Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները դեռ տարիուկես կա և մենք չգիտենք՝ ովքե՞ր կլինեն հիմնական կուսակցությունների թեկնածուները, առավելևս՝ ո՞վ կդառնա Սպիտակ տան 45-րդ տերը: Ժամանակն է գնահատել 320 միլիոն քաղաքացիների տրամադրությունները և այդ տրամադրությունների նշանակությունը այն կնոջ կամ տղամարդու համար, ով կհաղթի քաղաքական անվերջանալի մարաթոնում:
Գերիշխող տրամադրոթյունն այսօր ԱՄՆ-ում խիստ նյարդայնությունն է, որ վերածվում է բացահայտ զայրույթի: The Washington Post-ը վերջերս չորս հոդված հրապարակեց, որտեղ նկարագրվում էր ժողովրդական դժգոհությունը Ուոլլ սթրիթից, մուսուլմաններից, առևտրական համաձայնագրերից, Վաշինգտոնից, ոստիկանական հրաձգություններից, նախագահ Բարաք Օբամայից, հանրապետականներից, էմիգրանտներից և ամեն ինչից: Վատագույն բնորոշումներից մեկը, որ այսօր կարելի է մարդուն տալ, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն է: Այդ տրամադրություններից օգուտ են ստանում թեկնածուները, որ իստեբլիշմենտի դեմ են: Նրանք աջակցում են ազատ առևտրի և էմիգրացիոն բարենորոգումի դեմ որոշումներին, կոչ են անում արմատապես վերանայել գործող հարկային քաղաքականությունը և բյուջեի ծախսերի համակարգը: Մանրամասների մեջ նրանց առաջարկները կարող են խիստ տարբերվել, սակայն նրանց պլատֆորմները միավորում է ներկա ստատուս քվոյից արմատական խզումի խոստումը: Այս տրամադրությունների պատճառները դժվար է ակնհայտ համարել: Երկիրը ավելի լավ տնտեսական վիճակում է, քան մի քանի տարի առաջ՝ 2007-2008-ի տնտեսական ճգնաժամից հետո: Ադ ժամանակից ստեղծվել են ինը միլիոն նոր աշխատատեղեր, տոկոսադրույքները ցածր են (որ բնակարանի և ավտոմեքենայի վարկերն ավելի մատչելի է դարձնում), բենզինի գնի անկումը համարժեք էր միջին ամերիկյան ընտանիքի հարկային բեռի կրճատմանը՝ $700: Ավելին՝ ֆոնդային շուկաները 200% ավելացել են յոթ տարվա մակարդակի համեմատությամբ, միլիոնավոր մարդիկ, որ չունեին բժշկական ապահովագրություն, արդեն ստացել են: Այնուհանդերձ, բոլոր այդ տնտեսական լավ նորությունները հաճախ են չեզոքանում տնային տնտեսությունների եկամուտների թուլությամբ, որ իրական արտահայտությամբ (ինֆլյացիան հաշվի առնելով) արդեն 15 տարի ստագնացիայի մեջ է: Լրիվ զբաղված ամերիկացիների թիվը դեռ չի հասել յոթնամյա վաղեմության մակարդակին: Շատերը վախենում են աշխատանքը կորցնել արտասահմանցիների մրցակցության, նոր տեխնոլոգիաների կամ այլ պատճառներով: Ամերիկացիների նշանակալից մասը հիմա ավել երկար է ապրում, սակայն նրանք դժգոհ են, որ չեն կարողանում բավականաչափ միջոցներ խնայել, որպեսզի ապահովեն իրենց կենսաթոշակը՝ ծերության օրերը հարմարավետ ապրելու համար: Ոմանք ստիպված են բժշկական ապահովագրության հարկեր վճարել, որ առաջ չէին անում: Անհավասարության պրոբլեմը կա, որ ռեալ կատաղություն է հարուցում: Բայց պրոբլեմը ոչ անքան անհավասարությունն է (ցուցանիշները վատացել են, բայց բացարձակապես նոր չեն), որքան հնարավորությունների կրճատումը: «Ամերիկյան երազանքը» տեղը զիջում է դասակարգային գիտակցությանը: Երկրի համար, որ հիմնված է՝ յուրաքանչյուրը կարող է իր կյանքը լավը դարձնել համառ աշխատանքով՝ գաղափարի վրա, դա չափազանց խոր փոփոխություն է: Սակայն նյարդայնության և զայրույթի պատճառները ոչ միան տնտեսական են, չկա ֆիզիկական անվտանգության զգացողություն՝ և հանցագործութունների, և ահաբեկչության վախից: Շատերին է մտահոգում՝ ու՞ր է գնում մշակույթն ու հասարակությունը: Զանգվածային լրատվամիջոցները, որպես կանոն, միայն վատացնում են վիճակը: Մենք հայտնվել ենք «նեղ հաղորդակցության» փուլում՝ ի տարբերություն առաջվա «լայն հաղորդակցության»: Մարդիկ ավել հաճախ նախընտրում են այն մալուխային ալիքները կամ վեբ կայքերը, որ ամրապնդում են իրենց հայացքներն ու գաղափարները: Հուսադրողը քիչ է: Ժողովրդի այդօրինակ տրամադրությունները չեն սահմանափակվելու ընտրությունների շրջանով և ռեալ պրոբլեմներ են ստեղծելու նոր նախագայի ու Կոնգրեսի առաջ: Տրոհումը Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններում, և նրանց միջև, բոլորովին անհնար է դարձնելու փոխզիջումը և կոալիցիաների ձևավորումը, որ բացարձակապես անհրաժեշտ է երկրի կառավարման համար: Կենսաթոշակների և բժշկական ծառայությունների մատչելության մտահոգությունները լրջորեն դժվարացնում են դրանց մատուցման բարեփոխումները, թեպետ այդ ծրագրերը պետական պարտքը ռեկորդային մակարդակի են բարձրացնում: Ազատ առևտրի սկզբունքները մեղադրվում են աշխատատեղերի կրճատման մեջ, այդ պատճառով կորցնում են աջակցությունը, թեպետ այդ սկզբունքները միաժամանակ օգնում են նոր աշխատատեղեր ստեղծել և ընդլայնել սպառման ընտրությունը՝ ամրապնդելով աշխարհում ԱՄՆ-ի ռազմավարական դիրքերը: Ներգաղթը, որ երկրի ժառանգության կարևոր մասն է և արժեքավոր տաղանդների աղբյուր, այնքան վեճերի տեղիք է տալիս, որ մշուշոտ են այդ ոլորտում բարենորոգման հեռանկարները: Տրամադրությունները ԱՄՆ-ում կարող են նպաստել իշխանությունների ուշադրության կենտրոնացմանը ներքին խնդիրների վրա: Իրաքյան ու աֆղանստանյան ներխուժումներից հետո արդեն հիասթափված ատասահմանյան գործերում մասնակցությունից, որ շատ ավելի թանկ դուրս եկան, շատ ամերիկացիներ հոռետեսորեն են տրամադրված արտասահմանում ԱՄՆ-ի հնարավոր հաջողությունների նկատմամբ: Նրանք դժգոհ են դաշնակիցներից, որ, ինչպես իրենք են կարծում, չեն կատարում ընդհանուր աշխատանքի իրենց մասը: Վերջապես նրանք առավել շատ են համոզվում, որ կառավարությունը պիտի ավելի քիչ զբաղվի աշխարհի գործերով և կարկատանելով այն, ինչ ԱՄՆ-ից դուրս է: Այլ երկրներում, անկասկած, կգտնվեն մարդիկ, որ այս ամենը կկարդան խոր բավարարվածության զգացումով: Սակայն ամբողջության մեջ՝ սրանք մնացած աշխարհի համար վատ նորություններ են: Ներքին վեճերով զբաղվելով՝ ԱՄՆ-ը ավելի քիչ կցանկանա ու կկարողանա առաջատար լինել կայունացման գործընթացներում Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ Ասիայում, ավելի քիչ կարձագանքի գլոբալ մարտահրավերներին: Առանց ամերիկյան առաջատարության այդ մարտահրավերները թերևս կմնան անպատասխան՝ վերածվելով պրոբլեմների կամ, որ շատ ավելի վատ է, ճգնաժամերի:
Ռիչարդ Հաս, Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ
Project Syndicate, ԱՄՆ
Հ.Գ. Ու՞մ մտքով կանցներ, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը նույն խնդիրներն ունեն և մի փոքրիկ տարբերություն՝ նրանք կարող են միայնակ իրենց խնդիրները լուծել, Հայաստանը՝ ոչ: Կզբաղվի՞ ԱՄՆ-ը միայն իր ներքին խնդիրներով ու անուշադրության կմատնի՞ արտաքին աշխարհն ու արտաքին մարտահրավերները, թե՞ հիսուն-հիսուն՝ և մեկը, և մյուսը կանի, բոլորովին խնդիր չէ: ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվի աշխարհի թիվ մեկ գերտերության տիտղոսից և իր քաղաքական, տնտեսական, ռազմական գերակայությունը պահպանելուց: Ներքին ու արտաքին խնդիրները այս դեպքում սերտ շաղկապված են: Բայց խզումը իշխանության ու ժողովրդի միջև այնտեղ էլ կարող է խորանալ՝ հակառակ տնտեսական աճի ու բարեկեցության: Մարդկանց միշտ պետք է սեփական անհրաժեշտության գիտակցությունը, գնահատված ու ընկալված լինելու զգացողությունը: Մարդկանց ու պետություններին: Ու հենց այս ասպարեզում են առաջանում հիմնական մարտահրավերները, որոնց մի մասն էլ կենտրոնացած է մեր տարածաշրջանում ու կոնկրետ Հայաստանում: Իվերջո, քաղաքական մարաթոնը ընտրություններով ոչ սկսվում է, ոչ ավարտվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ