Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չհանդիպեցին: Թեպետ կլիմայի հարցերով համաժողովը այն հարթակն էր, որտեղ միասին էին ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահները՝ տանտեր Ֆրանսուա Օլանդը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բայց հանդիպում չկայացավ: Բելգրադում ԵԱՀԿ նախարարական 22-րդ խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, նրանք էլ միմյանց չհանդիպեցին: Երկուսն էլ խորհրդի նիստում ելույթ ունեցան ու կրկնեցին լավ հայտնի տեսակետները: Երկուսն էլ հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, Ջեյմս ՈՒոռլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։ Խոսել են հակամարտության կարգավորումից, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպական հարցեր: Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրը համատեղ հայտարարություն են արել: «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, ՈՒելսի ու Փարիզի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-նհայտարարել են նրանք:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել: «Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետների ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»: Նրանք կոչ են արել ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները, ողջունել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ գերիների ու անհետ կորածների հարցերում տեղեկություն փոխանակելու ոլորտում գրանցած առաջընթացը և հիշեցրել են, որ, համաձայն 2010 թվականին Աստրախանում ստորագրված համաձայնագրի, պետք է ազատ արձակել բոլոր գերիներին: Հիշեցրել են նաև, որ անհրաժեշտ է՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների երկխոսություն՝ փոխվստահության ձևավորման համար:
«Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը: Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մեր ընդհանուր նպատակը տևական խաղաղության հաստատումն է և դրա համար մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բելգրադը ծրագրված հանդիպում էր, որ ընթանում է աշխարհում չծրագրված այլ իրադարձությունների համապատկերում, որոնք փոխկապակցված են և ներգործում են միմանց վրա: Օրինակ՝ Բելգրադում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, թեպետ Մոսկվայից ու Անկարայից շարունակվում են նախագահական ու վարչապետական մակարդակներով միմյանց ուղղված մեղադրանքները: Մևլութ Չավուշօղլուն դեռ չի մեկնաբանել, Սերգեյ Լավրովը հանդիպումը որակել է ՛՛անբովանդակ՛՛: Ահմեդ Դավութղլուն գնացել է Բաքու: Խոսել է նաեւ Արցախի խնդրից ու հայտարարել է, որ Անկարան Ադրբեջանի կողքին է լինելու մինչեւ վերջին մետր հողի վերադարձը։ Արել է նաև պոետիկ հայտարարություն, օրինակ՝ ՛՛Մենք Բաքվին տեսնում ենք որպես Ասիայի ծագող աստղ»։ Ռուս-թուրքական լարված հարաբերությունների առաջին օրից պարբերաբար տեսակետներ են հնչում, որ Թուրքիան Ադրբեջանին դրդելու է Լեռնային Ղարաբաղի միջոցով վնասել Ռուսաստանին: Կամ շատ խորիմաստ հաշվարկ կա այս պնդումների հիմքում, կամ շատ մեծ վախ, կամ շատ մեծ անհեթեթություն: Բոլոր դեպքերում Բելգրադում բարձրաձայնված հայտարարությունը պատասխանում է մի քանի կարևոր հարցի.
1. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման միակ հարթակն է: Միակ: Հակառակ՝ տարբեր միջազգային կառույցներում հարցը քննարկման օրակարգ բերելու Ադրբեջանի ջանքերի՝ ՄԱԿ-ից ԵԽԽՎ: Հատկապես՝ ԵԽԽՎ: Ստրասբուրգում ընդունված որևէ որոշում հարցի լուծման վրա չի ազդելու:
2. Զինադադարից հետո գործող ստատուս քվոն չի կարող անկայուն լինել: Ստատուս քվոյի կայունության ապահովումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է, ուստի նրանք կոչ են անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը: Ավելին՝ նրանք նաև հակադարձում են Բաքվի մեղադրանքները և առաջին անգամ արձանագրում. ՛՛Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար՛՛: Այնուհանդերձ՝ եթե Մինսկի խմբին մեղադրանքներ ուղղողը Ադրբեջանն է, Հայաստանն ինչու՞ է հիշատակվել:
3. Կհանդիպե՞ն այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, թե՞ հանդիպումը կհետաձգվի, Բելգրադից հետո մի հարցում կարելի է հանգիստ լինել՝ աշխարհաքաղաքական հակասություններն ու համաձայնությունները Մինսկի խմբի ձևաչափ չեն տեղափոխվում, կամ՝ գոնե հրապարակավ չեն տեղափոխվում:
Ու՝ ի՞նչ: Բելգրադը ԼՂ հարցի աշխարհագրական քարտեզում կնշվի՞, թե՞ տարանցիկ կետ էր: Կերևա, եթե հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: