ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Հյուսիսային Սիրիայի Դաշնության» թիկունքում թաքնված են նաև այլ փաստեր ու երևույթներ

«Հյուսիսային Սիրիայի Դաշնության» թիկունքում թաքնված են նաև այլ փաստեր ու երևույթներ
08.04.2016 | 00:45

(սկիզբը՝ այստեղ)

Այսպիսով, նկատելի է PYD ղեկավարության խորքային մտադրությունների և անկախության հանրաքվե անցկացնելու իրաքյան քրդերի ցանկության համահունչ լինելը։ Եվ դա դեռ ամենը չէ։ Նշված իրադարձություններն ու նախադրյալները համադրելով այն բանի հետ, ինչ տեղի է ունենում Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, շատերն աշխարհում արդեն տագնապով հիշում են, որ քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանային մասշտաբի պատերազմ են։ Մեկ անգամ ևս հիշեցնենք. պարզելու համար, թե ինչը և ինչպես է կապված «թուրքական» քրդերի հետ, անդրադառնանք Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գլխավոր դաշտային հրամանատարներից ու քաղգործիչներից մեկի՝ Մուրատ Կարայըլանի 2016-ի փետրվարի կեսերի հարցազրույցին։ Այդ գործիչն ազդարարել է՝ 1) Սիրիայի վերաբերյալ. «Հյուսիսային Սիրիայի քրդական շրջանների համակարգի» ինքնակառավարման մասին արել է հայտարարություն և Դամասկոսին ու մնացած աշխարհին առաջարկել է անվերապահորեն ճանաչել այդ «համակարգը», այսինքն, սիրիացի քրդերի PYD կուսակցության ղեկավարության հռչակած «Հյուսիսային Սիրիայի Դաշնությունը», 2) Թուրքիայի վերաբերյալ. «պատերազմական գործողությունները քաղաքներ տեղափոխելու» հնարավորություն, այսինքն, պատերազմի խորացում ու սաստկացում։ Մեկ անգամ ևս հարկ է կրկնել. պետք չէ վերջերս Ստամբուլում ու Անկարայում կատարված «տարօրինակ» ահաբեկչական ակտերը համարել ապացույց այն բանի, թե կատարվում է Կարայըլանի ծրագիրը. այդ ահաբեկչությունները շատ «մութ կողմեր» ունեն, որովհետև քրդերին ձեռնտու չէ հատկապես հիմա, երբ ալ-Մուսլիմը «դաշնություն» է հռչակում, իրաքցի քրդերը հանրաքվե են պատրաստում, իսկ Թուրքիայի քրդերը համարյա ամեն շաբաթ Արևմուտքի տարբեր քաղաքներում բողոքի հանրահավաքներ են անում ընդդեմ քրդերի ցեղասպանության, «քաղաքներ գնալ» հենց ահաբեկչական ակտերի կատարման միջոցով։ Եվ հասկանալի է, որ թուրքական իշխանությունների կողմից Շիրնակ քաղաքավանում «նոր» պարետային ժամի հայտարարումը ոչ միայն քրդերի դեմ ուղղված պատժիչ գործողությունների հերթական ալիք է, այլև փետրվարին Կարայըլանի հռչակած և մարտին ի կատարումն ընդունված ծրագրին դիմակայելու թույլ փորձի նման մի բան։ Ինչն է հետաքրքիր. արդեն մարտի 18-ին, համաձայն «BasNews» գործակալության ստացած տեղեկության, PKK-ի հետ կապված ինչ-որ «Քրդստանի ազատության շարժման ընկերակցություն» խորհրդաժողով է անցկացրել Գարմիան (Իրաքի Քիրկուկի նահանգ) շրջկենտրոնում գտնվող Կալար քաղաքում։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դա PKK-ի ձեռնարկած առաջին քայլն է Քրդստանի տարածաշրջանային կառավարության (KRG) և Իրաքի դաշնային կառավարության համատեղ իրավասության տարածքում իր ենթակայության «Գարմիանի ինքնավար կանտոնի» ստեղծման համար։ Ի՞նչ պակաս նախատիպ է, այսպես ասած, «բոլոր Քրդստանները» ապագայում մի «գերտարածաշրջանի» մեջ «հանրագումարելու» համար։
Վերջապես, այս համատեքստում «նշմարվում» են նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունների հակաիրանական քուրդ գործակալները։ Ոմն Մուստաֆա Հիջրի, ով իրեն ներկայացնում է իբրև Իրանական Քրդստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, մարտի 19-ին քրդական «Rudaw» գործակալության միջոցով տարածել է մի հայտարարություն այն մասին, թե ինքը «հրամայում է» իր կուսակցության մոտ 2 հազար «փեշմերգաներ» տեղակայել Իրանի քաղաքներում։ Իբր, այդ կուսակցությունն «ուզում է շարունակել խաղաղ քաղաքական պայքարը և մտերմանալ Իրանի քրդական շրջաններում ապրող իր կողմնակիցների հետ», թեև ի՞նչ իմաստ ունի «խաղաղ քաղաքական պայքարում» գործի դնել «փեշմերգաների». երևի դա ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների ցանկացած խամաճիկի սիրած առեղծվածային ոճն է, լինի դա Սիրիայում, Իրաքում, թե այլուր: Հետո Հիջրին մի փոքր «ուղղում է իրեն». «Մենք լեռնային պայքարը կհամատեղենք քաղաքային պայքարի հետ», մեկնաբանելով «փեշմերգան» Իրաքյան Քրդստանից, այսպես կոչված, «Իրանական Քրդստանի» քաղաքային շրջաններում մասնակի վերատեղակայումը։ Կուսակցությունը հայտարարում է, որ մինչև հիմա բավականաչափ ազդեցություն ունի Իրանի քրդերի վրա և ընդունակ է ճնշում գործադրելու կառավարության վրա։ Տեղեկանքի համար. թեև «Իրանական Քրդստանի» քրդերը մեծ-մեծ բրդում են, թե իրենք «նշանակալի ռազմական ուժ են, որի հետ Իրանը ստիպված է հաշվի նստել», իրականում նրա ջոկատները բազմաթիվ երկրներ ճանաչել են որպես ահաբեկչական։
Իրանը բազմիցս ոչնչացրել է այդ «կուսակցության» ավազակային խմբերը, հարկադրելով ծվարել Հյուսիսային Իրանի դժվարամատչելի լեռնային ծերպերում։ Ինքը կուսակցությունը 2006-ին տրոհվեց երկու մասի։ Թեհրանը երկուսին էլ ճանաչեց ապօրինի և անգթորեն հաշվեհարդար տեսավ դրանց անդամների հետ՝ որպես պետական հանցագործների։ Բայց ուշադրության առնենք սնահոգի Հիջրիի «հայտը». դա խիստ հիշեցնում է այն, ինչ Բաշար Ասադի մասին դեռ վերջերս ասում էին «սիրիական չափավոր ընդդիմադիրներից» ամենաանհաշտները. «Եթե աշխարհն ուզում է տեսնել խաղաղ Մերձավոր Արևելք, զերծ արտագաղթից ու ազատ մարդկանցով բնակեցված, ապա Իրանում իսլամական պետություն չպետք է լինի։ Դա այդ տարածաշրջանում խաղաղ գոյակցության երաշխիք կլինի»։ Վառ ապացույց այն բանի, որ «իրանական ժողովրդավարական քրդերի» և «չափավոր սիրիական ընդդիմության» պատվիրատուի ու հովանավորի հասցեն նույնն է։ Բայց միաժամանակ դա նաև ապացույց է, որ բանը միայն Սիրիան ու «իր» քրդերը, կամ Իրաքն ու «իր» քրդերը չեն։ ՈՒզում ենք նշել նաև՝ Հիջրին «ուշացել է», և բացահայտորեն, Իրանի իշխանություններն իրենց «ընդդիմախոսներին» հասկանալ են տվել, որ իրենք տեղյակ են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դավերին։ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, մարտի 10-ին ելույթ ունենալով փորձագետների խորհրդի նոր կազմի առջև, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագրում է հասնել Իրանի պետական կառուցվածքի փոփոխման, սակայն նրան չի հաջողվի հեղաշրջում կազմակերպել։ «Մենք,- հայտարարեց երկրի բարձրագույն հոգևոր առաջնորդը,- չենք կարող մոռանալ, թե Արևմուտքն ինչ է արել մեզ հետ, և միշտ պետք է հիշենք, թե ում հետ գործ ունենք»։ Համաշխարհային հանրությունը միայն Արևմուտքը չէ՝ ամփոփեց Խամենեին, իր երկրի թշնամիներին նախազգուշացնելով, որ նրանք դեռ հերթ են կանգնելու Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Այս իրավիճակում, իրոք, շատ արժեքավոր են դառնում հենց Իրանի կապերն ու ծրագրերը, քանի որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Իրաքի կամ, ասենք, Սիրիայի մասնատման ցանկացած պլան, եթե դա բխելու լինի ԱՄՆ-ից, Իսրայելից ու նրանց դաշնակիցներից, կձախողվի հենց Իրանի ու նրա դաշնակիցների ձեռքով։ Այնպես որ, այն «շղթան», որն սկիզբ է առել Կարայըլանի հարցազրույցից, շարունակվել «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» հռչակմամբ և ավարտվել, առայժմ, Իրանի հանդեպ թշնամական երկրների հատուկ ծառայությունների հաստիքային գործակալ Հիջրիի հայտարարություններով, չի կարող ունենալ ո՛չ անարգել զարգացում, ո՛չ լիարժեք իրականացում։ Բայց, երևի, տարածաշրջանի քրդերի դեմ ուղղված ցեղասպանական գործողությունները չեն դադարի։ Իսկ ցեղասպանական են ոչ միայն Թուրքիայի պատժիչ գործողությունները, այլև քրդերին կտրուկ քայլերի դրդելու ջանքերը։ Կարծում եմ, որ քրդերը, ինչպես և մենք՝ հայերս, խիստ մանրազնին պետք է վերլուծենք նաև այաթոլլահ Խամենեիի մարտի 23-ին իրանական պետական հեռուստատեսության եթերում հնչեցրած խոսքերը. «Առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պոստի բոլոր թեկնածուները մրցում են, թե ով ավելի թունդ կանվանարկի մեր երկիրը, իսկ հակաիրանական խիստ արտահայտությունները թշնամության բացահայտ նշաններ են։ Նրանք բոլորն Իրանի թշնամիներն են»։ Նա խոսեց նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների կեղծ հանման մասին. «Քանի որ արևմտյան բոլոր երկրները գտնվում են Վաշինգտոնի ազդեցության ներքո, երկրի տնտեսությունը և առաջին հերթին բանկային ոլորտը շարունակում են դժվարություններ ունենալ։ Մեր բանկային գործառնությունները դժվարացված են, նույնիսկ մեր միջոցները հեշտ չէ վերադարձնել։ Ակնհայտ է, որ այդ ամենի թիկունքում կանգնած են ամերիկացիները, որոնք պատժամիջոցները վերացրել են միայն թղթի վրա»։ Իսկ թե ինչպես է Իրանն արձագանքում թշնամիների պլաններին ու ծրագրերին, աշխարհը կարող էր տեսնել թե՛ Սիրիայի, թե՛ համաշխարհային քաղաքականության այլ խոշոր հարցերի օրինակով։
Հիմա, երբ քրդերի հռչակած «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» շուրջ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, Հայաստանի իշխանությունների համար ճիշտ ժամանակն է, որ 1) Իրանի ու Ռուսաստանի հետ համաձայնության գան Քրդական հարցի շուրջ, 2) լուծեն (իհարկե, նախ Թեհրանում և Մոսկվայում) Սիրիայի հայաբնակ շրջաններ հայ խաղաղարարներ մտցնելու հարցը։ Ժամանակն ու պատմությունը մեզ չեն ների, եթե Հայաստանի իշխանություններն ու մյուս քաղաքական ուժերը ձեռքից բաց թողեն տարածաշրջանային զարգացումներում կարևոր գործոնի կարգավիճակը վերադարձնելու աննախադեպ հնարավորությունը։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ