Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական տվեց՝ նախօրեին նախագահ Էրդողանի հետ հանդիպելուց հետո: Մամուլը վաղուց էր գրում նրա հավանական հրաժարականի մասին: Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է, և երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է, սակայն պետությունը գործնականում ղեկավարում էր նախագահ Էրդողանը՝ սահմանադրական նման լիազորություններ չունենալով: Նախագահի ու վարչապետի հիմնական հակասությունը Սահմանադրության փոփոխությանն էր վերաբերում. Էրդողանը ցանկանում է նախագահական կառավարում մտցնել երկրում, Դավութօղլուն դեմ էր, թեպետ հրապարակավ նրան չէր հակադրվում: Նրանք տարակարծություններ ունեին նաև մամուլի հարցում: Առավել լուրջ խնդիր էր գյուլենականների նկատմամբ դիրքորոշումների հակադրությունը: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ հիմնական մարտը կծավալվի «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում՝ մայիսի վերջին, սակայն իրադարձությունները զարգացան ավելի արագ և այլ սցենարով՝ Դավութօղլուն հայտարարեց, որ երբեք դեմ չի գնա իր «եղբորը» և կանտեսի իր անձը: Փաստացի՝ Դավութօղլուն հրապարակավ հրաժարվեց Էրդողանին ընդդիմանալուց: Առայժմ պարզ չէ նրա հետագա քաղաքական կարիերայի հարցը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապագա վարչապետի թեկնածուներ են արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, տրանսպորտի նախարար Բինալ Յըլդըրըմը, էներգետիկայի նախարար և Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։