ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պուտինի կարծիքով` թուրքերը «որոշել են ամերիկացիների մի տեղը համբուրել»

Պուտինի կարծիքով` թուրքերը «որոշել  են ամերիկացիների մի տեղը համբուրել»
22.12.2015 | 00:30

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն տասնմեկերորդ տարեվերջյան մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, զարմանալի էր։ Նախ, հավատարմագրվել էր աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների գրեթե մեկուկես հազար ներկայացուցիչ։ Երկրորդ, այն, համենայն դեպս, բավական կարճ տևեց, անգամ եթե համեմատելու լինենք 2014 թ. նույնպիսի ասուլիսի հետ։ Իհարկե, հետաքրքիր է, սրահում կայի՞ն, արդյոք, մեր հայրենական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Որ դահլիճում լիքը թուրքեր ու ադրբեջանցիներ էին, երևում էր։ Ի դեպ, նախօրեին բաքվեցի մի գլուխգովան «Վեստի» լրատվական ծառայության հեռուստադիտողներին խոստացել էր, թե, իբր, անպայման հարց է տալու հայ-ադրբեջանական հակամարտության և դրա կարգավորման վերաբերյալ։ Այսինքն` մեր Արցախի։ Հետաքրքիր է, այնուամենայնիվ, աշխատում ամերիկյան արտաքին քաղաքականությունը, նրա հետևից էլ` ադրբեջանական ագիտպրոպը։ Այնտեղ` ԱՄՆ-ում, մի նահանգ էլ է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, բայց և բոլորը հասկանում են, որ, ասենք, Մագադանի մարզի օրենսդիր ժողովի կամ Ֆրանսիայի Վոգեզի դեպարտամենտի կողմից Արցախի անկախության ճանաչումը միջազգային ասպարեզում Արցախի կարգավիճակի մեջ որևէ բան չի փոխի։ Այդուամենայնիվ, մեր քաղաքացիներն ու հույժ ամերիկամետ հայրենակիցները աշխարհի բոլոր երկրներում հպարտորեն գրառում են համացանցում, թե, տեսեք, ահա Ամերիկան, ահա մեր ամենաիսկական բարեկամն ու օգնականը։
Անհեթեթություն։ ԱՄՆ-ը մեր ամենաազնիվ գործընկերը չի եղել պատմության ընթացքում։ Դա այն երկիրն է, որի ներկա նախագահ Օբաման Ամերիկայի դատարաններին «հաստատակամորեն խորհուրդ տվեց» 1915-21 թթ. Հայոց ցեղասպանության ժառանգներից հայցեր չընդունել ընդդեմ Թուրքիայի` կապված ժամանակին ամերիկյան և եվրոպական բանկերի ստորագրած ապահովագրական փաստաթղթերի հետ։ Իսկ Արցախի անկախության ճանաչումը Նևադայի նահանգի կողմից, ժողովրդի լեզվով ասած, «աչքին թոզ փչել է», ոչ ավելին։ Սակայն ադրբեջանցի գլուխգովանին կամ հարցի իրավունք չտվեցին, կամ ինքը «խելքի եկավ», լսելով Ռուսաստանի նախագահի կոշտ պատասխանները Վրաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչներին, ընդ որում` պարկեշտության սահմաններում։ Օրինակ, այն մասին, թե թուրքերը ամերիկացիների որտեղն են «համբուրել», Պուտինն արտահայտվեց շատ ավելի բաց և կոշտ ձևով։ Բայց դահլիճը բավական բուռն ծափահարություններով ընդունեց մամուլի ասուլիսի գլխավոր հերոսի կոշտ հակաթուրքականությունը։ Վրացիները հարցը կոռեկտ տվեցին, կոռեկտ էր նաև պատասխանը, որի իմաստը, հատկապես Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով, հետևյալն էր. «Ինքներդ եփել եք, ինքներդ էլ կերեք»։ Ռուսաստանը ո՛չ աբխազներին, ո՛չ օսերին ոչ մի տեղ մտադիր չէ «վերադարձնել»։ Իսկ Վրաստանի քաղաքացիների համար վիզաները լիովին կարող է և վերացնել։ Դրանից հետևում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան կշարունակեն ամրապնդել իրենց անկախությունը Ռուսաստանի խնամակալության ներքո, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ վրացիները խելք չեն հավաքել և չեն սկսել բարիդրացիական հարաբերություններ կառուցել հարևանների հետ, առանց ճղճղալու, թե «իսկ Վրացական ԽՍՀ-ն ներառում էր նաև Աբխազիան ու Հարավային Օսիան»։ ՈՒզում էիք, չէ՞, ԽՍՀՄ-ի փլուզումը։ Դե, վայելեք։ Չկա ՎԽՍՀ-ն, ուրեմն չկան նաև Աբխազիան ու Հարավային Օսիան «անկախ» Վրաստանի կազմում։ Թեև... այդ ումի՞ց է Վրաստանն այդքան անկախ։ Միայն ինքն իրենից. նույնիսկ հիմա էլ նույն Ռուսաստանից շարունակում է անուղղակիորեն «կախված մնալ»։ Էլ չեմ խոսում Թուրքիայից ու Ադրբեջանից վրացիների կախվածության մասին։
Կարծես արևելաուկրաինական (ռուսերենի խոսվածքով), բայց մտածելակերպով բացահայտորեն բանդերական «խախոլը» իրեն հանդուգն պահեց. սակայն այստեղ էլ Պուտինը կոռեկտ մնաց։ Սակայն կոշտ ու խիստ։ Ընդ որում, նույն իմաստով` դուք եք եփել, դե ինքներդ էլ պատասխան տվեք։ Դուք` բանդերական խախոլներդ, իմ զորքերն այդպես էլ չեք տեսնի, բայց ահա 2016-ի հունվարի 1-ից ձեր արտադրանքը մեզ պետք չէ. ուզում էիք Եվրամիությո՞ւն, դե գնացեք։ Ոչ ոք ինչ-որ ՈՒկրաինայի թույլ չի տա փլուզել Ռուսաստանի տնտեսությունը, ինչպես նաև ՌԴ-ի հետ ինտեգրացիոն և միջազգային խոշոր նշանակություն ունեցող կառույցներում (ՇՀԿ, ԵԱՀԿ) ընդգրկված երկրների տնտեսությունները։ Համոզված չեմ, թե ուկրաինացին հասել է իր նպատակին` «մի լավ վախեցնել» Պուտինին, անուղղակիորեն նաև ամբողջ Ռուսաստանին։ Ավելի շուտ կորցրել է գլուխը, չէ՞ որ, ըստ էության, այլևս ՈՒկրաինա չկա։ Ահա լուրեր են պտտվում. «արագ արձագանքման», այսպես կոչված, լեհ-ուկրաինական գումարտակում, որը տեղակայված է Լվովում, 70 %-ը լեհեր են։ Այսքան հանգիստ զիջում են արևմտաուկրաինական խախոլական «բանդերիզմի»-ֆաշիզմի կենտրոնն ու պատվա՞րը։ Չէ՞ որ դա Լվովի մարզի իսկական անաղմուկ զավթում է։ Դե, դուք էիք ուզում, չէ՞։ ՈՒրեմն` ստացեք։ Պուտինը շա՜տ բան չասաց։ Այնպես որ, ինքս հիշեցնեմ. Վոլինի մարզից քշված լեհերի` կրեսների, շարժումն արդեն ավելի քան 100 հազար հայց է նախապատրաստել ընդդեմ ՈՒկրաինայի։ Իսկ այնտեղ խոսվում է ոչ միայն նյութական վնասներ հատուցելու, այլև սեփականություն ու հողատարածքներ վերադարձնելու մասին, էլ չենք խոսում տների, գործարանների, ֆաբրիկաների մասին։ Դրանցով պահանջվում է նաև պատժել ОУН-УПА ֆաշիստական կազմակերպությունների դեռևս ողջ անդամներին: Դրանք գերմանացի նացիստների բացահայտ ու առավել «նախանձախնդիր» աջակիցներն էին, փաստորեն, զավթված տարածքներում (ընդ որում, ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Լեհաստանի) գերմանական SS-ի զորքերի օժանդակ ջոկատները։
Ինչ վերաբերում է Թուրքիային և Սիրիային, ապա շատ բան ասվեց. երևի հենց Պուտինի այդ մոտեցումն էր, որ օտարերկրյա շատ լրագրողների զրկեց նախաձեռնությունից։ ՈՒ լռեցին ամերիկացիները, սսկվեցին թուրքերը, եվրոպացիները։ Բաշար Ասադը հաստատ մնում է, տիկնայք և պարոնայք։ Պուտինը չասաց, թե ինչու։ Նա սոսկ հիշեցրեց, որ այդ հարցում ՌԴ-ի դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու։ Ես, իմ կողմից, համեստորեն հիշեցնեմ` Ասադի հարցը սկզբունքային է Իրանի համար, իսկ վերջերս Թեհրանը վերստին հավաստեց, որ Ասադի հարցով «իրեն նույնիսկ չմոտենան», քանի որ թե՛ «Դամասկոսն է մնում որպես Թեհրանի նախադուռ, թե՛ Ասադն է (նաև Ռուսաստանի կարծիքով) մնում որպես օրինականորեն ընտրված նախագահ, և ոչ ոք իրավունք չունի դրսից Սիրիային պարտադրելու, թե ում է պետք «հանել» և ում «թողնել» ու «դնել»։ Դե, իսկ Ռուսաստանն ու Իրանը ինչ-որ ժամանակավոր դաշնակիցներ չեն` շահերի զուգադիպմամբ։ Ահա Իրան են գնում T-90 տանկերը, ժամանակակից ռուսական հրթիռային և տորպեդային տեխնոլոգիաները ևս արդեն Իրանում են։ Դեռևս կասկածողներ կա՞ն, որ Հայաստանի ու Արցախի հարևան այդ երկու երկրներն արդեն աշխատում են նաև որպես ռազմական դաշնակիցներ։ Դե լա՜վ, վերջ տվեք, տիկնայք և պարոնայք, ծիծաղելի կլիներ։ Դուք ի՞նչ է, բանի տեղ եք դնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն դատարկաբանությունը, թե «ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ Թուրքիան մեկ շաբաթում կնվաճի՞ Ռուսաստանը»։ Սա ավելին չէ, քան թուրքի բթամտություն։ Երևի սա դպրոցում պատմությունից միշտ «անբավարար» է ստացել, այլապես կհիշեր, որ իր ասած «հետամնաց» Իրանը Թուրքիայի հետ ունեցած ինը պատերազմից ութում հաղթել է, էլ չենք խոսում Ռուսաստանի մասին, որն Արևմուտքի երկրներից առայժմ չի ջարդել միայն ԱՄՆ-ի ողնաշարը։ Բայց ի՞նչ իմանաս, գուցե այդ ժամանակն էլ գա։ Չէ՞ որ ասաց Պուտինը` իրեն նույնիսկ Սիրիայի բազաները պետք չեն` ինքնաթիռ հրթիռները պատրաստ են խոցելու թշնամու նույնիսկ 4-4,5 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։ Բայց դա, այնպես, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իսկ առայժմ հասկանալի է. քանի դեռ, լավագույն դեպքում, Թուրքիայում չի տապալվել նախագահ Էրդողանը, և չի ոչնչացվել «չափավոր իսլամականների» АКР կուսակցությունը, Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկի վերացնելու լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում։ Եթե երբեք չտապալեն Էրդողանին, ուրեմն երբեք այդ հարաբերությունների բարելավում չի լինի։
Պուտինը Սիրիայի և Թուրքիայի վերաբերյալ հարցերին պատասխանեց շատ հանգամանալի, համբերատար, ասես ցանկանալով, որ իր խոսքերը հասկանան անգամ այն մարդիկ, ովքեր շատ բան չգիտեն Թուրքիայի ու Սիրիայի մասին։ Եվ նրա կիսահարց-կիսահաստատումը, թե` թուրքեր, իսկ դուք հարցրե՞լ եք ամերիկացիներին, չէ՞ որ նրանց պետք է, որ դուք (այսինքն` թուրքերը) «ամերիկացիների մի բանը համբուրեք»։ Խորամանկ էր ակնարկը, ուզում էր ասել, թե ԱՄՆ-ը մաս-մաս է անում նրանց, ում մի ժամանակ բարձրագոչ անվանում էր դաշնակից ու բարեկամ (Սադամ, Քադաֆի, Մուբարաք և այլք)։ Իսկ առայժմ եթե ոչ ամբողջ Թուրքիայի, ապա, գոնե նրա ներկա ղեկավարության ճակատագիրը կանխորոշված է։ Թշնամությունը միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ նույնիսկ ԱՄՆ-ի ուժերից վեր է եղել։ ՈՒ ՆԱՏՕ-ն էլ հաստատ այդ բանը չի ցանկանա։
Ինչպես ասում են, «ուշ է, Թուրքիա, դու նրան չես սիրել, ում պետք է»։ Դեռ շատ բան կարող էր ասել Պուտինը թուրքական թեմայով։ Բայց շատ բան էլ ասաց։ Նրանց, ովքեր ունակ են ինքնուրույն մտածելու, մտորելու լսածի ու կարդացածի շուրջ, ինչպես նաև վերլուծելու ստացած տեղեկությունը։ Իշխանությունից կառչած Էրդողանն ու նրա АКР կուսակցությունը հիանալի երաշխիքներ են, որ Թուրքիայի գլխին խոր ու տևական դժբախտություն կախված լինի։ Իսկ թե ինչպես կարտահայտվի դա, գիտեք, այնքան էլ կարևոր չէ։ Կարծես պիտի, ի վերջո, հատուցվեն միլիոնավոր հայերի, հույների, այլ ժողովուրդների ներկայացուցիչների թափած արյուն-արցունքները, որոնք տարբեր դարերում տառապել են թուրքերի ու նրանց աջակիցների ֆաշիզմի ու պետական ահաբեկչության ձեռքին։ Ապրենք ու տեսնենք դա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ