Մենք այսօր ապրում ենք բոլորովին այլ Հայաստանում, մի քանի օրում թոթափեցինք մեր թույլի ու արտագաղթողի, ամեն ինչի վրա խաչ քաշածի կաղապարը ու բացվեցինք մեր հիմնական եսով, որ պարտվել չգիտի: ՈՒժի անբացատրելի ու աշխարհի համար առեղծվածային մեր աղբյուրը այդպես էլ կմնա գաղտնիք բոլոր նրանց համար, ովքեր սպասում էին, որ թվով ու զինտեխնիկայով գերակշռող ադրբեջանցի զինվորը պիտի հասնի Ստեփանակերտ, ու իրենք սպիտակ ձիու վրա ասպարեզ գան՝ խաղաղարարի ու փրկչի առաքելությամբ: Չեղավ: Ձախողվեց Իլհամ Ալիևի փոքրիկ, հաղթական պատերազմը, որի երաշխիքները նա ստացել էր հաստատ, վերածվեց ընդհանրական հուղարկավորության, որտեղ սպանված զինվորները մի մասն են միայն: Ցավալի է, բայց ոչինչ չասող մասը մի մարդու համար, ով քաղաքականության մեջ արկածախնդրությունը համադրում է պատրանքներին: Բայց ուզում է ստանալ արդյունքներ: Ի՞նչ ունենք այսօր:
1. Հաղթողներին չեն դատում, բայց հաղթանակների էյֆորիան անցնում է ու գալիս է հաղթանակի գինը պարզելու պահը: ՈՒ մենք պարտավոր ենք հասկանալ՝ ինչո՞ւ հնարավոր դարձավ Ալիևի մեկօրյա տոնը, ինչո՞ւ այսքան զոհերի գնով հասանք նրան, ինչ կարող էինք ունենալ, եթե ավելի զգոն ու սթափ լինեինք: Ալիևը ոչ միայն Ստեփանակերտ, այլև Սևան չհասավ, ինչը տարիներ շարունակ խոստանում է: ՈՒ հենց այդ «տարիներ շարունակը» չար խաղ խաղաց՝ մենք ընդարմացել էինք ադրբեջանական ռազմատենչ կոչերի մեջ ու չէինք հավատում, որ Ալիևը կհանդգնի գործի վերածել խոսքերը: Մենք ընդարմացել էինք ու կորցրել պատերազմի զգացողությունը, հակառակ, որ շփման գծում կրակը համարյա երբեք չի դադարել: Ինչո՞ւ մեր հետախուզությունը անարձագանք թողեց շփման գծում զինտեխնիկայի ու զինուժի կուտակումը. մեկ օրում ու մեկ ժամում չէր ադրբեջանական բանակը որոշել շփման գծի երկայնքով հարձակման դիմել: Պատրաստվել էր երկար ու մանրակրկիտ: Ինչո՞ւ մենք կամ չգիտեինք կամ համարժեք չընկալեցինք: Սա հարց է, որի պատասխանը պիտի տա հրամանատարությունը, իսկ տվեցին զինվորները:
2. Որքա՞ն պիտի հայկական բանակը փակի դիվանագետների ձախողումները: Ե՞րբ պիտի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դադարի լինել ՌԴ արտաքին գործերի նախարարության մասնաճյուղը: Սա երկարատև պատմություն ունեցող հարց է, բայց անցած հինգ օրերը վկայեցին, որ լուծումը հասունացել է: Թերևս վաղ է անցած շաբաթվա արդյունքները ամփոփել, բայց ակնհայտ է, որ աշխարհի արձագանքը հնչեց, երբ հայ զինվորն իր խոսքն ասաց: Արձագանք, որ բնավ համարժեք չէր իրավիճակին: Երբ ակնհայտ է՝ ով է հարձակվում, ով է պաշտպանվում, կողմերին կրակի դադարեցման կոչեր անելը հավասար էր ասելու՝ դուք մի հարձակվեք, դուք էլ մի պաշտպանվեք: Եվ սխալ է կարծել, որ Հայաստանի դեմ համաշխարհային դավադրություն կա, աշխարհը կուրացած է նավթադոլարներից ու ամեն տեղ խոսում է շահը: Այո, սա աշխարհաքաղաքական մեծ խաղի մասն էր, միայն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ չէր, տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը շոշափող պատերազմ էր, որ ոչ մեկին պետք չէր: Նույնիսկ Բաքվին: Դա չհասկանալը հավասար է նոր կոնֆլիկտի առաջ անպաշտպան կանգնելու:
3. Հիմա ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը վերագնահատի ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում իր ներկայության իմաստն ու հետևանքները: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, հարձակողական զենք վաճառելով Ադրբեջանին, խախտում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Ակնհայտ է, որ դա միայն բիզնես չէ, այլև քաղաքական ներգործության դաշտում պահելու հնարք, որը կամ չաշխատեց, կամ բացահայտում է, թե ով էր երաշխիքներ տալիս Բաքվին՝ հարձակվել ու չմտածել հետևանքների մասին: Ռուսաստանը զենք է տալիս նաև Հայաստանին: Եթե ոչ Ռուսաստանից, Ադրբեջանը զենք կգնի այլ երկրներից: Այս պատճառաբանություններն այլևս չեն աշխատում:
Հայաստանը պետք է վերագնահատի իր հարաբերությունները Բելառուսի հետ: Մինսկը ևս զենք է վաճառում Ադրբեջանին, կոնֆլիկտի սկզբից հետո ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի մեր գործընկեր երկրի նախագահը զանգահարում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Իլհամ Ալիևին: Ճիշտ է՝ Բելառուսի ԱԳՆ-ն հերքեց Ադրբեջանին զենքի վաճառքը, բայց դա հետապրիլմեկյան անհաջող կատակ էր: Միայն իրավիճակը փոխվելուց հետո Ղազախստանի նախագահը որոշեց զանգահարել Սերժ Սարգսյանին, մինչ այդ հերթապահ հայտարարություն անելով, որ ընդունում է Մինսկի խմբի ձևաչափում կոնֆլիկտի հաղթահարումը: Չմոռանանք, որ Նուրսուլթան Նազարբաևի գաղափարն էր Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որին Բելառուսն էլ դեմ չէր: Եվ պետք չէ ապավինել այն տեսակետին, թե ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում առաջին ջութակը Ռուսաստանն է, Մոսկվան առաջինը պարիտետային հայտարարություն արեց՝ կողմերին զսպվածության կոչ անելով: Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը տարածքներ են, որ Մոսկվան չի ուզում կորցնել: ՌԴ վարչապետը, որ եկել է Երևան, այստեղից Մոսկվա չի վերադառնում, այլ մեկնում է Բաքու:
4. Ստատուս քվոն այլևս չկա, նույնիսկ երբ կա հրադադարի պայմանավորվածություն: Մանկամտություն է հավատալ Բաքվի խոսքին: Այս օրերին Բաքուն հայտարարում էր, որ միակողմանի դադարեցնում է կրակը, ու շարունակում էր կրակել: Նոր համաձայնագրում պետք է ամրագրվի բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սխալն ուղղելու ժամանակն է: Ի վերջո, հրադադարի համար պայմանավորվել են Հայաստանն ու Ադրբեջանը, բայց հրադադարը պահպանողը Արցախն է: ՈՒ սա փաստ է, որ հնարավոր չէ շրջանցել:
5. Մինսկի խումբը հավաքվեց Վիեննայում, հայտարարություն արեց ու գալիս է տարածաշրջան: Ո՞րն է հիմա լինելու Մինսկի խմբի առաքելությունը: Վերականգնել բանակցությունները: Պայմաններ ստեղծել հարցի լուծման համար: Ի վերջո, Մինսկի խումբն է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ ձևաչափը, որի փոփոխություններն առաջիկայում հավանական չեն: Պատրա՞ստ է Մինսկի խումբը բանակցությունների ձևաչափի փոփոխության: Պատրա՞ստ է Մինսկի խումբը վերջակետ դնել պարիտետային հայտարարություններին և հարձակվողին անվանել հարձակվող, պաշտպանվողին՝ պաշտպանվող:
6. Հիմա նաև ճիշտ պահն է, որ Մինսկի խումբը հասնի շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայմանը, որոնք հնարավորություն կտան հրադադարը խախտողին պարզել: Ադրբեջանն այս առաջարկին միշտ դեմ է եղել: Բաքուն չի էլ հերքում, որ ինքն է կրակողը և բացահայտ ասել է, որ կրակելու է այնքան, քանի դեռ «օկուպացիոն զորքերը» իր տարածքում են: Բայց դա անցյալ դարի առասպել է՝ աշխարհն այնքան է փոխվել 1988-ից ու 1994-ից հետո: Թալիշում Բաքուն ապացուցեց, որ սումգայիթյան նույն ձեռագիրն իր մշտական ինքնագիրն է, որ Ադրբեջանի կազմում որևէ ինքնավարություն բացառված է, և ազգերի ինքնորոշման սկզբունքն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն են հարցի լուծումը:
Հիմա փորձենք համադրել եղածն անելիքի հետ:
1. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Ինչո՞ւ հենց Մոսկվայում: Հիշեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԵԱՀԿ դեսպանների հանդիպումը, երբ դեռ մարտական գործողությունները շարունակվում էին: «Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն: Այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր, իմ կարծիքով, հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանո՞ւմ է ղարաբաղցիներին, թե՞ ոչ»,- ասել էր ՀՀ նախագահը: Կա՞, թե՞ չկա հակասություն: Ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը Երևանում ասում է, որ Ադրբեջանը պետք է բանակցի ԼՂՀ-ի հետ, իսկ ապրիլի 5-ին Հայաստանի ԶՈՒ շտաբի պետը Ադրբեջանի շտաբի պետի հետ խոսում է կրակի դադարեցման մասին: Դիվանագիտական զիջո՞ւմ է, թե՞ ճկունություն: Գուցե Յուրի Խաչատուրովը Արցախի իշխանությունն է ներկայացրել: Հազիվ թե: Մանրո՞ւք է, երբ կրակի դադարեցումը առաջնահերթ խնդիր էր: Ոչ: Չի՞ ստացվում, որ Ադրբեջանի սկսած ու պարտված պատերազմից հետո Հայաստանը քաղաքական-դիվանագիտական ոլորտում շարունակում է ապրիլի մեկից առաջ եղած իրականությունը:
2. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցը օրակարգո՞ւմ է, թե՞ Հայաստանը պատրաստվում է ռազմական դաշինք կնքել ԼՂՀ-ի հետ՝ առանց ճանաչելու ԼՂՀ-ն: Ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում ինչ-որ փաստաթուղթը, երբ Հայաստանը որպես 1994-ի զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Փաստորեն, ԼՂՀ-ի ճանաչումը, որից Հայաստանը միշտ խուսափել է՝ պատճառաբանելով, որ դա նշանակելու է բանակցությունների ավարտ և պատերազմի սկիզբ, մնում է ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու միակ ճանապա՞րհը:
3. Տեղ կհասնե՞ն ՀՀ նախագահի երեք ուղերձները՝ մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից:
Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները: Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանում է ղարաբաղցիներին, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը: Բայց նախ և առաջ՝ Հայաստանն ինքը իր ուղերձները կպաշտպանի՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Նկատեցի՞ք, որ մի քանի օրում աշխարհն իսկապես խառնվեց իրար, թեկուզ հրապարակային հայտարարությունների մակարդակում: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ բանակցություններ եղան աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ու ինչ որոշումներ ընդունվեցին. ժամանակի մեջ ամեն ինչ պարզ կդառնա: Բայց արդեն իսկ ակնհայտ է մեկ և անժխտելի արդյունք՝ տարածաշրջանի ոչ մի պետություն չշահեց, իսկ ամենից շատ տուժեց Իրանը: Իրանի գազը Եվրոպա հասցնելու ծրագրերը անորոշ ժամանակով կասեցվելու են, որովհետև գազատար չեն կառուցում ու գազ չեն մատակարարում մի տարածքով, որտեղ կրակում են՝ ով ում կարևոր չէ՝ խոշոր հաշվով, կարևորը գազատարի անվտանգության բացակայությունն է: ՈՒ նորից բերեց «Գազպրոմի» բախտը՝ Իրանի պես մրցակցից Եվրոպայում ազատվելը, թեկուզ կարճ ժամանակով, Ռուսաստանի համար, որ ապրում է էներգակիրների վաճառքով, կարևորագույն խնդիր է: Ալիևն էլ պատերազմի թոհուբոհի մեջ պանամական օֆշորային սկանդալից կարծես ազատվեց՝ շահերի ինչ եզակի համադրում: Իսկ Թուրքիան կընդունի՞, որ ինքը ևս պարտվեց, թե՞ մնալու է կրտսեր եղբոր կողքին, որ նրա պարտությունը հաղթանակի վերածի: Ամեն ինչ նոր միայն սկսվում է: