ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մեր Կանաչ Դաշտը

Մեր Կանաչ Դաշտը
25.12.2015 | 01:45

2015-ը ամփոփելու համար վաղուցվա մի պատմություն, գուցե փիլիսոփայական պարադոքս՝ Բուրիդանի ավանակի մասին: Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բուրիդանին հետաքրքրում էր՝ ինչպես կպահի իրեն ավանակը, որ հայտնի էր դեռ Արիստոտելի գործերից, եթե հայտնվի երկու հավասարապես գայթակղիչ կերերի արանքում, կկարողանա՞ ռացիոնալ ընտրություն կատարել: Ավանակը՝ ավանակ, Բուրիդանը՝ փիլիսոփա լինելով, բարոյական դետերմինիզմի խնդիրն էր բարձրացնում՝ համոզված, որ մարդը պարտավոր է ընտրել ավելի մեծ բարին, ընդունում էր, որ ընտրությունը կարող է հապաղել՝ ամեն առանձին դեպքի արդյունքներից ելնելով: Փորձից հետո ավանակի պատմությունը թևավոր խոսք դարձավ: Երկու հավասարարժեք խոտախրձերի ու տատանվող ավանակի պատմությունը մեջբերողները պնդում էին, որ ավանակը կսատկի սովից: Համենայն դեպս՝ այդ կարծիքին էր Լայբնիցը: Տրամաբանորեն՝ ռացիոնալ ավանակը սովից չի սատկի, թեպետ հայտնի չէ՝ ա՞ջ կողմի խոտախուրձը կընտրի, թե՞ ձախ: Գուցե նախ՝ մեկը, հետո՝ մյուսը, ինչո՞ւ ոչ: Կարող է հերթով մեկից էլ, մյուսից էլ համտեսել: Կարող է խրձերը մեկտեղել: Ոչ մեկը չընտրելու տարբերակը վատագույնն է՝ սովից կսատկի, ուրեմն՝ չի ընտրի: Փիլիսոփա և գիտության մեջ փորձով ստացված տվյալներին հակված Ժան Բուրիդանը գնաց ու ավանակ գտավ: Երեք օրուգիշեր նա ու ավանակի տերը հետևում էին, թե ինչ կանի ավանակը խոտի երկու խրձերի միջև կանգնած: Գուցե երեքն էլ սովամահ լինեին, եթե ավանակի տիրոջ համբերությունը չհատեր և նա չմիացներ խրձերը՝ քաղցած ավանակի ավանակությունից զայրացած: Ձախողվե՞ց գիտափորձը, թե՞ վկայեց, որ ավանակը ռացիոնալ մտածողության ունակ չէ, ու ճիշտը Լայբնիցն էր: Դուք գնահատեք:

Ի՞նչ ենք ընտրում մենք: Ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ է մեր ընտրությունը, մտածողությունն՝ ընդհանրապես: Ֆրանսիացի չենք, բայց Բուրիդանի ժառանգորդնե՞րն ենք, որ փորձադաշտ է համարում կյանքը, աջ ու ահյակի, վերև ու ներքևի ճշտումների մեջ է: Թե՞ ավանակն ենք, որ չի կողմնորոշվում` խոտի ո՞ր խրձի մեջ է երջանկությունը: Կամ՝ ավանակի տե՞րը, որ սպասում է՝ ավանակն ի՞նչ կանի: Հանուն փորձի իրապատում լինելու՝ ասեմ՝ մեր ժամանակներում փոխվել են պայմանները. մի խուրձը հեռու է, բայց հյութեղ, մյուսը՝ չորուկ, բայց քթներիս տակ: ՈՒ հիմա չգիտենք՝ մի քանի քայլ անե՞լն է ճիշտ՝ կարգին սնվելու համար, թե՞ ինչ կա, նրանով բավարարվենք: Բայց որ լռվել ենք ու տեղապտույտի մեջ ենք, փաստ է:
Պետություններ կան, որ Սահմանադրություն ընդհանրապես չունեն, մենք ունենք երկուսը: Երկուսն էլ գործող: Պատմական կազուս է: Ժամանակավոր: Հետո կունենանք մեկը, երբ ուժի մեջ մտնեն բոլոր հոդվածները՝ ընտրությունների հետ: Կարո՞ղ էինք ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անել՝ 100 % համամասնական ընտրակարգով, կարող էինք, բայց չունենք Սահմանադրությանը համարժեք Ընտրական օրենսգիրք: Կունենանք եկող տարի: Իսկ 2016-ից մինչև 2017 մի ափաչափ է՝ իմաստ չունի արտահերթ ընտրությունների: Եվ հետո՝ կուսակցությունները պիտի պատրաստվեն՝ ներսուդրսով, վերևուներքևով, աջուահյակով ճշտումներ անցնեն՝ նոր ընտրության ներկայանան: Այսինքն՝ մենք ընտրել ենք գնալ անարտահերթ հերթականի ճանապարհով: Ռացիոնա՞լ է: Այո: Ռացիոնալ կլինի՞ հետո կատարված ընտրությունը: ՈՒնենալո՞ւ ենք ընտրություն: Թե՞ ավանակի մեր գործը նախապես հեշտացվելու է՝ խոտի բոլոր խրձերը մի կողմում են շարվելու: Մի թեթև փաթեթավորումը փոխած կլինեն, բայց ներսում նույն խոտն է: ՈՒմ էլ ընտրենք, նույն խորհրդարանն ենք ստանալու՝ հույժ կառուցողական, խիստ կայուն ու միայն մեծամասնական:
Փոխելո՞ւ է իր ռազմավարությունն ու մարտավարությունը ՀՀԿ-ն պետական կառավարման նոր մոդելի ներդրումով: Ինչո՞ւ փոխի: ՀՀԿ-ի համար ոչինչ չի փոխվում ընտրակարգի փոփոխությամբ: Առաջվա պես մնում է նվիրական ցուցակը, որ Պեպոյի բարաթի պես ոմանց համար կարող է կորչել ու չգտնվել, ոմանց համար՝ կորչել ու գտնվել, ոմանք իրենք են գրում: Ընտրացուցակի ամեն սյունակը ներկուսակցական շահերի բախում է, ընտրություններից առաջ որևէ ՀՀԿ-ական չի կարող ապավինել իր ծառայություններին, կուսակցական ու պետական աշխատանքի ստաժին, արժանիքներին, գիտելիքներին ու փորձին: Նրանց բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, իսկ այդ Հռոմի կեսարը գործող նախագահն է, որ նաև ՀՀԿ նախագահն է: Ընտրացուցակային դասավորության խնդիրները հանգելու են անձնական նվիրվածության վարկանիշային ցանկին:
Ի՞նչ կանի ԲՀԿ-ն: Կուսակցություն, որ կա և չկա, որի առաջ փայլուն հեռանկարներ են բացվում՝ ինտեգրվելու օրենսդիր ու գործադիր իշխանության ստեղծվելիք բուրգում, որը գործնականում չունի ծրագրային ու նախընտրական խնդիրներ՝ ընտրություններից առաջ: Նոր խորհրդարանում միայն յուրայինները կլինեն, առավել ևս, եթե Ռոբերտ Քոչարյանը, որ Ժան Բուրիդանի գիտափորձի կլասիկ օրինակ է, այդպես էլ շարունակի աջ ու ձախ նայել ու լռվել տեղում:
ՀՅԴ-ն ի՞նչ կանի: ՀՅԴ-ն ստացավ իր քննադատած նախկիններից ոչնչով չտարբերվող հանրաքվեով անցած Սահմանադրություն և հույս ունի իբրև գաղափարի նախակարապետ՝ ստանալ առաջին հանրապետության խորհրդարանի պատկերը: Գոնե մեկ երրորդով ինտեգրվելով կոալիցված իշխանության մեջ: ՀՅԴ-ն իր ռացիոնալ ընտրությունը չի փոխել՝ միշտ իշխանություն, իշխանության հետ, բայց ընդդիմադիր կերպարով, որովհետև այդպիսին է ժողովուրդը:
ՕԵԿ չի լինի, կլինի «Վերածնված Հայաստան»: Եթե Արա Աբրահամյանի քաղաքական մուտքը Հայաստան ստացվի պլան Բ-ի համաձայն, հայրենիքում «վերածնվածները» համատեղ կկատարեն ոչիշխանության հրաշալի դերը՝ լրացնելով նախկին ԲՀԿ-ի թափուր տեղը: Նրանք չեն լինի իշխանություն ու չեն լինի ընդդիմություն ու այդպես էլ կքվեարկեն՝ ազատ, ով՝ ինչպես, բայց խիստ կանոնակարգված: Ի՞նչ կանի Արթուր Բաղդասարյանն անձամբ: Կփորձի դառնալ վարչապետ, կամ՝ նախագահ: Չստացվի՝ ընդդիմադիր:
«Ժառանգության» խորհրդարանական տասնամյակը կավարտվի, կարող են ինտեգրվել այլ կուսակցությունների, ԱԺ-ում նրանց եզրափակիչ հյուրախաղերն են:
ՀԱԿ-ը, որ ԲՀԿ-ից հետո եռանդուն փորձեց ու չդարձավ ընդդիմադիր դաշտի առանցք, ռազմավարական ու մարտավարական մանևրներ կձեռնարկի ու նայած գործարքի մակարդակին ու ձևաչափին՝ գուցե և ներկա կազմից առանձին մանդատներ պահի: Լևոն Տեր-Պետրոսյանն անցել է վաստակած հանգստի և ոչ միայն տարիքը, այլև քաղաքական անբարենպաստ դասավորությունն է նրան այդ իրավունքը տալիս, ռևանշը նա կժառանգի իրենից հետո եկողներին: Եթե լինեն:
Ի՞նչ կանեն նոր կազմավորված կուսակցությունները, որ լուծում են ինստիտուցիոնալ, կառուցողական ընդդիմության ստեղծման խնդիրը՝ «Ալյանս», «Քաղաքացիական նախաձեռնություն», «Լուսավոր Հայաստան»: Ինչ և պահանջվում է իրենցից՝ փակել ընդդիմադիր դաշտը: Ամուր փակել: Նրանք նույնպես մեկ ուղղությամբ շարված խրձեր են, որ ընտրության գնացող ավանակներիս համար դժվարություն չեն հարուցելու ընտրելիս ու ընտրելուց հետո:
Կլինե՞ն այդ շարքում այլ կուսակցություններ: Իհարկե, մեկուկես տարի պարապ չենք նստելու: Վարդան Օսկանյանը (Ռոբերտ Քոչարյանն էլ հետը) կա ու կա՝ կմտածի-կմտածի, մեկ էլ տեսար՝ կուսակցություն ստեղծեց: Եթե ոչ նա, կան ուրիշները: Խառնակ գաղափարներ կան, քաղաքացիական բազմազան նախաձեռնություններ, քաղաքական էլիտայի սերնդափոխություն, տնտեսական դաշտի վերաբաշխում, ֆինանսների տեղաշարժ՝ բոլոր խնդիրները կցուցակվեն ու կբաշխվեն ըստ կարևորության տարբեր, բայց անխախտ սեփական, կուսակցությունների վրա՝ ժողովրդավարական լուծումներ գտնելու: ՈՒ ի՞նչ: Ընտրության գնացողներս ունենալու ենք մե՞կ ուղղությամբ շարված կուսակցական խրձեր, որ մարտավարական նկատառումներով ցրված են աջ ու ահյա՞կ: Խորհրդարանը կնշանակի վարչապետ ու կընտրի նախագա՞հ: Սահմանադրության «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» պոստուլատը համարենք անվավե՞ր: Թե՞ մենք ենք անվավեր:
Ինչո՞ւ էր Ժան Բուրիդանն իր գիտափորձի համար ընտրել ավանակին, ոչ թե, ասենք, ձիուն, կատվին, կապիկին, շանը, փղին: Որովհետև Արիստոտե՞լն էր հիշատակում, իսկ Արիստոտելի ժամանակ ավանակը շատ պատվարժան ու համայնքի կյանքում ամենաինտեգրված կենդանի՞ն էր, չունե՞ր մեր օրերի իմիջը: Ի վերջո, կարևոր չէ ու հնարավոր չէ պարզել: Գիտափորձի պայմանները որոշում է հեղինակը, արդյունքները վերաբերում են բոլորին: Միշտ էլ կարելի է փոխել գիտափորձի պայմանները՝ նոր ժամանակների նոր խնդիրները լուծելու համար: Գուցե հրաժեշտ տանք ավանակի՞ն: Մոլորվածի, շվարի ու բարդույթավորվածի, սպառողի ու «տվեք՝ ապրեմ»-ի իմիջից դուրս լողանք ու ավանակի մեր անջուր մարգագետինը փոխարինենք ծովով, որ հեռանկար է բացում (բարկացավ՝ ցունամի), բայց լողալ պիտի սովորես: Լողալ պիտի սովորես, հետո՝ լեռը բարձրանալ: Ոչ ոք ոչինչ հենց այնպես չի տալիս: Տվեց՝ ամեն պահի կարող է հետ պահանջել՝ տվածն էլ, տվածի տոկոսն էլ: Փոխվել են՝ գիտափորձի պայմանները մեր ժամանակներում փոխվել են, մենք շարունակում ենք մնալ Բուրիդանի ավանակը, որ ելակետում կանգնած՝ մտմտում է՝ ա՞ջ, թե՞ ահյակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ էլեկտրիկ Երևա՞նը: Իսկ չկայացած աուդի՞տը: Իսկ ՀԷՑ-ի անհասկանալի վաճառքն ու անհասկանալի հետևանքները՝ խոստումը կատարած, թե չկատարած նախագահից՝ վարչապետ և քաղաքացիական ընթացիկ նախաձեռնություններ: Ինչքա՞ն է լինելու էլէներգիայի սակագինը: Իսկ չգործարկված «Նաիրի՞տը»: Խայտառակ շատ բե՞րքը՝ խաղողից՝ վարունգ, որ կամ թափվեց, կամ մթերվեց, բայց գյուղացին գումար չի ստացել: Միայն գյուղնախարարն է ասում՝ ամեն ինչ լավ է: Արդեն չասեմ՝ հանրաքվեն, որ դասական օրինակ է՝ ինչպես մի պետության մեջ իրար չեն հանդիպում քաղաքացին ու իշխանությունը, մեկն աշխատանք է ուզում, մյուսը համակարգ է փոխում: Մեկը հեռանում է, մյուսը՝ մնում: ՈՒ՝ Ղարաբաղը, երբ խաղաղության համաձայնագիր կնքելու փոխարեն հայտարարվում է՝ չկա հրադադար, կա պատերազմ: Չհայտարարված, բայց չդադարող:
Բուրիդանի ավանակի դերին լավ էլ ընտելացել ենք, ու հանգիստ սպասում ենք՝ ինչ կտան, ոչ էլ ընտրում ենք՝ ինչ տվին՝ տվին, ոչ էլ տվողի երեսին ենք նայում, կարևորը ձեռքն է: ՈՒ դա 2015-ի՝ նախորդող տասնամյակներից ժառանգած վատագույնն է, որ չպիտի 2016-ին ու հաջորդող տասնամյակներում շարունակենք: Մնացածը կամաց-կամաց տեղը կընկնի, ոչ Սահմանադրությունը, ոչ ընտրությունները կխանգարեն, ոչ արտաքին ազդակները, որ գալիս-տեղ են հասնում ու տեղում ուղարկողի հարցերն են լուծում: Ժան Բուրիդանի անվան փորձադաշտից պետք է դուրս գալ Մեր Կանաչ Դաշտը:
Բարի Ամանոր:

Դիտվել է՝ 2776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ