ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ա՜խ, երնեկ էս Նոր տարին…

Ա՜խ, երնեկ էս Նոր տարին…
25.12.2015 | 01:55

Տարիների հինն ու նորը խիստ պայմանական են: Քանզի «իրական» ժամանակում մեկ օրը հազար տարի է, հազար տարին` մեկ օր: Չափումների ներքին խորքն է կարևոր:
Իսկ կարևորը, ինչպես պատվիրակում է Փոքրիկ Իշխանն իր աղվեսին, աչքի համար անտեսանելի է:
Իսկ անտեսանելի է, որովհետև «մեծը» չի որոնվում: Ոչ մեկի կողմից: Դրա համար էլ, ինչպես ասում են, «պոզիտիվ չկա» Հայաստանում. բացասականությունը լափում է ամենքին ու ամեն ինչ: Այդ թվում և հոգում եղող «տաճարները», ուր ոչ միայն մոմեր չեն վառվում, այլև վառվածներն են ծխահոտ արձակում:
Այդ իսկ պատճառով, գոնե տարվա ավարտին, փորձենք նայել «մեծորեն»:
ա) Հայաստանը տարին գլորեց, ճիշտ է, ոչ առանց կորուստների. սահմանում «մարդակերի» դիպուկահարներից խոցված տղերքի շիրիմները դեռ մխում են կորստի ցավից, սակայն լայնամասշտաբ պատերազմ դեռ չկա, ու հուսանք, որ երբեք չի լինի: ՈՒրախանանք, որ 1915-ի ավերների կողքին այս մի 15-ին ունենք պետականություն, ունենք բանակ, ունենք անձնազոհ տղերք, որոնք կանգնած են հայոց պետականության սահմաններին:
ՈՒ փառք նրանց:
բ) Նույն այդ պետականության բարձր հովանու ներքո հայոց երկիրն այս տարի հնարավորություն ունեցավ ոչ միայն սգալու, երկինք համբառնալու իր ամենամեծ կորստի օրը` Եղեռնի 100-րդ տարելիցին` միանալու երկնային ուղին զոհաբերությամբ ընտրած երկու միլիոնին, հանուն որոնց ղողանջեցին աշխարհի բոլոր հայոց զանգերը, ու այդ պահին հայոց կողքին էին աշխարհի մեծերը, վատիկանյան մայր տաճարում էլ բարձրացան հայոց պատարագման կանչերը, այլև հայոց Մեծն աշխարհից ճանաչվեց որպես տիեզերական հանուր վարդապետ:
ՈՒ նարեկացվեց Հայքը նրանով:
գ) Հայաստանը կարողացա՞վ, իր ՀԱՊԿ անդամ լինելուն զուգահեռ, համաշխարհային այլ կառույցների հետ նստել-վեր կենալ: Կարողացավ։ Տե՛ս ԵՄ բանակցությունների նոր սկիզբը, ՆԱՏՕ-ի ՀԿ ներկայացուցիչ Ապաթուրայի` Հայաստանի հետ համագործակցությունից գոհունակությունը:
Խորհուրդ` մարդկանց, կամք` Աստծո:
դ) «Էլեկտրիկ Հայաստանն» աշխարհին ապացուցե՞ց, որ ի տարբերություն Ադրբեջանի, ուր լիկվիդացվեց մի ողջ անվտանգության համակարգ ու «ինքնասպանվեցին» հատուկ ծառայության սպաներ, ուր բանտերում իրավապահներ ու լրագրողներ իրավազրկվեցին, իսկ Նարդարանում բախումներ եղան կանանց հետ, Հայաստանում ոստիկանները «էլեկտրիկներին» «պարելով» հանեցին Բաղրամյանից:
Լավ չէ՞ր: Բայց վատ էլ չէր:
ե) Հայաստանում հանրաքվե տեղի ունեցավ («ինչու»-ն գիտենք. բայց մենք «պոզիտիվն» ենք դիտարկում): ՀՀԿ-ին թվում էր, թե դա անում է ինքնարտադրվելու համար, սակայն կարծես նաև տիեզերաբանորեն ողորմություն էր տրվում այս ժողովրդին, հայրենիքին, որ նրա նախկին ու ներկա նախագահները ռետինի նման չձգձգեն այս երկիրը` իրենց պատկերի, շահերի ու ամբիցիաների հանգույն, ու նրանց «էրան» ավարտվեց` նորի համար տեղ բացելով:
Հիասքա՞նչ է: Իհարկե:
Իսկ հիմա ամենա-ամենա-«պոզիտիվի» մասին:
զ) Հայն այդ ամենից դենն ու առաջ ունի Աստված:
Որ իրեն կանչողներին ու որոնողներին երբեք ամոթով չի թողնում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ