ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կիկոն՝ կամրջի վրա

Կիկոն՝ կամրջի վրա
21.12.2015 | 18:21

Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Առանձնապես ոչինչ՝ տարեմուտն է մոտենում: Ոմանք ճամպրուկներն են հավաքում՝ Սուրբ ծննդյան տոներն ու Ամանորը արտասահմանում դիմավորելու, ոմանք գրպաններն են դատարկում՝ տանը Ձմեռ պապին ու հյուրերին ընդունելու: Նախագահն ու արտգործնախարարը Մոսկվայում են՝ նիստեր են նախագահում: Խորհրդարանն ավարտում է հերթական արտահերթը: Վարչապետն ու կառավարությունը տքնաջան եզրափակում են դժվար տարին: Դժվար՝ հատկապես վարչապետի համար, որ նաև սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի համակարգողն էր: Պաշտոնական արդյունքներով՝ նա պիտի ուրախ լիներ, բայց ինչպե՞ս ուրախանա մի մարդ, որ քանի տարի պատրաստվում էր նախագահ դառնալ, հիմա իր ձեռքով նախագահի պաշտոնը դարձրեց արարողակարգային: Դա էլ քիչ է, իրականում հանրաքվեում խայտառակ արդյունքներ ստացավ «Այո»-ի տեսակետից, ուրեմն ևս մեկ դագանակ ՀՀ նախագահի ձեռքում իր դեմ: Դա էլ քիչ է՝ ինչպես միշտ, փող չկա: ԵԱՏՄ-ից օգուտ չկա, Իրանը ռուսական կողպեքի տակ է, ԵՄ-ն գդալ-գդալ է ուղտին ջրում: Չինաստանը մնաց-մնաց՝ Վրաստանին գտավ: ԱՄՆ-ը տալիս է ու ասում՝ կոռուպցիան վերացրեք: Պատկերացնո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի վիճակը: Դաժան է կյանքը իշխանության վերին ոլորտներում: Իսկ փողոցո՞ւմ: Վալերի Օսիպյանին կարճատև ու վաստակած արձակուրդ տվեց «Նոր Հայաստանը»՝ մարզեր են գնում: Ինչո՞ւ են գնում, ի՞նչ են ուզում, ի՞նչ չգտան Երևանում, որ մարզերում են որոնում: Րաֆֆի Հովհաննիսյանը, իրավիճակից ելնելով, արդեն անգամ բարև չի տալիս, համարյա չի ճանաչում երկու տարի առաջ իր բարևին սպասող մարդկանց՝ այնքան են փոխվել, Ժիրայր Սէֆիլյանը մնում-մնում՝ աշխարհացունց հերթական հայտարարությունն է անում՝ բոլորն իրենց գործի վրա են: Ոչ ոք պարապ չէ: Տոնածառն ու Նոր տարին բոլորին մի քանի օրով հաշտեցնելու են: Շատ քչերն են Զահրատին հիշելու, որ ասում էր՝ Բարի կաղանդ ձեզ ու բարի պատրանք, բայց բոլորս էլ նրա Կիկոյի նման կամրջին կանգնած՝ չգիտենք՝ աջ գնալ, ձախ գնալ, տեղում մնալ, թե ջուրը նետվել: Իսկ ով գիտի, կամրջի տեղը չգիտի:
Երբ Ժիրայր Սէֆիլյանն ասում է՝ «Ով փողոցում չէ՝ ընդդիմություն չէ», ի՞նչ է իր ասածից հասկանում: Որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն չէ՞: Ընդդիմությունը միայն Զարուհի Փոստանջյա՞նն է: ՀԱԿ-ը դարձել է պարտվողակա՞ն, ՕԵԿ-ը փողոցի տեղը չգիտի՞, իսկ պաշտոնապես ընդդիմություն ԲՀԿ-ն ոչպաշտոնական իշխանություն է: ՀՅԴ-ն էլ կոալիցվելու ճանապարհի՞ն է: Բայց ո՞վ չգիտի: Որ փողոց դուրս չի գալի՞ս ժողովուրդը: Իսկ ինչո՞ւ դուրս գա: Րաֆֆուն տեսել է, Սէֆիլյանից հույս չունի: ՀՀԿ-ի Մատյան գունդը չեն կարողանում հաղթահարել, ո՞ւր մնաց ՀՀԿ-ից իշխանություն վերցնեն: Իսկ եթե իրենք չեն վերցնելու, նորից ժողովրդի վրա են գործը թողնելու, ժողովուրդն էլ երբ ուզի՝ այն ժամանակ ու այն մարդկանց հետ դուրս կգա, ում կհավատա: Իսկ մինչև այդ Հին, թե Նոր Հայաստանի իրենց ընդդիմադիր անվանողները փայլուն կատարում են իշխանության չհայտարարված խնդիրը՝ հողը իսկական ընդդիմության ոտքի տակից հանել, որ այլևս իշխանությանը մի աչքով տեսնել չցանկացող ժողովուրդը մյուս աչքը ընդդիմությանը չգցի: Չկա Հայաստանում ընդդիմություն, կան առանձին ընդդիմադիրներ, որ ոչ կառուցողական են, ոչ ինստիտուցիոնալ, ոչ համակարգային, ոչ էլ ուզում են այդպիսին դառնալ: Նրանք մտածում են բոլորովին այլ հասկացություններով, որ քաղաքական դաշտում ընդունված չեն, նրանց իշխանությունն անվանում է մարգինալ ու, որպես կանոն, հենց նրանցից է ամենաշատ զգուշանում, որովհետև մյուսների վրա լծակներ կան, իսկ ոչ համակարգայիններից ու ոչինստիտուցիոնալներից ի՞նչ պահանջես: Նրանց պարզապես մոտ չես թողնի քաղաքականությանը, որովհետև նրանք պետական ստանդարտից դուրս են՝ ժողովրդավարությունից են խոսում ու այլ չափանիշներ են բերում, քան «ընդունված է» Հայաստանում, ասում են՝ ԵԱՏՄ-ն սխալ էր, պետք է ուղղել, ամեն առիթով-չառիթով փողոց չեն վազում, թե եկեք մեր հետևից՝ մենք իշխանություն ենք փոխելու, բայց եկեք մի քանի հազարով, գոնե կես միլիոնով: Նրանք տարված չեն կեղծ համախմբում ու «համաժողովրդական» ֆինանսական շարժում ձևավորելու մարմաջով, ոչ էլ ուզում են համահայկական առաջնորդ դառնալ, խրամատներ չեն ձևավորում՝ մենք ճիշտ ենք, դուք սխալ եք, բաժանարար գծեր չեն գծում՝ մենք ընդդիմություն ենք, դուք ընդդիմություն չեք: Խորհրդարանում բարձրագոչ հայտարարություններ ու նախապես ճշտված բացահայտումներ չեն անում, անգամ խրտվիլակներ չեն այրում: Նրանք պարզապես մտածում են Հայաստանի մասին՝ ինչպես կարողանում են, ու պատրաստ են անել իրենց կարեցածը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գործող իշխանության և գործող ընդդիմության հետ բազմամյա տեղապտույտից հետո մենք պիտի որոշենք՝ ո՞ւմ ենք հավատում: Ո՞Ւմ ենք վստահում: Ո՞վ է պետք երկրին ու մեզ:

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ