Դեպի ո՞ւր...
Դեպի ձյուների ակունքներից սնվող ջրերը։
«Վերադարձ»,
Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«ՏԱՃԱՐ» ՏԱՆՈՂ ՈՒՂԵԳՈՐԳԵՐԸ
(վառ այգաբաց է, ժամն է ֆելիետոնի)
ՀՀ թլպատող ուղեգորգերը քայլողին «տաճար» են տանում։ «Տաճար» վեհ բառը ինչո՞ւ է չակերտված, զարմացած կհարցնեն ընթերցողները։ Որովհետև ուղեգորգերը ոմանց քաշում-տանում են դեպի ահարկու առանձնասենյակ, սա է նրանց տաճարը։ «Տաճարում» ոմանք (այսինքն՝ առերևույթ ընդդիմադիրները, ծպտյալ իշխանապաշտները, փարիսեցի անկողմնակալները և այլք) հանկարծ վարակվում են խոզահարբուխով։ Եթե մինչև եվրանորոգված-եվրավարկավորված առանձնասենյակ նրանց աչքերը լապտերավառ են, ծնոտը դողէրոցքի մեջ է, նրանց ծնկները կիսածալ են, մեջքն էլ, դե, իհարկե, կիսակոր, ապա ճախրանքը դեպի հանրային գիտակցության բռնախեղդման ամբիոններ այս պատկերն ունի. առանձնասենյակից դուրս գալով խոզահարբուխային բացիլակիրները հեռանում են իմաստալից հայացքով, անծալ ծնկներով, կամային ծնոտով և, իհարկե, շտկուն մեջքով։ Նրանք առաքյալներ են, խոզահարբուխի բացիլակիր-նվիրյալները։
Սակայն ի՞նչ են նրանք առաքում, խորհուրդ խորի՞ն, թե՞ պատվիրան խափանումի։ Փորձենք հասկանալ։
ՈՒՂԵՐՁ ԿԱՇԱՌԱԽՏԻ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ
(կեսարյան հատում-պամֆլետ)
Սակայն ի՞նչ են նրանք առաքում. խորհուրդ խորի՞ն, թե՞ պատվիրան խափանումի։ Փորձենք հասկանալ։
Փորձը, հարկավ, փորձանք չէ, պարզապես մեր կյանքում փորձառու կավատներն ամենուր են, իհարկե, դրանք շատ անուշ և մեղուշ ցուցակների տակ են թաքնված։ Խնդրեմ այս ցուցանակը, վրան փորագրված՝ «Քաղաքական անկախ վերլուծաբան X»։ X-ն ահա ամբիոնում է, նախ երկու կում ջուր է ըմպում, այնուհետև սկսում է թմրանյութի հանդա՜րտ ներարկումը հանրային թմրած գիտակցություն։ X-ը համոզում է, որ 3-րդ հանրապետության գլխին կուտակված քաղաքատնտեսական աղետները նույնքան անխուսափելի են, որքան անխուսափելի էր, չզարմանաք, քրիստոնեության ընդունումը հայերիս կողմից, քանզի դա պատմության պահանջն էր։ Այսինքն, 1991-ից սկսած պետականաքանդումը ոչ միայն օրինաչափ, այլև առողջարար ընթացք է, այսինքն, եթե չփլուզվեր ողջ տնտեսությունը և գիտությունն ու մշակույթը չհայտնվեին հանրային կեցության հետնախորշերում, Հայաստանի կործանումն ապահովված էր։ Այո՜, պարզվում է, որ երեկ էլ, հաջորդ օրն էլ և այսօր էլ մեր հույս ու ապավեն, մեր միս ու արյուն, վերջապես մեր անցյալ և մեր ապագա իշխանությունները պետությունը գլխիվայր են շրջել... միամտությունից։ Կամ էլ փորձի պակասից։
Այսպես է մեր տանջահարված կյանքի ցնցող պատկերաշարը։ Պարզվում է, որ լիուլի օրինաչափ են և՛ երբեմնի արդյունաբերական հսկաների մասնատումն ու վաճառքը ջրի գնով, և՛ աղանդավորական հորդաների հեղեղումները դպրոցից մինչև կալանավայրեր, և՛ սահմանամերձ գյուղերի անսահման թշվառությունն ու բնաշխարհի հանդիսավոր հոշոտումը, և՛, և՛, և՛... Եվ, ինչ խոսք, բնական, անգամ բարոյական օրինաչափություն է, երբ 3-րդ հանրապետության 1-ին նախագահը աղետի գոտի այցելեց 1996-ին (հիշենք՝ 1996-ը նախընտրական-նախագահական տարի էր), երևելի ճառաբան Տեր-Պետրոսյանը, հավանաբար ցնցված Գյումրու հումորազուրկ տեսքից, հրովարտակեց. «2000-ին աղետի գոտի հասկացությունն այլևս չի լինի»։ Ռոբերտ Քոչարյանը պայծառատեսեց աղետի գոտու վերացումը 2003-ին։ Ի՞նչ կասեն այս մասին խոզահարբուխի բացիլակիր-քարոզիչները։ Հարկավ կպնդեն, որ պետություն կառավարելու փորձի պակասն է նրանց ստիպում երդվել և երդմնազանց լինել։ Այսօր էլ Գյումրու իշխանությունները քաղաքը ղեկավարելու քաղաքական փորձի պակասի պատճառով է, որ երկու թշվառ առյուծ և մի պոչատ աղվես չկարողացան պատշաճ ձևով կերակրել։
Խոզահարբուխի բացիլակիր-քարոզիչները տրագիֆարսային մի տեսություն են մշակել և մորմոնական աղանդի հետևորդների համառությամբ թունավորում են հանրային միտքն ու ներաշխարհը։ Տեսությունն աներեր է իր հավատամքում, հայ դատավորի 2 հազար դոլար աշխատավարձը բնավ բավարար հիմք չէ ապահովելու համար նրա մարդկային, մասնագիտական, ի վերջո, հայրենասիրական անձեռնմխելիությունը՝ կաշառակերությունից, կոռուպցիայից, պաշտոնական դիրքի չարաշահումից և այլնից։ Բացիլակիրները բարոյականության և արժանապատվության սանդղակի վերահսկողության յուրօրինակ կշեռք են ստեղծել, բայց մոռացել են սանդղակը լրացնել համապատասխան սակագներով։ Այսպես դատավորը (նաև դատախազը, քննիչն ու հետաքննիչը և մյուսները) պետք է վճռի ոմն պետականամերժ կոռուպցիոների ապրել-չապրելու հարցը։ Նա դժոխային երկընտրանքի մեջ է, բավարարվե՞լ 2 հազար դոլար աշխատավարձով, թե՞ զենքը գցել ու իր աշխատավարձի հիսնապատիկը պահանջել կոռուպցիոներից, հանուն նրա ապրելու, այսինքն, վասն վերջինիս հետագա սխրանքների։ Այսպիսով, որքա՞ն պետք է վճարել դատավորին, որ նա չկործանի սեփական հոգին և չսահանկի երկրին։ Կբավարարի՞ 20000 դոլարը։ Գուցե այո։ Բայց եթե կոռուպցիոներն ու բռնաբարողը, մանկապիղծն ու գանձագողը ոգի առնեն և արիական գթասրտությամբ դատավորին առաջարկեն, դիցուք, 200 հազար ԱՄՆ դոլար, կամ էլ նրան նվիրաբերեն, ասենք, թեկուզ, մի շեյխավայել ապրանք, դատավորն ի՞նչ անի, ինչպե՞ս դիմանա, ի՞նչ խղճով հաղթահարի փորձությունը։ ՈՒրեմն ժամանակը չէ՞ օրենքով ամրագրելու այս ամենը, առհասարակ իրավական համակարգի ազնվարյուն գերյալներին ազատել անմարդկային այս կեղեքումներից ու տվայտանքից և վերացնելով նրանց վճարվող աշխատավարձն ու մյուս բյուջետային սիրաշահումները, թողնել անկաշկանդ լողալու կաշառքի ծովում։ Կշահեն և՛ պետգանձարանը, և՛ դատավորը։ Սակայն, հարկավ, այս ամենը պետք է օրենք դառնա, պետք է հրապարակվեն կոռուպցիայի և կաշառքի հստակ սակագները և փակցվեն դատարանների դռներին։
Խոսքը, անշուշտ, չի վերաբերում բոլոր դատավորներին։
Հայոց ոսկեղենիկ լեզվի իրավապաշտպան մեծարգո տիար Վաչագան Ա. Սարգսյանը 2005-ին հանրությանը նվիրաբերեց «Հայերենը ափի մեջ» ուշագրավ աշխատությունը՝ նվիրված Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին։ Ահավասիկ մի հատված գրքի թիվ 62 զրույցից. «Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Իսկ կոռուպցիա այլանդակ բառը դուրս կգա մեր լեզվից այն ժամանակ, երբ նրա արտահայտած այլանդակ հարաբերությունները դուրս կգան մեր կյանքից։ Կոռուպցիայի հայերեն համարժեքը կարող են լինել կաշառախտ-ը, շահածախվածություն-ը, կերղի-ն, կաշառահարություն-ը, կաշառամոլություն-ը, կաշառագարություն-ը, կաշառակուրություն-ը։ Ինչքան լավ են հնչում (բայց միայն՝ հնչում)՝ կաշառագարված պաշտոնյա, կաշառահար պաշտոնյա, շահածախված պաշտոնյա, կաշառախտված պաշտոնյա, կաշառակուր պաշտոնյա, կերղված պաշտոնյա, կերղվել, կերղված։ Թե չէ՝ կոռումպացված շատ պաշտոնյաների թվում է, թե դա նույնիսկ լավ բան է, չէ՞ որ օտար բառով է հնչում ու այլ զուգորդություններ առաջացնում»։
Խոզահարբուխի բացիլակիր-տեսաբանները շարունակ համոզում են, որ հայոց պետականությունը 25 տարում չէր կառուցվի, դարեր են պետք, որ մենք խելքի գանք և դադարենք շփոթել հանրապետությունը հավաբնի, երկիրն էլ եռաֆազ հոսանքի մալուխի հետ։ Նրանց քարոզը ուշի ուշով ունկնդրելով՝ երկիրը մեծ պատասխանատվությամբ կեղեքում են մեր ներկա օրվա օրապակաս պաշտոնյաները, պրտկերես պատգամավորները, հնազանդ մտավորականները, և այսպես շարունակ։ Խոզահարբուխն ինքնալիցքավորում է և խաչագողի հնարագիտությամբ, այո՜, այո՜, ապահովում է յուր յոթ պորտի անսասան գոյությունը գողակերպային տարածքներում։ (Ի դեպ, ինչու հենց այսօր չստեղծել գողակերպային տարածքների օրհներգը, դրոշն ու զինանշանը)։ Չէ՞ որ դարձյալ բազում 25 տարիներ են պետք, որ հայերս չզգանք անկախ պետականության մեջ ապրելու վսեմաշուք բերկրանքը։ Այսպե՞ս է, հարկավ։ Առայժմ ապրում ենք պետականակերտման 1-ին քառորդ դարում և՛ մսխում ենք, և՛ պղծում ենք, և՛, վերջապես, պետականազրկվում ենք։ Այո՜, ՀՀ իշխանակառավարական ուղեգորգերը խոզահարբուխի նվիրյալներին ուղեկցում են դեպի «տաճար»։ Ի դեպ, մինչև առանձնասենյակ սրանք վարգում են վարսերը քամուն տված (անգամ եթե լերկագագաթ են ի ծնե), սրարշավում են քառատրոփ (եթե անգամ հավկուր են և թմրամոլ), բայց վարգում և սրարշավում են չորեքթաթ։
ԴԵՊԻ ԼԵՌԱՆՑ ԼԱՆՋԵՐԸ (վերջերգ)
Վաղուց երկնքում ես, պատվելի Վառլեն, սակայն վառ տողերդ հուշում են մեզ, որ փրկության ճանապարհը մեկն է։ Այսպես, եթե Մովսես մարգարեն հրեաներին 40 տարի քավության տարավ խորշակաբեր անապատներով և միայն այսպես դարձի բերեց նրանց, մենք չորս ամիս ժամանակ էլ չունենք, քանզի պետականազրկվում ենք արդեն ժամ առ ժամ։ Այսպիսով, մեզ մի բան է մնում ի կատար ածելու. խոզահարբուխով վարակված տեսաբան-քծնաբաններին հասցնել Արագածի և Խուստուփի գագաթները և 40 օր նրանց թողնել անոթի։ Հետո նրանց պետք է սնել մաքրամաքուր ձյուների ակունքներից բխող կենաց ջրերով։
Վրեժ
ԱՌԱՔԵԼՅԱՆ