ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Տարտղնված, վիրավոր ու նյարդային

Տարտղնված, վիրավոր ու նյարդային
30.12.2015 | 10:35

2015-ին հետահայացով՝ The Financial Times-ում Գիդեոն Ռահմանը արձանագրում է աշխարհում տագնապի անսովոր բարձր մակարդակ և չի գտնում լավատեսության նախկին կղզյակները: Այդ ոչ մխիթարական պատկերը 2016-ի մռայլ կանխատեսումների հիմք է դառնում: Ամբողջ աշխարհը պարուրված է տագնապով ու վատ կանխազգացումներով՝ կառավարությունները, քաղաքացիները, ԶԼՄ-ները Չինաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում փշաքաղվել են ու նյարդայնանում են: Ադ գլոբալ տագնապն անսովոր է: Վերջին 30 տարում, դրանից էլ առաջ, միշտ գտնվում էր նվազագույնը մեկ մարտական, լավատես գերտերություն: 1980-ականների վերջին Ճապոնիան էր իր տնտեսական աճի գագաթնակետին, 1990-ականների սկզբին այդ դերում սառը պատերազմում իր հաղթանակով արբած ԱՄՆ էր, 2000-ականի սկզբին Եվրամիությունը, որ նոր էր անցել միասնական տարադրամի և համարյա կրկնապատկել էր տարածքը: Վերջապես՝ համարյա մեկ տասնամյակ անշեղ աճում էր Չինաստանի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը: Բայց հիմա բոլոր խոշոր խաղացողները, կարծես, անվստահություն են զգում ու նույնիսկ վախենում են: Գուցե միայն որոշ վերապահումով Հնդկաստանին կարելի է ընդհանուր պատկերից բացառություն համարել՝ վարչապետ Նարենդրա Մոդին իր բարենորոգչական ավյունով ալիքի վրա է պահում քաղաքական ու գործարար էլիտաներին: Ճապոնիայում մարում է վարչապետ Սինձո Աբեի արմատական բարեփոխումների նկատմամբ հավատը, լարվածություն են հավելում Չինաստանի հետ տարաձայնությունները: Չինաստանը մի քանի տարի առաջվա համեմատ՝ շատ ավելի նվազ կայունություն ունի, երկրում տնտեսական անկանոն վիճակ է, որ ազդում է աշխարհի շատ երկրների վրա: Մասնավորապես՝ Բրազիլիայի, որին Չինաստանը իր հետևից տանում էր ինչպես արագընթաց մոտորանավակ: Սակայն Չինաստանում տագնապի գլխավոր պատճառը քաղաքական է: Պետական ծառայողներին ու բիզնեսմեններին վախեցնում է Սի Ձինպինի անկանխատեսելիությունը, նրանք վախենում են զոհ դառնալ կոռուպցիայի դեմ պայքարի նրա արշավին, որի ընթացքում արդեն 100 հազար մարդ է ձերբակալվել:
Եվրոպան նույնպես հուսալքության մեջ է՝ ի հետևանս Փարիզի ահաբեկչությունների, տնտեսական ճգնաժամի, Մերձավոր Արևելքից փախստականների ներհոսքի, որ սեպ խրեց Գերմանիայի ու արևելյան գործընկերների միջև, ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի սպառնալիքի, Ֆրանսիայում ծայրահեղ աջ տրամադրությունների աճի:
Դատելով ըստ տնտեսական ցուցանիշների՝ ԱՄՆ-ը պետք է բացառություն լիներ այս աղջամուղջից, բայց հասարակության տրամադրությունը տեղը չէ: Միայն այն փաստը, որ ԱՄՆ-ի երկու գերկուսակցություններից մեկը՝ Հանրապետականը, իսկապես կարող է նախագահի թեկնածու ներկայացնել Դոնալդ Տրամպին՝ այդ անկիրթ դեմագոգին, վկայում է, որ ԱՄՆ-ը ինքն իր հետ լավ չէ:
Բոլոր երկրներում նման տրամադրություններ ձևավորող ընդհանուր գործոններից են 2008-ի ճգնաժամից հետո ամբողջությամբ չվերականգնված տնտեսությունը, նոր ճգնաժամի վախը, Մերձավոր Արևելքի աղետը, բայց նախ և առաջ՝ ամենուր աճող թշնամանքը էլիտաների նկատմամբ, նրանց սահմանած անհավասարության ու կոռուպցիայի: Այստեղից էլ՝ «ուժեղ» ղեկավարների պահանջարկը՝ ինչպես Սի Ձինպինը, Դոնալդ Տրամպը կամ Վլադիմիր Պուտինը: Նրանք խոստանում են (թեկուզ երեսպաշտորեն) կոռումպացված էլիտաների հարցերը լուծել, պայքարել հասարակ մարդու իրավունքների համար և կրծքով պաշտպանել ժողովրդին:
Միջազգային քաղաքական համակարգը իր ներկա վիճակով նման է հիվանդի, որ դեռ փորձում է դուրս սպրդել ծանր հիվանդության ճիրաններից, որի սկիզբը նշանավորեց 2008-ի ֆինանսական ճգնաժամը: Եթե չլինեն բացասական նոր ցնցումներ, նա աստիճանաբար պետք է վերականգնվի և ամենավատ քաղաքական ախտանիշները գուցե անցնեն: Բայց հիվանդը խոցելի է: Եվս մեկ ուժեղ ցնցումը (մեծ ահաբեկչությունը կամ տնտեսական մեծ անկումը) սպառնում է լուրջ պրոբլեմներ հարուցել:
Գիդեոն ՌԱՀՄԱՆ, Financial Times


Հ.Գ. Հետո էլ ասում են՝ գլոբալացումը աշխարհը փոքրացրել է, բոլորն ամեն ինչ գիտեն, ոչինչ անհայտ չի մնում, հինգ րոպեից տեղեկատվությունը տարածվում է: Փաստորեն՝ չափազանցում են: Բոլորովին էլ այդպես չէ: Կա, Հնդկաստանից բացի, աշխարհում կա ևս մեկ երկիր, որի վարչապետը լավատեսություն է ճառագում ու վստահ է, որ եկող տարին տնտեսական աճ ու հաջողություններ է բերելու Հայաստանին: Ճիշտ է, նա ամեն ինչից հետո ասում է՝ Աստված մեզ հետ, բայց ոչ էլ հույսը Աստծո վրա է դնում: Իր վրա է հույսը: Մեկ էլ՝ կառավարության: Օրինակ, այս տարի՝ «Աճ կա արդյունաբերությունում՝ 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 12,6 տոկոս, ծառայությունների ոլորտում, առանց առևտրի` 3 տոկոս: Միջին գնաճը կազմել է 4,1 տոկոս, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով»՝ ասում է Հովիկ Աբրահամյանը և այս ամենը՝ ՌԴ-ում պատժամիջոցների ու տրանսֆերտների 500 մլն դոլարի անկման ֆոնին: Նա համոզված է, որ 2016-ին Հայաստանը նոր հաջողություններ է արձանագրելու: Բայց աշխարհը, չգիտես ինչու, Նարենդրա Մոդիին հավատում է, Հովիկ Աբրահամյանին՝ ոչ: Փաստորեն շատ հին անեկդոտը ճիշտ է՝ վարչապետի պաշտոնը լավն է, երկիրը երկիր չէ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ