծել տարածաշրջանում` հաճախ սահմանակցելով միմյանց նկատմամբ քաղաքական վստահության կորստին»: Էրդողանը Վաշինգտոնի հետ ճգնաժամային հարաբերությունները նեղացրեց սիրիացի քրդերի նկատմամբ վերաբերմունքի սահմանների չափ` երկրորդ պլան մղելով ԻՊ-ի դեմ պայքարը: Հիմա Թրամփն ասում է, որ Էրդողանը վստահ է` «կոչնչացնի ամեն ինչ, որ ԻՊ-ից մնացել է Սիրիայում» և համարում է նրան մարդ, «որ կարող է դա անել»:
Այսինքն` Սպիտակ տունը հասկացնում է Էրդողանին, որ հրաժարվում է Մերձավոր Արևելքի համար նոր քարտեզի նախագծերից: Բայց միայն Սիրիայի մասում` փակագծերից հանելով Իրաքը: Իրաքի Al-Hurra TV հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին, որ հայտարարում է` իր երկիրը առաջիկայում Սիրիայից 2130 զինվոր կհանի ու կփոխադրի Քուրդիստանի Էրբիլ նահանգ: Պատահական չեն հայտնվել տեղեկությունները, որ YPG-ի ու PYD-ի որոշ ջոկատներ Սիրիայից տեղաշարժվում են Իրաք: Քրդական շատ պորտալներ հաղորդում են, որ Վաշինգտոնը դիմել է Բաղդադին` խնդրելով տեղակայել զինվորներին Սիրիայի սահմանից հյուսիս-արևելք 70 կիլոմետր հեռավորության վրա` «պաշտպանելու այդ շրջանը ԻՊ-ի հարձակումներից»: Փաստացի` նշանակում է, որ քրդական խաղաքարտը չի հանվում ԱՄՆ-Թուրքիա օրակարգից: Պարզապես Սիրիայից տեղափոխվում է Իրաք, որտեղ նորից կարող է խաղարկվել, երբ Էրդողանը ամերիկացիների դուրս գալուց հետո սկսի նոր ռազմական գործողություն Սիրիայում: Չի բացառվում, որ հենց քրդական սցենարը մի քիչ այլ ձևաչափով ԱՄՆ-ը կօգտագործի հետագայում ռուս-թուրքական փոխգործակցությունը բարդացնելու համար սիրիական կարգավորման մեջ, որ տեղավորվում է ԱՄՆ ռազմավարության մեջ, նաև Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականության: Առայժմ Կալինն ասում է, որ Անկարան մտադիր է Եփրատից արևելք «սերտ համագործակցել Ռուսաստանի հետ»: Habertürk-ը գրում է, որ Չավուշօղլուն նաև Մոսկվա մեկնել է պատրաստվում` քննարկելու Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը: Թրամփի որոշումը քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություններ է բացում` նախկինի պես բազում անհայտներ թողնելով տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական հավասարման մեջ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ դեռ փորձագետները նշում էին, որ ընտրություններից հետո Էրդողանը բարելավելու է հարաբերությունները Արևմուտքի ու առաջին հերթին ԱՄՆ-ի հետ` տնտեսական վիճակից ելնելով: Թուրքիային պետք են ներդրումներ, որ Ռուսաստանից ստանալ չի կարող: Կգնա Թրամփը Թուրքիա, թե չի գնա, Էրդողանը կհանդիպի Պուտինին, թե Չավուշօղլուն Լավրովին, հրապարակային տեղեկությունների մակարդակում պարզ է դառնում, որ քրդական հարցը Սիրիայից տեղափոխվում է Իրաք: Իրաք են տեղափոխվում և ԱՄՆ զինվորականները` Սիրիայից դուրս գալով: Ինչի՞ դիմաց է Իրաքը նրանց ընդունում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ