2016-ին պայթյուն չի լինի, բայց վառոդը կվառվի
The Guardian-ի տնտեսական մեկնաբան Լարի Էլիոտը կանխատեսումներ է արել 2016-ի համար: Ինչ-որ պահից ակտիվների գնի կտրուկ բարձրացման, եկամուտների նվազագույն աճի, անձնական աճող պարտքերի վրա հիմնված վերականգնումը հանգեցնելու է հերթական ծավալում ֆինանսական ճգնաժամի, բայց ոչ առաջիկա 12 ամիսներին: 2016-ը անցնելու է եզրագծի վրա, կլինի դժվարությունները թաքցնելու և ժամանակ շահելու փորձերի տարի՝ մինչև պրոբլեմները նորից ի հայտ գան: Նավթի գների անկման և եկամուտների պատասխան աճի միջև միշտ որոշակի հապաղում կա, մասամբ այն պատճառով, որ մարդիկ միշտ ուզում են վստահ լինել, որ ցածր գները կպահպանվեն: Արդեն 16 ամիս է, որ նավթի գները իջնում են՝ 2014-ի օգոստոսի 115 դոլարից բարելի դիմաց, և մեծ են անկումը շարունակվելու շանսերը: ОՊԵԿ-ը քաղաքական ձգտում չունի նվազեցնելու արդյունահանումը, ուստի լիովին հնարավոր է, որ նավթի գները կարող են նույնիսկ 30 դոլարից իջնել եկող տարվա առաջին ամիսներին: Արդյունքում՝ ինֆլյացիան ավելի ցածր կլինի, քան ենթադրում են գերտերությունների կենտրոնական բանկերը: Եկող տարվա առաջին կանխատեսումը՝ և ինֆլյացիան, և տոկոսադրույքները ցածր կմնան շատ ավելի երկար ժամանակով, քան ենթադրվում էր: 2016-ի ևս մեկ թեմա է Չինաստանը՝ որքա՞ն կդանդաղի տնտեսական աճը: Չինաստանը տնտեսական աճի տեմպերը 2016-ին կնվազեցնի, քաղաքականության թուլացումը կկանխի կտրուկ անկումը: Վերջին վեց տարիներին եվրագոտին ցուցաբերել է հաջողության դատապարտված գործերում անսխալ հաղթելու ունակություն: Ամեն անգամ, երբ թվում էր, որ ճգնաժամն արդեն ավարտվում է, ինչ-որ ահավոր անակնկալ էր լինում: 2016-ի այդ «ինչ-որ ահավորը» կարող են դառնալ Հունաստանը, որ հայտնվել է տնտեսության ու պարտքերի ծուղակում, անկառավարելի Իսպանիան կամ անարդյունավետ Ֆրանսիան: Մի քանի պատճառ կա, թե ինչու եվրագոտին կարող է հասնել 2017-ին առանց նոր խնդիրների: Նախ՝ օգտվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության խստացման հետաձգումից, Չինաստանում աճը խթանող միջոցառումներից: Երկրորդ՝ Եվրոպայի Կենտրոնական բանկը շարունակում է մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ փողի զանգվածի աճը կխթանի բանկային վարկավորումը: Գլոբալ տնտեսության համար ամենամեծ ու անմիջական վտանգ են ներկայացնում անցումային տնտեսությամբ երկրները, որ տուժում են ապրանքների գնանկումից: Հատկապես պետք է ուշադիր լինել Բրազիլիայի նկատմամբ: Լատինական Ամերիկայի այդ խոշորագույն տնտեսությունը լուրջ դժվարություններ է ապրում: Հավանաբար, չի հաջողվի խուսափել ԱՄՀ-ին դիմելուց: Պատմությունը կարող է կրկնվել, որովհետև 2008-ի ճգնաժամը սկսեց աճել գլոբալ տնտեսության ծայրամասերից: 2016-ին պայթյուն չի լինի, բայց վառոդը կվառվի:
Լարի ԷԼԻՈՏ, The Guardian
Հանգույցները, որ Եվրոպան չի կարողանում քակել
Ժան Կլոդ Յունկերի կարծիքով՝ 2016-ը նման կլինի իր նախորդին՝ գրում է Ադրիանա Չերետելին Il Sole 24 Ore-ում: «2016-ի առնչությամբ որևէ պատրանք չունեմ, ջրի երկու կաթիլի պես նման է լինելու 2015-ին, եղած ճգնաժամերը կպահպանվեն ու կհայտնվեն նորերը»,- դեկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ սամմիթից հետո հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Իսկ նա փորձառու քաղաքական գործիչ է ու Եվրոպան գիտի, ինչպես սեփական գրպանները: Նրա ոչ սփոփիչ կանխատեսումները եվրառեալիզմի պտուղ են: Յունկերը չի կարող ռեալ Եվրոպայի վրա աչք փակել, որը պաշարված է ներքին ու արտաքին բազմաթիվ ճգնաժամերով, որոնք դժվար հաղթահարելի են, որովհետև հանգուցված են իրար: 2015-ը սարսափելի էր՝ սկսվեց ահաբեկչությամբ և 12 զոհերով Փարիզի Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրատանը և ավարտվեց նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչության 130 զոհերով: ԻՊ-ի ահաբեկչությունը ներխուժեց Եվրոպա: Հաջորդած զանգվածային ռմբակոծությունները, ԻՊ-ի ոչնչացման միջազգային մեծ կոալիցիան առայժմ վճռական նշանակություն չունեն: Հակառակը: Պուտինի Ռուսաստանի ոչ միանշանակ դերը, նրա անկայուն երկխոսությունը Օբամայի ԱՄՆ-ի հետ, վտանգավոր ճգնաժամը Անկարայի ու Մոսկվայի միջև, երբ հնարավոր չէ ասել, թե ում կողմից է Եվրոպան, տարաբաժանված ու տատանվող Եվրոպայի, բացառությամբ Ֆրանսիայի, աղոտ ներդրումն ահաբեկչության դեմ պայքարում այն գործոններն են, որ խոստանում են երկարատև պատերազմ անհայտ հետևանքների հետ: Նույնքան անհայտ են մնում ՈՒկրաինայի, մինսկյան բանակցությունների, Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների հարցերը, այլ խոսքով՝ Եվրոպայի դռների առաջ նոր ծավալուն ճգնաժամի:
Ահաբեկչության դեմ ուղղված եվրոպական քաղաքականության բացակայությունը թեթևացնում է ահաբեկիչների խաղը: Փախստականների զանգվածային ու անկարգ ներհոսքը՝ մեկ միլիոնից ավելի 12 ամսում, նպաստում է ահաբեկիչների ներթափանցմանը: Շենգենի գոտում բարձրացող փշալարերի պատերն ու պատնեշները ոչ հեռավոր ապագայում կարող են հանգեցնել Եվրոպայի պատմական ձեռքբերման կորստին՝ քաղաքացիների ազատ տեղաշարժին՝ առանց անձնագրերի: Փախստականների հոսքը դադարեցնելու համաձայնագիրը Թուրքիայի հետ չի կատարվում՝ ԵՄ երկրները դժվարանում են հավաքել խոստացված 3 միլիարդ եվրոն փախստականների ընդունման ճամբարների ֆինանսավորման համար, նույնքան բարդ է մնում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսումը:
Թույլ և շփոթված Եվրոպայում հաջողության են հասնում պոպուլիստական ու ազգայնական կուսակցությունները: Չի դադարում եվրոյի ճգնաժամը, արդիական է մնում հունական հարցը՝ տնտեսությունը չի կարողանում հաստատուն աճի անցնել: Ժան Կլոդ Յունկերի կանխատեսումը հիմնավորված է թվում՝ 2016-ը անդորր չի խոստանում, ավելի շուտ՝ հին ու նոր փոթորիկներ: Եթե, իհարկե, անակնկալ հերքումներ չհայտնվեն:
Ադրիանա ՉԵՐԵՏԵԼԻ, Il sole 24 ore
Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծանր է եվրոպացիների կյանքը: Ոչ քուն ունեն, ոչ դադար: ՈՒր նայում ես՝ ճգնաժամ է: Ինչ անում ես՝ պրոբլեմ է: Ի՞նչ կանեին, եթե մեր տեղը լինեին: Ֆրանսիացիները կգրոհեին Բաստիլը նորից, իսպանացիները հանրաքվե կանեին ու կանջատվեին՝ ինչպես Կատալոնիան, բայց Մադրիդը թույլ չէր տա, մեծբրիտանացիները հանրաքվե կանեին ու ոչինչ չէին փոխի՝ ինչպես Շոտլանդիան, բայց Քեմերոնը նոր հանրաքվեի կգնար, գերմանացիները սուսուփուս տնտեսությունը կզարգացնեին, պորտուգալացիները կշարունակեին արևայրուք ընդունել ու աղքատությունից բողոքել, իտալացիները՝ նույնը, բայց ավելի փայլով ու թափով, Բալկաններում կպատերազմեին, բալթիկացիները կպահանջեին պատժել Ռուսաստանին, ու՝ այդպես: ՈՒ գուցե իսկապես Ժան Կլոդ Յունկերը ճիշտ է՝ 2016-ը ջրի երկու կաթիլի պես նման է լինելու 2015-ի՞ն: Մնաց երկու օր, կապրենք՝ կերևա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ