«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՀՅԴ-ն տապալեց ԲՀԿ-ի բենեֆիսը

ՀՅԴ-ն տապալեց ԲՀԿ-ի բենեֆիսը
29.10.2018 | 16:57

Հայաստանի քաղաքական ուժերը ամեն օր իրենցով սքանչանալու հնարավորություններ են տալիս: Այսօր` ևս: Պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Աժ արտահերթ նիստը պիտի քննարկեր ու ընդուներ նոր Ընտրական օրենսգիրքը: Իսկզբանե ԲՀԿ-ն սկսեց արդարանալ նախորդ նիստի իր բացակաների համար` ներկայացնելով մեկ շաբաթ առաջ տրվածից տարբերվող բացատրություններ:

Նախ Գագիկ Ծառուկյանը հերքեց Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ ԲՀԿ նախագահը շտապելով` մարզահագուստով էր Աժ եկել ու ինքն է հորդորել դահլիճ չմտնել, նորից մեղքը լրագրողների վրա բարդելով. «Բայց քեզ ո՞վ ա ասել, որ սպառտիվկով եմ եղել: Դուք ձեզ-ձեզ հորինում եք, գրում եք: Եթե կարիքը լիներ, ես կմտնեի, ըտենց բան չի եղել», հետո Գևորգ Պետրոսյանը չգիտես ինչու հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանը «Լինելով իր տարածաշրջանում մեծ հարգանք վայելող անձ, ինքը իր քաղաքական գործունեությունը միշտ իրականացրել է մեծամասնական ընտրակարգով և իրեն հոգեհարազատ է այդ ընտրակարգը: Ընդհանրապես չկա հակասություն պարոն Ղուկասյանի ու պարոն Ծառուկյանի միջև», թեպետ մի շաբաթ առաջ Նաիրա Զոհրաբանն ասում էր, որ Վարդան Ղուկասյանը նիստը թողել Գյումրի է գնացել ու ֆիզիկապես ժամանակ չկար, որ վերադառանար: Բայց դրանք մանրուքներ են, Գևորգ Պետրոսյանին հանձնարարված էր արտահերթ նիստը վերածել ԲՀԿ-ի բենեֆիսի ու նա տապալեց հանձնարարությունը: Էդմոն Մարուքյանի պատճառով: Երբ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրած հուշագրի կնքումը, իրենք վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ընդունել այն հաշվարկով, որպեսզի չխախտվեն սահմանված հաշվարկները, Մարուքյանը նրան հարցրեց, թե հուշագրի կնքումն ի՞նչ կապ ունի Ընտրական օրենսգրքի հետ: «Հուշագիրն այնքանով է առնչվում, որքանով «Ծառուկյան» դաշինքը այն խմբակցությունն էր, որը արտահերթ առաջին նիստում Ընտրական օրենգրքի ընդունումը տապալելուց հետո նախաձեռնեց 2-րդ արտահերթ նիստը՝ կրկին հիմք ընդունելով մեր ստանձնած պարտավորությունները»` հպարտ ասաց Գևորգ Պետրոսյանը։ Էդմոն Մարուքյանին մնում էր հիշեցնել, որ հուշագիրը ստորագրվել էր նախքան տապալումը ու նախորդ անգամ, որ տապալվել է, բացականեր կային նաև «Ծառուկյան» խմբակցությունից։ «Պետք չէ այդ հուշագրի լույսի ներքո ներկայացնել այդ նախաձեռնությունը», - ասաց Էդմոն Մարուքյանը։ Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց, թե Էդմոն Մարուքյանի դժգոհության պատճառն է, որ ինքը չասաց` «Ելքն» էլ է միացել արտահերթին։ «Մենք նախաձեռնեցինք, դուք միացաք, ի՞նչն է ձեր դժգոհությունը», - ասաց Գևորգ Պետրոսյանը: Բայց սա էլ մանրուք էր:


Հրաշալի ելույթ ունեցավ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ` ի պաշտպանություն ռեյտինգային ընտրակարգի, որը նրա կարծիքով «պարզապես կատարել է իր աշխատանքը, ռեյտինգային համակարգը կարող է նաև ապագայում կատարել իր նշանակությունը, բայց հիմա, եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրվել է համամասնական ընտրական համակարգը, այսինքն՝ որպեսզի մեխանիկորեն մենք խթանենք կուսակցական համակարգի ստեղծմանը, կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է», - ասաց նա և հետո հավելեց «Այս փոփոխությունները մեզ պետք են, որպեսզի մենք կուսակցական, քաղաքական համակարգը խթանենք» և …առաջարկեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին ու ինքը չքվեարկեց։
Շատ ավելի սկզբունքային էր Արմեն Աշոտյանը: Նա հայտարարեց, որ դեմ է նոր ԸՕ-ին: «Վարչապետն էլ երևի հիմա նստած, նայում է էկրանի մոտ, մտածում են, թե ՀՀԿ-ն Հուլիոս Կեսարն է, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը, ՀՅԴ-ն գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կընդլայնի», - ասաց նա։ Արմեն Աշոտյանը հիշեցրեց` քաղաքական կոնսենսուս չկա։ «ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, բոլոր այն կարծիքները, որ կոնսենսուս մինուս մեկ է, թերի քաղաքական արժեք են ստանում հատկապես երկրում հանդուժողականության և քաղաքական կոսնսոլիդացիայի տեսակետից», - ասաց նա և ընդգծեց՝ այլակարծությունը պետք չէ սաբոտաժ կոչել. «Մեղք է, սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է»:

Նրա կարծիքով` Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հրամցնել որպես ժողովրդավարական բարեփոխում՝ ծաղր է ժողովրդավարության հանդեպ։ «Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում ընտրություններից 42 օր շուտ Ընտրական օրենսգիրք չեն փոխում, ժողովուրդ, ինչքան ուզում եք այստեղ իրար ու հասարակությանը փորձեք համոզել, չեն փոխում: Հայաստանը դառնալու է, երևի թե, առաջինը նախադեպային տեսակետից Եվրոպայի խորհրդի ողջ տարածքում, որ ընտրություններից 42 օր առաջ փոխում է Ընտրական օրենսգիրք»: Իսկ ելույթի մեխն էր, որ «Խորհրդարանում չի ձևավորվելու ստոքհոլմյան համախտանիշ, մենք ձեր պատանդն ենք, խորհրդարանը ձեր պատանդն է, բայց կարեկցանք, օգնություն ու համերաշխություն խորհրդարանը չպետք է հայտնի կառավարությանը, ինչքան էլ պատանդառու ենք այսօր մենք բոլորս, չփորձեք ձևավորվել ստոքհոլմյան համախտանիշ»: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում ընթացող քննարկումները կարելի էր փայլուն անվանել, եթե ընտրությունների անցկացումից 42 օր առաջ չլինեին: «Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա, և դա այն պարզ պատճառով, որ ոչ թե մենք չենք ուզում այս կամ այն համակարգը, կամ այս կամ այն օրենսգիրքը, այլ կրկնում եմ՝ 42 օր առաջ ընտրական օրենսգիրք չեն փոխում», - ասաց ԱԺ փոխնախագահը։ Նա վերստին անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի քննարկումներին՝ ընդգծելով, որ հանձնաժողովը ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որևէ բանաձև չի ընդունել։ «Երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին ասում է հետևյալը, մեջբերում եմ՝ «Պարոն Բուքիքյոն մեկ առ մեկ թվարկեց առաջարկվող փոփոխությունները՝ առաջին տասնյակը հիմնական փոփոխությունների, ու նշեց, որ դրանք բոլորը հիմնականում դրական են և նաև ասեց, որ, իհարկե, դրական լինելով հանդերձ՝ Վենետիկի հանձնաժողովը կարևորում է ընտրական գործընթացների ստաբիլությունը և կայունությունն, այդ թվում՝ շատ ավելի մեծ ժամկետով վաղօրոք հստակեցված ընտրական օրենսդրությունը, բայց նաև ասաց, որ հասկանում ենք Հայաստանում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը և, եթե կա քաղաքական համաձայնություն, ապա՝ խնդիր չեմ տեսնում։ Որից հետո հարցրեց հանձնաժողովի անդամները համակարծիք են արդյոք առաջարկներին, որևէ առարկություն կա՞, առարկություն չհնչեց, բանաձևը համարվեց հաստատված»։ Հարգելի′ գործընկերներ, հիմա սա «թողեք աշխատենք»-ի՞, թե՞ «հետո կսովորենք»-ի շարքից է։ Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, խնդրում եմ մտնել կայքը և նայել, հանձնաժողովում Հայաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն։ Դժվար չէ՝ ընթերցեք», - ասաց Արփինե Հովհաննիսյանն՝ ավելացնելով. «Ի դեպ, էս ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքը ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք։ Հետո չասեք՝ չէին զգուշացրել»։ Կոնսենսուս կլիներ` «եթե Կառավարությունը պատրաստ լիներ քննարկել, այս ընտրակարգն ինչ-որ տարրերով համալրելը կամ գոնե այս ընտրակարգը ժամանակավոր համարելն, իսկ ռեյտինգայինը մյուս ընտրություններին կիրառելու հարցը», - ասաց Արփինե Հովհաննիսյանը:


Շատ ավելի սկզբունքային էր Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, որ Ֆեյսբուքի իր էջում գրեց. «Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»:
Հոկտեմբերի 29-ին Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ անգամ չընդունվեց` այս դեպքում պակասեց 1 ձայն` 62 կողմ, դեմ՝ 2: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունման համար անհրաժեշտ էր 63 ձայն։ Մեկ շաբաթ առաջ կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, այնպես որ այս անգամ առաջընթացն ակնհայտ է: Իսկ ո՞վ իրականում տապալեց ԸՕ-ի ընդունումը:


ՀՅԴ-ն: ՀՅԴ երկու պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը բացակա էին: Հավանաբար նրանք ևս սկզբունքային տարաձայնություններ ունեին խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, որ հայտարարել էր` ՀՅԴ-ն չի միանում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, բայց նիստ հրավիրվելու պարագայում կգա ու կողմ կքվեարկի: Սքանչելի են, չէ՞, մեր կուսակցությունները: Հետևողական ու սկզբունքային: Անկախ ինչ հայտարարություն են անում, ինչ են նախաձեռնում ու ձախողում` բոլորն ունեն միայն մեկ շահ` կուսակցականը, իսկ պետության ու ժողովրդի շահը ածանցյալ է` այնքանով, որքանով տեղավորվում է նրանց ծրագրերի մեջ ու այսօրվա քվեարկությունը հենց դա է վկայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ ՀՅԴ-ն տապալեց ԲՀԿ-ի բենեֆիսը ու խաղաց հօգուտ ՀՀԿ-ի: Որովհետև, բացի «Ելքից», բոլորին էլ ու առաջին հերթին ԲՀԿ-ին, պետք է ռեյտինգայինը: Եվ, այնուամենայնիվ, սա Նիկոլ Փաշինյանի կառավարության պարտությունն էր, թեպետ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ: Երկրորդ պարտությունը:
Պատահական չէ, որ հենց այսօր նորից քաղաքականություն մտավ Ռոբերտ Քոչարյանը: Հարցազրույցի ձևաչափով: Իհարկե` ռուսական լրատվամիջոցին: Շուտով Ռուսաստանում լրատվամիջոց չի մնա, որին Քոչարյանը հարցազրույց չի տվել` նույն անփոփոխ հարցերին տալով նույն անփոփոխ պատասխանները: lenta.ru կայքին հարցազրույցում նա վերստին կանխատեսել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո երկրում կձևավորվի միաբևեռ խորհրդարան ու մենաշնորհային քաղաքականություն: «Որպես կանոն՝ իշխանական մենաշնորհը հանգեցնում է լճացման ու իշխանական այլասերման, և ամենևին էլ կապ չունի, թե այդ իշխանությունն ինչ աստիճան հեղափոխական է եղել: Երկրում այլևս չի գործի իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր զսպման ու հակակշիռների համակարգը»,-նշել է նախկին նախագահը և մեղադրել հասարակությանը՝ քաղաքական առումով անառողջության մեջ: Նա քննադատել է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության գաղափարախոսության, անդամների, նրանց մասնագիտական հմտությունների, քաղաքական ներուժի վերաբերյալ դատողություններ անելու համար հիմք ծառայող անցյալի մասին հստակ տեղեկություն չկա: «Ընտրությունների ընթացքում դժվար թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքներն ու մեխանիզմները, ներքին և արտաքին զարգացման ուղղությունները: Գերիշխող թեմա է լինելու մարդկանց հեղափոխականության աստիճանը: Դա իրականության սև ու սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ հուզական գրգռվածության դեպքում: Նման միջավայրում քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է»` ասել է երկրորդ նախագահը: Նա վստահ է, որ «իմ անցյալը, ներկան, փորձը թույլ կտան ինձ զգալի դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ»: Եվ գուցե ճիշտ է` եթե ընտրությունների արդյունքում խորհրդարան վերադառնան այս փառահեղ կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ժողովրդի ձեռքով, որ իր կուսակցություններից լավը չէ ու մտածելու ոչ ժամանակ ունի, ոչ հավես, ոչ էլ …պարտավորություն:

Դիտվել է՝ 4639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ