Վաշինգտոնը ուժեղ ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա՝ կանխելու Ռուսաստանի հետ նրանց մերձեցումը: ԱՄՆ-ը ԵՄ որոշ պետությունների պարտադրեց տնտեսական պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ ուկրաինական կոնֆլիկտի և Ղրիմի թերակղզին իրեն միացնելու համար: Բայց եվրոպացիները հրաժարվեցին պատժամիջոցների նոր փաթեթից, որովհետև իրենք էլ վիթխարի կորուստներ են կրում, որը հանգեցնում է լարվածության և դժգոհության ալիքի Եվրոպայում: Եվրոպացիները չեն վստահում Վաշինգտոնին, հատկապես տարածաշրջանի վրա ուժեղ ազդեցություն ունեցող պետությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Դա է վկայում Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումներն ուժեղացնելուց նրանց հրաժարականը, ավելին՝ նրանք անհրաժեշտ են համարում հնարավորինս արագ հանել պատժամիջոցները: Դա հարկադրեց Վաշինգտոնին հայացքն ուղղել եվրոպական ավելի փոքր պետություններին՝ Արևելյան Եվրոպայի երկրներին, նախկին սոցիալիստական ճամբարից՝ Լեհաստան, Բուլղարիա, Ալբանիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա: Բայց այդտեղ էլ Վաշինգտոնը բախվեց խոչընդոտի: Այդ փոքր պետությունների ժողովուրդները երազում էին ազատության ու բարեկեցության մասին Եվրոպայի հովանու տակ, բայց սոցիալիստական ճամբարից ազատվելուց հետո նրանք չգտան՝ ինչ որոնում էին: Նրանց տնտեսական և սոցիալական վիճակը հակառակը՝ վատացավ: Նրանք որևէ աջակցություն չզգացին ոչ Վաշինգտոնի, ոչ Արևմուտքի կողմից: Իսկ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ավելի վատացրին նրանց վիճակը, երբ Մոսկվան փակեց իր շուկան եվրոպական ապրանքների առաջ: Վաշինգտոնը չկարողացավ համոզել Արևելյան Եվրոպային, որ անհրաժեշտ է համագործակցել, նույնիսկ վախեցնելով, որ իբր Մոսկվան ուխտադրուժ ներխուժում է նախապատրաստում՝ նրանց տարածքն օկուպացնելու համար: Եվրոպացիներն այնքան միամիտ չեն, որ հավատան այդ սցենարին: Սակայն այդ երկրների իշխանությունները ավելի լավ են տրամադրված Վաշինգտոնի նկատմամբ և տրվում են նրա հորդորներին՝ բացելով իրենց սահմանները ՆԱՏՕ-ի զորքերի և ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի համար՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Մոսկվային ոչինչ չի մնում անելու, քան ի պատասխան իրենց ռազմավարական հզորությունն ուղղել դեպի Եվրոպա: Այդ դիմակայությունը վիթխարի լարում է ստեղծում Հին աշխարհի երկրներում, որ ձեռնտու է Վաշինգտոնին Ռուսաստանին մեկուսացնելու գործում:
Մագազի ալ ԲԱԴՐԱՎԻ, Al Bayan, Արաբական Միացյալ Էմիրություններ
Հ.Գ.
Տեսակետ է, արաբական տեսակետ, որ հար և նման է ռուսականին: Գուցե Մագազի ալ Բադրավին ռուսական ծագում ունի, գուցե հենց այդպես էլ մտածում է, որ Ալբանիան եղել է սոցիալիստական ճամբարի երկիր, որ Արևելյան Եվրոպան որևէ աջակցություն չստացավ ոչ ԱՄՆ-ից, ոչ ԵՄ-ից և միայն կորուստներ կրեց: Գուցե հաջորդ հրապարակման մեջ առաջարկի դուրս գալ ԵՄ-ից և միանալ ԵԱՏՄ-ին: Ինչո՞ւ ոչ: Միանգամից կվերանա ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը, ժողովուրդները կսկսեն երջանիկ ապրել, բարեկեցությունն էլ կհոսի ինչպես առատության եղջյուրից: Ինչպես ԵԱՏՄ-ում: Գուցե իսկապես լավ է միայն այնտեղ, որտեղ մենք չկա՞նք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ