ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ինչ հաշվարկ է դրված Օսկանյանի կուսակցության «տակ»

Ինչ հաշվարկ է դրված  Օսկանյանի կուսակցության «տակ»
18.03.2016 | 01:07

Դատելով այն արձագանքներից, որոնց արժանացավ Օսկանյանի աշխարհ չեկած «նորածին», դեռ անուն չունեցող կուսակցությունը, կարելի էր և կիրառել բանաստեղծի հայտնի միտքը. «Քո սկիզբը, ավա՜ղ, քո վերջը եղավ»:
Եվ այնուհանդերձ, փորձենք հասկանալ. բազմահմուտ Վարդան Օսկանյանի կուսակցության մոդերատորներն ի՞նչ հաշվարկների վրա են կառուցել իրենց նորամուտը հայոց քաղաքական անդաստաններ, երբ առավել խելամիտ կլիներ օգտվել մեկ այլ մտքից` «խելոքները սովորում են այլոց, իսկ…», հասկացաք: Զի ԲՀԿ-ի նման «գիգանտ» կառույցը, ուր երկրորդ «մայկայով» հանդես էր գալիս նույն ինքը` պարոն Օսկանյանը, իսկ առաջին «մայկան» կրում էր ոչ թե Ծառուկյանը, այլ նույն անձը, ով այսօր էլ Օսկանյանի կուսակցությունն է մոդերացնում, դատապարտվեց լուրջ ֆիասկոյի: Եվ հույս փայփայել, որ այս «նորածինը» կիջնի օրորոցից, «տնակ կվարձի, նոր կյանք կսկսի», ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, ոչ այն պատճառով, որ պարոն Օսկանյանը մեկ անգամ արդեն անցել է «քրեական քուրաներով»` «փող լվանալու» պահով, այլ որ քաղաքական տրամաբանությունը անչափ շատ է շեղվել իր ուղուց, և Օսկանյանը չէ, որ ի զորու է այն շտկելու: Մանավանդ որ գերխնդիրը ոչ թե ուղին շտկելը, այլ մոդերատորի վերջին հնարավորությունն օգտագործելն է: Այո, խոսենք բաց ու առանց կոդերի. սա Ռոբերտ Քոչարյանի վերջին շանսն է: Ամենավերջին: Եվ եթե այս անգամ էլ նա ձախողվի, նշանակում է` քաղաքական բեմը նրա համար չէ: Մեկընդմի՛շտ: Չենք բացառում, որ Քոչարյանը գիտե նաև, որ իր այս վերջին «փորձարկման» հաջողության հնարավորությունը նույնպես զրոյական է, սակայն չանել այդ քայլը նույնպես չէր կարող, որովհետև իրեն չէր ների: Համ էլ` համառության այն դոզան, որով բնությունը օժտել է նրան, այլընտրանքի զրոյականություն նույնպես ենթադրում էր:
ՈՒստի ինչի՞ վրա է հույսը, որի ավազների վրա կառուցվում է այս կուսակցությունը` նշանմամբ, որ Պանդորայի արկղում վերջինը հույսը մեռավ.
ա) Ընդդիմության, քաղաքական ուժերի համախմբման: Տեսականորեն պետք չէ բացառել այս տարբերակը: Եվս մեկ անգամ հիշեցնենք` տեսականորե՛ն: Ընդ որում, ոչ այն պատճառով, որ նման նախադեպ չի եղել հայոց մեջ և չի կարող լինել, այլ որ աշխարհաքաղաքական խաղը, որը առաջին նախապայմանն է նման «միակցումների», գոնե այս պահին նման զարգացումների կանխանշաններ հանդես չի բերում. Ռուսաստանը խելամտորեն մանևրեց Սիրիայի հարցում և հետ քաշվեց, նավթի գինը դանդաղորեն բարձրանում է, ԱՄՆ-ը գնում է ընտրությունների, Ալիևը հուժկու պաչ-պռոշտիի է Էրդողանի հետ ու անչափ ուրախ է, որ ռուս-թուրքական հակամարտությունը Սիրիայում մասնակիորեն թուլացավ, ինքն էլ կարող է Թայիբի գրկում այդպես թուլանալ… Ասել է` ստատուս քվոն տարածաշրջանում շարունակվում է և մեծ վտանգների տակ չէ:
բ) Ներքաղաքական հաշվարկ: Այն, որ Քոչարյանն ու ԼՏՊ-ն կարող են «միակցվել», հայտնի է բոլորին` դեռ 2008-ից: Սակայն ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ԼՏՊ-ն այլևս քաղաքական գործոն չեն: «Ժառանգությունը» ոչ ևս է, համ էլ «երկու ախպարի գլուխ (Րաֆֆի ու Օսկանյան- հեղ.) մի կաթսայում չի եփվի», կատակում են նույն Օսկանյանի շրջապատում:
Ո՞վ մնաց: Ոչ մեկը: Եթե չհաշվենք «մնացորդային» այլ գործընթացները: Ներքաղաքական «գետնին» վրա: Բանն այն է, որ Օսկանյանի կուսակցությունը ոչ այնքան ձեռնտու կարող է լինել երկրորդ նախագահին, որքան այս պահին բավականին թույլ դիրքավորում, տնտեսության անչափ տխուր ցուցանիշներ, բոլոր առումներով լուսանցք մղված ոչ անհայտ խաղացող, իր «կաբինետի» գրեթե բոլոր անդամների հետ խնդիրներ ունեցող, «նագանի» վրա երդվող դաշնակցության` կառավարության անդամակցմամբ ընդհանրապես անհասկանալի կարգավիճակի մեջ հայտնված, նախագահականում` Սերժ Սարգսյանի արտքաղաքական «տնտեսական ֆորումներին» չմասնակցող Հովիկ Աբրահամյանի համար, որպեսզի, ի անհրաժեշտություն, «իքս» պահին ոչ միայն գործուն աջակցություն ցուցաբերի Օսկանյանի կուսակցությանը, այլև քայքայումից ուշքի չեկող ԲՀԿ-ն զետեղի Օսկանյանի կուսակցության մատույցներում` իր «դիվիդիների» համար: Կհասնի՞ բանը դրան: Ո՛չ: Երբե՛ք: «Ինչու»-ի մասին` հաջորդ դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ