ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ի՞նչ փոփոխություններ կրեց ՀՀ Սահմանադրության սոցիալ-տնտեսական հատվածը

Ի՞նչ փոփոխություններ կրեց ՀՀ Սահմանադրության սոցիալ-տնտեսական հատվածը
15.01.2016 | 02:02

ՀՀ սահմանադրական բարեփոխումների երկամյա գործընթացն ավարտվեց, և բարեփոխված Սահմանադրությունը քայլ առ քայլ ուժի մեջ է մտնում: Այն պարունակում է ժողովրդավարական, իրավական պետության կայացման բավականաչափ ներուժ, որի պատշաճ իրացումը կարող է նպաստել երկրում սահմանադրականության մակարդակի նշանակալի աճին: Անդրադառնանք ՀՀ սահմանադրական բարեփոխումների սոցիալ-տնտեսական կողմին՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ կրեց Մայր օրենքը այդ հատվածի առումով, և թե ինչպիսի ձեռքբերումներ ու թերացումներ արձանագրվեցին:

ԱՌԱՋԸՆԹԱՑ
ՀՀ Սահմանադրության առաջին՝ անփոփոխելի հոդվածի համաձայն՝ ՀՀ-ն սոցիալական պետություն է: Սահմանադրատնտեսագիտական հատույթի առումով արձանագրված ամենանշանակալի առաջընթացն առնչվում է սոցիալական պետության սկզբունքի իրացման սահմանադրական երաշխիքների ներդրման հետ, որը հռչակվել էր որպես սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը: Այն իրականացվեց երկու եղանակով.
ա) ՀՀ տնտեսական կարգի սահմանմամբ։ Առաջին անգամ ամրագրվեց ՀՀ տնտեսական կարգի հիմքը, այն է՝ սոցիալական շուկայական տնտեսությունը, «որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը»: Այս սկզբունքն ուղղակիորեն պարտավորեցնում է պետությանը վարել սոցիալական ապահովության, ապահովագրության և օգնության նպատակաուղղված քաղաքականություն՝ ապահովելու համար սոցիալական արդարություն:
բ) Հիմնական իրավունքների (այդ թվում՝ որոշ սոցիալական հիմնական իրավունքների, ինչպիսիք են կրթության, աշխատանքի ընտրության ազատության, գործադուլի իրավունքները) (գլուխ 2) և պետության նպատակների ու օրենսդրական երաշխիքների սահմանազատմամբ (գլուխ 3): Հիշյալ սահմանազատման անհրաժեշտությունն այն է, որ եթե դասական հիմնական իրավունքները անմիջականորեն գործող սուբյեկտիվ իրավունքներ են և ենթակա են դատական պաշտպանության (այդ թվում՝ ՍԴ-ի կողմից), ապա մնացյալ սոցիալական իրավունքները չեն առաջացնում անձի սուբյեկտիվ իրավունքներ, այլ պարտավորեցնում են օրենսդրին օրենքով սահմանել դրանց ծավալը, որից հետո դրանք ենթակա կլինեն դատական պաշտպանության (h. 82-85): Մյուս կողմից սահմանազատվել են պետության նպատակները (h. 86), որոնք ներառում են սոցիալական ոլորտին վերաբերող բոլոր այն դրույթները, որոնք պարտավորեցնում են միայն օրենսդրին ու գործադրին հնարավորության շրջանակներում իրագործել դրանք, որ օբյեկտիվ իրավական դրույթներ են և չեն առաջացնում սուբյեկտիվ իրավունքներ:
Այժմ անդրադառնանք առաջընթաց արձանագրած ավելի կոնկրետ սահմանադրական դրույթներին.
Սեփականության իրավունք. առաջին անգամ սահմանադրական մակարդակում ամրագրվել է սեփականության բոլոր ձևերի ճանաչման ու հավասարապես պաշտպանության մասին դրույթ: Ընդերքը և ջրային ռեսուրսները ճանաչվել են որպես պետության բացառիկ սեփականություն (h.10, 2015):
Աշխատանքի իրավունք. առաջին անգամ ամրագրվել է յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը, իսկ մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվել է: Ամրագրվել է նաև յուրաքանչյուր աշխատող կնոջ՝ հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունքը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատող ծնողի՝ երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում արձակուրդի իրավունքը: Ներմուծվել են յուրաքանչյուր աշխատողի՝ առողջ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքները: Սահմանվել են պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելքից հետևյալ բացառությունները՝ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը, արտակարգ իրավիճակների ժամանակ և դատապարտյալի կողմից կատարվող աշխատանքները (հ. 57, 82):
Սոցիալական ապահովության իրավունք. սահմանվել է մայրության, բազմազավակության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու և աշխատանքը կորցնելու դեպքերում սոցիալական ապահովության իրավունքը:
Տնտեսական գործունեություն և մրցակցություն. սահմանվել է հակամրցակցային համաձայնությունների արգելք: Ներմուծվել է տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, սակայն «տնտեսական գործունեություն» եզրը լրացուցիչ հստակեցման կարիք ունի:
Պետական բյուջե. Սահմանվել է, որ պետության բոլոր եկամուտներն ու ծախսերը, օրենքով սահմանված կարգով, ներառվում են պետական բյուջեում:
Պետության քաղաքականության նպատակներ. վերջիններս համալրվել են գործարար միջավայրի բարելավման, ձեռնարկատիրության խթանման, տարածքային համաչափ զարգացման, ծնելության և բազմազավակության խթանման նպատակներով:
Կենտրոնական բանկ. հստակեցվել է ԿԲ-ի կարգավիճակը. ամրագրվել է, որ այն ՀՀ ազգային բանկն է: Ներմուծվել է ԱԺ-ին տարեկան հաղորդում ներկայացնելու պահանջ:
Հաշվեքննիչ պալատ. Վերահսկիչ պալատ անվանումը փոխարինվել է Հաշվեքննիչ պալատ անվամբ: Հաշվեքննիչ եզրը աուդիտոր եզրի հայերեն համարժեքն է և ընդգծում է, որ սույն մարմինը ոչ թե տարբեր նախարարությունների, մասնավորապես՝ ֆինանսների նախարարության վերահսկողական ստորաբաժանմանը համանման մարմին է, այլ պետական աուդիտի համար պատասխանատու կառույց, որին, իր գործունեության առավել արդյունավետ իրագործման համար, շնորհվել է անկախության ավելի բարձր պաշար. այսուհետև ոչ թե ԱԺ-ն, այլ հենց Հաշվեքննիչ պալատն է հաստատելու իր գործունեության ծրագիրը:
ԿԲ խորհրդի և Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության համար սահմանվել են պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանության և ապաքաղաքականացվածության չափանիշներ:
Հարկ է նշել, որ նոր Սահմանադրությունում տեղ գտած վերոնշյալ դրույթների մի մասը նոր է սահմանադրական մակարդակում, սակայն ոչ իրավական դաշտում, քանզի դրանք նախքան սահմանադրական ամրագրում ստանալը տեղ էին գտել և գործում են ՀՀ օրենսգրքերում և օրենքներում:

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենտրոնական բանկ. գների կայունության ապահովումը զրկվել է միակ հիմնական խնդրի կարգավիճակից: Այն համալրվել է ֆինանսական կայունության ապահովման նպատակով: Խնդիր եզրը փոխարինվել է նպատակ եզրով՝ մատնանշելով թիրախների առավել ընդհանուր բնույթը: Այս փոփոխությունը ենթադրում է ռազմավարական հայեցողականություն, որն անհրաժեշտ է որոշակիացնել օրենսդրական մակարդակում:
Պետության քաղաքականության նպատակներ. վերջիններս համալրվել են պետության կողմից բարեգործության խթանման նպատակով, որը կարող է խնդրահարույց դրսևորումների հիմք հանդիսանալ:

ՀԵՏԸՆԹԱՑ
Սեփականության իրավունք. վերացվել է սեփականության իրավունքի սահմանափակումներից մեկը, այն է՝ «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին» (h. 31, 2005):
Բնական պաշարներ. ի տարբերություն հին Սահմանադրության, պետության վրա դրվում է ոչ թե բնական պաշարների ողջամիտ օգտագործման ապահովման, այլ խթանման պարտավորություն:
Աշխատանքի իրավունք. վերացվել է յուրաքանչյուր աշխատողի արդարացի վարձատրության իրավունքը (h. 32, 2005): Ի տարբերություն հին Սահմանադրության, ըստ որի. «Յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք», նոր Սահմանադրությունն ընդամենը ամրագրում է, որ «Նվազագույն աշխատավարձը սահմանվում է օրենքով»: Վերջինս չի կանխարգելում անվանական և փաստացի նվազագույն աշխատավարձերի միջև խզվածքի հնարավորությունը՝ նվազագույն աշխատավարձի հարկման կամ դրանից այլ պարտադիր վճարների գանձման արդյունքում:
Հարկում. ի տարբերություն հին Սահմանադրության, ըստ որի. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր…» (h.45), «Բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի… տեսակները, չափը, վճարման կարգը» (h. 83.5, կ. 2), նոր Սահմանադրությունը միայն ամրագրում է հետևյալը. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր…», այսինքն՝ հարկերի սահմանումը կարող է օրենքին համապատասխան պատվիրակվել գործադրին: Նույնը վերաբերում է նաև տուրքերին և պարտադիր այլ վճարներին:
Բավարար կենսամակարդակի իրավունք. վերացվել է յուրաքանչյուրի՝ իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բավարարման իրավունքը: Փոխարենը սահմանվել է յուրաքանչյուր կարիքավորի և տարեցի արժանապատիվ գոյության իրավունքը:
Կենտրոնական բանկ և Հաշվեքննիչ պալատ. ամրագրվել է, որ ԿԲ-ի խորհրդի և Հաշվեքննիչ պալատի անդամները հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Այս պահանջը խնդրահարույց է և տալիս է կամակայականության հնարավորություն, ինչին անդրադարձել է նաև Վենետիկի հանձնաժողովը՝ նշելով, որ այդ պարտականության խախտումը կարող է հանգեցնել պաշտոնից հեռացման՝ դիտարկելով այն որպես ԿԲ-ի անկախության նկատմամբ սպառնալիք:

Ժիրայր ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ