Հայաստանը կրկին քնում-արթնանում է Ղարաբաղով: Լուրը մեկեն մաքրեց հայոց վրա նստած բոլոր կարգի բացասական, իրար չընդունելու-ատելու թուխպերը, վեր հանեց հայոց իրական ոգին:
Անցնելով առաջ՝ փորձենք հասկանալ` ինչո՞ւ հիմա, ովքե՞ր են իրական մոդերատորները, ով որքան լոտ ունի այս փաթեթում:
Նախ` արձանագրենք. քանի դեռ կողմերի միջև հրաձգությունը շարունակվում է, արձանագրումները վերջնական լինել չեն կարող, քանզի խաղացողները անչափ շատ են, շահերը` է՛լ ավելի: Բոլոր դեպքերում` ո՞վ ինչ մաքսիմալ ու մինիմալ նպատակներ է հետապնդում այս պահին:
Հայաստան-Ղարաբաղ: Ելնելով Ազգային անվտանգության խորհրդում Սերժ Սարգսյանի հանձնարարականից` պատրաստել Ղարաբաղի հետ փոխօգնության պայմանագիր և այն վավերացնել հայաստանյան ԱԺ-ում, կարող ենք հեռուն գնացող եզրահանգում անել այն պարզ պատճառով, որ «դեֆակտոն», փաստորեն, վերաձևվում է «դեյուրեի»: Կարող ենք ավելի հեռուն գնալ, և սա դիտել որպես Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարթակ, կամ, եթե Հայաստանը ներգրավվի Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության մեջ, լինելով նաև ՀԱՊԿ անդամ, կարող է… Հասկացաք:
Սակայն այդքան հեռու գնալ իմաստ չունի, քանզի Սերժ Սարգսյանը պարզապես մարտավարական քայլ կատարեց, որը հետագայում Հայաստանը «կտնօրինի» ըստ իրադրության, առայժմ փոխօգնության ռազմական փաստաթուղթը թույլ կտա միջազգային նորմերին համապատասխան իրականացնել ռազմական գործողություններ, ինչն էլ իր հերթին պետք է իրավականության տանի յոլդաշ Թուրքիային` յուր Իսլամական պետությունով:
Հայաստանի մինիմում ծրագրերի մեջ է մտնում ստատուս քվոյի վերականգնումը (որը մասամբ խառնակեց Ադրբեջանը), ինչն անցնող օրերի ընթացքում իրականության է վերածվում:
Ադրբեջան. սա վաբանկ գնաց, փորձեց ԱՄՆ-ում տեղի ունեցող միջուկային կոնֆերանսի ֆոնին ասել, թե ինքը ոչ մի հետաքննող սարք, ոչ մի դիտորդ թույլ չի տա հակամարտության գոտում տեղակայել, ինքը նավթից այնքան զենք է քամել, որ մեկ-երկու ժամում կարող է բլիցկրիգ իրականացնել և ունենալ այն, ինչ չէր ունեցել «մանկության օրերին» յուր հայրիկը` կոմունիստ:
Հայկական կողմն ասաց` «իշտահիդ քացախ». մենք քեզ և քեզ այսպիսի արկածախնդրության դրդածների համար ո՛չ Աբխազիա ենք, ո՛չ էլ Օսիա: ՈՒ քյորփա-Ալիևը հերթական անգամ կերավ իր մռթին: Հիմա խրվել է ու ոչ կարողանում է առաջ գնալ, ոչ հետ: Մերոնք էլ, մինչև իրենց մաքսիմում-մինումում պլանները չիրականացնեն, հետ չեն քաշվելու:
Ռուսաստան. ասում են` հենց Ռուսաստանի դրդմամբ գնաց արկածախնդիր Ալիևը նման չկայացած «բլիցկրիգի»: Կարծիքը կարող է և տեղին լինել, քանզի ամերիկյան կողմը հաստատապես որոշել է հետախուզական սարքերի մասով քայլ անել, իսկ դա նշանակում է, որ մոդերացիան իրականացնելու է ամերիկյան կողմը` առանձին վերցրած Ղարաբաղում, իսկ Ղարաբաղն այն հանգույցն է, որ կարող է տարածաշրջանում մոդերացիա իրականացնելու հնարավորություն տալ։
Թույլ կտա՞ր դա Իրանը` նաև: Երբե՛ք: ՈՒստի շատ դժվար է հասկանալ, թե հետագա լարվածության դեպքում ինչպես կպահի իրեն նույն Իրանը, որը գրեթե մշտապես եղել է Հայաստանի կողքին:
Ո՞վ մնաց: Վրաստանը, որը սիրում է ադրբեջանական նավթ և ռազմավարություն: Վրաստանը լավ է հասկանում, թե ինչ ասել է բլիցկրիգ, զի իր մաշկի վրա է զգացել այն, և եթե Ադրբեջանով Ռուսաստանը բլիցկրիգը հորով-մորով աներ, տարածաշրջանում հաջորդ «կրիգը»` կկատարվեր հենց Վրաստանի «գլխին», ուստի կարծում ենք` Վրաստանն այս պահին անչափ զգուշավոր է ու շրջահայաց:
Մեծ «մարտը» շարունակվում է, հայկական կողմը, բացի իր ներուժից ու Աստծուց, այլոց վրա, կարծում ենք, հույս չպետք է դնի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ