Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Սովորական պատերազմ

Սովորական  պատերազմ
05.04.2016 | 01:26

Հիշեցնեմ Stratfor-ի 2016-ի կանխատեսումը. «Ադրբեջանը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով վեճը կսրի՝ փորձելով բնակչության ուշադրությունը շեղել ներքին տնտեսական դժվարություններից: Լուրջ մարտական գործողություններ հազիվ թե սկսվեն: Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն երկու երկրների բանակցությունների ընթացքի վրա ներգործել՝ իրենց դաշնակիցների միջոցով»: Stratfor-ի վերլուծաբանները սխալվեցին՝ լուրջ մարտական գործողություններ սկսվեցին, պարզապես Stratfor-ը ներկայացնում էր իրավիճակի զարգացման ամերիկյան գնահատականը և ցանկությունը: Բայց պատերազմը սկսվեց՝ չհայտարարված: Ճի՞շտ է այսօր «պատերազմ» որակել կատարվողը: Քաղաքական առումով՝ ոչ, դիվանագիտական առումով՝ ոչ, ռազմական առումով՝ այո: Ապրիլի 2-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ընդունեց, որ Բաքուն ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ. «Քանի դեռ օկուպացիոն զորքերը Ադրբեջանի հողերի վրա են, այդ պատերազմը շարունակվելու է: Ոչ ոք դա չի թաքցնում»: Ինչո՞ւ հենց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անակնկա՞լ էր ադրբեջանցիների հարձակումը: Եվ այո, և ոչ: Պատերազմ սկսելու հանդգնություն ունենալով՝ Բաքուն չի համարձակվում խոստովանել, որ ինքն է սկսել հարձակումը: Ինչպես միշտ՝ հայտարարում է, որ պատասխանել է հայկական կողմի հարձակմանը: Հիմնավորումն էլ ցնցող է՝ ինչպե՞ս կարող էր մի երկիր ռազմական գործողություններ սկսել, երբ գերագույն գլխավոր հրամանատարը երկրում չէր: Փաստորեն՝ պատճառը Բակո Սահակյանի Ստեփանակերտում լինե՞լն է: Բաքուն այդկերպ ճանաչո՞ւմ է ԼՂՀ անկախությունը: Նույն օրերին Վաշինգտոնում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա անմիջապես վերադարձավ Երևան և հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հանձնարարական տրվեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ճանաչե՞լ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ամեն ինչ կախված է պայմանագրի տեքստից, թեպետ տրամաբանորեն՝ պայմանագիրը կնքում են ճանաչված պետությունները: ՀՀ նախագահը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»:
Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին առաջինն արձագանքեց Ռուսաստանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստություն հայտնեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների վերսկսումից և հակամարտող կողմերին կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու երկրների արտգործնախարարներին կոչ արեց «քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ»։ Եվ առաջին, և հետագա բոլոր հայտարարությունները մնացին հույժ դիվանագիտական, իրականությանը ոչ համարժեք ու ավանդական շրջանակներում՝ վերստին կոչեր էին ուղղվում կողմերին: Հակառակ իրականությանը, երբ մեկը հարձակվում էր, իսկ մյուսը չէր կարող չպաշտպանվել:


Ի՞նչ հետևություններ կարող ենք անել արդեն հիմա.
1. Բաքուն հանգամանալից ու մանրամասն ծրագրել էր հարձակումը՝ նպատակ ունենալով արագ արդյունքի հասնել: Իլհամ Ալիևի բլիցկրիգը տապալվեց արդեն հաջորդ օրը, բայց կուտակած զենքերը պետք է սպառել:
2. Ստատուս քվոն այլևս գոյություն չունի: Բաքուն գործողության մեջ դրեց հարցի լուծման ռազմական տարբերակը:

Մեծ հարցականի տակ է հայտնվում Մինսկի խմբի հետագա գործունեությունը, թեպետ այսօր նրանք պատրաստվում են Վիեննայում հանդիպել և քննարկել իրավիճակը և արդեն հայտարարել են իրենց խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ: «Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ափսոսանք հայտնում մարդկային կյանքի անտեղի կորուստների համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- հայտարարել է Մինսկի խումբը և կոչ արել կողմերին դադարեցնել կրակը, տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Նրանք վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ, բանակցային հանգուցալուծմանը այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ:
3. Բաքուն ուներ նախահարձակ լինելու և իրավիճակ փոխելու երաշխիքներ, որոնք ինչ-որ պատճառով չգործեցին:
4. Միջազգային արձագանքները, որ կարկտի պես հետևեցին միմյանց, պահպանում էին նույն պարիտետային ոգին՝ կոչ էին անում կողմերին դադարեցնել կրակը, իսկ դա, բացի ամեն ինչից, նշանակում է, որ ՄԱԿ-ից սկսած մինչև հայտարարություններ անող առանձին երկրներ պատրաստ չեն իրականությանը համարժեք որոշում ընդունելուն:
5. Ադրբեջանն ունի տնտեսական խնդիրներ՝ նավթի գնանկման պատճառով մանաթի արժեզրկումից հետո ներքաղաքական կայունություն ապահովելու համար փայլուն լուծում է փոքրիկ հաղթական պատերազմը, որի հույսն ուներ Իլհամ Ալիևը, բայց նա չէր կարող չհաշվարկել, որ կարող է ստանալ մեծ պարտություն, եթե թույլ տան Հայաստանին կռվել, ուրեմն գիտեր, որ նման որոշում չի կայացվի:
6. Անցած օրերին ակնհայտ դարձավ, որ ինչպես ՀՀ նախագահն ասաց՝ պիտի ապավինենք մեր ուժերին: ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները նորից տարօրինակ պահեցին իրենց՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 2-ին զանգահարեց Իլհամ Ալիևին ու անհանգստություն հայտնեց ստեղծված իրավիճակից: Ալիևը տեղեկացրեց Լուկաշենկոյին միջադեպի մասին: Իսկ Ղազախստանը հաջորդ օրը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման և մարդկային զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ, հայտարարեց, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու խստորեն պահպանել հրադադարը:
7. Եթե իսկապես ԵԱՀԿ-ն ու Մինսկի խումբը, համանախագահող երկրները, միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը, Իրանը, խորապես մտահոգ են իրավիճակով, ինչո՞ւ չեն կանխում Ադրբեջանի գործողությունները, ինչո՞ւ պատժամիջոցներ չեն սահմանվում Ադրբեջանի նկատմամբ՝ ԱՄՆ-ից ԵՄ, ինչո՞ւ հարցը չի քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ն, որի անդամներ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Ինչո՞ւ Ադրբեջանին չի պարտադրվում շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայումը, որը կվերացնի «Ո՞վ է կրակում» հարցը: Ի վերջո, շատ վաղուց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դադարել է հայ-ադրբեջանական լինելուց և ամբողջ տարածաշրջանին է վերաբերում:
8. Իլհամ Ալիևը Ադրբեջանի ԱԽ նիստում հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերն «ամենակործանիչ հարվածներն են հասցրել հայկական զորքերին՝ 1994-ից ի վեր». «Ես կարծում եմ՝ ապրիլի 2-ը լավ դաս կլինի նրանց համար»: Միջազգային մեկուսացումից դուրս գալու իր ճանապարհին Իլհամ Ալիևը հանդիպեց միայն Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որ զանգահարեց նրան, ցավակցեց զոհերի համար ու հայտարարեց, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Ինչպե՞ս պիտի Իլհամ Ալիևը դուրս գա իր ստեղծած իրավիճակից, երբ հայտարարում է, որ միակողմանի դադարեցնում է կրակը ու շարունակում է Գրադով հարվածել Մարտակերտին ու խաղաղ բնակչությանը: Սա այսբերգի երևացող կողմն է: Եթե Բաքվին ոգեշնչողը Անկարան է, ի՞նչ է ստանում Էրդողանը այս արկածախնդրության արդյունքում: Բազմաքայլ գործողությունների շա՞րք, որից հետո բացվելու է առևտրի հնարավորություն Ռուսաստանի՞ հետ: Վերադարձ Անթալիայի հայտնի ու անհայտ մնացած պայմանավորվածությա՞նը Պուտինի հետ: Սիրիայից ուշադրության շեղո՞ւմ, որ կարող է օգտագործել քրդերի դեմ նոր հարձակումների համար: Բայց առանց այս ամենի էլ լիուլի ուներ ու օգտագործում էր այդ հնարավորությունները: Ի՞նչ կատարվեց Վաշինգտոնում, որ Իլհամ Ալիևը հրամայեց կրակել: Միջուկային անվտանգության հարցերով համաժողովում չկայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ինչո՞ւ էին բոլորը համաձայն այդ որոշման հետ:
9. Ինչ-որ փոփոխություն եղել է, այլապես ՀՀ նախագահը պատերազմական իրավիճակում երկրից բացակայելու անհրաժեշտության դեպքում ուղղություն կվերցներ Մոսկվա, բայց նա գնում է Բեռլին՝ բանակցելու ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները պետք է դադարեցվեն հնարավորինս արագ՝ հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ամբողջությամբ հարգել հրադադարը»: «Այդ հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու համար»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Պարզ է, որ Բեռլինում առևտրատնտեսական կապերի խորացումը չեն քննարկելու: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները կապվում են ԵՄ-ի՞ հետ, թե՞ իրադարձությունների հետագա զարգացման սցենարն է ճշտվելու:
10. ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Ռոմանովիչը ասել է. «Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ` տրամաբանական կլիներ բանակցային հարթակ ստեղծել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Անհրաժեշտ է նաև հետաքննություն սկսել և պարզել, թե ով է մեղավոր, որ այդ անհանգիստ տարածաշրջանում մարդիկ շարունակում են տառապել և արյուն է թափվում»: Մոսկվան իր խաղաղապահներին շփման գծում տեղակայելու ռեալ հիմքեր է ստանում, եթե կարողանա կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Մինչ դիվանագետներն ու քաղաքական դեմքերն իրենց հայտարարություններն են անում, սովորական այս պատերազմում զոհվում են զինվորները, նրանց կյանքը ու մահը ապահովում են նորանոր հայտարարություններ անելու և սեփական շահերը այլոց տարածքներում առաջ մղելու նորանոր հնարավորություններ: Պատերազմում՝ ոնց պատերազմում, կռվում են զինվորները, հաղթում կամ պարտվում են հրամանատարները: Պաշտոնապես «պատերազմ» բառը չի շրջանառվում, բայց 1994-ին կնքվել էր զինադադար, ու մենք ապրում ենք ոչ պատերազմի ու ոչ խաղաղության մեջ: Գուցե այնքան երկար, որ արդեն մոռացել էինք պատերազմն ու ընտելացել խաղաղությանը և այն իրողությանը, որ սահմաններին կրակում են: Կամ էլ՝ հույս ունեինք, որ զենքը կարող է նաև չկրակել, նույնիսկ եթե կուտակվում ու կուտակվում է՝ բիզնեսի կամ ազդեցության դաշտում պահելու մտադրությամբ: ԼՂՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել կրակը դադարեցնելու պայմանները: Բաքուն փորձում է նոր ստատուս քվո հաստատել՝ իր պայմաններով: Սովորական պատերազմը շարունակվում է, բայց այս անգամ չի կարող «սովորական» ավարտ ունենալ:

Դիտվել է՝ 1858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ