Եվրոպա
Եվրոպական միությունը, կարծես, ի վիճակի չէ լուծել իր հիմնարար պրոբլեմը, որ բնավ էլ եվրագոտին չէ, այլ՝ ազատ առևտրի գոտին: Գերմանիան ԵՄ ձգողականության գոտին է՝ գերմանացիներն արտահանում են իրենց ՀՆԱ-ի կեսից ավելին, և արտահանման կեսը գնում է ԵՄ այլ երկրներ: Գերմանիան ստեղծել է արտադրական բազա, որ գերազանցում է նրա սեփական պահանջները, նույնիսկ ազգային տնտեսության խթանման պայմանով: Արտահանումից ամբողջապես կախված է աճը, լիակատար զբաղվածությունը և սոցիալական կայունությունը:
Դա տրոհում է առանց այդ էլ տրոհված Եվրոպան նվազագույնը երկու մասի: Միջերկրական Եվրոպան, Գերմանիան կամ Ավստրիան միանգամայն տարբեր վարքագծային նորմեր ու պահանջներ ունեն: Չկա միասնական քաղաքականություն, որ հարմար լիներ ամբողջ Եվրոպային: Ամենասկզբից դա էր գլխավոր պրոբլեմը, բայց հիմա մոտենում է շրջադարձային պահը: Ինչ բարիք է Եվրոպայի մի մասի համար, վնասում է մյուս մասին:
Զգալի մեծացել է ազգայնականությունը, որը խորանում է ուկրաինական ճգնաժամով և արևելաեվրոպական երկրներում Ռուսաստանի կողմից սպասվող սպառնալիքի հարուցած տագնապով: Արևելաեվրոպական վախը ռուսներից ստեղծում է ևս մեկ Եվրոպա: Այդ առանձին Եվրոպաները չորսն են, եթե սկանդինավյան երկրները միավորենք: Այս տրենդը շարունակվելու է: Եվրամիությունը կարող է պահպանվել ինչ-որ ձևով, բայց եվրոպական տնտեսությունը, քաղաքականությունը և ռազմական համագործակցությունը կկառավարվեն գերազանցապես երկկողմ կամ սահմանափակ բազմակողմ գործընկերություններով, որ ունեն նեղ ուղղվածություններ և մասնակիցներին չեն կաշկանդում: Փոխարենը Եվրոպան կբնորոշի ազգային պետության վերադարձը իբրև մայր ցամաքի քաղաքական կյանքի հիմնական ձև: Ազգային պետությունների թիվը, հավանաբար, կավելանա այնքան, որքան տարատեսակ անջատողական շարժումները հաջողության կհասնեն երկրների տարբեր մասերի բաժանման կամ ուղղակի սեցեսիայի մեջ: Ազգային պետությունների մեջ Գերմանիան առավել ազդեցիկ կլինի և քաղաքականապես, և տնտեսապես: Բայց Գերմանիան չափազանց խոցելի է՝ ունենալով աշխարհի չորրորդ տնտեսությունը՝ շնորհիվ արտահանման: Արտահանողները միշտ բնական խոցելիություն ունեն՝ նրանք կախման մեջ են իրենց արտադրանքը գնողների հնարավորություններից ու ցանկություններից: Այլ խոսքով՝ Գերմանիան իր տնտեսական շրջապատի պատանդն է: Այդ իմաստով Գերմանիայի դեմ են գործում մի քանի ուժեր: Առաջին՝ եվրոպական աճող ազգայնականությունը առավել գերադասելու է պրոտեկցիոնիզմը տնտեսության մեջ և աշխատաշուկայում: Թույլ երկրները, հավանաբար, կդիմեն կապիտալի վերահսկողության տարատեսակ մեխանիզմների, իսկ ուժեղները կսկսեն սահմանափակել իրենց սահմաններով օտարերկրացիների, ներառյալ ԵՄ քաղաքացիների, տեղաշարժը:
Գլոբալ իմաստով՝ եվրոպական արտահանումը կբախվի առավել մեծ մրցակցության և ծայրահեղ անկայուն պահանջարկի: Այդպիսով, մենք կանխատեսում ենք տևական տնտեսական անկում Գերմանիայում, որը կհանգեցնի ներքին սոցիալական ու քաղաքական ճգնաժամի և առաջիկա 10 տարիներին կթուլացնի Գերմանիայի ազդեցությունը Եվրոպայի վրա:
Տնտեսական աճի և մեծացող քաղաքական ներգործության կենտրոն կլինի Լեհաստանը, որ այս ամբողջ ընթացքում ունեցել է աճի տպավորիչ տեմպեր, թերևս, ամենատպավորիչը Գերմանիայից ու Ավստրիայից հետո: Որքան Գերմանիան ցնցեն գլոբալ տնտեսական ու մարդկային տեղաշարժերը, այնքան Լեհաստանը կդիվերսիֆիկացնի իր ներքին առևտուրը և արդյունքում կվերածվի գերակա ուժի Հյուսիս Եվրոպական հարթավայրում:
Ավելին, Լեհաստանը կարող է դառնալ նոր հակառուսական կոալիցիայի առաջատարը, որին տասնամյակի առաջին կեսին կմիանա Ռումինիան: Տասնամյակի երկրորդ կեսին (2020-ից հետո) այդ միությունը առաջատար դեր կունենա ռուսական սահմանների վերանայման և կորցրած տարածքների վերադարձի մեջ: Որքան Մոսկվան թուլանա, այնքան այդ միությունը կսկսի իշխել ոչ միայն Բելառուսի և ՈՒկրաինայի վրա, այլև դեպի արևելք: Դա կուժեղացնի Լեհաստանի ու նրա դաշնակիցների տնտեսական ու քաղաքական ազդեցությունը:
Լեհաստանը կշարունակի օգուտներ ստանալ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցությունից: Երբ գլոբալ ուժը ռազմավարական համագործակցության մեջ է, միշտ ջանում է հնարավորինս ուժեղացնել ու գործընկերոջ տնտեսությունը, որպեսզի միաժամանակ կայունացնի հասարակությունը և հզորացնի բանակը: Լեհաստանում ու Ռումինիայում հենց դա կկատարվի: Վաշինգտոնը չի թաքցնում իր շահերը այդ տարածաշրջանում:
Հ.Գ. Անհավատալի է, չէ՞, Գերմանիան կթուլանա, Եվրամիությունը կվերադառնա ազգային պետությունների, պետությունները կմասնատվեն, Լեհաստանը Ռուսաստանից (ի դեպ, ինչո՞ւ ոչ ՈՒկրաինայից) տարածքներ կվերցնի, Լեհաստան-Ռումինիա տանդեմը կգերիշխի: Եթե այս կանխատեսումները հիմնված են Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից ու Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատվելու մղումների, Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի վրա, հավատարժան չեն: Բացահայտորեն՝ Stratfor-ի վերլուծաբանները քանդում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի սահմանները՝ առանց անվանելու իրենց վերաբաժանումը: Եվրոպան այդքան հեշտ չի հանձնվի, որքան թվում է: Նաև՝ Ռուսաստանը: Իսկապես, անշնորհակալ գործ են կանխատեսումները, բայց մի հարցում Stratfor-ի վերլուծաբանները ճիշտ են՝ երբ գլոբալ ուժը ռազմավարական համագործակցության մեջ է, միշտ ջանում է հնարավորինս ուժեղացնել ու գործընկերոջ տնտեսությունը, որպեսզի միաժամանակ կայունացնի հասարակությունը և հզորացնի բանակը: Հայաստանը, հակառակ քաղաքական հայտարարությունների, համաձայնագրերի ու պայմանագրերի, իր ռազմավարական համագործակցության մեջ դա չունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ