Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ողբերգականությունն ու Հայաստանում որոշակի ուժերի սանձազերծած «հակալավրովյան» կամպանիան տարածաշրջանի հանրությունից ժամանակավորապես վանեցին անդրկովկասյան արտաքին քաղաքականության մի կարևորագույն բաղկացուցիչ: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների ծավալումից բառացիորեն մեկ օր առաջ՝ մարտի 31-ին, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին Վաշինգտոնում ընդունել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին, մատնանշում էին նրանց բանակցությունների գլխավոր թեմաները: ՈՒշադրություն դարձնենք՝ ԼՂՀ-ի հարցը հիշատակվում է սոսկ չորրորդը, բայց նկատվում է, որ դրա ենթատեքստը «առաջ է եկել» առաջին երեքի թելադրանքով միայն:
Եվ այսպես, Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանը համարում է «Գազի հարավային միջանցքի» (ԳՀՄ) ստեղծման առաջատարներից մեկը, որը կարևոր դեր է խաղում «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» ապահովման գործում: Այնուհետև նա «ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային առևտրի կենտրոն դառնալու Ադրբեջանի ջանքերին»: Քերին նաև երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության գործում Ադրբեջանի ունեցած ավանդի, խաղաղարար գործողություններին ցուցաբերած աջակցության և ահաբեկչության դեմ մղվող պայքարում խաղացած կարևոր դերի համար: Իսկ «ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը քննարկելիս Քերին ողջունել է վերջին ժամանակներս Ադրբեջանի արած դրական քայլերը և հետագա առաջադիմության կոչ է արել»:
Վերջապես, նրա արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի մասին: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ջանքերը,- ասել է Ջոն Քիրբին:- Պետքարտուղար Քերին հավաստել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծել, որ մենք անհանգստացած ենք շփման գծում և միջազգային սահմանին թույլ տրվող բռնության առիթով: Նա ընդգծել է մեր նվիրվածությունը միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա համապարփակ կարգավորման հասնելու նպատակով կողմերի հետ տարվող աշխատանքին»: Կարծես թե չեզոք հայտարարություններ են, որոնք քիչ բանով են տարբերվում նախորդներից: Բայց այդ ամենն ասվում է մարտի 31-ին, իսկ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Ալիևի հրամանով հարձակման է անցնում: Եվ անհնար է չնկատել այդ կապը. ստացվում է, որ Քերին, խաղաղարար հայտարարությամբ և «տարածքային ամբողջականության» պաշտոնական պաշտպանությամբ, հրահրել է Բաքվի ագրեսիան: Իրավիճակի բարդությունն այն է, որ, խոսելով կարգավորման մասին, չի կարելի վերացարկվել այլ հայտարարություններից ու գործերից, որովհետև աշխարհը 1996-ի վերջից, այսինքն, երբ Բաքվում ադրբեջանական իշխանությունները և Արևմուտքը ստորագրում էին նավթի ու գազի վերաբերյալ տխրահռչակ «դարի գործարքը», տեսել և տեսնում է, որ որոշ ուժերի համար Արցախի խնդիրը ռազմավարական գազամուղների նախագծերի իրականացման խնդիր է և, համապատասխանաբար, այն տարածքների վերահսկողությունը, որոնցում դրանց իրագործումը պլանավորվում է: Իսկ «հանգամանքների բերումով» այդ տարածքները սեղմված են ԱՄՆ-ի ռազմավարական մրցակիցների (գոնե գազի ոլորտում), այսինքն, Իրանի ու Ռուսաստանի արանքում:
Դրա համար չէ՞ր, արդյոք, ԱՄՆ-ը նախ հիանում «Գազի հարավային միջանցքի» ամերիկյան նախագծում Ադրբեջանի «առաջատարությամբ», և հենց այդ թեմայից էին բխում մնացած բոլորը, այդ թվում` Արցախի խնդիրը: Հետևենք այդ նախագծի հետ կապված իրադարձությունների մի շղթայի: 2016 թ. փետրվարի 29-ին Բաքվում տեղի ունեցավ «Գազի հարավային միջանցքի» խորհրդի երկրորդ նիստը: 2016 թ. մարտի 1-ին Թուրքիան, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակի, հայտարարեց ամերիկյան նախագծի պաշտպանության մասին: Իսկ ահա Ադրբեջանի ագրեսիան սկսվելու օրը՝ ապրիլի 2-ին, հավաքվեցին «Գազի հարավային միջանցք» նախագծի բաժնետերերը, և նրանց անունից SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը հայտարարեց, որ իրենք ծրագրում են մինչև ընթացիկ տարվա վերջ միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել մոտ 2 մլրդ դոլար, որ բանակցություններ են վարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի և այլոց հետ: Միջոցները կներգրավվեն 20 տարի ժամկետով՝ շատ ցածր տոկոսներով: «Դա մեզ թույլ կտա սեփական միջոցներ չներդնել այդ նախագծի իրականացման համար»,- ընդգծեց SOCAR-ի ղեկավարը: Կարծես թե այդ «երազանքները» քիչ բանով են տարբերվում հաջողությամբ մահկանացուն կնքած Nabucco նախագծից: Նայում ես ԳՀՄ-ի բաժնետերերի կազմին՝ ամերիկացիներ կարծես չկան, եթե չհաշվենք «Բրիթիշ պետրոլեում» կորպորացիայի սերտ կապը վառելիքի ամերիկյան արտադրողների հետ. SOCAR՝ 20 %, BP (LON:BP)՝ 20 %, հնդկական Snam՝ 20%, բելգիական Fluxys՝ 19 %, իսպանական Enagas՝ 16 %, և շվեյցարական Axpo՝ 5 %: Երկար գործ է պարզել, օրինակ, թե ինչ է «կորցրել» Axpo-ն, որը հիմնականում զբաղվում է ատոմային էներգետիկայով և հիդրոէլեկտրակայաններով՝ գազի բիզնեսում: Բայց չէ՞ որ Nabucco-ն էլ էր հայտարարվում «հույժ եվրոպական նախագիծ», սակայն միշտ որպես նրա գլխավոր խնամակալ հանդես է եկել ԱՄՆ-ը: ԳՀՄ նախագծի դեպքում էլ իրավիճակը ճիշտ նույնն է. սա այն դեպքն է, երբ, ինչպես ասվում է, ինքը դերակատարը չկա, բայց «երևում են նրա ականջները»:
Հարց է առաջանում՝ ի՞նչ չափով է ԳՀՄ հնարավոր գազամուղն առնչվում ԼՂՀ-ի տարածքին: Եվ այստեղ հարկ է հիշել. «Գազի հարավային միջանցքը» Հարավկովկասյան գազամուղի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) ընդլայնման, ինչպես նաև Թուրքիայում TANAP (Անդրանատոլիական) գազամուղի կառուցման և Եվրոպայում նրա երկարացման՝ TAP գազամուղի (Անդրադրիատիկ), նախագիծ է: Եվրոպայում ամերիկացիների ու նրանց արբանյակների պլանները հայտնի են. ԳՀՄ-ն պետք է ապահովի ուղղակի կապը ԵՄ գազի շուկայի և կասպյան «Շահ-Դենիզ» գազի հանքի երկրորդ հերթի միջև: Ենթադրվում է, որ հիմնական մատակարարները կդառնան Ադրբեջանը, Թուրքմենստանը և, հնարավոր է, Իրաքը: Ապագայում ամերիկացիները կցանկանային միացնել Իրանն ու Եգիպտոսը, սակայն 2014 թվականին, երբ Բաքվում տեղի ունեցավ ԳՀՄ-ի հիմնարկեքի արարողությունը, ինչպես գրել է ամերիկյան մամուլը, «այդ երկրների քաղաքական իրադրությունը թույլ չի տալիս նրանց ներառել նախագծի մեջ»: Տարանցման առանցքային երկիրը կդառնա Թուրքիան, մյուս ուղեգծերը կանցնեն Սև ծովով ու Արևելյան Միջերկրականով: Ի դեպ, Արևելյան Միջերկրականը ոչ միայն Թուրքիայի հարավն է, Կիպրոսն ու Իսրայելը, այլև Սիրիան ու Լիբանանը: Հենց այնտեղ էլ Թուրքիայի հովանավորությունը վայելող իսլամականներն այժմ ջանում են կռվել այդ երկրների օրինական իշխանությունների դեմ:
Ապշեցուցիչ է, բայց ոչ ոք երբեք չի բացատրում, թե ինչ է նշանակում «Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ընդլայնում», ասվում է միայն, թե այդ գործողությունը գազամատակարարման ծավալները 25 մլրդ խմ-ից կհասցնի 45, իսկ հետագայում՝ 55 մլրդ-ի: Եվ հայտնի է, որ սկզբում Հարավկովկասյան գազամուղը գցվում էր որպես արտահանական մայրուղի, այսինքն, խողովակների գրեթե առավելագույն տրամաչափով (42 դյույմ): Հայտնի է նաև, որ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքում խողովակները գցված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին զուգահեռ՝ մի 18-20 մետրի վրա: Ի՞նչ և ինչպե՞ս պիտի ընդլայնեն, եթե չի ենթադրվում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կանգնեցում, և 2020 թ. ԳՀՄ-ի բաժնետերերը ակնկալում են սկսել մատակարարումները: Երևի ինչ-որ բան առևտրային գաղտնիք է, ինչ-որ բան էլ՝ տեխնոլոգիական: Սակայն հասկանալի է, որ գազամատակարարման ծավալների ավելացման ծրագրերը կարող են կապված լինել միայն երկու տարբերակով.
1) արտահանական մայր խողովակաշարի տրամաչափի կտրուկ մեծացում, և այստեղ պետք է հասկանալ, որ դա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի խողովակների փոխման աշխատատար գործ է, և այն էլ հայտնի չէ, թե դա որքանով կմեծացնի կամ կնվազեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործման անվտանգությունը, 2) նույն ուղղությամբ նոր, լրացուցիչ գազամուղ ճյուղի կառուցում: Բայց ահա նո՞ւյն ուղեգծով, թե՞ նոր: Ասենք, մի փոքր հարավ, Իրանի սահմանի մոտով, քանի որ նույնիսկ 2014-ին ոմանք երազում էին իրանական գազն էլ ընդգրկել ԳՀՄ-ի մեջ: Ապրիլյան չորս օրերին Ադրբեջանը առանձնակի համառությամբ էր մարտեր մղում ռազմաճակատի հարավային տեղամասում, այսինքն՝ Իրանի սահմանի մոտ:
Այս հարցերի պատասխանները չկան: Կա միայն իրադարձությունների, փաստերի ու ժամկետների, քաղգործիչների ու գործարարների հայտարարությունների, աշխարհի առաջատար բանկերի հետ բանակցությունների մասին տեղեկությունների համադրությունից բխող տրամաբանություն: Երևում է՝ ԱՄՆ-ը պատահական չէ ԳՀՄ-ի բաժնետերերին ակտիվանալու «հրահանգ տվել» և հենց 2016 թ. փետրվարի վերջից: Եվ պատահական չէին շողոքորթում Ալիևին, ընդգծելով նրա «առաջատար դիրքը» նախագծում և անսասան հարգանք դրսևորելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հանդեպ: Նշված ժամկետների և Արցախի դեմ ռազմական գործողությունների համադրությունը հուշում է, որ այդ բոլոր ժամկետները սերտորեն փոխկապակցված են: Եվ չի կարելի բացառել, որ հենց հանուն «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» մասին կեղծ գաղափարի Քերիի թեթև ձեռքով Վաշինգտոնում են ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին: Կարող էին լինել նաև այլ նպատակներ, իհարկե, զուր չէր Իրանը «պատժամիջոցների հանման» մասին հունվարյան հայտարարությունից հետո էլ շարունակ «ոչ» ասում ամերիկացիներին թե՛ Սիրիայի հարցում, թե՛ Բաշար Ասադի ճակատագրի: ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների է՛լ ավելի բարդացման մասին միջազգային լրատվամիջոցներն այժմ գրում են համարյա ամեն օր, և աշխարհը տեսնում է, որ ո՛չ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, ո՛չ ռուս-ամերիկյան և ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը չի թուլանում:
Այդ միայն Անդրկովկասի ժողովուրդների համար է Արցախի խնդիրը գոյատևման, պատերազմի ու խաղաղության հարց, իսկ սոսկ ներանդրկովկասյան աշխարհաքաղաքականության տեսակետից հակամարտությունը վաղուց հայերի ու ադրբեջանցիների բախումներից վերաճել է այն ուժերի միջև աշխարհառազմավարական կոշտ առճակատման, որոնք, մի կողմից, երազում են Անդրկովկասը հանձնել Թուրքիայի «խնամակալությանը», մյուս կողմից, մտադիր չեն հանդուրժել Թուրքիայի տիրապետությունը այն տարածքներում, որոնք (Իրանի և Ռուսաստանի համար) և՛ իրենց ռազմավարական «ներքին թիկունքն» են, և՛ քաղաքական մանևրների տարածքը: Սակայն միանշանակ է, որ այս կամ այն վարկածով ԳՀՄ-ի իրականացման պարագայում հենց Իրանի ու Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում կարող են կտրուկ թուլանալ, էլ չենք խոսում գազի միջազգային շուկայում նրանց դերի թուլացման մասին: Ակնհայտ է, որ ավելի մեծ սպառնալիքի պատճառով, քան կարող էր լինել Արցախում լայնամասշտաբ պատերազմի սոսկական վերսկսումը, Իրանն ու Ռուսաստանը հենց ապրիլի 2-ից սկսած միջամտեցին իրադրության զարգացմանը և նպաստեցին կրակի դադարեցմանը:
Ադրբեջանական «բլիցկրիգը» ձախողվեց, բայց եթե մեր դատողությունները ճիշտ են, ապա ղարաբաղյան քառօրյա մարտերի սկզբնապատճառն օրակարգից հանված չէ: Եվ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը վերսկսելու ԱՄՆ-ի որոշումը նույնպես կապված է ոչ միայն Սիրիայի և ՈՒկրաինայի հետ, այլև այն բանի հետ, որ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ընդլայնման» ինչ-որ աշխատանքներ նորից հարկ կլինի հետաձգել: Մեզ այդ խորհրդի երկամյա ընդմիջումից հետո առաջին նիստի արդյունքների մասին հայտնի է միայն այն, որ կողմերը պարզապես արձանագրել են անհաղթահարելի ու լրջագույն հակասությունների առկայություն: Եվ պատահական չէ, որ արդեն երևում է, որ Իլհամ Ալիևը ուզում էր կրկնել իր հայր Հեյդարի 1996 թվականի փորձը՝ Արցախի խնդիրը վերաորակելու որպես «միջդավանական հակամարտություն»: Դա տեղի ունեցավ ապրիլի 15-16-ին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) վերջին նիստի ժամանակ: Եվ հաստատ պատահական չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին բոյկոտեց ԻՀԿ-ի գագաթնաժողովի վերջին նիստը: Չէ՞ որ 1996-ին էլ հենց Իրանի այն ժամանակվա նախագահ Ալի Հաշեմի Ռաֆսանջանին Հեյդար Ալիևին թույլ չտվեց խեղաթյուրել հակամարտության էությունը: Թե՛ ԼՂՀ-ի պարտությունից, թե՛ ԻՀԿ նախագծի իրականացումից շահ ունեին ԱՄՆ-ը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու, իհարկե, ԵՄ որոշ շրջանակներ: ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի մարտի 31-ի «ողջերթի» հիշյալ հնարավոր հետևանքները ձեռնտու չէին և չեն ԼՂՀ-ի, Հայաստանի, Իրանի ու Ռուսաստանի համար: Մեր կարծիքով, «ում էր ձեռնտու քառօրյա պատերազմը» հարցի պատասխանն արդեն կա:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ