Նավթի գնանկումը ձեռնտու է ներմուծող երկրներին, բայց խարխլում է արտահանող երկրների դիրքերը: Երբ բարելի գինը 120-ից հասավ 30 դոլարի, դժգոհությունը երկրում, որտեղ երկաթի բռունցքով կառավարում է Ալիևների կլանը, բաց ճգնաժամի վերածվեց: Ադրբեջանի տնտեսությունը 90 %-ով կախված է էներգառեսուրսների արտահանումից, մինչև վերջերս պետության գործը շատ պարզ էր: Ճաղերի հետևում հայտնված Խադիջա Իսմայիլովայի խոսքով՝ նավթային մանանայի նշանակալից մասը հանգրվանում է Ալիևների և նրանց հետ կապված ընտանիքների օֆշորային հաշիվներում: Մնացած միջոցները ծախսվում են երկրի համար շահեկան իմիջի ստեղծման (կրակի աշտարակները Բաքվում և մշակութային կենտրոնը Փարիզում լավ օրինակ են) և Լեռնային Ղարաբաղի առիթով ռևանշիստական ձգտումների համապատկերում ռազմական ծախսերի վրա: ԿՀՎ-ի վերջին տվյալներով՝ Ադրբեջանը հինգերորդն է աշխարհի առավել ռազմականացված երկրների ցանկում՝ պաշտպանական բյուջեին հատկացվում է ՀՆԱ-ի 5,2 %-ը:
Ադրբեջանի ռազմականացումը (ոմանք դա համարում են Եվրոպայի զինված ուժերում սովորական զինատեսակների պայմանագրի խախտում) ծառայում է բողոքի շարժումների կանխմանը երկրում, որը իրավապաշտպան կազմակերպությունները և մամուլը համարում են աշխարհի վատթարագույն բռնապետություններից մեկը: Վերջապես՝ ռազմականացումը զրկում է բնակչությանը դիվիդենդներից, որ կարող էին ունենալ ժողովրդավարական համակարգում:
Առանց նավթային ասեղի մանաթն անկում է ապրում
Այսպիսի մոդելում նավթի գնանկումը խարխլում է երկրի տնտեսական համակարգը, առաջին հերթին՝ ֆինանսները: Կենտրոնական բանկն այլևս չէր կարող մանաթի կուրսը պահել և դեկտեմբերի 21-ին ազատ նավարկության ուղարկեց՝ հասցնելով ծախսել տարադրամային պաշարի կեսը: Մանաթն անմիջապես կորցրեց իր գնի մեկ երրորդը՝ 1,55 դոլարից՝ 1,05 դոլար: Դա անցյալ տարվա փետրվարի արժեզրկումից հետո էր, երբ ազգային դրամի կուրսը մեկ երրորդով արժեզրկվեց: Հիմա մանաթը կես գին է դարձել անցյալ տարվա համեմատ, իսկ աղքատացած բնակչությունը, որ այս տարիներին շահույթների բաժանմանը չէր մասնակցում, հայտնվեց ճգնաժամային իրավիճակում՝ արտասահմանյան ապրանքների գները (նույնիսկ առաջին անհրաժեշտության իրերի) կրկնապատկվեցին: Հետագա անկումը կանխելու համար իշխանությունները հունվարի 14-ին վերականգնեցին տարադրամի փոխանակման վերահսկողությունը՝ արգելելով մասնավոր անձանց՝ խնայողությունները դոլարի ու եվրոյի վերածել: Հիմա մանաթի պաշտոնական կուրսը 0,64 դոլար է, բայց սև շուկայում 0,55 են տալիս:
Իրավիճակը ճգնաժամային է և պետական բյուջեի համար, որի եկամուտները 50 % -ով կախված են ածխաջրածնային հատվածից: 2016-ի բյուջեի նախագիծը ենթադրում էր ՀՆԱ-ի 3 % դեֆիցիտ, չնայած ծախսերի 25 % կրճատմանը: Բյուջեն կազմվել է նավթի 50 դոլար գնի և մանաթի 1,05 դոլար հաշվարկով, որ արդեն չի համապատասխանում իրականությանը: Բյուջեի դեֆիցիտի կրճատման համար (որ կարծես ապահովում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության ածխաջրածնային արտահանումների մեծ մասը) զանգվածային կրճատումներ եղան: Նրանք հետևում են արտասահմանյան ընկերությունների օրինակին, որոնք կորցնում են հետաքրքրությունը ադրբեջանական թանկարժեք բարելի նկատմամբ, որ սրընթաց կորցնում է շահութաբերությունը ամերիկյան նավթի առատության և համաշխարհային տնտեսության աճի անկման համապատկերում: ВР-ին ծրագրում է 4 000 աշխատատեղի կրճատում 2016-ին, որ իր բոլոր ադրբեջանցիների աշխատողների մեկ վեցերորրդն է:
Սոցիալական պրոբլեմներ
Ինչպես արդարացի նկատում է Stratfor-ը, ներկա դժվարությունները կարող են խորապես փոխել բողոքական շարժումների բնույթն ու թափը: Առաջ նրանք ընդգրկում էին ինտելեկտուալների ու լրագրողների փոքր խմբերի, որ առաջին հերթին դժգոհ էին խոսքի ազատության բացակայությունից և հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներից այդ ոչդեմոկրատական երկրում: Սակայն նրանք որևէ վտանգ չէին ներկայացնում իշխանության համար, որ միջոցներ ուներ գնելու սոցիալական խաղաղությունը երկրի ներսում և Արևմուտքի աջակցությունը դրսից: Հիմա Ադրբեջանին սպասում են բոլորովին այլ մասշտաբի շարժումներ: Երկրում արդեն իսլամիստական հոսանքներ կան, որ լիովին կարող են բախվել սոցիալական բողոքի շարժման հետ: Նաև կարող են միմյանց սնուցել: Անցյալ շաբաթ մի քանի ցույցեր եղան առանձին քաղաքներում՝ Լենքորանում, Ֆիզուլիում և Սիազանում: Իշխանությունները ձերբակալեցին մի քանի ցուցարարների, որ բողոքում էին կոռուպցիայի, աշխատանքից զանգվածային ազատումների և կյանքի թանկացման դեմ: Հունվարի 18-ին անկարգությունները շարունակվեցին Աղջաբեդում և Գուբայում:
ՈՒրիշ Ադրբեջան
Մինչև հիմա արևմտյան տերությունները անփոփոխ աջակցում էին գործող իշխանությանը՝ աչք փակելով անօրինականությունների վրա: Թեպետ Եվրոպայի խորհուրդը և անգամ Եվրամիությունը քանիցս դատապարտել են մարդու իրավունքների խախտումները, դա չի ազդել Փարիզի, Լոնդոնի ու Վաշինգտոնի պետության հետ աշխատելու ձգտումների վրա: Բայց հիմա, հավանաբար, քաղաքականությունը փոխելու ժամանակն է, որովհետև Ադրբեջանը փրկելու համար պետք է զոհաբերել վարչակարգը: Բացի այդ՝ սովորական լծակները, որոնցով վարչակարգը իր ձեռքին էր պահում բնակչությանը, կորցնում են արդյունավետությունը: Սովորաբար հակահայկական հռետորաբանությունը համախմբում էր բնակչությանը և շեղում էր ուշադրությունը իր իրավունքներից: Այնուհանդերձ, վերջերս անցկացված հարցման արդյունքներով, ամբողջ քարոզչամեքենայի բուռն գործունեության պայմաններում, ադրբեջանցիների միայն 23 %-ն է հիմա Լեռնային Ղարաբաղի հարցը համարում երկրի համար գերակա: Եվ դա հաշվի առնելով իրավիճակը, երբ խոսքը (գրավոր ու բանավոր) դեռ շատ հեռու է ազատ լինելուց: Պետք է կարողանալ տողատակերը կարդալ՝ տեսնելու համար իշխանության վերնախավում այլ թույլ ազդանշանները: Արժի նշել Էյնուլա Ֆատուլաևայի բավականին տարօրինակ հոդվածը, որտեղ նա շատ հանգամանալից մեկնաբանում է ռուս մի վերլուծաբանի տեսությունը Ադրբեջանի՝ Իրանի և Ռուսաստանի միջև բաժանման մասին Ալիևների իշխանության անկումից հետո: Զարմանալի է, որ հեղինակը այդքան ուժեր է ծախսում հերքելու մի տեսություն, որ իր խոսքով ընդհանրապես ուշադրության արժանի չէ: Բայց եթե հիշենք, որ Ֆատուլաևան նախկին այլախոհ է, ում վարչակարգը ամենայն հավանականությամբ, սպառնալիքներով իր կողմնակիցն է դարձրել, գուցե իշխող դինաստիայի օրերն իսկապես հաշված են:
Լորան ԼԵՅԼԵԿՅԱՆ, Le Huffington Post, Ֆրանսիա
Հ.Գ. Կարի՞ք կա մեկնաբանության: Ալիևների դինաստիան կարող է կավե ոտքերով հսկա լինել իրականում, որ առաջին իսկ լուրջ փորձության դեպքում ծնկում է սեփական ծանրության տակ: Բայց դա կարող է շատ ավելի վտանգավոր լինել տարածաշրջանի համար: Ընդդիմության թուլության կամ չգոյության պարագայում, Ալիևների անկման դեպքում ո՞վ կարող է իշխանության գալ Ադրբեջանում: Կամ նրանց կլանի սակավ հայտնի մի հատված, կամ իսլամիստական գլուխ բարձրացնող շարժումները, կամ նույն քաոսը, որը իսլամական երկրների համար պարբերաբար դառնում է սովորություն: Իսկ Ադրբեջանի բաժանումը Ռուսաստանի ու Իրանի միջև իսկապես միֆ է՝ ցանկացած բաժանման դեպքում Թուրքիան պահանջելու է իր մասնաբաժինը: Բոլոր դեպքերում՝ Ադրբեջանը իր անկայունության մեջ նույնքան և ավելի վտանգավոր է, քան բռնապետական երկիրը, որ տասնամյակներով իր ներքին քաղաքականությունը կառուցել է հայատյացության, արտաքինը՝ նավթի վաճառքի վրա: Հայերը չկոտրվեցին, նավթի գինը ընկավ, սա իսկապես մղձավանջ է Ալիևների ու նրանց Ադրբեջանի համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ