Եվրոպայից հետո ԱՄՆ-ը կարող է լիովին վերականգնել երկխոսությունը Մինսկի հետ՝ լրագրողներին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը: Հիմա Մինսկի ու Վաշինգտոնի հարաբերություններում «դրական մթնոլորտ» է և «երկու կողմերն էլ հարաբերությունները լիովին նորմալացնելու պատրաստակամություն ունեն»՝ ազդարարել է Վլադիմիր Մակեյը Մինսկի դպրոցներից մեկում՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի աշխատակից Ռութ ՈՒոլերի հուշատախտակի բացման արարողությանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Կլարկը և Բելառուսում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Սկոտ Ռոլանդը: «Մենք պետք է միմյանց նայենք ոչ թե զենքի նշանակետից, այլ պետք է անկեղծ խոսենք: Այո, երկխոսությունը կարող է ծանր լինել, բայց մենք պետք է կոմպրոմիսային լուծումներ գտնենք բարդ հարցերին, որ թվում են անհաղթահարելի»՝ ասել է Բելառուսի արտգործնախարարը:
Բելառուսն ու ԱՄՆ-ը հետ են կանչել իրենց դեսպաններին 2008-ին: Նախաձեռնողը Բելառուսն էր, որ վրդովված էր ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցներից «Բելնավթքիմ» կոնցեռնի նկատմամբ: Մինսկից հեռացան 30 դիվանագետներ՝ դեսպանի գլխավորությամբ: ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Սկոտ Ռոլանդը հաստատեց Բելառուսի ԱԳՆ-ի լավատեսական տրամադրությունները: «Ես հույս ունեմ, որ այս տարի այդ թեման կնքննարկվի Բելառուսի ԱԳՆ-ի հետ»՝ ասել է նա Մինսկ ԱՄՆ-ի դեսպանի հնարավոր վերադարձի մասին: «Մենք աշխատում ենք, որ առաջիկայում հնարավորություններ ստեղծենք լիարժեք ու ամբողջական ձևաչափով երկխոսության համար»՝ հավելել է Մակեյը: Նա հաստատել է, որ հարաբերությունների վերականգնմանն աջակցում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը դեպի Արևմուտք Մինսկի քաղաքական շրջադարձի տրամաբանական շարունակությունն է: Նախագահ Լուկաշենկոն դա անվանում է Բելառուսի բազմավեկտորություն: ԵՄ-ն աշնանը կասեցրեց բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցները, իսկ փետրվարին վերացրեց: ԱՄՆ-ը ևս մասնակի կասեցրել է իր պատժամիջոցները բելառուսական ընկերությունների նկատմամբ դեռ հոկտեմբերին, ապրիլի վերջին պատժամիջոցները կարող են ամբողջությամբ հանվել: Մինսկ հաճախ են ժամանում ԱՄՆ-ի դիվանագետները: Աշնանը՝ ընտրություններից առաջ, հարաբերությունները վերականգնելու առաջարկ արեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դան Ռոռաբակերը: Նոյեմբերին Մինսկում էին ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալներ Բրիջիտ Բրինկը և Ռոբերտ Բեռշինսկին: Հավարտ հանդիպումների` նրանք հայտարարեցին, որ «կարևոր» ժամանակ է երկկողմ հարաբերությունների համար և շատ արագ կարող են «դրական քայլեր» լինել: ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մայքլ Կարպենտերը Մինսկում առաջարկեց ռազմական ատաշեներ փոխանակել: Աշնանը Մինսկում կոնֆերանսի ժամանակ Ջեյմսթաունի հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը հայտարարեց, որ Բելառուսը կարող է մնալ չեզոք երկիր և այդ որակով՝ դառնալ ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից: Բելառուսի չեզոքության ձգտումը, նրա գնահատականով, հաստատեց Լուկաշենկոն՝ մերժելով երկրում ռուսական ավիաբազայի տեղակայումը և բազմիցս հայտարարելով, որ Բելառուսը Ռուսաստանի ռեգիոն չէ, այլ ինքնիշխան պետություն: Հովարդը հայտարարել էր, որ Լուկաշենկոյին Արևմուտքի հետ հարաբերությունները փոխել պարտադրել է Ռուսաստանից բխող ագրեսիայի գիտակցումը: Բելառուս փորձագետները մասամբ համաձայն են այդ գնահատականի հետ, բայց առավել ակտուալ են համարում տնտեսական խնդիրը: Անկախ տնտեսագետներն արձանագրում են չվճարումների ճգնաժամ և դեֆոլտի վտանգ: Այդ իրավիճակում վարկերն ու արտասահմանյան ներդրումները սուր անհրաժեշտություն են: «Մենք փոքր երկիր ենք, և հասկանում ենք, թե ինչ դեր է խաղում ԱՄՆ-ը աշխարհում»՝ ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը՝ փաստարկելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը: Խոսքը հիմնականում ֆինանսական հարցեր լուծելու մասին է:
NG.RU
Հ.Գ.
Այսպես՝ աշխարհը հրաժեշտ է տալիս «Եվրոպայի վերջին բռնակալին» ու իր թևի տակ է առնում «բազմավեկտոր» Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ, բացի ամեն ինչից, Մինսկում նաև մզկիթ է կառուցում ու հաստատ, եթե մուսուլմանները Բելառուսին փող տան, իսլամ էլ կընդունի՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ինքն էր ասում, որ նույնն է իրենց արժեհամակարգը: Եվ այսքանից հետո Կրեմլը դեռ զորքեր չի մտցրել Բելառուս, պատժամիջոցներ չի սկսել, Բելառուսը ԵԱՏՄ անդամ է: ՀԱՊԿ անդամ է, թեև պատրաստվում է ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից դառնալ: Եզրակացությունները դուք արեք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ