ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ի՞նչն է հերքում Լավրովն իրականում

Ի՞նչն է հերքում Լավրովն իրականում
27.01.2016 | 20:20

Երեկվա լրահոսի գլխավոր թեման միանշանակ ստրասբուրգյան նորություններն էին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ամփոփիչ ասուլիսն ու այդ ասուլիսի ղարաբաղյան հատվածը լուսաբանվեց, բայց, կարծես, մնաց ստվերում: Սերգեյ Լավրովը հայտարարեց որ «Լավրովի առաջարկների փաստաթուղթ» գոյություն չունի: Իսկ ինչո՞ւ էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մի քանի անգամ շեշտում, որ ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է իր առաջարկները թե Բաքվին, թե Երևանին: Մամեդյարովը պնդում էր, Նալբանդյանը՝ հերքում: Հիմա հերքեց նաև Լավրովը, բայց համարյա կես տարի անց: Սեպտեմբերի սկզբից հունվարի վերջ, նա բազում հնարավորություններ ուներ հրաժարվելու իրեն վերագրվող առաջարկների հեղինակության պատվից, եթե Ադրբեջանի արտգործնախարարը շփոթել էր կամ չափազանցրել, վերագրել կամ պարզապես ապատեղեկատվություն էր տարածում՝ խիստ հասկանալի նպատակներով:

Էլմար Մամեդյարովը նկատի ուներ, որ Ռուսաստանն ուզում է իր խաղաղապահ ուժերը տեղակայել հակամարտության գոտում և երաշխիք դառնալ հրադադարի պահպանման, և որպեսզի Ադրբեջանը համաձայներ, Հայաստանը պիտի որոշ տարածքներ վերադարձներ: Այսինքն՝ փոխվում էր մադրիդյան սկզբունքների բովանդակությունը: Փոխվում էր փոխզիջումների բովանդակությունը՝ Հայաստանը, չգիտես ինչու, տարածքներ էր տալիս, իսկ Ադրբեջանը փոխարենը նույնիսկ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, այլ ընդամենը դադարում էր կրակել, որովհետև այդ դեպքում ռուսական զենքով կրակելու էր ռուս զինվորների վրա: Կարո՞ղ էր Հայաստանը համաձայնել այդ տարբերակին: Փաստացի՝ չի համաձայնել: Չի համաձայնել, երբ Լավրովի սեպտեմբերին Բաքու այցից հետո Ադրբեջանի զինուժը սկսեց ոչ միայն շփման գծում հրադադարը խախտել, այլև ծանր զինտեխնիկա օգտագործել, այլև գնդակոծել Հայաստանի սահմանամերձ գյուղերը:
Եթե Լավրովն իսկապես որևէ առաջարկ չէր արել, ինչպե՞ս ի հայտ եկավ ԱՄՆ Կոնգրեսի առաջարկը՝ սահմանին տեղակայել տեխնիկական միջոցներ և վերահսկել հրադադարի խախտման դեպքերը, որը հայկական կողմն ընդունեց, Բաքուն՝ ոչ, ինչո՞ւ ԱՄՆ-ում նաև Բաքվին պատժամիջոցներով սպառնացին: Պատահական զուգադիպություննե՞ր էին, թե պատճառահետևանքային կապ, որ բոլորովին պարտադիր չէր բարձրաձայնել բոլոր մանրամասներով՝ արդյունքի հասնելու տեսակետից:
Չի՞ ստացվում, որ «Լավրովի առաջարկներ» իսկապես չկան, բայց՝ արդեն չկան և հիմա չկան, որովհետև այդ առաջարկները կասեցրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, թերևս, ՌԴ համանախագահին չհաշված: Եվ, որպես ազնիվ դիվանագետ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ճիշտ ժամանակին հերքում է այն, ինչ չկա, ընդամենը «ուղեղային գրոհ է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, իրադարձությունների ընթացքին իր «մասնակցությունն» ունեցավ և սիրիաթուրքական սահմանին ռազմական առաջադրանքից վերադարձող ու արդեն անզեն ռուսական կործանիչը խփելը, որը Պուտինը որակեց «հարված թիկունքից» ու երկար զարմանում էր, թե ինչպես Անկարան՝ Անթալիայում իր համար շատ զգայուն հարցում ստանալով Մոսկվայի աջակցությունը, նույնիսկ միջազգային նորմերին հակառակ, գնաց նման քայլի: Իսկապես չէր հասկանում, որովհետև Անկարան ոչ թե Ռուսաստանի, այլ ինքն իր դեմ էր գործել՝ ըստ Պուտինի: Բայց փաստորեն, Անկարան այլ խաղ էր խաղում, քան ներկայացնում էր: Ի վերջո, Սիրիայում բախվում են ոչ միայն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը, այլև Թուրքիայի ու Ռուսաստանի: Եվ այդ շահը շատ ավելի բարձր է գնահատվում Անկարայում, քան այն, ինչ քննարկվել է: ՈՒ եթե դա իսկապես հայկական թեմային էր վերաբերում ու Ղարաբաղին, բնական էր, որ Թուրքիան իր շահն ավելի կարևորի, քան եղբայր Ադրբեջանի, որ նավթի գնանկման հետևանքով սկսել է ծանր օրեր ապրել: Ղարաբաղյան թեման կորցրել է հրատապությունը շարքային ադրբեջանցիների համար, որ ապրելու խնդիր են դնում, իսկ Ալիևների կլանը արդեն չի կարողանում այդ խնդիրը լուծել՝ կորցնելով բյուջեի մուտքերի կեսը:

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ