Երեկ սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Քննարկվում էր օմբուդսմենի թեկնածուի առաջադրման հարցը: Նոր սահմանադրությամբ՝ խորհրդարանին է տրված օմբուդսմենի թեկնածուի առաջադրման իրավունքը: Բայց կարգը որոշարկված չէ: Տրամաբանականը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում պիտի հարցը քննարկվեր և այդ հանձնաժողովը պիտի խորհրդարանին ներկայացներ օմբուդսմենի թեկնածուին, բայց տրամաբանությունը քաղաքականության հետ երբեմն է միայն խաչվում: Հարցի իրավունքը տրվել է պետաիրավական հանձնաժողովին: Թվում էր՝ պատգամավորները պիտի կենտրոնանան օմբուդսմենի ընտրության մեխանիզմի վրա, բայց նրանք քննարկման թեմա դարձրին Կարեն Անդրեասյանի հրաժարականը: ՈՒ՝ գնաց: Հրաժարական տված օմբուդսմենը հռչակվեց հերոս ու դավաճան՝ միաժամանակ: Հերոս, որ իր տարեկան զեկույցում անդրադարձել է բոլոր ոլորտներին, անգամ կառավարությանն ու կոռուպցիային: Հերոս, որ ոչ միայն մարդու իրավունքների վիճակն է համարժեք ներկայացրել, այլև առաջարկներ է արել: Դավաճան, որ ասել էր՝ հրաժարական չեմ տա, բայց՝ տվեց: Համակարգի նշանակած պաշտոնյան լինելով՝ համակարգին պատերազմ չհայտարարեց և անհավասար մարտում չընկավ՝ ձեռքը մարդկային անարդարությունից խոցված սրտին դրած: Հերոս ու դավաճան միաժամանակ, որ հանրաքվեի մասին զեկույց պիտի ներկայացներ, իսկ հրաժարական ներկայացրեց: Հերոսի ու դավաճանի մեջ տարբերության չգոյությունը, սակայն, խորհրդարանի մեղքը չէ, հասարակության մեղքն է, որ այդպես էլ չի կարողանում պարզ ճշմարտությունները հավատամք դարձնել ու արժեհամակարգ ունենալ: Եվ արդեն այնքան է չարչրկվել այդ արժեհամակարգը, որ ոչնչացել են արժեքները: Ամեն օրը հայտարարում է իր արժեքը, ամեն հաջորդ օրը նոր արժեքների է դավանում՝ նայած որն է շահավետ:
Պատգամավորները ոչ միայն Կարեն Անդրեասյանի մարդկային ու պաշտոնական որակներ էին քննարկում, այլև օմբուդսմենի թեկնածուների անուններ էին դնում շրջանառության մեջ՝ Զարուհի Փոստանջյանից Վարդան Հարությունյան: Միով բանիվ՝ խոսում, հիմնավորում, բացատրում, փաստարկում ու հակափաստարկում էին… իրենց քաղաքական հավակնությունները: Իսկ իրականում երեկ խորհրդարանը փայլուն ձախողեց նոր սահմանադրությունը: Հանրաքվեից առաջ իշխանությունը ջանադիր համոզում էր, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են ընդդիմության դերն ու նշանակությունը մեծացնելու համար, որ ինքը նվազեցնում է իր հնարավորությունները՝ հանուն ընդդիմության, և այլն, և այլն, իսկ երեկ առավել քան ակնհայտ դարձավ այն, ինչ բոլորովին էլ գաղտնիք չէր՝ չկա ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամք կամ որոշում, կա մի մարդու որոշում և նա էլ որոշում է: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ասաց, որ ինքը բնավ վիրավորված չէ, որ խորհրդարանին օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավունքը պետաիրավական հանձնաժողովին է տրվել: «Մենք չգիտե՞նք, որ որոշումը պետաիրավական հանձնաժողովը չի կայացնելու։ Կամ չգիտե՞նք, որ Ազգային ժողովը չի որոշումը կայացնելու»,- հարցրեց Էլինար Վարդանյանը ու չպատասխանեց: Ի վերջո, ակնհայտ է, որ եթե տրամաբանությունը գործեր էլ, և օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավունքը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին տրվեր, օմբուդսմեն դառնալու էր ՀՀԿ-ի թեկնածուն, ուրեմն ինչո՞ւ ձևականությունների հետևից ընկնել և ՀՀԿ խմբակցության անդամի գլխավորած հանձնաժողովը թողած՝ ԲՀԿ անդամի գլխավորած հանձնաժողովին վստահել, այն էլ այն անդամի, ում հետագա պաշտոնավարման հարցը մի քանի ամիս առաջ փորձում էր բարձրացնել ԲՀԿ նախագահը:
Այսինքն՝ կա Սահմանադրություն, կան օրենքներ, բայց, միևնույն է, քաղաքական նպատակահարմարությունն է գործելու: Չորոշարկվեց նաև հարցը, թե հանձնաժողովը ԱԺ-ին քանի՞ թեկնածու է ներկայացնելու՝ մե՞կ, թե՞ երկու: Խոշոր հաշվով, դա էլ ձևականություն է: Միևնույն է՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է նա, ով ընտրվելու է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկվա քննարկումներում պարբերաբար հնչում էր Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունը: Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ մամուլում հրապարակված տեղեկությունների ֆոնին, թե մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ գործադրվել է հարկադրանք, սպառնալիքներ, շանտաժ, և՝ «շոշափվում է շատ կոնկրետ անուն՝ Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան», անընդհատ համոզում էր պարզել՝ «Մենք ի վերջո պետք է հասկանա՞նք, լավ, մեր երկրում պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին շանտաժի ենթարկելու, նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու, կոմպրոմատներով նրանց ինչ-որ որոշումների բերելու ինստիտուտ կա՞, թե՞ չկա»: Չհամոզեց, իհարկե: Առաջին հայացքից թվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սխրանք սխրանքի հետևից է գործում՝ հիշատակելով փաստեր ու տալով անուններ, որ ուրիշները միայն շշուկով կամ սեփական խոհանոցում են արտաբերում՝ շուրջբոլորը մի լավ նայելուց հետո: Հետո էլ պարտադիր հավելում են՝ մեր մեջ մնա: Իրականում Նիկոլ Փաշինյանն ընդամենը գովազդում է Վատիկանում Հայաստանի դեսպանին, ի ցույց դնում նրա ամենազորությունը բարեկամների և վտանգավորությունը ոչ բարեկամների համար: Որ բոլորն իմանան, որ բոլորը հասկանան, որ բոլորը «ճիշտ» պահեն իրենց: Ընդ որում՝ Միքայել Մինասյանը կապ ունի այդ ամենի հետ, թե չունի, կարևոր չէ: Խաղն ունի իր կանոնները և բոլորը խաղում են իրենց դերը ու լուծում են ընդհանրական խնդիր՝ իբր իրար դեմ, իրականում համատեղ: