Արևուտքը պետք է ընդունի դառը ճշմարտությունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գահը չի ճոճվում՝ գրում է Tagesanzeiger-ում Ցիտա Աֆենտրանգերը: Նույնիսկ եթե Պուտինը հեռանա, ռուսական պրոբլեմները չեն լուծվի, քանի դեռ Ռուսաստանում չկա ազատական և արևմտամետ ընդդիմություն և ռուսներն իրենք չեն հավատում Արևմուտքին: Արևմուտքը պիտի ընդունի, որ Ռուսաստանում երբեք չի լինի Խոդորկովսկի կամ Կասպարով ազգանունով նախագահ, թեպետ Խոդորկովսկին ջանում է տպավորություն ստեղծել՝ իբր Պուտինն է նախագահության ճանապարհին իր վերջին խոչընդոտը: ԵՄ-ն պատժամիջոցային քաղաքականությունը կառուցեց այն հաշվարկի վրա, որ պատժամիջոցները ցավոտ հարվածներ են տալու ռուսներին և նրանք ապստամբելու են իրենց ղեկավարության դեմ, իսկ Պուտինի վարկանիշն ընկնելու է: Արևմուտքը հավատում է, որ պարտավոր է ռուս ժողովրդին ազատելու բռնակալից, բայց ռուսներն ընդհանրապես չեն ուզում, որ իրենց ազատագրեն: Իհարկե, հեռուստատեսությունն ազդում է մարդկանց վրա, հասարակական կարծիքի հարցման շատ, եթե ոչ բոլոր, կառույցները գործում են Կրեմլի վերահսկողության տակ: Բայց ոչ թե Պուտինն է իր համար ժողովուրդ դաստիարակել, այլ ժողովուրդն է Պուտինին իրեն ղեկավար ընտրել: Նա դադարեցրեց Ռուսաստանի անկումը ելցինյան անփույթ բարեփոխումներից հետո, և ռուսները շնորհակալ են Պուտինին: Իսկ Պուտինի խոսքերը, որ ԽՍՀՄ-ի փլուզումը XX դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետն էր, ռուսաստանցիների սրտից էին բխում: Արևմուտքի պատրանքն էր, որ հին, խորհրդային սերունդը կհեռանա, նոր սերունդը փոփոխություններ կբերի և կփոխվի երկիրը: Պուտինի ամենամեծ գլուխգործոցը Ղրիմի անեքսիան էր, որ ավելի մեծ հանրաճանաչություն ունի, քան՝ Պուտինը: Ղրիմը, ՈՒկրաինայի արևելքում հաջորդած պատերազմը, ռմբակոծությունները Սիրիայում ռուսների աչքում Ռուսաստանը դարձրին այն, ինչ նրանք վաղուց երազում էին: «Զգացողությունը, որ դու մեծ տերության մասն ես, փոխհատուցում է նվաստացման զգացողությանը, նաև՝ անկայունությունն ու սոցիալական ոլորտում անվտանգության բացակայությունը»՝ բացատրում է սոցիոլոգ Լև Գուդկովը: Այս կամ այն ավտորիտար վարչակարգի պիտանիության ժամկետը հաշվարկելը բարդ գործ է, հզորագույն ԽՍՀՄ-ի փլուզումից 15 տարի առաջ ոչ ոք չէր կարող նման ենթադրություն իսկ անել: Անկանխատեսելին կարող է կատարվել և Պուտինի հետ: Բայց հիմա արդեն իսկ պարզ է, որ Պուտինի ժառանգորդը լինելու է նրա «կրտսեր եղբարը»՝ շատ ավելի անկանխատեսելի, արմատական ու ավտորիտար:
Ցիտա ԱՖԵՆՏՐԱՆԳԵՐ, Tages anzeiger, Շվեյցարիա
Հ.Գ. Իսկ հիմա համեմատեք՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս արդարադատության նախարարին, մինչ նա կպատասխաներ, Առաքել Մովսիսյանը, որ ավելի հայտնի է իբրև Շմայս, տեղից բղավում է համբալ, Փաշինյանը հակադարձում է՝ համբալը դու ես, փոխանակվում են նաև այլ «սիրալիրություններ»: Իսկ միջանցքում Լֆիկը, որ հայտնի է իբրև Սամվել Ալեքսանյան, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում «մեր ախպերն ա»: ՈՒ բացատրում է, որ հարցեր է տալիս, որ չերևա իր «ախպերությունը»: Նիկոլ Փաշինյանը նրան պատասխանում է Ֆեյսբուքով, որ Լֆիկը վաղն էլ իրեն «մեծ ախպեր» է ընդունելու, և այլն, և այլն: Ի՞նչ կապ ունի: ՈՒղղակի: Համեմատեք, մակարդակը և մտածողության որակը: Խորհրդարանում քննարկվում է նոր Ընտրական օրենսգիրքը՝ համակողմանի, մանրամասն, որևէ մեկը պահանջո՞ւմ է, որ հաջորդ խորհրդարանում չլինեն շմայսներն ու լֆիկները և իրենց «ախպերությունը»: Ոչ: Օրենսդրական նրբությունների պարզաբանման հիմքում այն ելակետն է, որ ով խորհրդարան գա, չգա՝ Լֆիկն անտեղ է մեծամասնական ընտրակարգով, որ պաշտոնապես կոչվում է համամասնական-վարկանիշային: Պարզապես հիմա նա իր կուսակցությանը ձայներ է բերելու լեգալ ճանապարհով: Այսպիսին է հետխորհրդային տարածքի ժողովրդավարությունը՝ պատրանքային ու ձևական: Պիտանիության ժամկետը վաղուց սպառած, բայց կիրառվող: Լուծո՞ւմը: Ընդհանրական մտածողության մեջ տեղաշարժը, որ մշտապես կասեցվում է: Գաղափարի վրա չես կրակի ու չես սպանի, բայց կարող ես աղավաղել ու ոչնչացնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ