ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Դամբարան կառուցեք, պարոնայք, դամբարան

Դամբարան կառուցեք, պարոնայք, դամբարան
26.01.2016 | 01:06

Մեր ժամանակներում, իհարկե, դամբարան կառուցելու իմաստը շատ է փոխվել, բայց հազիվ թե ավելի ճշտվել է: Եգիպտոսի փարավոնները գահակալության հաջորդ օրվանից սկսում էին իրենց դամբարանը կառուցել, նրանք, որ հռչակված էին անմահ, կառուցում էին դամբարանը՝ երկրի այդ պահին ունեցած հզորության հանգույն՝ հեռու ու մոտիկ թշնամիներին ցույց տալու՝ Եգիպտոսը կա, ու Եգիպտոսը հավերժ է, հարուստ է, խելոք է, խորհրդավոր է, ի վերջո՝ անմահ է: Որտե՞ղ են փարավոնները, իսկ բուրգերը կան: Միջնադարում Հռոմի պապերը ևս դամբարան էին կառուցում, ու նրանց դամբարանն էլ նույն խնդիրը ուներ՝ միավորել Իտալիան, աշխարհին ցույց տալ, որ կայսրերը կան, կայսրությունը կարող է լինել: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ պապը աշխարհիկ ու հոգևոր տեր էր, պարզապես այն ժամանակ ուներ Հռոմ, հիմա՝ Վատիկան միայն: ՈՒ համայն՝ կաթոլիկ աշխարհը՝ սահմաններ չճանաչող ու տարբեր աշխարհիկ տերերով: Միջնադարի պատմության մեր դասագրքերում մեզ պատմում էին ինդուլգենցիաների մասին, որ որակում էին խայտառակ խաբեություն, որովհետև պապի բրևեով մարդու մեղքերը չեն կարող ներվել՝ որևէ հրամանագիր, նույնիսկ պապի, Աստծո գործը չի կարող անել: Չգիտեի՞ն պապերը, աստվածանա՞րգ էին, թե՞ աստվածահաճո պատճառ ունեին: Հուլիոս Երկրորդ պապը, որ Հռոմի տիրապետության տակ հավաքեց Իտալիայի բաժան-բաժան քաղաք-պետությունների կեսը, ինդուլգենցիաներով կառուցեց այն Հռոմն ու Վատիկանը, որ այսօր կան: Ներառյալ Սուրբ Պետրոսի տաճարը, որ նրա մահից հետո շարունակեց կառուցվել և միայն Միքելանջելոյի խելահեղ հանճարը կարող էր հերիքել Հուլիոս Երկրորդի դամբարանը կիսատ թողնելով՝ Վատիկանում նկարիչ դառնալուն, իսկ հետո իր երդվյալ թշնամի Դոնատո Բրամանատեի նախագծած Սուրբ Պետրոսի տաճարն ավարտելուն, որ անընդհատ փլվում էր: Նա դրեց միայն երկու պայման՝ նախ քանդում է լրիվ ու ոչ ոք չի խանգարում, և երկրորդ՝ ոչ մի դուկատ չի վերցնում, աշխատում է անհատույց: Գժվե՞լ էր Բուոնարոտին: Ոչ, Աստծո հետ իր հարաբերություններն ուներ ու կարծում էր, որ Աստծո տաճարը կառուցելով ինդուլգենցիաների հաշվին՝ ինքն իրավունք չունի այդ գումարից վարձ ստանալ: Ի վերջո՝ Հին աշխարհի ու Միջնադարի բոլոր այդ խելահեղ կառույցներն ու այն ամենը, որ հետո մարդկությունը պիտի հրաշալիք անվաներ, քաղաքակրթության ինքնագիրն էր, այսօր մենք այդ ամենը փոխարինել ենք գովազդով, տեղեկատվությամբ: Ոչ մի նախագահ ու վարչապետ՝ պետության ոչ մի ղեկավար այսօր կարիք չունի Զևսի արձան, Շամիրամի այգիներ, Ալեքսանդրիայի փարոս, Քեոփսի բուրգ (շարքը կարող եք շարունակել) կառուցել, որ ապացուցի իր երկրի հզորությունը կամ իր ամենազորությունը: Մարդկությունը հնարեց շատ ավելի էժան, հեշտ ու ազդեցիկ միջոցներ՝ Ռուտենբերգի թեթև ձեռքով ասպարեզ իջան թերթերը ու ամեն ինչ դարձրին հանրային, հրապարակային, այստեղ ու հիմա, մեր օրերում՝ օնլայն: Պատկերացնո՞ւմ եք Ռամզեսի սարսափը, երբ իշխանության խորհրդանիշ գավազանի փոխարեն ձեռքը տային այդ օրը տպագրված թերթի համարն ու ասեին՝ կարդացեք՝ ինչ է գրված Ձերդ աստվածության մասին: Ռամզեսն ինքնասպան կլիներ: ՈՒ մարդկությունը դադարեց դամբարան ու տաճար կառուցել: Ճարտարապետները դարձան շինարարներ, որ կառուցում են բնակելի տներ՝ մեկը մեկի նման, իսկ շինարարները սկսեցին նաև քանդել, ավելի շատ քանդել, քան կառուցել: Նրանք քանդում էին՝ ինչ չէին հասկանում, ինչ նման չէր իրենց բազմահարկ տուփերին, որ ժամանակակից քաղաքներն ունենան ժամանակակից տեսք: Ի՞նչ տարբերություն ԻՊ-ի ահաբեկիչների միջև, որ պայթեցրին Պալմիրան (Թադմոր), և նրանց, որ Երևանից ջնջում են իր պատմությունը՝ երկուսն էլ նույն գործն են անում՝ վերացնում են հիշողությունը: Երկուսն էլ համոզված են, որ նյութական արժեքներն են մարդու գոյության հիմքում, ու երկուսն էլ մոլորված են՝ մարդը միայն մարմին չէ, մարդու ու մարդկության պատմությունը նյութական արժեքներով չի կշռվում ու հավասարակշռվում:

Դամբարան է պետք կառուցել, պարոնայք, դամբարան, որն այսօրվա արժեքները հավաստեր ու հաստատեր:

Սիրիական պատերազմը գուցե մոտենում է ավարտին: Առանց Բաշար Ասադի հարցը լուծելու: Ի վերջո, խնդիրը նա չէ, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո անցած տասնամյակներում ստեղծված նոր իրավիճակին համարժեք քաղաքական կառույց ձևավորելը: Նույնիսկ ոչ այնքան երկրորդ, որքան նաև առաջին: Օսմանյան կայսրության տրոհումը տարածքում նոր պետական կազմավորումների ձևավորման պատճառ դարձավ, պետություններ, որ ստեղծված էին ոչ թե տեղաբնակների էթնիկ ու կրոնական պատկանելության հիման վրա, այլ քանոնով գծված սահմաններ էին, որոնցից ներս ու դուրս մնում էր մարդը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառում էր, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմին ԱՄՆ բանակը կմասնակցի, կար կոալիցիա, կոալիցիան ռմբակոծում էր Ասադի ու ԻՊ-ի դիրքերը համարյա հավասարապես: Հետո ԻՊ-ի դեմ պայքարի համար տարածք մտավ Ռուսաստանն ու սկսեց ռմբակոծել Ասադի ընդդիմությանն ու ԻՊ-ի զինյալներին՝ համարելով, որ ահաբեկիչն ահաբեկիչ է: ՈՒ հիմա արդեն ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հայտարարում է, որ ցամաքային զորքերը մտադիր են գործողություն սկսել Սիրիայում և Իրաքում: Սա վերջնագիծն է: Մերձավոր Արևելքում հնգամյա նախկին աշխարհակարգի ու կացութաձևի, գունավոր հեղափոխությունների, աշխարհաքաղաքական վերադասավորումների: Արևմուտքը շարժվեց, երբ փախստականները մտան Եվրոպա: Եվրամիությունը զարմացած է, ապշահար է, կաթվածահար՝ փախստականների հոսքից ու պահվածքից: Նրանք քննարկումներ ու խորհրդաժողովներ են հայտարարում, խոսում են, խոսում, խոսում: Անգելա Մերկելի պես անհողդողդ քաղաքական կարիերաներ են խորտակվում, մարդասեր ու գերքաղաքակիրթ Եվրոպան չի հասկանում, որ Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից փախստականների շատ որոշակի մասը չի հասել եվրոպական մայր ցամաք՝ խաղաղության, տանիքի ու աշխատանքի որոնումներում, նրանք բոլորովին այլ խնդիր ունեն, որը և լուծում են՝ սեփական վարքականոնների հաստատումը, դավանանքի, պատկերացումների, մենթալիտետի, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց առաքելությունը մայր ցամաքի ապակայունացումն է, քաղաքական ու տնտեսական ոչնչացումը: Քաղաքակրթությունների պատերազմը 21-րդ դարում զենքով չէ միայն, բոլոր միջոցները գործադրվում են, պայքարի ասպարեզը միայն մարմինը չէ, հոգին է այլևս: Նրանք գործում են որպես ահաբեկիչներ, որպես սադրիչներ, որպես ալլահի զինվորներ: Եվրոպան ի վիճակի չէ դա հասկանալ: Եվրոպան հարկադրված է նրանց վերադարձնել՝ ինքնապահպանության համար, բայց ի՞նչ անի սեփական քաղաքացիների հետ, որ վարակված են ահաբեկչական համաճարակով, որ սկսվեց այն պահից, երբ եվրոպացիները ևս դադարեցին տաճարներ ու դամբարաններ կառուցել, ու վաստակած հանգստի անցան իրենց հազարամյա բերդերի, պալատների, տաճարների ստվերում՝ բարեկեցիկ ու քաղաքակիրթ, և ամենավտանգավորը՝ վստահ, որ անվտանգ են: Եթե Սայքս-Պիկոյի պակտը դադարում է գործել և Մերձավոր Արևելքի բաժանման նոր համաձայնագիր է ստորագրվում, հաստատ աշխարհի քաղաքական քարտեզին ի հայտ է գալիս քրդական պետություն: Որտե՞ղ: Իրաքի ու Սիրիայի տարածքում: Ինչո՞ւ է Էրդողանը օրը մեկ երդվում, որ թույլ չի տա քրդերին Արաքսի ափ հասնել: Ինչպե՞ս են գերտերությունները նոր քարտեզը գծում՝ դարձյա՞լ քանոնով, թե՞ պատրաստվում են «բաժանել» շիաներին ու սուննիներին Իրաքում, պետականություն տալ քրդերին, ստանալ ցեղախմբերի քաղաք-պետություններ Լիբիայում, Սիրիան բաժանել այնքան հատվածների, որքան ուժեր կան Սիրիայում կռվող կոալիցիաների կազմում:
Նրանք կգումարեն ու կբաժանեն, կհանեն ու կբազմապատկեն, բայց կա մի հարց, որ մեզ է վերաբերում. եթե Սայքս-Պիկոյի պակտը հայտարարվում է անվավեր, եթե վերանայվում են սահմանները, եթե ձեռնունայն է մնում Օսմանյան կայսրության վերականգնումը երազող Էրդողանը, ի՞նչ է կատարվում Պատմական Հայաստանի հողերի հետ: Սայքս-Պիկոն դոմինոյի էֆեկտով փլուզում է նաև Կարսի ու Մոսկվայի պայմանագրե՞րը, թե՞ հերթական մի պայմանագիր է հայտնվում, որով նոր տեր է հայտնվում մեր անտեր հողերին, որտեղ այդպես էլ մենք դամբարան չկառուցեցինք:
Իրանը սկսում է գործել՝ արդեն Թեհրան ժամանեց Չինաստանի նախագահը:
Սի Ցզինպինն ու Հասան Ռոհանին 17 պայմանագիր են ստորագրել՝ 600 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով, այդ թվում՝ համատեղ ատոմակայան կառուցելու ¥Ռուսաստանը քանի՞ տարի էր «կառուցում» Բուշերի ատոմակայանը¤ ու նավթի մատակարարման: Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր՝ իրանական նավթի մատակարարումների մասին ¥Ցիպրասի և Պուտինի ընկերությունը ջո՞ւրն ընկավ, Հունաստանը եվրագոտուց դուրս չեկավ ու ԵՄ-ն չքանդեց¤: Իրանը Ֆրանսիայից Airbus 114 ինքնաթիռներ կգնի, համաձայնագիրը կստորագրվի վաղը՝ Հասան Ռոհանիի՝ Փարիզ այցի շրջանակներում ¥Օլանդը «Միստրալները» այդպես էլ Պուտինին չտվեց, հիմա էլ գազի հարց կլուծի Ռոհանիի հետ¤: Իսկ մենք ծանրումեծ քննարկում ենք՝ Վրաստանն Իրանից գազ կգնի՞, գազատարը Հայաստանի տարածքով կանցնի՞, թե՞ ռուսները վրացիներին գազ կտան, պարսիկները՝ մեզ: Ռուսներն ի՞նչ թույլ կտան ու ի՞նչ կարգելեն: Թուրքիան Ռուսաստանի հետ կհաշտվի՞, թե՞ կշարունակվի առճակատումը: Ալիևը ֆինանսակա՞ն, թե՞ հոգեբանական ճգնաժամ է ապրում: Տարածաշրջանի հնգամյա աշխարհաքաղաքական բրոունյան շարժումը արդեն հստակ ուղղվածություն է ստացել, իսկ մենք շարունակում ենք ապավինել մեր հնարած անվտանգության ու կայունության պատկերացումներին, որոնք մեզնից բացի ոչ ոք այլևս անվտանգ չի համարում ու չի պատրաստվում պահպանել: Գուցե իսկապես էլ չկան հայ-իրանական հարաբերություններ, այդ հարաբերությունները միշտ եղել են իրանահայկական՝ Իրանն առաջարկել է, մենք՝ ոչ մերժել, ոչ ընդունել, Իրանը գտել է այլընտրանք, որովհետև գիտի ժամանակի գինը, որովհետև գիտի դամբարան կառուցելու նորօրյա իմաստը, մինչդեռ մենք կառչում ենք հնամյա ավերակներին, որտեղից նույնիսկ հիշողությունն է հեռացել: ՈՒ ի՞նչ: Ե՞րբ ենք սահմանելու իրականությանը համարժեք վտանգներն ու մեր պաշտպանական համակարգը, ապրիորի համագործակցությունից ռեալ գործակցության ե՞րբ ենք անցնելու: Աշխարհի ամենահզոր կայսրությունները փլուզվել են ոչ օտար նվաճողների, բնական աղետների, տնտեսական ճգնաժամերի պատճառով, այդ ամենը հետևանք է եղել, հիմքը եղել է պետության և քաղաքացու կապի խզումը, երբ մարդը դադարել է գնահատել կապը պետության հետ, իսկ պետությունը դադարել է գնահատել մարդու արժեքը: Երբ դադարել են համակեցությունն ու անցել են ինքնաբավության՝ նույն սահմանների ներսում: Բացարձակապես վերացական չէ այս ամենը, ընդամենը պետք է համադրել ու համեմատել, և հետո ելքեր գտնել, որովհետև երբեք պատմությունը չի ավարտվում՝ ավարտը նոր սկիզբ է: Դամբարանները միշտ են կառուցվել՝ ընդամենը ձևն են փոխել, բայց ոչ բովանդակությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ մենք գուշակություններ ենք անում՝ նորին մեծություն կոալիցիան իր թևի տակ կառնի՞ ՀՅԴ-ին, ե՞րբ, ի՞նչ պայմաններով: ՀՅԴ-ն ի՞նչ կպահանջի ի տրիտուր իր քաղաքական «վարկաբեկման»՝ քանի՞ պորտֆել, քանի՞ մարզպետարան, քանի՞ տեղ 2017-ի խորհրդարանում, ու դա ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք, քաղաքական մեծամասնությունից բացի իշխանությունն ուզում է նաև «հասարակական կոնսոլիդացիա՞» խաղալ, թե՞ կան այլ խաղեր: Գուշակությունների երկրորդ փուլում էլ հաշվում ենք՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին հավատարմության երդում կտա՞, թե՞ Հովիկ Աբրահամյանը կբաժանի ու կտիրի: Դարակազմիկ գործ է: Համակարգի ներսում նոր համակարգ կառուցելը՝ հանուն համակարգի հարատևման: Այդպես էլ չսովորեցինք դամբարան կառուցել՝ ոչ անցյալում, ոչ հիմա: Իսկ ապագա՞ն՝ մնալու ենք հեռուստաժողովո՞ւրդ, թե՞ սովորելու ենք քաղաքացի լինել:

Դիտվել է՝ 1361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ