ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը: Ինքնին աշխարհի ամենակարևոր իրողությունը չէ, բոլորն էլ գիտեն՝ ում և ինչի համար է ՀԱՊԿ-ը ստեղծվել, ինչու է գործում կամ չի գործում: Փաստացի՝ լինելով ռազմաքաղաքական դաշինք, ՀԱՊԿ-ը մինչև այսօր գործել է միայն իբրև քաղաքական կառույց՝ ռազմական որևէ գործողության մասնակից չլինելով: ՀԱՊԿ-ի բախտը պարզապես բերել է, բայց ոչ ՀԱՊԿ բոլոր անդամների: Համենայն դեպս՝ Հայաստանի: ՈՒ բոլորս արդեն սկսել ենք տարբերել սահմանին միջադեպն ու ագրեսիան, որ դեպքում ՀԱՊԿ-ը ինչ կարող է ու ինչ պիտի անի՝ իր կանոնադրության համաձայն: Բայց որևէ մեկը Հայաստանում ՀԱՊԿ-ի հետ չի կապում Հայաստանի անվտանգությունը: Հայաստանի երդվյալ ռուսամետները պարբերաբար բացատրում են, որ ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, ոչ թե լրատվական գործակալություն կամ հեռուստատեսություն, որ իր բոլոր գործողությունները ուղիղ եթերում կատարի կամ անհապաղ լուրեր թողարկի: Նաև բացատրում են՝ մի քիչ էլ հեգնանքով, որ անհրաժեշտն արվում է ու պետք չէ ամեն ինչին կասկածով վերաբերվել: Իսկապես: Ինչո՞ւ կասկածել կամ տագնապել: Բայց երեկ Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել, որն այլ կերպ չես անվանի, քան ապստամբություն: Գուցե նաև՝ վարման կարգով հեղափոխություն: Եթե հաշվի առնենք, որ հազիվ թե նրա՝ կառույցում մինչև այսօր հնչած ամենախիստ ու ամենահասցեական ելույթը, ՀԱՊԿ անդամներից գոնե մեկի համար հաստատ անակնկալ չէր, կառույցի կանոնադրության ու գործունեության համարժեքության խիստ վերանայում է պետք: ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախագահը խոսել է թուրքական օդուժի խփած ռուսական Սու-24-ի մասին և արձանագրել, որ փաստը լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին: Նաև արձանագրել է, որ յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման: Իսկ հետո Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ականների համար օրինակ է բերել, թե ինչպիսին պիտի լինի ռազմաքաղաքական դաշինքը՝ գործուն դաշինքը: Եվ օրինակը եղել է ՆԱՏՕ-ն: Սա իսկապես հանդգնություն է, եթե հիշենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ը մարմնավորում է Մոսկվային, ՆԱՏՕ-ն՝ Վաշինգտոնին: «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիան խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»՝ ասել է ՀՀ նախագահը: Առաջներում օրինակ բերելով՝ նա կսահմանափակվեր, բայց Սերժ Սարգսյանը շարունակել է խոսքը՝ ուղղակի հակադրելով միմյանց ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն՝ անվտանգության ապահովման տեսակետից բացահայտ առավելությունը տալով ՆԱՏՕ-ին. «Ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետներ և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նման հայտարարությունից հետո, եթե ոչինչ չի փոխվում, կազմակերպությունից հեռանում են, որովհետև հեղինակությունն ու կարևորությունը կորցրած կազմակերպության հետ հույսեր կապողը արդեն ինքն է մեղավորը: Իսկ ի՞նչ կարող է փոխվել ՀԱՊԿ-ում, եթե ոչինչ չի փոխվում ՀԱՊԿ անդամ երկրներում: Համենայն դեպս՝ ՀՀ նախագահը, չբավարարվելով ՀԱՊԿ-ՆԱՏՕ քաղաքականապես վտանգավոր համեմատությունից, երբ առավելությունը Հյուսիսատլանտյան, ոչ թե հետխորհրդային դաշինքին է տվել և մեկ-առ մեկ մեղադրանքներ է ներկայացրել ՀԱՊԿ անդամներին, խոսքի ավարտին ոչ միայն չի «լղոզել» (ինչպես ինքը սիրում է ասել հեռուստահարցազրույցներում), այլև երրորդ քայլն է արել՝ «Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրմանը, ցավոք, Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել։ Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994 թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, նրա համար որքան Թուրքիան, նույնքան ՀԱՊԿ անդամներն են «դրսի կողմ», և դա գիտի ոչ միայն ՀՀ նախագահը, այլև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: Հետաքրքիր է, թե ինչպես են ՀՀ նախագահի ելույթին արձագանքել նրա գործընկերները: Դատելով Սերժ Սարգսյանի ելույթի հրապարակումից՝ կամ ընդունել են ի գիտություն ու գերադասել են թեման չզարգացնել, կամ՝ ոչ այնքան համարժեք են գնահատել կազմակերպության կանոնադրության և իրականության, իրենց հայտարարված ու իրական նպատակների ակնհայտ հակասությունները, որ բարձրաձայնել է Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ է հետևելու նրա ելույթին: ՀԱՊԿ-ը փոխելո՞ւ է քաղաքականությունը և ՀԱՊԿ անդամները դադարելո՞ւ են Հայաստանի դեմ քվեարկել միջազգային կազմակերպություններում, թե՞ Հայաստանն է դադարելու նրանց օգտին քվեարկել: Այլևս երրորդ երկրների (կարդացեք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի) հետ չե՞ն ընդունվելու երկկողմ հայտարարություններ՝ Հայաստանի դեմ: Ավելին՝ համաձայնագրեր չե՞ն կնքվելու, ՀԱՊԿ անդամները զենք չե՞ն վաճառելու Ադրբեջանին, ԵԱՏՄ չե՞ն հրավիրելու, Թուրքիայի հետ չե՞ն բանակցելու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, որոնք հակասում են Հայաստանի շահերին: Բնականաբար՝ ոչ: Բայց առաջին անգամ է, որ Հայաստանը պարբերաբար բողոքելուց ու մեղմորեն հանդիմանելուց հետո հասցեական մեղադրում է՝ ակնհայտ է, որ շատ լուրջ փաստեր կան, որոնց մի մասն է միայն այս ելույթը երևակում՝ ինչպես սառցալեռը, որի երևացող մասը զիջում է չերևացող հիմնական զանգվածին: