Եվրոպան իր պատմության բարդագույն շրջանն է ապրում՝ Le Monde-ում գրում է Սիլվի Կաուֆմանը: Անգելա Մերկելը հաստատակամություն է դրսևորում, բայց նրա դեմքից հոգնածությունը կաթում է: Նա վստահ էր, որ տիրապետում է Եվրոպայի պատմական տրանսֆորմացիաներին՝ ԽՍՀՄ-ի նախկին սատելիտների հաշվին, Գերմանիան տպավորիչ տնտեսական հաջողությունների է հասել, տարադրամային միությունը դիմացավ փորձություններին: Ավելին՝ նա դիմակայեց Պուտինին: Գուցե կանցլերը հոգու խորքում վստահ էր, որ երեք մանդատներից հետո 2017-ին հանգստի կգնա վարկանիշի գագաթնակետին՝ առաքելությունը կատարած:
Բայց հարյուր հազարավոր սիրիացիների ոդիսականը, որ պատերազմի դժոխքից գերադասում են Միջերկրականում խեղդվելը, կործանեցին կանցլերի երազանքը: Եթե այսօր Գերմանիայի քաղաքական դասը գրազ է գալիս, որ Մերկելը չորրորդ անգամ չի առաջադրվի, ոչ այն պատճառով, որ նա ուզում է խաղաղ հանգստի գնալ, այլ այն պատճառով, որ նա ընկել է պատվանդանից, ու նրա հետ է Գերմանիան: Այսօր կանցլերին մեղադրում են, որ վճռեց մենակ խաղալ կրակի հետ՝ չլսելով հարևանների կարծիքը: Մի քանի ամսում միգրանտների ճգնաժամը հանգեցրեց խոր տրանսֆորմացիաների Եվրոպայում, շատ ավելի խոր, քան եվրոյի ճգնաժամը: Եվրոպայի առաջին ցնցումը Արևելքի ու Արևմուտքի նոր բաժանումն էր: Հանուն համերաշխության, բայց առանց նախնական պատրաստության ԵՄ անդամներին միգրանտների բաշխման քվոտաները պարտադրելու փորձը մերկացրեց անդունդը, որ գոյություն ուներ Արևմուտքի հին ժողովրդավարությունների և Կենտրոնական Եվրոպայի երիտասարդ հետկոմունիստական վարչակարգերի միջև: Իրենց պարտադրվող փախստական մուսուլմաններին ընդունելու կատեգորիկ մերժումը հանգեցրեց մերժման ճակատի ձևավորմանը, որ համընկավ Արևմուտքում հակաժողովրդական ընկալվող քաղաքական պրակտիկաների թվի աճին: Որպեսզի բաժանված Եվրոպան կարողանա դուրս գալ ստեղծված վիճակից, կպահանջվի ֆրանսգերմանական շարժիչի էներգիան, բայց նա ինքը դարձավ միգրանտների ողբերգության հերթական զոհը: Եղել են ժամանակներ, երբ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը միասին բանակցություններ են վարել ՈՒկրաինայի ճակատագրի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այսօր ֆրաու կանցլերը ստիպված է մենակ լուծել փախստականների պրոբլեմը Թուրքիայի ղեկավարության հետ, առանց Ֆրանսիայի նախագահի աջակցության: Երրորդ ցնցումը ԵՄ-ի բարոյական պարտությունն էր: Եվրոպան միշտ հայտարարել է իր հիմնարար արժեքների մասին՝ հանդուրժողականություն, մարդու իրավունքներ, բազմազանություն: Հանդուրժողականությունը զոհվեց ազգայնական-պոպուլիստական շարժումների գրոհից, որ բուռն ծաղկեցին միգրանտների ճգնաժամի պատճառով: Էթնիկ և մշակութային բազմազանություն Կենտրոնական Եվրոպայի երկրները բոլորովին չեն ուզում: Իսկ մարդու իրավունքները չեն կարող դիմադրել մեծ ու փոքր քաղաքականության ճնշումներին:
Չորրորդ ցնցումը պարադոքսալ է: Շենգենը ԵՄ-ի առաջ նույնպիսի դիլեմա է դնում, ինչպես տարադրամային միությունը՝ եվրոյի գոտին, շենգենյան տարածքն ունի դաշնային կառուցվածք, բայց անդամ երկրները չունեն դաշնային կարգավորման հնարավորություններ: Միգրանտների ճգնաժամը ցույց տվեց, որ ԵՄ-ում ազատ տեղաշարժի տարածքը չի կարող գործել, եթե նրա սահմաններով չի զբաղվում վերազգային իշխանությունը, որպիսին պիտի լինի Frontex-ը՝ արտաքին սահմանների անվտանգության ԵՄ գործակալությունը: Տնօրեն Լեժերին կարծում է, որ արտաքին սահմանների մասին պետք է մտածեին Frontex-ի ստեղծման պահին՝ 2005-ին՝ կորած տասնամյակ: Այսօր Եվրահանձնաժողովը, իրադարձությունների ճնշման տակ խորհուրդ է տալիս ուժեղացնել Frontex-ի լիազորությունները: Լեժերին հասկանում է որոշ պետությունների դիմադրությունը, բայց վստահ է՝ այլ ելք չկա: Իրականում՝ միայն մեկ ելք կա՝ Շենգենի մահը՝ միգրանտների ողբերգության վերջին զոհը:
Հ.Գ. Հինգերորդ վերքի մասին Եվրոպան հետո կիմանա, երբ միլիարդավոր եվրոներ կտա Թուրքիային ու փախստականների պակաս չի զգա: Բայց այդ ընթացքում Եվրոպան ընտրությունների մեջ կլինի ու նոր ղեկավարներ կունենա, որ հանուն եվրոպական արժեքների կարող են շարունակել նախկին կուրսը կամ գնալ հակառակ ուղղությամբ: Առավել հավանական է՝ երկրորդը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ