ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Թուրքիայի երեք սխալները, որ հանգեցրին Ռուսաստանի հետ կոնֆլիկտի

Թուրքիայի երեք սխալները, որ հանգեցրին Ռուսաստանի հետ կոնֆլիկտի
03.12.2015 | 09:58

Թուրքիան, ում Ռուսաստանը բացահայտ մեղադրում է ԻՊ-ից նավթի անօրինական առևտրի մեջ, ընկավ սեփական ծուղակը՝ կարծում է Le Huffington Post-ի մեկնաբան Ռոմեն Էրերոն: Սիրիայի հարցում կրկնակի խաղ խաղալով՝ Թուրքիան կարողացավ միաժամանակ փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և զայրացնել արևմտյան տերություններին. նրանց արդեն նյարդայնացնում է Թուրքիայի երկիմաստ դիրքորոշումը էքստրեմիստական կազմակերպությունների նկատմամբ ու քրդերի դեմ պայքարով: Թուրքիային սպառնում է դիվանագիտական մեկուսացում՝ իր բազում սխալ որոշումների պատճառով, որ սրում են Մոսկվայի հետ լարումը: Ռոմեն Էրերոն Թուրքիայի առաջին սխալն է համարում ԻՊ-ին աջակցությունը: Բազում փաստեր են հաստատում Թուրքիայի հատուկ ծառայությունների բացահայտ կապերը ԻՊ-ի ղեկավարության հետ: Եվս մեկ ապացույց է չափազանց հարաբերական վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանին, որն առանց խնդիրների հատում են օտարերկրյա զինյալները՝ զենք- զինամթերքով, նաև՝ ԻՊ-ին ահաբեկիչներ անվանելուց Էրդողանի հրաժարվելը: Դա Թուրքիային չխանգարեց դառնալ ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչության զոհ: ԻՊ-ի հովանավորի կարգավիճակը Թուրքիային հանգեցրեց Ռուսաստանի հետ կողմնակի առճակատման: Թուրքիան մատների արանքով էր նայում ԻՊ-ի հզորացմանը, որովհետև խմբավորումը, բացի ամեն ինչից, նաև սպառնում է Բաշար Ասադին ու քրդերին: Թեպետ Էրդողանը պնդում էր, որ Պուտինը շուտով հրաժարվելու է Ասադին աջակցությունից, կատարվում է հակառակը՝ Ռուսաստանը միջամտեց պատերազմին Դամասկոսի զորքերի կողմից և հիմա Թուրքիան առճակատման մեջ է Մոսկվայի հետ: Այդ առճակատումը նախ խորացնում է Թուրքիայի նկատմամբ արևմտյան դաշնակցների վստահության պակասը, երկրորդ՝ մղում է նրան Մոսկվայի հետ վեճում վտանգավոր մակարդակի: Անկյուն քշված Թուրքիային ոչինչ չի մնում, եթե ոչ ենթարկվել հարաբերությունների սրման տրամաբանությանը: Ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելը ցուցադրում է Թուրքիայի համառությունը: Որքան էլ Էրդողանը խոսի իր օդային տարածքի պաշտպանության մասին, նա չէր կարող չիմանալ, թե ինչ հետևանքներ կունենա սահմանամերձ միջադեպը: Այն պահին, երբ ձևավորվում է ԻՊ-ի դեմ պայքարի համաձայնություն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի միջև, Թուրքիան հրաժարվեց խելամիտ դիրքերից ու առճակատման գնաց Մոսկվայի դեմ: Դա կանխավ տանուլ տված դիրք է՝ հաշվի առնելով երկու պետությունների ոչհավասարարժեքությունը և Վլադիմիր Պուտինի համառությունը: Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան կարող է կորցնել տարածաշրջանում խաղաղարարի դերը, որովհետև չափից դուրս ջանադիր է նպաստել«հրեշի ստեղծման» և պարզապես հրաժարվում է նրան վնասել:

The Huffington Post


Հ.Գ. Եվ ո՞ր սատանան էր Էրդողանին դրդում նոյեմբերի 30-ին հայտարարել, որ հրաժարական կտա, եթե Պուտինն ապացուցի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից, դա պարգև էր Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ նա արդեն պարտավոր էր շարունակել Էրդողանի հետ չհայտարարված տեղեկատվական պատերազմը: Երկու օր անց ապացույցները ներկայացրեց ՌԴ պաշտպանության փոխնախարարը: Ոչ Պուտինը՝ սա ևս դիվանագիտական հարված էր Էրդողանի ինքնասիրությանը, երբ ինքը հայտնվում է պաշտպանության փոխնախարարի հետ նույն հարթության մեջ: ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը լուսանկարներ ներկայացրեց թուրք-սիրիական սահմանից, որտեղ պատկերված են բենզատարներ ու բեռնատարներ: ԻՊ-ը ամեն օր Թուրքիա է մատակարարում մինչև 200 հազար բարել նավթ՝ համոզված են ՌԴ ՊՆ գլխավոր շտաբում: Դեկտեմբերի 2-ին ներկայացվեցին նաև տեսանյութեր, որ հաստատում են ավտոշարասյուների շարժը Սիրիայից Թուրքիա՝ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: ՌԴ-ի տվյալներով՝ գործարքների եկամուտը ստանում է Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը՝ ներառյալ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու նրա ընտանիքը: «Նոյեմբերի 13-ին արված լուսանկարում Թուրքիան ու Սիրիան միացնող ավտոմայրուղու վրա Ազաս բնակավայրի մոտ հստակ երևում է նավթամթերքներ տեղափոխող ավտոշարասյունը»՝ ասաց ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Դմիտրի Ռուցկոյը բրիֆինգում: Նա ցուցադրեց 300 բենզատարների ու բեռնատարների լուսանկարը թուրք-սիրիական սահմանի երկու կողմերում, հայտարարելով, որ տեսանկարահանումը վկայում է «սահմանը բեռնատարների անխափան անցումը»: Ռուցկոյն ընդգծեց, որ նույն պատկերն է սահմանամերձ այլ կետերում: Նա Սիրիայից ու Իրաքից Թուրքիա ԻՊ-ի զինյալների նավթափոխադրման երեք երթուղի նշեց: Արևմտյան երթուղին տանում է դեպի Միջերկրականի թուրքական ափի նավահանգիստներ, հյուսիսայինը՝ Թուրքիայի տարածքում նավթավերամշակման գործարան, արևելյանը՝ Ջիզրայի խոշոր փոխանցումային կետ: Գլխավոր շտաբի տեղեկություններով՝ երթուղու մեջ են 8,5 հազար տոննա տարողությամբ բեռնատարներ, որ ամեն օր մինչև 200 հազար բարել նավթ են տեղափոխում: Նավթի անլեգալ առևտրի եկամուտները տարեկան 2 միլիարդ դոլարի են հասնում: Միջոցները հատկացվում են Սիրիայի ահաբեկիչներին՝ զենք-զինամթերքի ձեռքբերման, վարձկանների հավաքագրման համար՝ բրիֆինգում հայտարարեց ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը: Նավթի անլեգալ վաճառքից եկամուտներ է ստանում և Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը՝ ասաց նա: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անձամբ ներգրավված է Սիրիայի ու Իրաքի ԻՊ-ին ենթակա տարածքներից նավթի անօրինական վաճառքի մեջ՝ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Անատոլի Իվանովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրանքներին հակադարձեց Կատարից, նա մեկնել էր Սաուդյան Արաբիա և Դոխայի համալսարանում ելույթի ժամանակ հայտարարեց. «Ոչ ոք իրավունք չունի զրպարտել Թուրքիային և ասել, որ նավթ է գնում ԻՊ-ից»՝ վկայում է Reuters-ը: Եվ այնքան էլ հասկանալի չէր՝ նա պատասխանում է ՌԴ նախագահի մինչ այդ հնչեցրած մեղադրանքի՞ն, թե՞ ՊՆ պաշտոնատարների: Էրդողանը դեռ կհասցնի մի քանի ալիքներով արձագանքել և արդեն տրտնջացել է, որ Մոսկվան շատ անհամաչափ պատասխան է տալիս խփած ինքնաթիռի համար: Նրա փոխարեն հանգամանալից պատասխան առայժմ հնչեց Պենտագոնից: Դեկտեմբերի 2-ին Պենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ Էլիսա Սմիթը РИА Новости-ին տված հարցազրույցում ասաց. «Մենք հերքում ենք ենթադրությունը, որ Թուրքիայի կառավարությունը ԻՊ-ի հետ համաձայնության մեջ է նավթի մաքսանենգ առևտրի նպատակով: Մենք չենք տեսել այդ մեղադրանքների ապացույցներ»: Թուրքիան ջանում է կանխել մաքսանենգությունը սիրիական սահմանով: ՆԱՏՕ-ն Անկարային համարում է առանցքային գործընկեր իսլամիստների դեմ պայքարում՝ ընդգծեց Էլիսա Սմիթը: Իսկ պետքարտուղար Ջոն Քերին համենայն դեպս պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը: Ինչո՞ւ է Պենտագոնը Անկարային պաշտպանում: Որովհետև նույն կոալիցիայի անդամ են: Ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև՝ ԻՊ-ի դեմ պայքարի: Բայց գլխավոր պատճառը դա չէ: Վաշինգտոնը լավ էլ տեղյակ էր թուրքական խաղերից, բայց մատների արանքով էր նայում, որովհետև Էրդողանը ևս Բաշար Ասադի դեմ էր պայքարում:
Չարժի սպասել Թուրքիայի նախագահի հրաժարականին, նա, իհարկե, խոստացել է, բայց չի կարող հրաժարվել ոչ Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելուց, ոչ ԻՊ-ի հետ համատեղ պայքարից, ոչ քրդերին համատեղ կոտորելուց, ոչ էլ այդ ամենը ֆինանսական եկամուտներով համեմելուց: Ի հաշիվ Սիրիայի ու Իրաքի: Նրանց նավթի: Նաև ի հեճուկս Ռուսաստանի ու Արևմուտքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ