Հունվարի 29-ին ՀՀԿ-ն գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստն արեց, որ կարող էր բոլորովին էլ հետաքրքիր չլինել, եթե օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը չասեր, որ բանակցում են ՀՀԿ-ի հետ: Ճիշտ է՝ ՀՀԿ-ն հետո եռանդուն ճշտում էր, որ ՀՀԿ նախագահի հետ երկխոսությունը կուսակցության հետ բանակցություն չէ: Տարեվերջին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր խոստացել կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կառավարությունում: Մամուլում աշխարհիկ երեք բարձրագույն պաշտոններից բացի բոլոր մյուս պաշտոնները բաժանվել ու վերաբաժանվել են արդեն՝ կառավարությունից մարզպետներ: Թեպետ պաշտոնապես ՀՀԿ գործադիր մարմինը նման հարցերի հետ կապ չունի, բայց պարզ է, որ կատարվող որևէ փոփոխություն սկսվում է Մելիք-Ադամյանից, եթե որոշվել է երկրի ներսում: Ստացվում է, որ ՀՀԿ անդամները երկրի ամենատեղեկացված ու «ամենաանտեղյակ» մարդիկ են միաժամանակ: Նրանք առաջինն են տեղեկանում՝ ինչ է լինելու, իսկ մինչ այդ ոչ տեսել են, ոչ լսել, ոչ ասել՝ նույնիսկ եթե բոլորը գիտեն: Դժվար գործ է իշխող կուսակցության անդամի գործը: Կուսակցական կարգապահությունը, այն էլ նախընտրական տարում, բարդ ու պարտավորեցնող գործ է: ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցում սիրալիր, լակոնիկ էր իր խոսքում՝ նա ասաց՝ ինչ պիտի ասեր ու չասաց՝ ինչ չպիտի ասեր՝ հարցրին, թե չհարցրին: Դա էլ է վարպետություն, որ տարիների հետ հղկվում է: Փոխադարձաբար՝ լրագրողներն էլ արդեն չեն տալիս այն հարցերը, որոնց պատասխանը չեն ստանալու:
Նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր՝ ընդհանուր ձևակերպումից հետո մանրամասնվեց, որ կարևորվել են սահմանադրական բարեփոխումներից բխող Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության տեսակետները, գարնանային նստաշրջանն ու քառօրյայի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, մինչև ապրիլ ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածուների մասնակցության ձևաչափը: Բնականաբար, առաջին հարցը օդում կախված կոալիցիային էր վերաբերում և պաշտոնների բաշխմանը: «Մամուլը բաշխում է, մամուլը նշանակում է, ազատում է, դա մամուլի խնդիրն է: Ես չեմ պատրաստվում մամուլում հրապարակվող բոլոր հոդվածներին անդրադառնալ, քանի որ նրանք այնքան բազմազան են և բազմաժանր, որ դժվար է պատասխանել: Մենք դռները չենք փակում, համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական և պատասխանատվության շրջանակներում: ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը, գուցե հաջորդ նիստին ձեզ որոշակի զարգացումների մասին ասեմ: Այս պահին ոչինչ վերջնական հստակեցված չէ, պաշտոնների բաշխում, քննարկում, վերջնական որոշում չկա»: Խաչաձև հարցերից հետո էլ ավելին չասվեց: Փաստորեն՝ ՀՀԿ ԳՄ-ն հայտարարում է, որ ոչինչ չի հայտարարում: Վերջնական ոչինչ: Հարց՝ պահպանողական ՀՀԿ-ն և սոցիալիստական ՀՅԴ-ն ի՞նչ ծրագրային ու գաղափարական, պատասխանատու հենքի վրա պիտի կոալիցիա կազմեն: Ո՞վ է հրաժարվելու իր ծրագրային դրույթներից և ինչի՞ դիմաց: Էդուարդ Շարմազանովը ճշտեց, որ կոալիցիայի մասին ինչ գրում է՝ գրում է մամուլը, և գրվածը իրականության հետ որևէ կապ չունի: ՀՀԿ ԳՄ-ն վերջնականապես չի քննարկել՝ ում հետ համագործակցի, ինչ ձևաչափով, կոալիցիա կլինի՞, թե՞ չի լինի: Ժխտվեցին և տրամաբանական չհամարվեցին նաև կադրային փոփոխությունների քննարկումները՝ կառավարությունը աշխատում է վարչապետի գլխավորությամբ: Ի՞նչ կլինի վաղը, մյուս օրը, մեկ ամիս հետո՝ կապրենք կտեսնենք: Ինքնանպատակ կոալիցիա ու համագործակցություն ՀՀԿ-ն բացառում է, թեպետ ՀՀԿ խոսնակը ԳՄ մյուս նիստից հետո՝ մի շաբաթ անց, նորությունների ակնարկը կրկնեց:
ՀՀԿ ԳՄ-ն Մարդու իրավունքների պաշտպանի հարցը չի քննարկել: «Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի, որպեսզի հանձնաժողովներից մեկին լիազորի առաջադրելու թեկնածուին: Կլինեն բազում թեկնածուներ, բայց հանձնաժողովը պետք է որոշում կայացնի մեկ թեկնածուի օգտին և ներկայացնի ԱԺ-ի դատին: Այս պահին այդ հարցը չի քննարկվել, քանի որ ունենք ժամանակ, պետք չէ շտապել»,- ասաց մամլո խոսնակը:
ԵԽԽՎ-ի մասով՝ ԳՄ-ն անդրադարձել է ԵԽԽՎ երկու բանաձևերին էլ: Հիմնական վտանգ պարունակող, ադրբեջանամետ բանաձևը Ռոբերտ ՈՒոլթերինն էր, որը զուգահեռ հարթակներում ԼՂ հիմնահարցը քննարկելու փորձ էր: 70 դեմ, 66 կողմ ձայներով նախաձեռնության կասեցումը ԱԺ փոխնախագահը շատ կարևոր որակեց և շնորհակալություն հայտնեց պատվիրակության բոլոր անդամներին՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ՀՀ դեսպաններին, Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին, կուսակցություններին, համայնքների ներկայացուցիչներին ու լրագրողներին՝ օբյեկտիվ հրապարակումների համար: Միլիցա Մարկովիչի բանաձևը նա անվանեց «չարիքի փոքրագույն» և նշեց, որ չի կիսում կարծիքները, թե բանաձևը թղթի կտոր է կամ լուրջ վտանգ է պարունակում: «Կան պետություններ ու մեծ թվով պատվիրակներ, որ ավանդաբար, անկախ բովանդակությունից մշտապես քվեարկել, քվեարկում ու քվեարկելու են Հայաստանի դեմ: Մենք պետք է պատրաստ լինենք ու ավելի նախաձեռնող աշխատենք»՝ սա էր ՀՀԿ խոսնակի եզրակացությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը վերակենդանացնելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փորձերի վերաբերյալ՝ նա գերտերության նախագահ է, սա երկրորդ փորձն է, մենք շարունակելու ենք ամեն ինչ անել, որ ոչ միայն դատապարտվի Հայոց ցեղասպանությունը, այլև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Գիտակցված ժխտողականությունը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախագահի և քաղաքական ուժերի նախաձեռնությունը կարևոր և ողջունելի է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: Սկսվում է հայոց փետրվարը: Իսկ փետրվարին Հայաստանում միշտ լինում են իրադարձություններ, որոնց հետևանքները ամբողջ տարին ու հետագա տարիներին հաղթահարում ենք կամ վայելում: Ղարաբաղյան շարժումից՝ առաջին նախագահի հրաժարական, նախագահական ընտրություններ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո անցկացվում էին փետրվարին՝ աշնան փոխարեն, ու կրկես իր գաղջ մթնոլորտով, որը հանրաքվեն չցրեց: